01/16/2019

Մեղրու տարածաշրջանային հիվանդանոցի շենքը նախատեսված ժամկետում պատրաստ կլինի

Մեղրու տարածաշրջանային հիվանդանոցի շենքը նախատեսված ժամկետում պատրաստ կլինի

«Սյունյաց երկիր» թերթը պարբերաբար անդրադարձել է Մեղրու տարածաշրջանի բժշկական հաստատությունների կառուցվածքային փոփոխությանը. այս անգամ հերթական առիթը Մեղրի եւ Ագարակ քաղաքների միջակա վայրում կառուցվող հիվանդանոցային համալիրն էր: Ամիսներ առաջ հազիվ թե գտնվեր մեկը, ով ենթադրեր, որ այդ հատվածում հիվանդանոց պետք է կառուցվի: Պատկերը փոխվեց հատկապես 2014թ. հոկտեմբերին, երբ որպես ենթակապալառու կազմակերպություն (կապալառու՝ «Պառեքս-գազ» ՍՊԸ), հիվանդանոցի` անհարկի ձգձգվող շինարարական աշխատանքները ստանձնեց «Մեղրու ճանապարհների շահագործման եւ շինարարական ձեռնարկություն» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Ազատ Գասպարյան): Ամիսներ տեւած լայնածավալ աշխատանքների շնորհիվ շենքի երկրորդ հարկն էլ արդեն կանգուն է, եւ, Ազատ Գասպարյանի խոսքով, մեկ-երկու շաբաթից կանցնեն տանիքի կառուցման աշխատանքներին: «Աշխատանքների ներկայիս ընթացքը կատարվում է ըստ նախատեսված պլանի, հոսքային պարբերականությամբ աշխատում ենք: Եթե աշխատանքի խզում չլինի` պայմանավորված շինանյութի բացակայությամբ կամ եղանակով, ապա նախատեսված ժամկետում` մինչեւ 2015թ. սեպտեմբերի 30-ը, շենքն ամբողջովին պատրաստ կլինի, եւ կհանձնենք շահագործման», – հավաստիացնում է Ազատ Գասպարյանը:

Շենքը տիպային է լինելու` նախատեսված համեմատաբար փոքր տարածաշրջանի համար` նկուղի հետ միասին եռահարկ, 60 մահճակալանոց, վերելակով: Առաջին հարկում տարբեր բաժանմունքներ կլինեն, իսկ երկրորդ հարկում՝ հիվանդասենյակներ: Բնականաբար, պոլիկլինիկան հիվանդանոցի հետ միեւնույն վայրում չի լինելու: Ասեկոսեների տեղիք տվող դիահերձարանի համար էլ նախագծում ոչինչ չկա, ինչպես նաեւ առայժմ լուծված չէ շտապօգնության մեքենաների կայանատեղիի հարցը: Ազատ Գասպարյանի հավաստմամբ` շատ հավանական է, որ նախագծում փոփոխություններ տեղի ունենան, քանի որ այն կազմելիս երբեմն որոշ նրբություններ հաշվի չեն առնում: Իսկ դիահերձարանն ու պոլիկլինիկան, ըստ երեւույթին, կմնան ներկայիս տեղերում:

Շինարարական աշխատանքի պատվիրատու ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը հետեւողական է ամեն հարցում, նույնիսկ շենքի կառուցման համար նախատեսված շինանյութը օգտագործելուց առաջ լաբորատորիայում ստուգում են, ինչպես նաեւ իրականացնում պարտադիր տեխնիկական զննում: Բացի դրանից` հմուտ ճանապարհաշինարարի խոսքով` սա իր համար համեմատաբար խորթ ոլորտ է, եւ ԾԻԳ-ի հետեւողականության շնորհիվ կանխվում են հնարավոր թերություններն ու բացթողումները` հետագայում տհաճ իրավիճակներից խուսափելու համար: «Իմ յուրաքանչյուր առաջարկի, որ միտված է շինարարության որակի ապահովմանը, ԾԻԳ-ը մշտապես ընդառաջում է», – նշեց Ազատ Գասպարյանը:

Վերջին ամիսներին արժութային շուկայի «վայրիվերումները» իրենց հետքը թողեցին նաեւ շինանյութի գների վրա: Մոտ 20 տոկոսով բարձրացել է շինանյութի գինը, եւ պատվիրատուն հավանաբար կվերանայի շենքի կառուցման համար նախապես տրամադրված գումարի չափը (մրցույթով` 1մլրդ 52մլն դրամ), այլապես լուրջ խնդիրների առաջ կկանգնենք:

Մասնագիտացված աշխատուժի հարցն անհրաժեշտության դեպքում լուծում են տարբեր վայրերից հրավիրված արհեստավորների միջոցով (հիմնականում` Կապանից), իսկ տեխնիկայի խնդիր ընդհանրապես չունեն: Ժամանակը, ինչու չէ, նաեւ ֆինանսական միջոցները խնայելու համար շինանյութի մի մասը ձեռք են բերում Իրանի Իսլամական Հանրապետությունից: «Բարիդրացիական հարաբերություններ ենք հաստատել մեր հարեւան գործընկերների հետ: Բնական է, այդ վստահությունը ձեռք ենք բերել ժամանակի ընթացքում` տարբեր շինարարական աշխատանքներ կատարելիս», – հավաստում է Մեղրու ճանապարհաշինական ընկերության տնօրենը:

Ժամանակին հիվանդանոցի շենքի տեղի ընտրությունը տարակարծության եւ դժգոհության տեղիք տվեց, բայց, շինարարի կարծիքով, այսօր, երբ շենքն արդեն իր տեսքն է ստանում, եւ շրջակա միջավայրի կանաչապատ տարածքներն արդեն իսկ տեսանելի են, երկու քաղաքի` Մեղրու եւ Ագարակի համար մեկ հիվանդանոցի շենքի տեղի ընտրության ճշտությունն ակնհայտ է ու անվիճելի:

Տարածքի ցանկապատման, կանաչապատման աշխատանքներ նույնպես նախատեսված են: Ինչ վերաբերում է կոյուղաջրերին, ապա այդտեղ կգործի կենսաբանական մաքրման կայան: Դրա շնորհիվ վերամշակված կոյուղաջրերը հնարավոր կլինի օգտագործել սանհանգույցի կամ էլ ոռոգման համար:

Մեղրու ճանապարհաշինարարները, բացի հիվանդանոցի շենքի կառուցումից, ներկայումս զբաղված են նաեւ Մեղրու ներքին ջրատար ցանցի վերակառուցման աշխատանքներով, ՊՆ զորամասի զորանոցի կառուցմամբ, ճանապարհների ձմեռային պահպանմամբ: Նախատեսվում է մրցույթ հայտարարել Դիբագի լեռնանցքի 4 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար, ինչին անպայման կմասնակցի «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն: «Ինչպես բազմիցս եմ ասել, մեր ճանապարհներն արդեն ծերացել են, – հավելեց իր գործի վարպետ Ազատ Գասպարյանը, – Աստված տա, եղանակային պայմանները բարենպաստ լինեն, բոլոր աշխատանքներն էլ պատվով կկատարենք»:

Մեր այցելության օրը` փետրվարի 20-ին, լրացավ Ազատ Գասպարյանի ծննդյան 55-ամյակը, իսկ մեկ օր առաջ` փետրվարի 19-ին, «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն արժանացել էր ՀՀ կառավարության 2014թ. մրցանակին` արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում: Շնորհավորելով նրան ծննդյան օրվա եւ կառավարության մրցանակի արժանանալու կապակցությամբ՝ մաղթում ենք առողջություն, անսպառ եռանդ եւ անփորձանք ճանապարհներ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: