11/21/2018

Սյունիքի մարզպետին պատկանող ընկերությունը «արտոնյալ» է վարկավորվել

Սյունիքի մարզպետին պատկանող ընկերությունը «արտոնյալ» է վարկավորվել

ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ՀԵՏՔԵՐԸ


 

Կառավարությունը Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանին պատկանող «Զանգեզուր մայնինգ» ընկերությանը (Վահե Հակոբյանը ընկերության հիմնադիր սեփականատերն է) լայնածավալ վարկավորել է ռուսական վարկի միջոցներով: 2012թ. գործադիրն ընկերությանը տրամադրել է $20 մլն-ի բյուջետային վարկ` 5 տարի մարման ժամկետով, այն դեպքում, երբ «Զանգեզուր մայնինգը» դեռեւս չէր մարել 2009թ. հունիսին ստացված $15 մլն-ի փոխառությունը:
Երկու դեպքում էլ վարկավորումն իրականացվել է ռուսական վարկի միջոցներով, երկու դեպքում էլ վարկը տրամադրվել է Libor+7 տարեկան տոկոսադրույքով: Ուշագրավը, սակայն, այն է, որ երկու վարկերի ապահովման գրավը չի եղել ընկերության սեփականությունը:

Այսպես, 2009թ. վարկի գրավի ապահովման միջոց է ծառայել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերության երաշխավորությունը` վերջինիս արտադրական համալիրի գրավադրմամբ: 2012թ. օգոստոսին տրամադրված վարկն ապահովվել է «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ընկերության` Երեւանում 118հա տարածքով, որը գնահատվել է 23,6 մլրդ դրամ:

Կառավարության կողմից Վահե Հակոբյանի ընկերությանը 2012թ. նոր վարկային միջոցների տրամադրումն ամենայն հավանականությամբ պայմանավորված է եղել նրանով, որ ընկերությունը չի կարողացել սպասարկել նախորդ վարկը: Պարզ ասած` տեղի է ունեցել 2009թ. տրամադրված փոխառության վերաֆինանսավորում: Սրա մասին վկայում է այն, որ եթե 2010թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը գործադիրն ուղղել է ընկերությունից ստացված 1,1 մլրդ դրամը, ապա 2011-ին ընկերությունն ամենայն հավանականությամբ վարկը չի սպասարկել, քանի որ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման կառուցվածքի վերաբերյալ հրապարակման մեջ այս մասին խոսք չկա:

Մյուս կողմից` 2012թ. կառավարությունից $20 մլն-ի վարկային միջոցներ ստանալուց հետո ընկերությունը նույն տարում վճարել է 2 մլրդ դրամ (միջոցները գործադիրն ուղղել է պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը), այն դեպքում, երբ պետք է վճարեր 1,13 մլրդ դրամ: Այս եւ գալիք տարի «Զանգեզուր մայնինգից» ընդհանուր առմամբ գործադիրը ստանալու է 5 մլն դրամ, որը կրկին ուղղելու է պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:

Թեեւ կառավարությունը «Զանգեզուր մայնինգին» վարկավորելիս նշել էր, որ այն խոշոր ենթակառուցվածքների գործունեություն ապահովող ձեռնարկություն է, ընկերությանը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ընդամենը 12,5% մասնաբաժինը: «Զանգեզուր մայնինգ» ընկերությունը հիմնադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը, Սյունիքի ներկայիս մարզպետը, 2004թ.` նույն այն տարում, երբ մասնավորեցվեց ԶՊՄԿ-ն: «Զանգեզուր մայնինգը» մասնագիտացած է լոգիստիկ ծառայությունների մատուցման ոլորտում, այսինքն ԶՊՄԿ-ի արբանյակն է, եւ ընկերության եկամուտները կախված են վերջինիս գործունեությունից:

Ռուսական վարկի միջոցներով «Զանգեզուր մայնինգ» ընկերությանը պետբյուջեի հաշվին վարկավորելու գործընթացը բխում է ընկերության շահերից: Ընկերությունը փաստացի սեփականություն չունի, ինչը գրեթե բացառում է բանկային համակարգից միջոցների ներգրավման հնարավորությունը: Բացի այդ, եթե դոլարային խոշոր բիզնես վարկերի տոկոսադրույքները տատանվում են 10-12%-ի շրջանակում, ապա կառավարությունն ընկերությանը վարկը տրամադրել է տարեկան միջինը 7,5%-ով (անցած չորս տարիներին 6-ամսյա Libor-ը չի գերազանցել 0,5%-ը):

ԱՐՄԵՆԱԿ ՉԱՏԻՆՅԱՆ
9 հոկտեմբերի 2013թ. www.civilnet.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: