11/21/2018

Ոչ մրցակցային ընտրություն №38 ընտրատարածքում

Ոչ մրցակցային ընտրություն №38 ընտրատարածքում

Կապանում ու Մեղրիում արձանագրվեց ընտրողների` վերջին տարիների համար աննախադեպ պասիվություն

Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունը Սյունիքի մարզի N38 ընտրատարածքում, որ տեղի ունեցավ 2013թ. սեպտեմբերի 29-ին, այլեւս պատմություն է:

Քաղաքական իմաստով զրոյական նշանակության այդ միջոցառումը, սակայն, հերթական անգամ ջրի երես հանեց սյունիքյան շատ իրողություններ:

Ընտրությունը, աներկբայորեն, ոչ մրցակցային էր. դա տեղի ունեցած ընտրության առաջին գլխավոր բնութագրիչն է: ՀՀԿ-ի թեկնածուն շատ թե քիչ լուրջ մրցակից չուներ: Տպավորություն ունենք, որ «Ժառանգությունն» ընտրախաղի էր դուրս եկել ընդամենն իր մասին եղած հիշողությունը բորբոք պահելու, այլ ոչ թե պատգամավորական նոր մանդատ ձեռք բերելու համար, այլապես կառաջադրեր ավելի մրցունակ թեկնածու, մանավանդ որ կուսակցությունն ունի երեւելի ու պատկառազդու ոչ քիչ ներկայացուցիչներ: Միաժամանակ չենք ուզում հավատալ շրջանառվող կարծիքին, թե իբր «Ժառանգությունը», ներքին ինչ-ինչ պայմանավորվածությամբ, սեպտեմբերի 29-ի միջոցառումը լեգիտիմությամբ շպարելու առաքելություն ուներ:

Երկրի քաղաքական դաշտի շատ թե քիչ ազդեցիկ կուսակցությունները հերթական անգամ դուրս չեկան իրենց ապահով խրամատներից` ասպարեզը որերորդ անգամ զիջելով ավագ եղբորը` ՀՀԿ-ին: ՕԵԿ-ի պարագայում ամեն ինչ հասկանալի է. ՀՀԿ-ի հետ դաշինքի մեջ է: ԲՀԿ-ում, կարծեք, զուտ մարդկային գործոնով պայմանավորված դիրքորոշում որդեգրվեց: Կապանում մեծ հեղինակություն վայելող ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, ըստ էության, աննպատակահարմար էր գտել տվյալ իրավիճակում կուսակցությունից թեկնածու առաջադրելը: Իսկ ՀՅԴ-ի դիրքորոշումը, արտահայտված այդ կուսակցության մարզային կոմիտեի սեպտեմբերի 19-ի հայտարարության մեջ, թվում է, հեռու էր անկեղծությունից: Այնպես որ սյունիքյան ու մասնավորապես կապանյան քաղաքական դաշտը` անապատացած, փռվեց ՀՀԿ-ի թեկնածուի ոտքերի տակ: Մնում էր միջկլանային հարաբերություններում առկա խութերի հաղթահարումը…

Աննշանակ այդ միջոցառման առնչությամբ, մինչդեռ, հեռուն գնացող հաշվարկներ ուներ Սյունիքի օլիգարխիկ համակարգի պարագլուխը: Այդ միջոցառմամբ նա մի քանի հարց պետք է լուծեր եւ լուծեց: Նախ` պատգամավորական մանդատը պետք է փոխանցվեր մեկին, ում հնարավոր գործունեության (կամ անգործության) համապատկերի վրա N38 ընտրատարածքի նախորդ պատգամավոր Վահե Հակոբյանը կերեւար իբրեւ երանի տալու արժանի պատգամավոր:

Այնուհետեւ` պետք է մարզի քաղաքական դաշտում հերթական անգամ ի չիք դարձվեր որեւէ առաջադեմ երիտասարդ գործչի առաջադրման եւ ընտրության հնարավորությունը, եթե անգամ այդ երիտասարդը լիներ կլանի ներսից: Երկրի քաղաքական ղեկավարությանն էլ պետք է ապացուցվեր, որ մարզում իշխող ընտանիքն ի վիճակի է առանց Սուրեն Խաչատրյանի ապահովել ՀՀԿ-ի թեկնածուի հաղթանակը: Եվ այդ ամենը Մաքսիմ Հակոբյանին հաջողվեց: Նրան չհաջողվեց, սակայն, սեպտեմբերի 29-ի ընտրությունն անցկացնել նախորդ ընտրություններից փոքր-ինչ դրականորեն տարբերվող տեխնոլոգիաներով: Իհարկե, առանց ուսումնասիրման չենք կարող հավատ ընծայել Սամվել Հայրապետյանի հայտարարությանը` 10-հազարական դրամ ամեն մի ընտրողի բաժանելու մասին, բայց կլանի պարագլուխը երեւի թե պետք է հրաժարվեր Քաջարանի ընտրողներին ոչխարի միս բաժանելու քայլից: Եթե նույնիսկ միս էր բաժանում, ապա չպետք է այն համարվեր (հայտարարվեր) սրբազան մատաղ` հանուն Աստծո եւ նրա որդու ու սուրբ հոգու, քանզի շարիաթի օրենքներով օծված սպանդանոցում շիա մահմեդական ղասաբի ձեռամբ մորթված ոչխարով, որքանով տեղյակ ենք մեր պատմությունից, անցած 1700 տարում հայ քրիստոնյաները երբեք մատաղ չեն արել:

Մաքսիմ Հակոբյանն անհարմար վիճակում էր հայտնվել մեկ այլ առիթով եւս: 2008թ.` Կապանի քաղաքապետի ընտրության ժամանակ, տեղի-անտեղի շատ էր վարկաբեկել գործող քաղաքապետ ու քաղաքապետի թեկնածու Արմեն Կարապետյանին: Վերջինիս պարտության լուրն առնելու պահին, ինչպես ականատեսներն են պատմում, նույնիսկ ակամա ինչ-որ պարային շարժումներ է արել: Դրանից հինգ տարի անց, մինչդեռ, փորձում էր ապացուցել, որ ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Կարապետյանն անապական է եւ ազնվագույնն է բոլոր կապանցիների մեջ:

Հետաքրքիր էր Սուրեն Խաչատրյանի գործոնն ընտրության նախապատրաստման ու անցկացման ընթացքում: Նա` որպես ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ, ժամանակին մարզխորհրդի նիստ գումարեց եւ, հակառակ բազմաթիվ հանրապետականների ընդդիմացման, իր ոչ վաղ անցյալի օգնականին պատգամավորի թեկնածու առաջադրեց: Եվ իր կողմնակիցներին կոչ արեց հնարավոր բոլոր միջոցներով սատարել Արմեն Կարապետյանին: Քվեարկությունից մեկ շաբաթ առաջ, սակայն, պատգամավորի թեկնածուն հրապարակային ելույթներով սահմանաքար կանգնեցրեց իր եւ նախկին մարզպետի հարաբերություններում` իրեն համարելով Մաքսիմ Հակոբյանի ընտանիքի կողմից առաջադրված թեկնածու:

Սեպտեմբերի 29-ին կապանյան քվեարկության ելքը, որ որոշիչ նշանակություն ունեցավ ամբողջ ընտրատարածքում, մեծապես պայմանավորված էր (խոստովանենք) ՀՀԿ-ական թեկնածուի եղբոր` Արարատ Կարապետյանի գործոնով: Նախընտրական շրջանում տեւական ժամանակով Կապանից նրա բացակայությունն այլեւայլ մեկնաբանությունների տեղիք էր տվել, մանավանդ որ թեկնածուների առաջադրման նախօրյակին մրցունակ հավակնորդների շարքում նշվում էր նաեւ նրա որդու` Մանաս Կարապետյանի անունը, ում, սակայն, չթողեցին առաջադրվել: Նախընտրական ամենաբուռն օրերին շրջանառության մեջ դրվեց խոսակցություն, թե Մաքսիմ Հակոբյանը Կապանում ճանապարհաշինական կազմակերպություն ստեղծելու ախորժակ ունի` Կապանի ճանշինին (տնօրեն` Արարատ Կարապետյան) տրվող պատվերները հնարավորինս փախցնելու համար, ինչը դեռեւս չի հերքվել: Արարատ Կարապետյանը, սակայն, վեր կանգնեց այդ ամենից եւ ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ ընտրական գործընթացին, ինչը եւ որոշիչ գործոն դարձավ:

Մի հարց եւս, որ քննարկվել ու քննարկվում է առ այսօր. ո՞վ եւ ի՞նչ հանգամանքների մղումով կամեցավ Արմեն Կապապետյանին պատգամավոր դարձնել առաջիկա երեք տարվա համար: Այդ կապակցությամբ շրջանառվում են բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների անուններ: Մյուս կողմից, ինչպես ասացինք, Արմեն Կարապետյանի թեկնածությունն իդեալական տարբերակ էր Մաքսիմ Հակոբյանի տնեցիների համար: Ամենակարեւորը` նա երբեք չի համարձակվի սեփական կարծիք հայտնել, եթե այդ կարծիքը համահունչ չլինի մաքսիմյան մտածումներին: Նախընտրական շրջանում թեկնածուն հասցրեց ապացուցել դա` տեղի-անտեղի խոսելով Սյունիքում նոր հանքավայրերի շահագործման, համայնքների խոշորացման մասին: Արմեն Կարապետյանի առաջադրումը, ըստ մարզկենտրոնում շրջանառվող այլ վարկածի, ուղեկցվել է մեկ ուրիշ գործարքով` «Ոսկե Կապանի» փոխհատուցմամբ: Կողմերը, սակայն, առայժմ չեն արձագանքել այդ խոսակցությանը:

ՀՀԿ-ի թեկնածուի հաղթանակն ապահովելու համար ակտիվ վարժանքներ կատարեց գործող մարզպետը: Մի քանի անգամ խորհրդակցություններ անցկացրեց, երբեմն նույնիսկ ջղայնանալու եւ հուզվելու տեսարաններ բեմադրեց…

Առավել ակտիվ էր Մաքսիմ Հակոբյանը. շրջում էր բնակավայրից բնակավայր, խոստումներ տալիս, ժպիտներ բաժանում, համայնքների լիդերների հետ խորհրդապահական զրույցներում պարզաբանում, որ Արմեն Կարապետյանի խնդիր առհասարակ բնության մեջ գոյություն չունի, օրակարգում միայն ու միայն Վահեի խնդիրն է…

Այդ ամենի արդյունքում, սակայն, սեպտեմբերի 29-ին ընտրողները վերջին տարիների համար աննախադեպ պասիվ մասնակցություն ունեցան քվեարկությանը: Ասվածը հավաստող մի քանի փաստ` քվեարկությանը մասնակցեց ընտրողների 50.3%-ը (50370 ընտրողից` 25349): Ընդ որում` Կապան քաղաքում` 30460 ընտրողից քվեարկությանը մասնակցեց 13214-ը (43.4%), Քաջարան քաղաքում` 3502 ընտրողից` 2560-ը (73.1%), Մեղրիում` 3549 ընտրողից` 1508 (42.5%), Ագարակում` 3551 ընտրողից` 2237-ը (63.0%): Անտարբերությունը, ինչպես տեսնում եք, առավել ակնհայտ էր Կապան եւ Մեղրի քաղաքներում: Կապանում, որքան էլ զարմանալի է, մասնակցության ցուցանիշը զիջեց անկախության տարիների բոլոր ընտրությունների ժամանակ արձանագրված ցուցանիշին: Նախորդ տարվա ընտրությունների համեմատ (ՏԻՄ ընտրություններ եւ ԱԺ մեծամասնական ընտրություն) մասնակիցների թիվը Կապանում նվազեց մոտ 5 հազարով, որոշ չափով նվազեց նաեւ ՀՀԿ-ի ընտրական ռեսուրսը:

Մոտ 3500 ընտրող ունեցող Մեղրի համայնքում 2012-ի ընտրությունների համեմատ հազարով պակասեց ընտրության մասնակիցների թիվը:

Սեպտեմբերի 29-ի ընտրությունն աչքի ընկավ նաեւ պասիվ քարոզարշավով, նախընտրական ծրագրերի ու դեբատների բացակայությամբ: Որոշ չափով ուշագրավ էին (մի քանի առումով) քարոզարշավի վերջին օրվա կապանյան հանրահավաքները: Առավել ուշագրավ էր ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Կարապետյանի հանրահավաքային ելույթը, որը, ամեն ինչից զատ, լուրջ ներդրում էր հայ ֆոլկլորում, ինչը սույն համարում (էջ 7-8) առանձին հրապարակվելու պատվին է արժանացել:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: