11/15/2018

Վաղաժամ մահով շատ գործեր անավարտ մնացին

Նոյեմբերի 7-ին՝ երկու տասնամյակ առաջ, երկրային կյանքին հրաժեշտ տվեց քանդակագործ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ Մարատ Նուրիջանյանը, նախախնամությունը նրան 55 տարվա կյանք էր բաշխել, բայց մնայուն հետք թողեց Կապանի մշակութային կյանքում: Քաղաքի առաջին բարձրագույն կրթություն ստացած քանդակագործն էր, ասել է թե՝ առաջին պրոֆեսիոնալ քանդակագործը: Անժամանակ հեռացավ, բայց շարունակում է ապրել իր ստեղծագործություններում. ի վերուստ այդպիսի ճակատագիր է նախասահմանված ճշմարիտ արվեստագետի համար…

Քանդակագործ Մարատ Նուրիջանյանը ծնվել է 1941 թվականի հունվարի 7-ին Կապանում, ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթություն է ստացել Կապանի Մ.Գորկու անվան N1 դպրոցում: Գերազանցության դիպլոմով ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1968 թվականից Կապանի երկրագիտական թանգարանի հիմնադիր տնօրենն էր, թանգարանի առաջին հավաքչական աշխատանքների կազմակերպիչը: Աշխատել է կահույքի ֆաբրիկայում՝ ինժեներ-նկարիչ, եղել է քաղաքի գլխավոր նկարիչ, «Հայառռեկլամի» Կապանի տեղամասի պետ:

Նրա աշխատանքները տեղադրված են Կապանի տարածաշրջանի տարբեր վայրերում. 1972-ին՝ Վաչագան գյուղում Բրեստ ամրոցի ակտիվ պաշտպան Սոս Նուրիջանյանի արձանը, 1974-ին Կապանի բժշկական ուսումնարանի ճեմասրահում՝ «Հավերժություն» քանդակը: Նրա ստեղծագործություններից է «Գանձասարի բանալին» քանդակը, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «Արջը»: 1978-ին Կապանի կենտրոնում վեր է խոյացել «Դավիթ Բեկ» մոնումենտալ ձիարձանը, որ ստեղծվել է իր դասախոս եւ ուսուցիչ, հանրապետության ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի հետ: Ունի նաեւ այլ՝ «Մերկ կնոջ ֆիգուրը», «Շատրվանը», «Հանքափորը» աշխատանքներ: Նրա մատնահետքերը կան Երեւանում տեղադրված Արա Հարությունյանի «Սայաթ-Նովա» աղբյուր-քանդակի վրա, կոմպոզիցիան ներառում է հարթաքանդակ՝ հեզաճկուն հայուհիների տեսքով, որը նույնպես Մարատի ձեռքի գործն է:

Կապանում Սպիտակյան երկրաշարժի զոհերի հիշատակին կանգնեցվելիք կոթողի համար հայտարարված մրցույթում, որին մասնակցում էին տեղացի արվեստագետներ, լավագույնը ճանաչվեց նրա աշխատանքը, որ մրցույթի ժամանակ ցուցադրվեց «Զանգ» պայմանական անունով: Վանահոր տեսքով եռակողմ կոմպոզիցիան մարմնավորում էր հայ ժողովրդի հոգեւոր խռովքը: Ճարտարապետական հետաքրքիր լուծում էր գտնվել. հուշարձանը պիտի տեղադրվեր Հայաստանի խորհրդանշական քարտեզը պատկերող պատվանդանի վրա՝ այն տեղում, որտեղ երկրաշարժից պատուհասած Հայաստանի հյուսիսային շրջաններն են: Բայց…

Վաղաժամ մահով արվեստագետի բազում մտահղացումներ անավարտ մնացին: Սկսել էր կերտել Զորավար Անդրանիկի հուշարձանը, չավարտեց նաեւ Գարեգին Նժդեհի արձանը: Հայրենիքի նվիրյալների մանրաքանդակներն այսօր պահվում են հայրական տան մի անկյունում՝ որպես թանկագին մասունքներ: Նաեւ նախաձեռնել էր մերօրյա ազատամարտում զոհված կապանցի ազատամարտիկների հիշատակը հավերժացնելու գործը քանդակի լեզվով, քանդակներ ստեղծեց, ծրագրածի մի մասն էլ անկատար մնաց…

Գոնե լավ է, որ նրա գործն ու վաստակն աննկատ չմնացին: 2014 թվականի հոկտեմբերի 18-ին Մարատ Նուրիջանյանը մշակույթի բնագավառում ունեցած մեծ ավանդի ու վաստակի համար (հետմահու) պարգեւատրվել է «Կապան» ոսկե մեդալով:

«Արտակարգ մարդ էր Մարատը, որպես քանդակագործ շատ լավն էր, շատ սուր աչք ուներ, քանդակի հիմնակմախքը, որ արդեն պատրաստ էր լինում, նրա դասախոսը՝ հանրապետության ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանը, ասում էր՝ Մարատը կարող է էլ չշարունակի, քանդակը պատրաստ է, ստեղծագործական հաջողությունն ապահովված է: Իսկ առօրյա կյանքում ընկերասեր էր, ընկերոջ համար կյանք տվող, ուրախության, թե տխրության պահին առաջինը նրա կողքին կանգնող, նեցուկ եղող: Մենք նրանից ահագին ջահել էինք, եթե կարիքի մեջ էինք լինում, մի քանի րոպե հետո մեր կողքին էր լինում: Հումորով, մարդկանց հանդեպ ջերմ վերաբերմունքով բոլորից տարբերվում էր: Կոլորիտային մարդ էր Մարատը, ուղղակի ափսոս, որ վաղ հեռացավ կյանքից: Մանավանդ շատ գործեր ուներ ավարտին հասցնելու, նրա ստեղծած հարյուրավոր էսքիզներ այդպես էլ մնացին որպես էսքիզներ», - իր ավագ արվեստագետ ընկերոջ մասին մտորումները ներկայացրեց գեղանկարիչ Վահրամ Խաչատրյանը: Նաեւ ավելացրեց, որ նրա արվեստանոցը հավաքատեղի էր կապանցի քանդակագործների եւ գեղանկարիչների համար, ովքեր այդտեղ նախնական մկրտություն, արվեստի հանդեպ սեր են ստացել:

Այսօր նրա ստեղծագործական ջիղը շարունակվում է թոռնուհու՝ Արինա Գրիգորյանի մեջ, ով գերազանցությամբ ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժինը: Ինքն ու ամուսինը՝ քանդակագործ Տիգրան Մուրադյանը,  կերտել են պապիկի՝ Մարատ Նուրիջանյանի քանդակը: Սակայն այն տեղադրելու հարցը ցայսօր չի լուծվել… Ցանկալի կլինի, որ տեղադրվի Կապանի արվեստի պետական քոլեջի շրջակայքում:

Արվեստագետի մեծությունն այն է, որ նրա գործերը խորհրդանիշի արժեք են ունենում: Վերջերս մի ուշագրավ փաստի տեղեկացանք. ուսումնասիրվել են գրեթե բոլոր երկրների ֆուտբոլային թիմերի լոգոները, եւ լավագույնների թվում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող Կապանի «Գանձասար-Կապանի» տարբերանշանը. Գանձասարի արջը, բերանին բանալին (Մարատի քանադակն է) կանգնած է ֆուտբոլային գնդակի վրա: «Քիչ տարբերանշաններ կան, որոնք ավելի էպիկական են, քան Հայաստանի բարձրագույն խմբի այս թիմինն է, - սա այն տարբերանշանն է, որ մենք ուզում ենք տեսնել», - գրել են հեղինակավոր պարբերականի մասնագետները:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: