USD-478.55   EUR-563.73   RUB-8.1  

Նոր քանդակներ՝ Կապանում

Նոր քանդակներ՝ Կապանում

2016թ. հոկտեմբերին «Քաղաքի օրվա» միջոցառումների շրջանակում մեկնարկեց «Առաջին քանդակագործության սիմպոզիում Կապան-2016» նախաձեռնությունը, ինչի շնորհիվ քաղաքը վերջերս համալրվեց նոր քանդակներով: Ինչպես տեղեկացրեց քաղաքապետին կից գեղարվեստական խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը, նախաձեռնությունը երիտասարդ քանդակագործներինն էր, ինչի իրականություն դառնալուն աջակցեց Կապանի քաղաքապետարանը՝ տրամադրելով տուֆե քարակտորներ, անհրաժեշտ տեխնիկա: Քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում իրականացվող աշխատանքները հետաքրքրություն էին առաջացրել մարդկանց շրջանում, եւ նրանց աչքի առաջ «ծնվեցին» քանդակները: Գեղխորհրդի նախագահի խոսքով՝ նախաձեռնությունը ողջունելի է, ինչը կարող է շարունակական լինել ոչ միայն քանդակագործության մեջ, այլեւ արվեստի մյուս ճյուղերում: Նա շնորհակալություն հայտնեց երիտասարդ քանդակագործներին նման նախաձեռնության, անշահախնդիր աշխատանքի համար:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը երիտասարդ քանդակագործների հետ հունիսի 12-ին կայացած հանդիպման ժամանակ կարեւորեց իրականացված ծրագիրը՝ նշելով, որ սրանով նախեւառաջ նրանք համալրեցին ավագ սերնդի՝ տաղանդաշատ մեր հայրենակից արվեստագետների շարքերը, ովքեր անուն, համբավ են վաստակել թե՛ մեր քաղաքում, թե՛ հանրապետությունում, ինչու չէ, նաեւ նրա սահմաններից դուրս՝ ինչ-որ առումով նաեւ փոխարինելով նրանց: Սրա շնորհիվ հասարակությունը հնարավորություն ուներ ծանոթանալ երիտասարդ քանդակագործների գործունեությանը, ճանաչել նրանց:

Քաղաքի գեղագիտական տեսքին նոր շունչ հաղորդելու համար երիտասարդ յոթ քանդակագործ արժանացավ քաղաքապետի շնորհակալագրի եւ դրամական պարգեւի:

Քանդակագործ Ալեքսան Առաքելյանը շնորհակալություն հայտնեց իրենց նախաձեռնությանն ընթացք տալու եւ իրականություն դարձնելու, կատարված աշխատանքը գնահատելու համար: Երիտասարդները նոր նախաձեռնությամբ հանդես գալու, քաղաքին նոր քանդակներ պարգեւելու պատրաստակամություն հայտնեցին: Իր տեսակով առաջին անգամ կազմակերպված սիմպոզիումը հնարավոր է ունենա շարունակություն, ինչին կարող են միանալ ոչ միայն տեղացի քանդակագործները, այլեւ այլ տարածաշրջաններից: Ի դեպ, աշխատանքների իրականացման ընթացքում իրենց խորհուրդներով երիտասարդներին աջակցել են ավագ սերնդի կապանցի արվեստագետները:

Տարաբնույթ թեմատիկայով եւ ոճով կերտված յոթ քանդակը գեղարվեստական խորհրդի եւ քանդակագործների համատեղ քննարկումից հետո իրենց հանգրվանը գտան քաղաքի տարբեր վայրերում: Ապրիլյան քառօրյայում զոհված կապանցիների հիշատակին նվիրված խաչքարը (հեղ.՝ Ալեքսան Առաքելյան) տեղադրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում, «Արծիվը» (հեղ.՝ Կարեն Սաղաթելյան)՝ իբրեւ ուժի եւ հզորության խորհրդանիշ՝ նորակառույց «Հիշատակի այգում», «Մարդ էլ կա, մարդ էլ» (հեղ.՝ Էդգար Ստեփանյան), «Հայկական» (հեղ.՝ Գարիկ Մկրտչյան), «Մայրություն» (հեղ.՝ Ռաֆայել Առաքելյան) քանդակները՝ քաղաքի կենտրոնական (Կ.Դեմիրճյան հրապարակին կից) այգիներից մեկում, «Մաշան եւ արջը» (հեղ.՝ Արթուր Սաղաթելյան)՝ Բաղաբերդ թաղամասի հանգստյան գոտում, «Մեսրոպ Մաշտոց» (հեղ.՝ Արման Ասատրյան)՝ Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի բակում: Նշենք, որ նախաձեռնությանը դրական արձագանքի է արժանացրել նաեւ հասարակությունը: 

Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից, Կապանի Ռաֆայել Մինասյան փողոցի N 13 եւ N 14 շենքերին հարող տարածքի նորակառույց «Հիշատակի այգին» նվիրվել է Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապանցիների հիշատակին: Նախաձեռնությունն իրականություն է դարձել Կապանի քաղաքապետարանի եւ քաղաքում գործող տնտեսվարողների ներդրումների շնորհիվ: Այգու շինարարության համար գումար են հատկացրել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն (Ռոստելեկոմ), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, շինաշխատանքներն իրականացվել են Կապանի կոմունալ ծառայության, «Ստեգոռ» եւ «Մ-ՄԿԱՄ» ՍՊԸ-ների ուժերով:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ     

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: