12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

62 տարի առաջ կազմավորվեց Մեղրու սահմանապահ ջոկատը

62 տարի առաջ կազմավորվեց Մեղրու սահմանապահ ջոկատը

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետության սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատը հունիսի 10-ին հանդիսավոր պայմաններում նշեց կազմավորման 62-րդ տարեդարձը: Մեղրու սահմանապահներին շնորհավորելու էին եկել Հայաստանում ռուս-հայկական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Վախնինը, Գյումրու եւ Արմավիրի սահմանապահ ջոկատների հրամանատարները, սահմանապահ զորքերի վետերաններ, Մեղրու միացյալ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, այլ հրավիրված անձինք:

Տոնակատարությունը մեկնարկեց սահմանապահ ջոկատի շարային հրապարակում: Հնչեցին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության օրհներգերը, որից հետո քայլերգերի մեղեդիների ներքո հրապարակ բերվեցին երկու պետությունների եւ Մեղրու սահմանապահ ջոկատի դրոշները: Սահմանապահ վարչության անունից ներկաներին բարեմաղթանքի խոսքեր հղեց գնդապետ Ալեքսանդր Վախնինը:

Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Բուրշտինն իր ելույթում անդրադարձավ Մեղրու սահմանապահ ջոկատի հիմնադրման պատմությանը: Այն սկսվում է 1926 թվականի մարտի 31-ից, երբ Մեղրու գավառի պետական սահմանը պահպանելու համար Նախիջեւանի եւ Ջաբրաիլի ստորաբաժանումներից ձեւավորվեց սահմանապահ զորամաս, որն անվանվեց Մեղրու առանձին սահմանապահ պարետատուն: Ծանր ու դժվարին էին սկզբնական շրջանում սահմանապահների կյանքի ու ծառայության պայմանները, բայց հաղթահարելով դժվարությունները, սահմանապահները պայքարում էին խորհրդային պետության թշնամիների դեմ՝ հիմք դնելով մարտական ավանդույթների: 1931 թվականին զինված բանդայի դեմ մղված պայքարում սահմանապահները կարողացան հետ մղել ու չեզոքացնել ավազակախումբը, բայց նրանցից չորսը՝ ուղեկալի պետ Ռեզնիկովը, սահմանապահներ Տարանտինը, Զայցեւը, Եսկովը հատուցեցին սեփական կյանքով: Նրանց շիրիմներն ամփոփված են սահմանապահ ջոկատի տարածքում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մեղրու պարետատան սահմանապահները հաջողությամբ իրականացրին իրանական հենակետերի չեզոքացման օպերացիան, որի ընթացքում զոհվեց 12 սահմանապահ: Նրանց հիշատակը հավերժացնելու համար զորամասի տարածքում հուշարձան է կանգնեցվել, որտեղ միշտ հարգանքի տուրք է մատուցվում ընկածների հիշատակին:

1955 թվականին ԽՍՀՄ ներքին զորքերի նախարարության հրամանով պետական սահմանը պահպանելու նպատակով ստեղծվեց Մեղրու սահմանապահ ջոկատը, որը ստանձնեց 127 կիլոմետր երկարությամբ պետական սահմանի պահպանությունը: Հունիսի 10-ը սահմանվել է որպես Մեղրու զորամասի կազմավորման օր:

Ա.Բուրշտինը, մասնավորապես, նշեց, որ սահմանների պահպանությանն ակտիվ օժանդակություն են ցուցաբերում Մեղրու տարածաշրջանի բնակչությունը, ուժային կառույցները, Մեղրու միացյալ համայնքի վարչակազմը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, որոնց հրամանատարը երախտագիտություն հայտնեց:

Մի խումբ սահմանապահներ խրախուսանքների արժանացան: Մեղրու սահմանապահ ջոկատի կազմավորման 62-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական խոսքով հանդես եկան սահմանապահ զորքերի վետերան, ավագ ենթասպա Սերգեյ Հովհաննիսյանը, Հայաստանում ռուս-հայկական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Մեղրու միացյալ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Սերգեյ Վլասովը: Բարեմաղթանքի խոսքի հետ մեկտեղ տերունական աղոթք հնչեցրեց Մեղրու տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը:

Հանդիսավոր հանրահավաքից հետո տոնակատարության մասնակիցները ծաղիկներ դրեցին պետական սահմանը պահպանելիս զոհված սահմանապահների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին:

- Յուրաքանչյուր զորամասի կազմավորման օրը նրա ծննդյան օրն է համարվում, - հանրահավաքից հետո «Սյունյաց երկրին» օրվա խորհրդի առնչությամբ իր տպավորությունները ներկայացրեց գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, - առաջին հրամանատարից, ուղեկալների պետերով, ստորաբաժանումների հրամանատարներով: Տեսեք 62 տարում քանի սերունդ է փոխվել: Սերունդների հերթափոխն ինքնին մի մեծ պատմություն է, միայն մի տարվա ընթացքում երկու զորակոչ է լինում, չհաշված, թե որքան հրամանատարներ են փոխարինել միմյանց, այստեղ մարտական առաջին մկրտությունը ստացել, թրծվել, դարձել կայացած զինվորականներ: Սա է օրվա խորհուրդը: Երկրորդն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունն իր սահմանապահ զորքերի ուժերով պետական սահմանի երկայնքով պահպանում է կարգ ու կանոն: Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին՝ մեզ աջակցելու, մեր հայրենիքը մեզ հետ միասին պահպանելու համար: Ես նաեւ բարձրացա դիրքեր, որտեղ հայոց ազգային բանակի զինվորները 2800 մետր բարձրության վրա ծառայություն են իրականացնում: Մեկ տարի առաջ չորրորդ բանակային կորպուսի հրամանատարն էի եւ հաճախակի էի լինում այդտեղ: Եվ այժմ հաճելի է տեսնել, թե ինժեներատեխնիկական ինչ աշխատանքներ են կատարվել բարձրադիր այդ դիրքերում»:

Տոնակատարության մասնակիցների համար զորամասի ինքնագործունեության խմբերը եւ անհատ կատարողները տվեցին համերգ, ցուցադրվեց տեսահոլովակ՝ սահմանապահ ջոկատի առօրյայի մասին պատմող, էկրանից մեղրեցի սահմանապահներին բարեմաղթանքների խոսքեր հղեց սահմանապահ ջոկատի նախկին հրամանատար, գնդապետ Անդրեյ Կորչանովը: Համերգի ավարտից հետո հրամանատար Ալեքսանդր Բուրշտինը երախտագիտություն հայտնեց համերգի կազմակերպիչներին՝ ներկաներին տոնական տրամադրություն պարգեւելու համար: Վերջում տոնակատարության մասնակիցները զորամասի շարային հրապարակում ծանոթացան սահմանապահների զենքերին եւ մարտական տեխնիկային:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: