USD-478.55   EUR-563.73   RUB-8.1  

Չորսը՝ աշխարհի առաջնությունից մեդալներով

Չորսը՝ աշխարհի առաջնությունից մեդալներով

Մայիսի 31-ից հունիսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացավ քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում էր Սյունիքի մարզի «Գարեգին Նժդեհ» ակումբի չորս մարզիկ: ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյանի սաներն այս անգամ եւս մեդալներով վերադարձան այդ ստուգատեսից: Մինչեւ 45 կգ քաշային կարգում Արայիկ Ավետիսյանը կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ հարթակին՝ արժանանալով արծաթե մեդալի: Երրորդ մրցանակակիր դարձան Վաչե Գյուլբուդաղյանը (մինչեւ 30 կգ քաշային կարգ), Ալեն Ալավերդյանը (մինչեւ 57 կգ) եւ Ռուբեն Սարգսյանը (մինչեւ 54 կգ): Մեդալներն արժեւորվում են, մանավանդ որ Ալենն ու Ռուբենն առաջին անգամ էին մասնակցում միջազգային մրցման: Մրցամարտերն անցան թեժ պայքարում, ինչը տղաներին ստիպեց ցուցադրել տեխնիկատակտիկական ողջ զինանոցը: Առաջնությանը հայտավորված էր նաեւ ակումբի սան Նոյ Անտոնյանը, բայց հիվանդության պատճառով չկարողացավ մեկնել Աթենք:

«Արդյունքներն ավելի գոհացուցիչ կլինեին, եթե չլիներ կողմնակալ մրցավարությունը, - «Սյունյաց երկրին» հայտնեց ակումբի նախագահ Արայիկ Սարգսյանը, համենայն դեպս երկու մրցավարներն անարդար գտնվեցին Վաչե Գյուլբուդաղյանի հանդեպ, ով, ինչպես ցույց տվեց տեսագրությունը, ավելի շատ դիպուկ հարվածներ էր հասցրել հակառակորդին, բայց հաղթանակը շնորհեցին վերջինիս»:

Ինչեւէ, ութամյա ընդմիջումից հետո ակումբի սաները մեդալներով վերադարձան աշխարհի առաջնությունից, մեկուկես ամիս առաջ նրանք հաջողությամբ էին հանդես եկել մարզաձեւի Եվրոպայի առաջնությունում: Մարզիչն ու մարզիկները ջերմ ընդունելության արժանացան քիք-բոքսինգի հանրապետական ֆեդերացիայում: Այս անգամ եւս ակումբի մարզչին ու սաներին ներկայացուցչական այս մրցմանը հնարավոր դարձավ մասնակցել Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի հատկացրած միջոցների շնորհիվ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: