11/21/2018

ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «Իմ առջեւ երբեք նպատակ չեմ դրել ամեն գնով որեւէ գործ անել»

ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «Իմ առջեւ երբեք նպատակ չեմ դրել ամեն գնով որեւէ գործ անել»

Հարցազրույց Մեղրու «ՃՇՇՁ» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյանի հետ

Մեղրու «ՃՇՇՁ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները սեպտեմբերի 5-ին ավարտին հասցրին Երեւան-Գորիս-Մեղրի ավտոմայրուղու (Մ-2) 359+200կմ հատվածի կամրջի վերակառուցումը: Մինչ այդ, մեկուկես ամիս ծանրաքաշ մեքենաները երթեւեկում էին Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհով: Աշխատանքային այցով լինելով Մեղրիում` ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանին խնդրեցինք ներկայացնել կամրջի հիմնանորոգման վերաբերյալ որոշ մանրամասներ, բայց մեր զրույցը չսահմանափակվեց դրանով, ուրիշ ընթացք ստացավ` ներառելով նաեւ ճանապարհաշինարարության ոլորտին առնչվող այլ հիմնախնդիրներ:


– Երկար ժամանակ էր, ինչ տրանսպորտի եւ կապի նախարարությանն ահազանգում էինք, որ Երեւան-Գորիս-Մեղրի միջպետական ճանապարհի երեք կամուրջ վթարային վիճակում են: Իսկ ավտոմայրուղու (Մ-2) 359+200կմ հատվածի կամրջի ձախ հենարանն այլեւս կարող էր վթարների պատճառ դառնալ: Բանը հասել էր այնտեղ, որ երբ ծանրաքաշ մեքենաներն անցնում էին կամրջով, տատանումներից խճի հատիկներ էին թափվում: Համոզված էի, որ Աստծո մի օր այդ հենապատի պատճառով կամրջի հենարանը կնստեր գետնին: Ահազանգից հետո նախարարության մասնագետները եղան տեղում, ուսումնասիրություններ կատարեցին, եկան այն եզրահանգման, որ հույժ անհրաժեշտ է կամրջի հիմնանորոգումը: Դրա նախագծանախահաշվային արժեքը կազմեց 54 մլն դրամ, նախատեսված էր շիննորոգման աշխատանքները սկսել օգոստոսի 1-ին, բայց օգտագործելով նպաստավոր եղանակը, կամրջի հիմնանորոգումը սկսեցինք հուլիսի 15-ին` նախապես կուտակած լինելով անհրաժեշտ շինանյութեր, հիմնականում աշխատեցինք սեփական ուժերով, ընկերության տեխնիկայով, աշխատանքների մեջ ընդգրկվել էր 30 ճանապարհաշինարար: Հիմնովին քանդեցինք կամուրջը, ամրացրինք կամրջի թռիչքային մասի տակի գետի հունը, որոշակի ուղղություն տվեցինք կամրջի երթեւեկելի մասին, մայթը նեղացրինք 1.5մ, ինչի շնորհիվ կամրջի երթեւեկելի մասը նույնքան լայնացավ: Աշխատանքային խումբը, ուսումնասիրելով արվածը, առանձնապես թերություն չարձանագրեց:

Կամրջի հիմնանորգման ժամանակ մի խնդրի բախվեցինք: Քիչ ներքեւ գտնվում էր միաթռիչք, փոքրակամար կամուրջը` կառուցված 18-րդ դարում: Խնդիրն այն էր, որ հիմնական կամուրջը հիմնանորոգելիս այն չտուժեր: Մեր ճանապարհաշինարարները շատ զգույշ գտնվեցին, այդ կամուրջն այժմ կա իր նախաստեղծ վիճակով:

– Փաստորեն ծանրաքաշ մեքենաները մեկուկես ամիս երթեւեկում էին Մեղրի-Կապան այլընտրանքային ճանապարհով, ինչը, ասես, փորձաքննություն էր վերջինիս համար, իրականում այլընտրանքային այդ ճանապարհը շահագործումից ի վեր նման ինտենսիվությամբ չէր գործել:

– Իրավ է, Մեղրի-Ծավ-Կապան ճանապարհում երբեւէ մեքենաների այդպիսի հոսք չէր նկատվել: Մեր ընկերության կառուցած հատվածում (այլընտրանքային այդ մայրուղին կառուցել է ճանապարհաշինարարական չորս կազմակերպություն, ծանոթ. խմբ.) բացասական երեւույթներ չնկատվեցին: «Դորոժնիկ» ՍՊ ընկերության կառուցած հատվածում նստվածքներ են եղել, որոնք մեր ուժերով վերացվեցին, Ճակատեն գյուղի մոտ սողանքային երեւույթներ են արձանագրվել: Այնուամենայնիվ, լավ է, որ այս ամենը խաղաղ ժամանակներում եղավ եւ մեզ էլ հուշեց, թե նման դեպքում ինչ կարելի է անել:

Բացի կամրջի հիմնանորոգումից` ընկերության շինարարները զբաղված են միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհների ընթացիկ պահպանմամբ` ճանապարհներից աղբի հեռացում, կողնակների հարթեցում: Նաեւ պաշտպանության նախարարության պատվերն ենք կատարում, որ նախատեսված է այս եւ 2014 թվականին: Անում ենք հնարավորը, որ տարածաշրջանի ճանապարհները երկար կյանք ունենան: Մատների արանքով չենք նայում գործին: Ճիշտ է, կառավարությունը միջոցներ է հատկացնում, ասենք, ճանապարհների ձմեռային պահպանության համար, բայց դրանով ընդամենը մեքենան պիտի գնա, հերթապահի եւ հետ գա: Շատ բան, թող ինքնագովություն չլինի, անում ենք անձնական նախաձեռնության եւ ձեռներեցության շնորհիվ, մեր օգուտների հաշվին:

– Ձմեռը յոթ սարի հետեւում չէ, եւ օրախնդիր են դառնում ճանապարհների ձմեռային սպասարկումը եւ պահպանումը:

– Այդ նպատակով պետբյուջեից հատկացվող գումարը մնացել է նույնը: Գոհացնողն այն է, որ ձմեռային պահպանության համար անհրաժեշտ տեխնիկան կազմ ու պատրաստ է, ընկերությունը ձեռք է բերել 270տ աղ, ավազն ըստ պահանջի կուտակված է:

– Վերջերս հանրապետության նախագահի` Ռուսաստան կատարած այցից հետո Հյուսիս-հարավ ճանապարհի մասին խոսակցությունները սաստկացել են, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը ձգտում է, որ ինքն էլ մասնակցի այդ ճանապարհի կառուցմանը: Հիշում եմ, որ մեր թերթում տպագրվեց («Սյունյաց երկիր», 12 նոյեմբերի 2012թ.) տեղեկատվություն այն մասին, որ 2012-ի նոյեմբերի 9-ին Մեղրի էին ժամանել չինական «Սի-սի-սի-սի» ընկերության ներկայացուցիչները` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մի շարք հարցեր քննարկելու, մասնավորապես, ճանապարհի կառուցման տարբերակները: Ի՞նչ եղավ հետո…

– Առայժմ այս խնդրում ոչ մի հստակություն չկա: Ոչ մեկն այս պահին չի կարող ասել, թե այդ ճանապարհը որտեղով է անցնելու: Քննարկվել են զանազան տարբերակներ, բայց օպտիմալ տարբերակը դեռ որոշված չէ: Հուրախություն մեզ` թվում էր, թե այդ ծրագիրը պիտի սառեցվեր, բայց հարավից սկսել են աշխատանքը, գործընթացը շարունակական բնույթ է կրում, եւ հավաստի աղբյուրների տեղեկացմամբ` 2014թ. ծրագիրը կսկսվի Մեղրուց, այսինքն` նախագծանախահաշվային աշխատանքներն արդեն 2014թ. կսկսվեն: Ինձ թվում է, որ ձգտելու են օգտագործել գործող ճանապարհը: Որտեղ նախագծով նախատեսվածը չեն կարողանալու իրականացնել, շրջանցելու են: Իրոք, նախաձեռնություն է հանդես բերել չինական ընկերությունը, որը համաձայնություն է տվել կատարելու նախագծանախահաշվային աշխատանքներ, ինչպես նաեւ մասնակցել մայրուղու շինարարությանը: Թե ովքեր կլինեն իրականում կառուցողները, տեղյակ չեմ, ոչինչ չեմ կարող ասել:

– Կան ճանապարհաշինարարական կազմակերպություններ, որոնք, հաղթելով հայտարարված մրցույթներում, ճանապարհների շինարարություն են իրականացնում տարբեր մարզերում: Իսկ Դուք, կարծեք, կենտրոնացել եք Մեղրու վրա` ունենալով այդ հնարավորությունը. ե՛ւ աշխատուժ, ե՛ւ տեխնիկա:

– Իմ հաստատ դիրքորոշումն է` տարածքից դուրս նման մրցույթների չմասնակցել: Մանավանդ, եթե իմ անհրաժեշտությունը չկա: Եղել են նման առաջարկներ, բայց ես գիտեմ շնորհալի շինարարների, ովքեր ապրելով տվյալ տարածաշրջանում, կարող են այդ գործն անել: Ես կատեգորիկ դեմ եմ դրան: Քանի որ չեմ կարծում, որ այդ գործն ավելի լավ կանեմ, քան տեղացի շինարարը: Քանզի վերջինիս համար ավելի դյուրին կլինի իր «տանն» աշխատելը. ինքն է ղեկավարելու շինարարությունը եւ հետագայում իրականացնելու այդ ճանապարհի սպասարկումը: Հենց այնպես գնամ` ի՞նչ անեմ: Իմ առջեւ երբեք նպատակ չեմ դրել ամեն գնով մի գործ անել:

– Այս անգամ Մեղրիում մի նորության ականատես եղանք, փողոցները գծանշված էին, ցույց էին տրված անցումները: Ո՞ւմ նախաձեռնությունն է:

– Նախ եղավ հանրապետության ոստիկանապետի հրամանը, որ բոլոր ճանապարհների վրա, այդ թվում եւ համայնքային, կատարել գծանշումներ: Դա նաեւ Մեղրու քաղաքապետարանի խնդրանքն ու պատվերն էր, եւ նրա միջոցներով կատարեցինք Մեղրու գլխավոր փողոցի, նաեւ միջպետական ճանապարհի հետ առնչվող կրթօջախների գծանշումները: Նաեւ Մեղրու կենտրոնական հրապարակում գծանշումներ արեցինք, նշեցինք ավտոկանգառի տեղերը: Մենք էլ հաճույք ստացանք, երբ քաղաքի դեմքը որոշակիորեն փոխվեց: Մի հետաքրքիր նորամուծություն էլ մտցրինք քաղաքում: Ճամփեզրից 1մ հեռավորության վրա միակողմանի կետգիծ անցկացրինք, ինչը մայթի տպավորություն է թողնում: Եթե նոր ուստարվա սկզբից մոտ մեկ ամիս կրթահամալիրների մոտ ոստիկաններ էին սովորաբար հերթապահում, ապա այդ գծանշումներից հետո դրա անհրաժեշտությունը վերացավ: Ահագին լավ զգացինք, որ հարցն այդ ձեւով լուծվեց:

– Մի բան էլ է տարածված ժողովրդի մեջ, ինչը մասնագիտական բացատրության է կարոտ: Բանն այն է, որ միջպետական ճանապարհի վատ վիճակը մարդիկ կապում են իրանական ծանրաքաշ մեքենաների երթեւեկի հետ, թե իբր այդ մեքենաները մեր ճանապարհների չափանիշներին չեն համապատասխանում: Իսկապես մեր ճանապարհները չե՞ն նախատեսված այդ մեքենաների համար: Եթե չեմ սխալվում, 1992թ. Արաքս գետի վրա նախ կառուցվեց ժամանակավոր կամուրջ, եւ 20 տարուց ավելի է` այդ մեքենաները երթեւեկում են Երեւան-Մեղրի արդեն միջպետական ճանապարհով, եւ, ոմանց կարծիքով, անիծում, թող կոպիտ չհնչի, ճանապարհի ասֆալտի հերը:

– Հիշում եմ, որ 1998թ. մեր մաքսակետում կշեռք էր դրված, որով կշռում էին այդ ծանրաքաշ մեքենաները: Մեքենայի մեկ սռնու վրա բեռնվածությունը չպետք է գերազանցեր 10 տոննան, այսինքը` չորս սռնանի մեքենան իրավունք չուներ 40 տոննայից ավելի բեռ տեղափոխել: Այդպիսի նորմատիվ կար, հիմա ամեն ինչ կարգավորվել է: Այլ բան է, որ իրանական «ավտոգնացքները», եւ մեր լեռնային ճանապարհների շառավիղները տեխնիկապես իրար չեն համապատասխանում: Նշված շառավիղները մեր ճանապարհներին տատանվում են 13-15 մետրի սահմաններում, ինչը համապատասխանում է, ըստ տեխնիկատնտեսական ցուցանիշների` հինգերորդ կարգի ճանապարհներին: Բացի այն, որ շառավիղը չի բավարարում, շրջադարձերին մեքենաների ավտոդողերի շփումն ուժեղանում է ճանապարհի «հագուստի» հետ, ինչի պատճառով վերջինս մաշվում է: Սա է ամենը:

– Ինչպես մեր կյանքի ամեն ոլորտում, սկսած լրագրությունից վերջացրած գյուղատնտեսությամբ, սիրողականությունը կարծես գրոհում է մեզ վրա: Որքան էլ անցանկալի լինի, դա ցայտուն դրսեւորվում է շինարարության ոլորտում: Եթե այլ ոլորտներում երեւույթն ինչ-որ տեղ ներվում է, ապա շինարարության ոլորտում, երբ ինչ-որ բան հավակնում ես կառուցել դարերի համար, ներելու տեղ չի մնում:

– Շատ ցավոտ խնդիր եք բարձրացնում: Նորից կրկնեմ վերը ասածս միտքը, որ կտրուկ դեմ եմ «ներմուծված» շինարարին: Եթե մրցույթը շահում են էժան գներով նախագծանախահաշվային փաստաթղթեր ներկայացնելով եւ ձեռք են բերում կառույցի շինարարությունն իրականացնելու իրավունք, ինչու՞ են շինարարությունը սկսելու ժամանակ իմ օգնությանը դիմում, ես դա չեմ հասկանում: Այսօր մեր պետությունը վատ վիճակում է, որքան որակով եւ էժան իրականացվի շինարարությունը, պետությանը ձեռք է տալիս: Բայց կարողացեք անել այն եւ ոչ թե եկեք իմ դուռը` թե օգնեք: Հանուն այն բանի, որ մի գործ ունենա՞ն: Սրանից է ծնվում սիրողական մակարդակով շինարարություն անելը:

– Պարոն Գասպարյան, անուրանալի է ձեր ավանդը Մեղրու տարածաշրջանի ճանապարհները սպասարկելու եւ շահագործելու գործում, բայց մի նկատառում ուզում ենք հայտնել: Մեղրի-Քաջարան ճանապարհը կարծես թե «ծերացել» է: Ասես մոտեցել է այն օրը, երբ ընթացիկ նորոգումներից ձեռք պիտի քաշել: Պիտի ձեռնարկել միջպետական այդ ճանապարհի` ձեզ վստահված հատվածի հիմանորոգում, թեեւ պատկերացնում ենք, թե դա ինչ միջոցներ կպահանջի:

– Տեղին է ձեր բարձրացրած հարցը: Մեր օրացուցային գրաֆիկում նշում ենք, որ 1997 թվականից սկսվել է Մեղրի-Քաջարան ճանապարհի (մյուս ճանապարհահատվածների մասին չեմ ուզում խոսել) հիմնանորոգումը: Դա շատ հրատապ խնդիր է: Ըստ տեխնիկատնտեսական ցուցանիշների հինգերորդ կարգի ճանապարհ է, որ ձգվում է բարձր լեռներով, ունի փոքր շառավղեր: Ծովի մակարդակից 600-ից մինչեւ 2500 մետր բարձրություն ունեցող այդ ճանապարհին ոչ մի ընթացիկ նորոգում այլեւս չի փրկելու: Ուստի հիմնանորոգումն ավելի քան հրատապ է:

– Դեպի Մեղրու գյուղական համայնքներ տանող ճանապարհները բարվոք վիճակում են` բացառությամբ Նռնաձոր տանող ճանապարհի: Առաջվա համեմատ գյուղ հասնելը մատչելի է: Խնդրահարույց է մնում նախկին երկաթգծի տեղով անցնող ճանապարհահատվածի նորոգումը, որն այժմ դժվարանցանելի է: Դրանում համոզվեցինք այս տարվա ապրիլին` աշխատանքային այցով լինելով Նռնաձորում:

– Երկու տարի է, ինչ Նռնաձորի ճանապարհը հանվել է օրակարգից, մենք էլ ձգտում ենք ձեր նշած ճանապարհահատվածը գոնե ընթացիկ նորոգումներով դարձնել երթեւեկելի: Անընդհատ ահազանգում ենք, բայց խնդիրը չի լուծվում: Ճանապարհի այդ հատվածը դիտվել է տեխնիկական առումով շատ վատ, բայց նորոգման մասին` ոչ մի խոսք:

Զրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: