09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Շամբի ձեռնարկությունների կենարար հեւքը

Շամբի ձեռնարկությունների կենարար հեւքը

Դրանցից մեկը` պահածոների գործարանը, պատրաստ է ընդունել (եւ այս օրերին ընդունում է) 250տ խնձոր: Մարզի գյուղացիներն առաջին անգամ հնարավորություն ունեն իրացնել խնձորի առատ բերքը… Իսկ Գորիսի հարկայինների սիսիանյան արշավանքները միշտ չէ, որ հիմնավորված են լինում եւ միշտ չէ, որ բխում են օրենքի ու գործի շահերից:

Սիսիանի «Շամբ-բիզնես» եւ «Ներսես եւ Արսեն» ՍՊ ընկերությունների գործունեությանն անդրադարձել էինք 2011-ի սեպտեմբերին: Այս անգամվա աշխատանքային այցի ժամանակ նախ հետաքրքրվեցինք, թե ինչ առաջընթաց են ունեցել մրգերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի վերամշակմամբ ու ջրերի արտադրությամբ զբաղվող այդ ձեռնարկությունները վերջին երկու տարվա ընթացքում: «Շամբ-բիզնես» ընկերության տրամադրած տեղեկանքից իմացանք, որ այդտեղ արտադրվում է տարբեր տարողությամբ տարաներով 68 անուն արտադրանք` մուրաբաներ, պահածոներ, կոմպոտներ, մարինադներ, խավիար, տարբեր հատապտուղների եւ մրգերի հյութեր: Պահածոների եւ անուշահամ արտադրանքի 95 տոկոսն արտահանվում է արտերկիր, հիմնականում` Մոսկվա, որտեղից առաքվում է Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքներ: Գործարար կապեր են ստեղծվել Բելգիայի, Ուկրաինայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որտեղ առաքվում են ե՛ւ պահածոները, ե՛ւ շշալցված ջուր: «Շամբ-բիզնեսում» հյութերի արտադրությունը համեմատաբար ուշ է սկսվել (անցյալ տարվա վերջին): Այժմ պահեստավորված է տասից ավելի տարբեր տեսակի հյութ:

«Պահանջարկը ճշտումներ է մտցնում արտադրության մեջ, հյութերն ու կոմպոտները Ռուսաստանում մեծ պահանջարկ ունեն, զանգում եւ պատվիրում են: Նախապես հյութերը թողարկվում էին համեմատաբար մեծ տարաներով` մեկ լիտր եւ ավելի, որն այնքան էլ իրեն չարդարացրեց: Փորձը ցույց է տալիս, որ մանավանդ հյութերը պիտի լինեն ավելի փոքր տարողությունների մեջ», – պարզաբանում են մեզ եւ հավելում, որ ներքին շուկան գերհագեցած է վերամշակող ձեռնարկությունների եւ հանքային ջրեր արտադրող ընկերությունների արտադրանքով, դրանցից ոմանք գործում են տակավին խորհրդային տարիներից եւ ունեն արտադրանքի իրացման կայուն շուկա:

Ինչեւէ, աստիճանաբար ընդլայնվում է արտադրանքի առաքման աշխարհագրությունը, թարմացվում տեսականին: Եթե «Շամբ-բիզնեսը» հիմնադրման տարում ընդամենը 20 տոննա արտադրանք է տվել, ապա 2012-ին չորս-հինգ հարյուր տոննա: «Եթե այս ամռան երկու ամսվա նման աշխատենք ողջ տարվա ընթացքում, ապա ձեռնարկությունները շահույթ կունենան», – կանխում են իմ «արդյո՞ք շահույթով եք աշխատում» հարցը, նաեւ ավելացնում, որ առնվազն 400 տոննա լիմոնադ եւ շշալցված ջուր պիտի արտադրեն, որ խոսք լինի շահույթի մասին:

Գրավիչն այն է, որ արտադրության մեջ ընդգրկված է մոտ 120 մարդ, 70-ը` «Շամբ-բիզնեսում», 50-ը` «Արսեն եւ Ներսես» ՍՊ ընկերությունում: Երկու ձեռնարկությունից այդ գյուղաբնակ մարդիկ, որոնցից շատերը դժվարանում էին նույնիսկ լույսի վարձը վճարել, ընդհանուր առմամբ ամսական 10-12 մլն դրամ աշխատավարձ են ստանում: Միջին ամսական աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ: Զովացուցիչ, մանավանդ «Դարբաս» պիտակով լիմոնադի եւ շշալցված ջրերի պահանջարկը տարեցտարի ավելանում է, արտադրության այս տեմպերի դեպքում, հնարավոր է, անցնեն երկհերթ աշխատանքի: Սրանք սփոփիչ հանգամանքներ են:

Մտահոգողն այն է, որ գյուղաբնակի մեջ դժվարությամբ է ձեւավորվում արտադրությունում աշխատողի հոգեբանությունը: «Մեզ մոտ կարգին վաստակում են, բայց շատերի ուշքն ու միտքն իր անասունն է ու բոստանը, թեեւ ձեռնարկությունում ստացած վաստակը մի քանի անգամ գերազանցում է անհատական տնտեսությունից ստացածը, – ասում է «Ներսես եւ Արսեն» ՍՊ ընկերության տնօրեն Ներսես Ստեփանյանը, – բացի այդ ժողովրդի հետ աշխատելը դժվարացել է, Արարատյան դաշտում մարդն իր հողի վրա օրնիբուն բանում է եւ վարձահատույց լինում իր թափած քրտինքի դիմաց: Գիտե՞ք ինչ, մեր ժողովուրդն ահավոր ծուլացել է: Բանը հասել է այնտեղ, որ գյուղացին իր այգու կեռասն ալարում է քաղել եւ հանձնել գործարան, ասելով` ձրի եմ տալիս, եկեք, դուք քաղեք:

Այս ենթաշրջանը կեռասի հայրենիք է, բայց այս պտղից առավելագույնը մեկ տոննա ենք մթերում»:

Ընկերությունը պահածոներ ու մուրաբաներ պատրաստելու համար անհրաժեշտ հումքը մթերում է Արարատյան դաշտից, Կապանից, Գորիսից, Սիսիանից եւ շրջակա գյուղերից: Բայց մտածում են սեփական արտադրություն ստեղծելու մասին: Հինգ հա հողատարածություն են գնել, ծիրանի եւ դեղձի այգի հիմնել, այս տարվա բերքահավաքին 500-600 կգ դեղձ են հավաքել: Այգիներ հիմնելու գործընթացը շարունակվում է, ընդ որում, նախատեսվում է ստանալ թթի, սեւ սալորի, կեռասի, հաղարջի, սերկեւիլի եւ այլ պտուղների բերք: Գյուղատնտեսական մշակաբույսերից աճեցնում են տաքդեղ, պոմիդոր, վարունգ, բադրիջան: Բայց վերջինիս բերքը չգոհացրեց, որովհետեւ Սիսիանի բնակլիմայական պայմաններն այդ մշակաբույսի բարձր բերք ստանալու հնարավորություն չեն ընձեռում: Բամիայի սպասված բերքը եւս չստացվեց: «Փորձի պակասն էր երեւի պատճառը, պիտի ուշ տնկեինք: Հողի ջերմաստիճանը պիտի հասնի 12-15 աստիճանի, որ սերմը ծլի», – ենթադրում է մեր զրուցակիցը: Իսկ ընդհանրապես անցած տարի 90 տոննա պոմիդոր են հավաքել, 15 տոննա տաքդեղ, երկու տոննա սոխ, 6-7 հարյուր կգ սխտոր:

Ձեռնարկության մասին մեր նախորդ հրապարակումը («Սյունյաց երկիր», 15 սեպտեմբերի, 2011թ.) վերնագրել էինք «Շամբի պահածոների գործարանն ուղի է հարթում»: Բայց տնօրենի հետ այս անգամվա զրույցից պարզ դարձավ, որ այդ ուղին բնավ էլ առանց խոչ ու խութերի չի եղել: Առավել շատ խնդիրներ ծագել են հարկային ծառայությունների հետ հարաբերություններում: «Սկզբում փորձ չունեինք, հաշվապահություն վարել չգիտեինք: Բնական է, բացթողումներ կային, բայց առավել ուժգին էր հարկային մարմինների հակազդեցությունը: Բազմակի հարձակումների ենթարկվեցինք, այսօրվա դրությամբ էլ մեզ լարվածության մեջ են պահում: Անցած տարվա ամռանը երկու գործարանում ֆինանսական գործունեության ստուգում են անցկացրել, դրանից հետո վերջին այս կես տարվա ընթացքում հինգ անգամ մեզ մոտ ստուգման են եկել: Մի խումբը գնում, մյուսն է գալիս: Առհասարակ Սիսիանում աշխատելը հերոսություն է: Եկել, ակտ են կազմել, թե իբր առանց ապրանքագրի արտադրանք ենք արտահանում, մինչդեռ երբ մեր տուն տասը շիշ ջուր եմ տանում, խնդրում եմ ապրանքագրի մեջ դա մտցնել», – պատմում է Ներսես Ստեփանյանը:

«Սյունյաց երկրին» հետաքրքրում էր նաեւ, թե զբաղվածության հիմնախնդիր (ինչի կարեւորությունը դժվար է գերագնահատել) լուծելուց զատ զույգ ընկերությունը սոցիալական ինչ ծրագրեր է իրականացնում ենթաշրջանի գյուղերում: Դարբաս գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու մասին մեր թերթը գրել է, բացի այդ գյուղում կառուցվել է թանգարան, վերանորոգվել է Արզումանի կամուրջը, ճամփորդների (եւ ոչ միայն) հանգստանալու համար տաղավար է կառուցվել, Շամբ եւ Դարբաս գյուղերն այլեւս ապահովված են փողոցային լուսավորությամբ: Դարբասում նորոգվել է մանկապարտեզի շենքը, գյուղի նախակրթարան 13 մանուկ է հաճախում (ցավալիորեն ցածր թիվ): Իսկ առավել ուշագրավն այն է, որ ընկերությունների կողմից Սյունիքի մարզի մանկապարտեզներին սնունդ է հատկացվում:

Արտադրության ղեկավարին չէր կարող չմտահոգել համայնքի, նաեւ Ձորերի ենթաշրջանի գյուղերի մյուս հիմնախնդիրները: Ճանապարհը մինչեւ Շամբի խաչմերուկ հիմնանորոգվել է, բայց բարեկարգ ճանապարհը պիտի հասնի մինչեւ Լեռնաշեն, այդ մի քանի գյուղերի գազիֆիկացումը դեռեւս մնում է խնդրահարույց: Բայց ահա Շամբի դպրոցի նոր շենքն է կառուցվում` սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: Համո Սահյանի տուն-թանգարանն են նորոգում:

Ցանկացանք իմանալ, թե ինչ են նախատեսում արտադրության ծավալներն ընդլայնելու ուղղությամբ, զարգացման ինչ հեռանկարներ ունեն «Շամբ-բիզնեսն» ու «Ներսես եւ Արսենը»: Տեղեկացրին, որ ծրագրված է սառնարանային տնտեսություն եւ պահեստ հիմնել, ինչը հնարավորություն կընձեռի արտադրության ռիթմը չընդհատել ձմռան ամիսներին: Իսկ «Ներսես եւ Արսեն» ընկերությունում նախատեսում են նոր արտադրամաս հիմնադրել, որտեղ ոգելից խմիչք պիտի արտադրեն, առայժմ որոշված չէ` կոնյա՞կ, գինի՞, թե՞ գարեջուր:

Ի դեպ, «Շամբ-բիզնես» ՍՊԸ-ն ի սկզբանե ղեկավարում է Ամալյա Ստեփանյանը, ով Ստեփանյան ընտանիքի մայրն է: «Մեծ սիրով եմ ստանձնել ընկերության ղեկավարությունը, քանի որ որդիներիս` Արմենի, Արամի աշխատանքի արգասիքն է այս գործարանը: Քանի որ տեխնոլոգ չունեինք, այդ մասնագետի գործառույթն էլ էի ստանձնել: Բայց այս տարվանից հմուտ տեխնոլոգ ունենք` Արսեն Հարությունյան, եւ գործս զգալիորեն թեթեւացել է, – ասում է տիկին Ամալյան, – ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու, մարդիկ կամաց-կամաց հարմարվելու են արտադրությունում աշխատելուն»:

Երբ արդեն հրաժեշտ էինք տալիս մեր զրուցակիցներին, պահածոների գործարանի առաջին հարկում տեսանք առաքման պատրաստ անուշահամ արտադրանքի մեծ խմբաքանակ: Աչք էր շոյում պիտակավորումը, եւ ուշադրություն գրավում պահածոների կափարիչների վրա մակագրությունը` զգացեք արեւի համը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: