11/21/2018

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. «Լինել մեր ժամանակի ճշմարիտ վավերագրողը. ահա «Սյունյաց երկրի» գլխավոր առաքելությունը»

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. «Լինել մեր ժամանակի ճշմարիտ վավերագրողը. ահա «Սյունյաց երկրի» գլխավոր առաքելությունը»

«Սյունյաց երկրի» տասնամյա ճանապարհի, առկա դժվարությունների ու ծրագրերի մասին է հարցազրույցը թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ:


– Պարո՛ն Ալեքսանյան, նախ շնորհավորում եմ Ձեզ` «Սյունյաց երկրի» տասնամյակի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, ստեղծագործական հետագա ակտիվ աշխատանք:

– Շնորհակալություն, բայց կուզենայինք շնորհավորանքի խոսքերը նախեւառաջ ուղղել սյունեցիներին, թերթի ընթերցողներին, քանզի թերթը, ինչպես հռչակված է անվանման մեջ, նրանցն է: Ընթերցողն է եղել այն «ատյանը», որի առջեւ հաշվետու ենք եղել ամեն մի համար թողարկելիս: Ընթերցողի արձագանքով, գնահատանքով ու դրվատանքով է, որ ոգեւորվել ենք ու ձգտել չշեղվել ողջամտության ճանապարհից...

– Մի տեսակ արագ անցավ տասը տարին, կարծեք երեկ էր, որ լույս տեսավ թերթի անդրանիկ համարը:

– Բուռն եւ հակասական իրադարձություններով լեցուն տարիներ էին, բայց ամեն ինչ սկսվեց 2003-ի ամռանն ու աշնանը: Այդ ժամանակ Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղարն էի: Մարզպետ Էդիկ Բարսեղյանը դեմ չէր, որ ինքս դառնամ նոր պարբերականի հիմնադիր ու խմբագիր` համատեղությամբ: Քննարկումներ եղան նոր լրագրի անվան շուրջ: Ուզում էինք, որ Սյունիք անունն անպայման թերթի անվանման մաս կազմի, որովհետեւ թերթի հիմնական նպատակը մարզի առօրյայի լուսաբանումը պետք է լիներ: Մարզային նախկին պարբերականների անունները` «Սյունիք», «Սյունյաց աշխարհ», չէինք կարող օգտագործել, քանի որ դրանց լուծարումը դեռեւս ավարտին չէր հասցվել: Եվ թերթը կոչեցինք «Սյունյաց երկիր»: Դա Մովսես Խորենացու ձեւակերպումն էր, որ հիշեցրեց ու առաջարկեց Գրիգոր Թադեւոսյանը (ներկայումս մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է):

Թերթը, փաստորեն, առաքելություն ուներ լինելու մարզային նախորդ երկու պարբերականի օրգանական շարունակությունը, մանավանդ որ խմբագրակազմն էլ համալրվեց դրանց աշխատակիցներով:

...1996-ի տարեսկզբին ձեւավորվում էին մարզպետարանն ու մարզային կառույցները: Մարզային թերթ ասվածն էլ վարչատարածքային նոր իրողության ծնունդ էր: Այդ ժամանակ էլ հիմնադրվեց «Սյունիք» թերթը (1996թ. մայիս – 1999թ. դեկտեմբեր, թողարկվել է 160 համար, խմբագիրն էր Գագիկ Դավթյանը): Ավելի ուշ մարզպետարանը զրկվեց լրատվամիջոցի հիմնադիր լինելու իրավունքից: Եվ հիմնադրվեց «Սյունյաց աշխարհը» (2000թ. սեպտեմբեր - 2003թ. սեպտեմբեր), հիմնադիրը «Կապանի մեքենաշինական գործարան» ԲԲԸ-ն էր (տնօրեն` Համլետ Ալեքսանյան), թողարկվեց 85 համար, որից 22-ը խմբագրեց Նարա Հովհաննիսյանը (Կապան էր հրավիրվել Սիսիանից), 6-ը` Վահրամ Օրբելյանը, 1-ը` Արմեն Հակոբյանը, 56-ը` Սամվել Ալեքսանյանը:

Արմեն Հակոբյանը, ինչպես ասացինք, ընդամենը մեկ համար խմբագրեց. 2002թ. փետրվարի 5-ի ողբերգական պատահարի հետեւանքով, 43 տարեկանում, նրա կյանքի թելը կտրվեց: 2003-ի ամռանն արդեն ակնհայտ դարձավ, որ մեքենաշինական գործարանն այլեւս ի վիճակի չէ հովանավորել թերթի գործունեությունը: Եվ ահա ծնունդ առավ «Սյունյաց երկիրը»:

Անդրանիկ համարում պետք է հռչակեինք թերթի առաքելությունը (խմբագրականի, առաջնորդողի կամ ողջերթի խոսքի տեսքով): Տարբեր կարծիքներ կային, քանի որ առաջին անգամ էր Սյունիքում տարածքային իշխանությունից անկախ մարզային թերթ ծնվում: Ի վերջո, կանգ առանք տարբերակի վրա, որի վերնագիրն էր` «Մերն է այս երկիրը, եւ մենք ենք նրա տերը»: Դրանով հայտարարում էինք, որ երկրամասի տերն ու պատասխանատուն, նախեւառաջ, այստեղ ապրողներն ու արարողներն են, որ Սյունիքի զարգացման գլխավոր երաշխիքներից մեկը բացախոսությունն է, որ իշխանավորները կգան ու կգնան (հաճախ` դրական հետագիծ չթողնելով անգամ), իսկ ճշմարիտ խոսքը կմնա ու կփոխանցվի գալիք սերունդներին: Մարդու անցողիկության եւ խոսքի հավերժության անբեկանելի ճշմարտությունն է, կարծեք, հավաստում միջնադարյան անհայտ գրիչը. «Ես մեռանիմ դառնամ ի հող, գիրս մնա հիշատակող»:

Թերթի ծննդյան առթիվ շատ շնորհավորանքներ ստացանք այդ օրերին. մի մասը զետեղված է առաջին համարում: Մեզ շնորհավորեց նաեւ հանրապետության վարչապետ, բարեհիշատակ Անդրանիկ Մարգարյանը:

– Բայց հռչակված սկզբունքը` «Մերն է այս երկիրը, եւ մենք ենք նրա տերը», 2004թ. սեպտեմբերի 28-ին Ձեզ կանգնեցրեց նոր իրողության առջեւ: Ձեզ այլեւս չթույլատրվեց համատեղել խմբագրի ու մարզպետի մամուլի քարտուղարի պաշտոնները, թերթի խմբագրությունը դուրս հանվեց մարզպետարանի շենքից... Եվ այդ օրվանից սկսեց շրջանառվել հայտնի գուշակությունը` «Շուտով փակվում է «Սյունյաց երկիրը»»: Եվ այդ «գուշակները» մինչեւ օրս էլ կանխատեսումներ են անում: Իհարկե, հետագայում մարզպետարան-թերթ հակամարտությունը մեծ մասամբ վերացավ, բայց առաջ եկավ մեկ այլ երեւույթ` Քաջարանի կոմբինատ-թերթ անհանդուրժողականությունը: Մինչ այդ էլ տեղի ունեցավ հարձակում թերթի խմբագրության վրա, դրանից ամիսներ անց հրկիզվեց խմբագրության ավտոմեքենան, Կապանում հետապնդումներ սկսվեցին այն մարդկանց հանդեպ, ովքեր փորձեցին խմբագրության համար վարձակալությամբ տարածք տրամադրել եւ այլն:

– Անկեղծ ասած, չենք ուզում անդրադառնալ մեր տարեգրության այդ էջերին: Տարիների հեռվից միայն հետեւյալը կարող ենք ասել` ինչ-որ տեղ այդ հակամարտությունը սպասելի էր: Մարզպետի մամուլի քարտուղար չէր կարող լինել մի անձնավորություն, ով միեւնույն ժամանակ քննադատում էր մարզպետարանի գործունեությունը, մարզպետական ինստիտուտը համարում մարզի զարգացմանը խոչընդոտող գործոն եւ այդ մասին բացեիբաց հայտարարում իր իսկ խմբագրած թերթում: Վերջին հաշվով դա դիմադրություն էր կանոնին, եւ Սամվել Ալեքսանյան խմբագիրը նման մտածելակերպով ու գործելակերպով չէր կարող լինել մարզպետի թիմում: Մեզ առաջարկվեց թերթը թողնել եւ շարունակել մնալ մամուլի քարտուղար, բայց նախապատվությունը թերթին տվեցինք: Արդյունքում սկսվեց հակամարտությունը` աներեւակայելի ծայրահեղ դրսեւորումներով: Սակայն ե՛ւ Սուրեն Խաչատրյանը, ե՛ւ մենք շուտով անկարելի համարեցինք նման հակամարտությունն ու կարեւորեցինք մարզպետարան-թերթ համագործակցությունը մարզի շահերին առնչվող առանցքային հարցերում: Այդ համագործակցության արդյունքում, ի դեպ, ծնվեցին թերթի մի քանի համարներ, որոնք, հիրավի, բացառիկ են: Առհասարակ Սուրեն Խաչատրյանի գործունեության այդ փուլում աննախադեպ մեծ ուշադրություն դարձվեց հոգեւոր-մշակութային ոլորտին, ինչը հավաստող բազմաթիվ փաստեր կան:

– Հիմա էլ, ինչպես տեսնում եմ, թերթի եւ նորանշանակ մարզպետի հարաբերությունները, մեղմ ասած, բարեկամական ու գործընկերային չեն, ինչը չի կարելի չնկատել:

– Ինչպես նախորդ մարզպետի ժամանակ, այնպես էլ հիմա համոզված ենք` մարզային թերթն ու մարզպետը մարզի ընդհանրական շահերի շուրջ պետք է համագործակցեն` մարզպետի ու խմբագրի` միմյանց հանդեպ ունեցած համակրանքից ու հակակրանքից անկախ: «Սյունիքում` նոր ստատուս քվո» հոդվածում, որ հրապարակեցինք մարզպետափոխությունից անմիջապես հետո, նույնպես արտացոլվեց այդ միտքը: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առաջինը մենք կողջունենք, եթե մարզպետն աշխատի ըստ պատշաճի, եթե մարզպետը կանգնի մարզի շահերի պաշտպանության դիրքերում եւ ձեռնամուխ լինի առկա հիմնախնդիրների լուծմանը: Միաժամանակ, սակայն, մնում ենք համոզմունքին, որ մարզպետական ինստիտուտը, առավել եւս այս տեսքով, մեծագույն արգելք է Սյունիքի զարգացման ճանապարհին: Մյուս կողմից` մարզպետարանն էլ հիմա այն մարզպետարանը չէ: Փետրվարի 18-ի ընտրությունից ակնկալվող սպասելիքները չարդարացան, եւ հետագայում էլ ստացվեց, որ տարածքային կառավարման այդ ինստիտուտն այլեւս քաղաքական գործոն չէ Սյունիքում: Կա մեկ այլ իրողություն եւս. նոր մարզպետի օրերում պալատական ներքինիների եւ եղծված նաժիշտների դերն է մեծացել: Շատ-շատ որոշումներ ու քայլեր հենց նրանք են պարտադրում:

– Եվ այդ իրավիճակում ու նման մտածելակերպի պարագայում շատերը «Սյունյաց երկիրը» համարում են ընդդիմադիր թերթ, Ձեզ` ընդդիմադիր լրագրող:

– Ընդդիմադիր լինել-չլինելու չափանիշները մեզանում վաղուց են հստակեցվել: Ընդդիմադիրը նա չէ, ով օրվա իշխանավորներից մի քանիսի կամ ինչ-որ անհայրենիք օլիգարխի գործելակերպ չի ընդունում: Հայոց պետականության դեմ ընդդիմադիր է նա, ով խրված է կոռուպցիայի մեջ, ով ասպատակում է հայրենի սրբազան հողը, ով վարկաբեկում է մեր պետական կարգը... Այնպես որ հնարավոր է մարդ լինի մարզպետ, նախարար, քաղաքապետ, գյուղապետ, օլիգարխ, բայց ընդդիմադիր լինի մեր պետականությանն ու հայոց արժեհամակարգին: Ուրեմն եւ ինքներդ որոշեք, թե ով է մեզանում ընդդիմադիրը:

– Բավականին շատ շնորհավորանքներ եք ստացել թերթի հոբելյանի առթիվ, դրանց մի մասը, որքանով հասկացա, զետեղում եք հոբելյանական համարում: Գործող մարզպետը, մինչդեռ, շնորհավորական խոսք չասաց...

– Հիմա դա անկարեւոր, գրեթե նշանակություն չունեցող հանգամանք է Սյունիքում, եւ պետք չէ արտառոցություն համարել, մանավանդ որ ինքը չի որոշում իր անելիքը. չեն թողել, ինքն էլ չի շնորհավորել: Արտառոցն այն է, որ մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը պաշտոնավարման հարյուր օրվա ընթացքում այդպես էլ անհաղորդ մնաց մարզի հիմնախնդիրներին եւ բառ անգամ չասաց դրանցից որեւէ մեկի մասին ու իր դիրքորոշումը չարտահայտեց, օրինակ, Մեղրիում եւ Կապանում այդ ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ: Փոխարենը ժամանակ գտավ ու գլխիկոր լսեց Պարսկաստանից վարձակալությամբ Սյունիք ներմուծված մոլլայի նամազն առ Ալլահ ու ղուրանյան ընթերցումը, քանի որ մոլլայի կապանյան քարոզը լրացուցիչ եկամուտ է խոստանում իր ընտանիքին:

– «Սյունյաց երկրի» առանձնահատկություններից (արժանիքներից) մեկը թեմատիկ (բացառիկ) համարներ թողարկելու կարողությունն է: Ընդ որում` մի քանի համար բարձր գնահատականի է արժանացել գիտական շրջանակներում: Այդուհանդերձ, դա դժվար, շատ աշխատատար ու պատասխանատու ուղղություն է, որ որդեգրել եք: Ձեր ինչի՞ն էր պետք նման բեռան տակ ընկնելը, մանավանդ որ հաջողում եք թերթի վարկանիշն ապահովել հերթական համարների հրատարակմամբ:

– Նախ` դա պայմանավորված է ե՛ւ խմբագրի, ե՛ւ խմբագրակազմի մյուս անդամների նախասիրություններով: Երկրորդ` «Սյունյաց երկիրն» ի սկզբանե խնդիր ուներ լինել ոչ միայն մեր օրերի ճշմարիտ վավերագրողը, այլեւ մեր երկրամասը (անցյալն ու ներկան, պատմական դեմքերն ու իրադարձությունները, բնակավայրերը, սրբավայրերը) ճանաչելի դարձնելը: Իսկ Սյունիքը ճանաչելի դարձնելու համար սովորական համարների հնարավորություններն ու չափանիշները չեն կարող բավարար լինել: Թերթի` հոբելյանին նվիրված համարում ներկայացնում ենք «Սյունյաց երկրի» այն թողարկումների ցանկը, որոնք կարելի է, առանց վերապահման, բացառիկ անվանել: Չենք ուզում դրանցից որեւէ մեկն առանձնացնել, յուրաքանչյուրն ուշագրավ է յուրովի:

– Հետաքրքիր է, ի՞նչ ծրագրեր ունեք այդ ուղղությամբ:

– Երկու-երեք տարի է, ինչ պատրաստում ենք համար` նվիրված Մեղրուն: Բավականաչափ նյութեր ենք հավաքել, լուսանկարչական աշխատանք կատարել, արխիվներն ենք պրպտել: Դա, իսկապես, աննախադեպ համար է լինելու, մանավանդ որ Մեղրու վերաբերյալ, ի տարբերություն Գորիսի, Կապանի եւ Սիսիանի տարածաշրջանների, նախկինում շատ թե քիչ ամբողջական նյութեր չեն հավաքվել ու միաժամանակ հրապարակվել:

Գրեթե պատրաստ են Բղենո Նորավանքին նվիրված համարի նյութերը: Այսօր արդեն կարող ենք ասել` սյունիքյան հոգեւոր կենտրոններից որեւէ մեկը (բացի Տաթեւից) համաշխարհային համբավ ունեցող գիտնականների կողմից այդքան հանգամանալից ու բազմակողմանի չի քննարկվել, որքան Բղենո Նորավանքը:

Երկու տարի հետո լրանում է Սյունյաց աշխարհի երեք սրբերից առաջինի` Հովհան Որոտնեցու 700-ամյակը, որին նվիրված համարի հրատարակմանը նույնպես պատրաստվում ենք:

2014-ին լրանում է Սյունյաց աշխարհի մեծերից մեկի` Համո Սահյանի 100-ամյակը: Ուզում ենք հատուկ համար թողարկել նաեւ այդ առիթով: 2004-ին հրատարակածը, թվում է, լիարժեք չէր ստացվել:

Մենք, ինչպես ազդարարել ենք 2011-ի տարեվերջին, թերթային աննախադեպ մի համար էլ կնվիրենք Արցախյան ազատամարտին Սյունիքի մարզի ու սյունեցիների մասնակցությանը: Խոստացել էինք այդ համարը հրատարակել 2014-ի տարեսկզբին, բայց, կարծես, չենք հասցնում:
Անավարտ են մնացել Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պատերազմի, մարզպան Վասակ Սյունեցուն նվիրված համարների նախապատրաստական աշխատանքները:

Որոշ գյուղական համայնքներից էլ ունենք հատուկ համարի պատվեր. այդ առաջարկությունները քննարկում ենք:

– «Սյունյաց երկիրը», կարող ենք ասել, ի սկզբանե իրեն դուրս է դրել սովորական լրատվամիջոցի համար ի վերուստ գծված շրջանակից: Ապացույցներից մեկը խմբագրության նախաձեռնությամբ ծնված բարձրարժեք 11 գեղանկարներն են:

– Թերթի հոբելյանական համարում կներկայացնենք այդ կտավների ցանկն ու մի մասի լուսանկարները, թեեւ դրանք մի անգամ արդեն ներկայացրել ենք: Գեղանկարները (բացառությամբ մեկի) ճանաչված արվեստագետ Ռոբերտ Կամոյանի ստեղծագործություններն են: Նրա հետ աշխատելը միշտ էլ պատիվ ենք համարել: Նրա` մեր պատվերով ստեղծած գործերից յուրաքանչյուրում տեսնում ենք հեղինակի վարպետությունը, գեղարվեստական բարձր ճաշակը, ձեւի ու բովանդակության ներդաշնակությունը, գույների տպավորիչ համադրումը: Պատմական թեմաներով ստեղծագործություններն էլ մեր ժողովրդի անցած ժամանակի կոնկրետ դրվագների վերամարմնավորումն են: Ռոբերտ Կամոյանի հետ, սակայն, անավարտ ծրագրեր ունենք դեռ: Նպատակ ունենք մեծադիր մի կտավում արտացոլել Մեսրոպ Մաշտոցի` Սյունիքի քաղաքական ու հոգեւոր կենտրոն Շաղաթ կատարած այցը եւ նրա հանդիպումը Հայաստանի ու Վրաստանի մարզպան, բոլոր ժամանակների ամենանշանավոր սյունեցիներից մեկի` քաջ սիսական Վասակի հետ:

– Հաճելիորեն նկատեցի, որ թերթի գիտական գործունեության մեջ որոշակի տեղ են զբաղեցնում Սյունիքին առնչվող պատմագիտական նյութերը (սկզբնաղբյուրի նշանակություն ունեցող) գրաբարից կամ միջին հայերենից արդի հայերենի փոխադրելու ջանքը:

– Աշխատանքի անսպառ ոլորտ է, թեեւ` ծախսատար ու շատ պատասխանատու: Հատկապես թեմատիկ համարներ պատրաստելիս նման աշխատանքներ կատարելու անհրաժեշտության առջեւ ենք կանգնում: Մեծ պատիվ է մեզ համար, որ առաջին անգամ մենք ենք նախաձեռնել մի շարք սկզբնաղբյուրների առանձին հատվածների` արդի հայերենի փոխադրման գործը: Թերթի հոբելյանական համարում Դուք կծանոթանաք նաեւ այդ «թարգմանությունների» ցանկին:

– Ձեր գործունեությանը հետեւողներից շատերի կարծիքով` «Սյունյաց երկրի» կենսունականության հիմնական գրավականը խմբագրակազմի պրոֆեսիոնալիզմն է, նվիրական աշխատանքը, թերթի շուրջ համախմբվածությունը:

– Ճիշտ դիտարկում եք կատարում: Թերթի տասը տարին իրողություն դարձավ բացառապես խմբագրակազմի շնորհիվ: Բայց Վահրամ Օրբելյանի, Արմինե Ավագյանի, Գրիգորի Սահակյանի եւ Գայանե Բաղդասարյանի անունները, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում առանձնացնել: Եվ, ընդօրինակելով Ներսես Մոկացու ձեւակերպումը (նրա հայտնի «Ներբողեանը» զետեղել էինք Մելիք Հայկազն 2-րդին նվիրված համարում, 30 մարտի 2013թ.), ուզում ենք նշված անձանց անվանել «Սյունյաց երկրի» սյուներ (առանց չափազանցության): Մոկացին էլ Սյունյաց մեծ անապատի սյուներ էր անվանել Մելիք Հայկազնին, Պողոս Մոկացի Վարդապետին, Սարգիս Ամբերդցի մեծ եպիսկոպոսին, տեր Կիրակոս Տրապիզոնցուն: Նրանք Սյունյաց մեծ անապատի հիմնադրման եւ կայացման գործում արեցին այն, ինչ վերոնշյալ անձինք «Սյունյաց երկրի» հիմնադրման ու կայացման համար: Եվ եթե նույնիսկ վաղը նրանք անցնեն այլ աշխատանքի, միեւնույն է, թերթի տարեգրության մեջ անջնջելիորեն կմնա այդ մարդկանց անունը: Թերթը, սակայն, մի երեւույթ է, որ վերջնական տեսք է ստանում բոլորի համատեղ աշխատանքով: Թերթում չկա երկրորդական աշխատանք, բոլորի գործն էլ անփոխարինելի ու կարեւոր է: Ուստի մեր երախտագիտությունն ենք հայտնում այսօրվա բոլոր աշխատակիցներին` Սլավիկ Նավասարդյանին, Աննա Պետրոսյանին, Զարինե Համբարձումյանին, Նուբար Դավթյանին, Մանե Դավթյանին, Վասիլ Սահակյանին, ինչպես եւ բոլոր նրանց, ովքեր անցած տասը տարում ինչ-որ ժամանակ աշխատել են խմբագրությունում: Թերթի հետ մշտական կապի մեջ են բազմաթիվ գիտնականներ, ստեղծագործողներ ե՛ւ մարզից, ե՛ւ մայրաքաղաքից, ու, անհրաժեշտության դեպքում, անշահախնդիր օգնության եւ աջակցության ձեռք են մեկնում: Նրանց նույնպես մեր անկեղծ հարգանքն ենք ընծայում: Թերթի շուրջ անցած տարիներին ձեւավորվել է բարեկամների ու մերձավորների մի մեծ ու հզոր փաղանգ, որը մեզ նեցուկ է եղել ամենադժվարին իրավիճակներում եւ նեցուկ է այսօր: Մեր խոնարհումը նրանցից յուրաքանչյուրին:

Մեկ ուրիշ խոստովանություն եւս. չլիներ ընտանիքիս եւ հատկապես կնոջս աջակցությունը` անհնարին կլիներ ամբողջապես թերթին նվիրվելը:

Բոլոր այդ գործոնների շնորհիվ է, որ հատկապես հիմա բազմաթիվ երիտասարդներ (ոչ միայն բանասերներ ու լրագրողներ) ցանկանում են աշխատել թերթում, համագործակցել խմբագրության հետ: Անհամեմատ մեծացել է մարդկանց թիվը (գիտնականներ, ստեղծագործողներ, լրագրողներ, շարքային քաղաքացիներ), ովքեր ցանկանում են տպագրվել «Սյունյաց երկրում», իսկ 2012թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում պատգամավորի գրեթե բոլոր թեկնածուները ձգտում էին հանդես գալ «Սյունյաց երկրի» հարթակից: Չկա մի օր, որ մարզի որեւէ համայնքից, որեւէ կոլեկտիվից հեռախոսազանգ չստանանք ու տեղական խնդիրների, արած-չարածի լուսաբանման առաջարկություն եւ խնդրանք չլսենք: Եվ այդ ամենը հիշատակում ենք ոչ թե մեծամտանալու, հրճվանք ապրելու համար: Այդ ամենը մեզ հավելյալ պատասխանատվության է մղում…

– Եվ որո՞նք են այն հիմնարար սկզբունքները, գործելակերպի առանձնահատկութունները, որոնցով խմբագրակազմն առաջնորդվում է:

– Լինել ժամանակի ճշմարիտ վավերագրողը. ահա «Սյունյաց երկրի» գլխավոր առաքելությունը, ինչն արդեն իսկ որոշակի սկզբունքներ է ենթադրում:

Նախ` թերթի էջերը գլխավորապես տրամադրում ենք Սյունիքին առնչվող նյութերին: Եվ կարեւորում ենք տեղեկատվությունը սկզբնաղբյուրից, առաջին ձեռքից վերցնելը. գործելակերպ, ինչի համար պարբերաբար շրջում ենք մարզում: Միեւնույն շաբաթվա մեջ մեզ կարող եք տեսնել ե՛ւ Մեղրիում ու Սիսիանում, ե՛ւ Կապանում ու Գորիսում, ե՛ւ ամենահեռավոր գյուղում: Իհարկե, դա աշխատատար գործելակերպ է, բայց այլ կերպ չենք պատկերացնում մարզային անցուդարձը լուսաբանելու առաքելության իրագործումը:

«Սյունյաց երկիրը» հանդիպման վայր է բոլորի համար` անկախ կուսակցականությունից ու կլանային պատկանելությունից, անկախ խմբագրի ու խմբագրակազմի համակրությունից ու հակակրությունից: Այսինքն` բազմակարծություն, բազմակողմանիություն, բոլորի համար արտահայտվելու հավասար հնարավորություն:

Լեզվական պատշաճ գրագիտություն. առանց այդ սկզբունքի, ճիշտն ասած, չենք պատկերացնում որեւէ լրատվամիջոցի գործունեություն:

Անաչառություն եւ օբյեկտիվություն, փաստերի, տեղեկությունների հավաստիության ստուգում եւ նոր միայն հրապարակում:

Հնարավորինս զերծ մնալ լրատվամիջոցների, լրագրողների հետ հակամարտությունից: Առհասարակ դա կարեւոր սկզբունք ենք համարում լրագրողական ամբողջ համքարության համար:

Մերժում ենք մանրաթեմայնությունը, որ հիմա շատ տարածված է ոչ միայն տեղական, այլեւ մայրաքաղաքային լրատվամիջոցներում: Սյունիքում կամ Սյունիքի մասին ասելիքն այնքան շատ է, որ մանր ու աննշանակ թեմաներին անդրադառնալն անիմաստ զբաղմունք է:

– Կա՞ արդյոք թերթ ընթերցելու ճգնաժամ, ինչպես հիմա ընդունված է ասել:

– Գույները խտացրած կլինենք, եթե տեղի ունեցող գործընթացները եւ նոր երեւույթները, գիտատեխնիկական առաջընթացով եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված, ճգնաժամ համարենք տպագիր մամուլի համար: Տպագիր մամուլը, այս դեպքում «Սյունյաց երկիրն» ունի առանձնահատկություններ, որոնք, որքանով տեսնում ենք, առայժմ չեն կարող որդեգրել, օրինակ, էլեկտրոնային լրատվամիջոցները եւ, մասնավորապես, կայքերը:

Սյունիքն ամբողջապես լուսաբանող այլ լրատվամիջոց առայժմ չենք տեսնում: Եվ, թող անհամեստություն չդիտվի, եթե ասենք` նման առաքելություն միայն «Սյունյաց երկիրն» է իրագործում:

Ամեն տարի ունեցել ենք միջին հաշվով 2000 բաժանորդ: Եվ այդ թիվը պահպանվում է, ու, կարծում ենք, կպահպանվի 2014-15թթ. նույնպես: Ընդ որում` ընդունված է ասել, որ մեկ թերթն ընթերցում է միջին հաշվով երեք հոգի: Թեեւ կայքերի բում է նկատվում հանրապետությունում, բայց մարդիկ, ըստ էության, շարունակում են ավելի շատ վստահել տպագիր խոսքին: Ի վերջո, տպագիր մամուլը (քիչ բացառությամբ) մեզանում այն հատուկենտ օղակներից մեկն է, որտեղ լեզուն վերահսկվում է, ինչը չենք կարող ասել էլեկտրոնային լրատվամիջոցների, այդ թվում` հեռուստաեթերի ու կայքերի մասին (բացառությամբ մի քանիսի): Բայց մենք ունենք նաեւ մեր կայքի ընթերցողները` ամսական 2.5-3 հազար այցելու:

– Չէի՞ք կամենա գնահատական տալ հանրապետության լրատվական դաշտին:

– Մենք չէ, որ գնահատական պիտի տանք հանրապետության լրատվական դաշտին, եւ այս առիթով չէ, որ պիտի անդրառանանք այդ հարցին: Բայց եւ շատ կուզենայինք, որ մայրաքաղաքային մամուլն այդպես հետեւողականորեն չշրջանցեր սյունիքյան հիմնախնդիրները: Կուզենայինք, որ լրատվամիջոցները, մամուլի ակումբները, գլխավորապես մայրաքաղաքի անցուդարձի լուսաբանումով չբավարարվեին, որ հեռուստաեթերում նաեւ մարզային կյանքն արտացոլվեր ըստ պատշաճի ու բազմակողմանի: Կուզենայինք, որ մանրաթեմայնությունը, անկարեւոր հարցերի լուսաբանումը դուրս մղվեին լրատվական դաշտից, քանի որ ավելի լուրջ խնդիրներ ունենք քննարկելու: Կուզենայինք, որ լրատվամիջոցներն ու կայքերը, ի վերջո, հրաժարվեին անստորագիր եւ կեղծ ստորագրությամբ նյութեր հրապարակելուց, որ լրագրությամբ զբաղվելու գլխավոր պայմանը հայոց լեզվի պատշաճ իմացությունը լիներ...

– Մի հարց էլ կա, որ, կարծեք, մտահոգում է մարզային ու համայնքային պարբերականների խմբագիրներին, նկատի ունենք մայրաքաղաքային ու մարզային լրատվամիջոցների աշխատանքի անհավասար պայմանները, բարձր իշխանության կողմից մարզային ու համայնքային լրատվամիջոցների հանդեպ դրսեւորվող խտրական վերաբերմունքը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

– Առհասարակ սխրանք գործելու պես բան է մարզային, համայնքային անկախ թերթ` հստակ պարբերականությամբ հրատարակելը: Պետության կողմից հատկացվող լրավճարը, ըստ էության, խորհրդանշական երեւույթ է: Ընդհանրապես անհասկանալի են սկզբունքները, որով առաջնորդվում է մշակույթի նախարարությունը լրավճարը բաշխելիս: Իշխանությունները նույնիսկ մայրաքաղաքային որոշ լրատվամիջոցների գովազդային դաշտում մենաշնորհներ ու արտոնություններ են տվել: Անգամ պետական կարեւոր միջոցառումներին ու նշանավոր օրերին մարզային թերթերի լրագրողներին չեն հրավիրում: 2010թ. հոկտեմբերի 13-16-ը Ստեփանակերտում մասնակցեցինք լրագրողների համահայկական 5-րդ համագումարին: Պատկերացնո՞ւմ եք, անգամ այդ միջոցառման շրջանակում անցկացվող որոշ հանդիպումների մասնակից էին անում միայն մայրաքաղաքային պարբերականների խմբագիրներին: Չենք խոսում հանրապետության ղեկավարների ասուլիսների մասին, որոնց մասնակցելը մի քանի լրատվամիջոցի մենաշնորհն է, ովքեր էլ նման միջոցառումներին ներկայանում են նախապես համաձայնեցված հարցերով…

– Եվ այդ ամենին կարո՞ղ ենք գումարել տեղեկատվություն ձեռք բերելու դժվարությունները, փակ գոտիների առկայությունը:

– Այդ դաշտում, խոստովանենք, որոշակի առաջընթաց կա, հիմա ավելի շատ ոլորտներում ու կառույցներում են առաջնորդվում թափանցիկության, հրապարակայնության սկզբունքով: Այդուհանդերձ, որոշ բնագավառներ շարունակում են լրատվամիջոցների համար փակ մնալ, առանձին պատգամավորներ, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ, զորամասերի հրամանատարներ ուղղակի անբարյացակամությամբ են վերաբերվում հրապարակայնությանը:

– Թերթին սպառնացող վտանգների, մարտահրավերների մասին...

– Թերթին եւ առհասարակ Սյունիքին սպառնացող թիվ մեկ վտանգը մարզում ներդրվող օլիգարխիկ համակարգն է եւ մարզը հանքահումքային բազա դարձնելու` օրավուր ակտիվացող քաղաքականությունը: Հիմա մարզը թեւակոխում է մի իրավիճակ, երբ բոլոր պետական կառույցները դառնում են օլիգարխիկ համակարգի, խոշոր կապիտալի կցորդ ու սպասավոր: Ավելին, մենք Սյունիքում գործ ունենք օլիգարխիկ համակարգի ամենահետադիմական տարատեսակի հետ: Տեսեք` Սյունիքը հայաստանյան խոշոր կապիտալի հանգրվաններից է (նկատի ունենք հանքարդյունաբերությունը): Եվ այդ խոշոր կապիտալի առկայության պարագայում, որքան էլ տարօրինակ է, Սյունիքում (համեմատած միջին հանրապետական ցուցանիշների հետ) առավել ցածր է բնակչության կենսամակարդակը, առավել շատ են արտագաղթողներն ու արտագնա աշխատանքի մեկնողները, առավել շատ են փակված դռներով բնակարանները, առավել մեծ է բնակչության ծերացածության ցուցանիշը, առավել բարձր են գործազրկության եւ աղքատության ցուցանիշները: Հայաստանի ոչ մի մարզում գյուղերն այնպես արագ չեն հանգչում, որքան Սյունիքում ու մասնավորապես Կապանի տարածքում:

Հայաստանի ոչ մի տարածքում մահաբեր հիվանդություններն այնքան տարածված չեն, որքան Մեղրու եւ Կապանի տարածաշրջաններում: Թերթեք, խնդրեմ, պատմության էջերը, բացեք տնտեսագիտության գրքերը եւ կհամոզվեք, որ խոշոր կապիտալը, որպես կանոն, իր հետեւից մշտապես բերել է զբաղվածության խնդրի լուծում, ենթակառույցների զարգացում, մարդկանց կենսամակարդակի բարձրացում… Մեզ մոտ խոշոր կապիտալը հակառակ դերն է խաղում: Սյունիքյան խոշոր կապիտալի տերերը, ոչնչով չտարբերվելով օտար զավթիչներից, հանուն գերշահույթի պատրաստ են կուլ տալ-խժռել անգամ դարավոր գյուղերը, խմելու ջրի ջրահավաք ավազանները, բնության հրաշալիքները, պատմամշակութային հրաշալիքները, մարդկային գերեզմանները…

Սյունիքյան խոշոր կապիտալի ներկայացուցիչները պատրաստ են փակելու ազատ խոսքի, բացախոսության բոլոր հարթակները եւ հնարավոր ամեն ինչ անում են այդ ուղղությամբ: Փոխարենը պատրաստ են (այդպես էլ վարվում են) հիմնադրել խամաճիկ լրատվամիջոցներ, պահել մարիոնետային լրագրողներ (նաեւ մայրաքաղաքում), որպեսզի ժամանակ առ ժամանակ հանրությանը ներկայանան մարգարեի տեսքով: Այնպես որ ե՛ւ թերթի, ե՛ւ ամբողջ Սյունիքի համար թիվ մեկ սպառնալիքը խոշոր կապիտալի մասնակցությամբ մարզում ներդրվող օլիգարխիկ-հակաազգային համակարգն է:

– Քիչ առաջ ներկայացրիք խմբագրության ծրագրերը թեմատիկ համարների տպագրության ուղղությամբ, բայց չասացիք հետագա մյուս անելիքների մասին:

– Նախ` դիմադրել մարզում ներդրվող օլիգարխիկ համակարգից բխող սպառնալիքներին եւ հնարավոր բոլոր միջոցներով թույլ չտալ, որ այդ համակարգը խժռի բացախոսության այս ամբիոնը եւս, որ կոչվում է «Սյունյաց երկիր»:

Խմբագրականներից մեկում ենք ասել` գնացել եւ գնալու ենք առավելն ասելու դժվարագույն ճանապարհով: Եվ մեր ձախողումը, նահանջը, եթե երբեւէ տեղի ունենա, ամոթալի չեն լինելու:

Կյանքը ցույց է տվել, որ Սյունիքի մարզային թերթը շաբաթական պարբերականության պահանջարկ ունի, ինչի համար հիմքեր կան, դրան էլ ձգտում ենք:

Աշխատակազմը մի քիչ ընդլայնելու եւ տեխնիկական բազան փոքր-ինչ հարստացնելու դեպքում թերթի կայքով կարող ենք տալ ամենօրյա լուրեր, ընդ որում` ե՛ւ գրավոր տարբերակով, ե՛ւ տեսապատկերներով. կայքն այդպիսի հնարավորություններ ունի:

Այս տարեսկզբին մեզ հաջողվեց մի կարեւոր քայլ կատարել` խմբագրությանը կից ստեղծել գեղարվեստական խորհուրդ` Տիգրան Գրիգորյան բանաստեղծի եւ թարգմանչի ղեկավարությամբ: Գեղարվեստական խորհրդի օգնությամբ առաջին անգամ, կարծեք, կարգավորվում է թերթի գրական բաժինը, մանավանդ որ ստեղծագործողներից շատերն են ցանկանում տպագրվել «Սյունյաց երկրում»: Եվ բառի, պատկերի նկատմամբ տիգրանգրիգորյանական զգուշավոր ու պատասխանատու վերաբերմունքի պրիզմայով էլ ձգտում ենք մոտենալ հրապարակվող գեղարվեստական գործերին:

Դե հարմար խմբագրատան բացակայության մասին չենք խոսում, քանզի այդ խնդիրը ներկայումս հնարավոր չէ լուծել, մյուս կողմից էլ վաղուց ենք հռչակել մեր գլխավոր սկզբունքներից մեկը` մեզ փնտրեք միայն թերթի էջերում:

Մեզ լրջորեն վնասում է առաքման ներկայիս համակարգը. դա համահայաստանյան խնդիր է:

– Չնայած դժվար է եղել թերթի անցած ճանապարհը, բայց, որքանով տեղյակ ենք, հետաքրքիր ավանդույթներ են ձեւավորվել խմբագրությունում:

– Աստծո կամոք մի բարի ավանդույթ է մեզանում ձեւավորվել, եթե, իհարկե, դա ավանդույթ կարելի է համարել: Անցած տարիներին մեր գործընկեր աղջիկներից չորսն ամուսնացել են, նրանք արդեն երեխա ունեն: Խմբագրությունը նրանց համար հերանց տուն է, իսկ երեխաները խմբագրության թոռներն են: Արդեն իսկ թեւավոր խոսք է ձեւավորվել այդ կապակցությամբ` թերթի խմբագրությունը խերով տեղ է` աղջիկները շուտ են ամուսնանում...

...Գրեթե ամեն տարի (մի քանի անգամ) արշավներ ենք կազմակերպում եւ լինում մարզի տեսարժան, հաճախ` միայն ձիերով կամ ոտքով հասանելի վայրերում, ինչը թույլ է տալիս առավել ամբողջական ու մանրամասն ճանաչել Սյունիքը: Այս տարի, օրինակ, օգոստոսի 9-ին այցելեցինք Լիճքի (Զվարի) ջրվեժներ: Բնության հրաշք վայրերից է. ով չի տեսել այդ վայրերը, չի տեսել Մեղրին: Օգոստոսի 25-ին էլ այցելեցինք Սիսիանի տարածքում գտնվող Ուղտասար հնավայր, որտեղ կա ավելի քան երկու հազար պատկերազարդ քար: Դրանք հայտնաբերվել են 1966թ.: Ծովի մակերեւույթից 2900-3300մ բարձրության վրա գտնվող ժայռաբեկորների վրա քանդակված պատկերները մ.թ.ա. V-IV հազարամյակների ստեղծագործություններ են (առայժմ այդպես է թվագրված): Իսկ գարնան երրորդ օրը` մարտի 3-ին, այցելեցինք Խանածախի անապատ, որը, հիրավի, աշխարհի հրաշալիքներից է:

– Պարո՛ն խմբագիր, շնորհակալություն հարցազրույցի համար, կրկին շնորհավորում եմ ե՛ւ Ձեզ, ե՛ւ խմբագրության աշխատակիցներին ու աջակիցներին` թերթի հոբելյանի կապակցությամբ, եւ մաղթում նորանոր հաջողություններ, մերօրյա մարտահրավերներին արժանապատիվ դիմակայելու կամք, վճռականություն եւ կարողություն:

Հարցազրույցը` ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: