09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Հերթական պատահարը Կապանի կոմբինատում

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ
Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ առողջապահության նախարար
Արմեն Մուրադյանին

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության կողմից շահագործվող Շահումյանի հանքի հարավային տեղամասի մակերեւութային հրապարակում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետեւանքով մահացել է այդ ընկերության աշխատակից, Կապան քաղաքի բնակիչ, 41-ամյա Տիգրան Լեւոնի Հովսեփյանը:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, որ տարածվել է միջադեպի օրը, չի նշվել մահացած հանքագործի անուն-ազգանունը: Եվ առանց անուն-ազգանվան հիշատակության՝ ՓԲ ընկերությունը ցավակցություն է հայտնել «գործընկերոջ ընտանիքին ու մերձավորներին»:

Նույն հաղորդագրության մեջ նշվել է նաեւ. «Դեպքի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն հետագայում»:

Մահացու ելքով պատահարից վեց օր անց, սակայն, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն խոստացած լրացուցիչ տեղեկատվությունը չի տրամադրում հանրությանը:

Պաշտոնական հաղորդագրության ոճը եւ հաղորդագրությանը հաջորդած լռությունը եւս մեկ անգամ վկայում են, որ ընկերության աշխատակցի՝ կոնկրետ անձնավորության եւ կոնկրետ ընտանիքի անչափելի ողբերգությունը Հրաչ Ջաբրայանի համար սովորական վիճակագրություն է:

Եվ, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ եւս անհայտ է մնացել գլխավոր հարցի պատասխանը՝ ի՞նչ հանգամանքների հետեւանքով է մահացել հանքագործը:

Մենք փորձեցինք Տիգրան Հովսեփյանի մահվան հանգամանքների մասին հավելյալ տեղեկատվություն ստանալ Կապանի դատաբժիշկ Իշխան Սիմոնյանից, սակայն նրա պատասխանից դժվար էր հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել, եւ ինչու է մահացել հանքագործը:

Իշխան Սիմոնյանը հրաժարվեց տեղեկատվություն տրամադրել առ այն, թե 2011-15թթ. քանի հոգի է մահացել Կապանի լեռնահանքային կոմբինատում (եւ ովքեր), քանի հոգի (եւ ովքեր) են ծանր վնասվածք ստացել (թեթեւ մարմնական վնասվածքների մասին չենք խոսում)՝ պատճառաբանելով, որ արխիվը Երեւանում է, եւ այդ հարցին արժանահավատ պատասխան կարող են տալ ՀՀ ոստիկանությունը եւ ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը (տնօրեն՝ Մհեր Բիշարյան):

Քննարկվող հարցը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում, մանավանդ որ այդ ընկերությունում մարդկանց եւ տեխնիկայի անվտանգ գործունեության ապահովման ներկայիս դրվածքի մասին պարբերաբար ահազանգում են Կապանի հանքագործները:

Ստեղծված իրավիճակում ստիպված ենք դիմել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին՝ ստանալու հավաստի տեղեկատվություն առ այն, թե 2011-15թթ. ովքեր են մահացել եւ ովքեր են ծանր մարմնական վնասվածք ստացել Կապանի լեռնահանքային կոմբինատում (նախկինում՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ, ներկայումս՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ):

Դա հնարավորություն կտա պարզել այդ ընկերությունում անվտանգության տեխնիկայի հետ կապված իրավիճակը, ինչպես եւ զգուշացնել ՓԲ ընկերության գործող վարիչ Հրաչ Ջաբրայանին՝ կատարելու իր պարտականությունը հանքագործների կյանքի եւ առողջության պահպանման հարցում: Դա հնարավորություն կտա պարզել նաեւ, թե հանքագործների մահվան կամ մարմնական վնասվածքի համար մեղավորները որքանով են պատասխանատվության ենթարկվել: Ի դեպ, վերջին հանգամանքն ավելի շատ է հետաքրքրում լեռնահանքային կոմբինատի աշխատակիցներին եւ մարզկենտրոնի հանրությանը:

Հարգանքով՝

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: