11/15/2018

Այդպես մինչեւ ո՞ւր...

Հայոց թագավոր Արտավազդը թշնամիներից պաշտպանելու համար իր գանձերը թաքցնում է մի լեռան մեջ, եւ վայրն այն կոչվում է Գանձասար: Գանձերի բանալին հանձնվում է լեռների տիրակալ արջին, որ բանալին փոխանցելու էր միայն նրանց, ովքեր այդ գանձերը կօգտագործեն ի նպաստ ժողովրդի: Սա ավանդապատումն է: Իսկ տարիներ առաջ քանդակագործ Մարատ Նուրիջանյանը կերտեց արջի քանդակը, որ տեղադրվեց Ողջու կիրճում` մի քարաժայռի վրա: Արջի բանալին, հավանաբար հրազենի կրակահերթով, երբեմն անհետանում էր, ի վերջո սրտացավ մարդկանց միջոցով վերստին գտնում իր տեղը:

Եվ սրանով քանդակի հետ կապված ոդիսականը չի ավարտվում: Վերջերս նկատեցինք, որ արջի քանդակի դեմ-դիմաց, որտեղ Ողջի գետը ծունկ է տալիս, աղբատեղի է գոյացել: Բանն այն է, որ այդտեղ սառնորակ աղբյուր կա, մանավանդ ամռան ամիսներին մարդիկ` հիմնականում ավտոմեքենայով երթեւեկողները, ծարավը հագեցնում են աղբյուրի ջրով, մի կտոր հաց կիսում: Ոմանք սիրում են լուսանկարվել արջի քանդակի ֆոնին: Իրողությունն այն է, որ արջի քանդակը բավականաչափ հեռու է ե՛ւ Կապանից, ե՛ւ Քաջարանից, այդտեղ կարելի է հասնել միայն ավտոմեքենայով: Ասելս այն է, որ մեքենայով երթեւեկողները գոյացած աղբը կարող են տոպրակի մեջ լցնել եւ գցել առաջին պատահած աղբարկղի մեջ: Սակայն պարզվում է, որ շատերի կենցաղավարական կուլտուրայի պակասն այդ հնարավորությունը բացառում է: Բայց այդպես մինչեւ ո՞ւր…

Գուցե տարածքում տեղադրվի աղբարկղ, եւ ամսական մեկ-երկու անգամ կատարվի աղբահանություն: Այլապես աղբատեղին սպառնում է նոր տարածքներ գրավել:

Մեր հարցմանն ի պատասխան` Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի փոխանցմամբ` վայրը, որտեղ տեղադրված է արջի քանդակը, մտնում է Լեռնաձոր համայնքի վարչական տարածքի մեջ: Քաղաքապետը հայտնեց, որ իր մեջ ցանկություն էր առաջացել հողով ծածկել տալ այդ աղբատեղին, բայց ի՞նչ երաշխիք, որ անպատասխանատու մարդիկ չեն շարունակելու իրենց սեւ գործը: Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանը խնդրո առարկայի առնչությամբ հայտնեց, թե համայնքի վարչական տարածքը սկսվում է արջի քանդակի վերեւի մասից, ասել է թե տարածքը կարգի բերելն իրենց գործը չէ: Փորձեցինք պարզաբանում ստանալ «Կապանի ճանապարհների շինարարություն եւ շահագործում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, որի գլխավոր ճարտարագետ Սերգեյ Առուստամյանը հայտնեց, որ իրենք սպասարկում են միջպետական մայրուղին, ջրահեռացման առուները: Ահա այսպիսի բաներ: Բանից պարզվում է, որ լեռների տիրակալ արջն ինքը պիտի հոգա իր քթի տակ գոյացած աղբատեղիի մաքրության հարցը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: