10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

«Բակունցյան ընթերցումներ» Գորիսի պետական համալսարանում

«Բակունցյան ընթերցումներ» Գորիսի պետական համալսարանում

Հունիսի 13-ին Ակսել Բակունցի ծննդյան 118-ամյակի առթիվ «Սյունիքի հոգեւոր եւ նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանում կազմակերպվեցին «Բակունցյան ընթերցումներ»:

Գիտաժողովին մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, Արցախի եւ Սյունիքի ԳՄ ներկայացուցիչները, մշակութային գործիչներ, հյուրեր Երեւանից, Սիսիանից ու Կապանից:

Բացման խոսք ասաց ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, գրականագետ Թեհմինա Մարությանը: Ողջունելով հյուրերին ու գիտաժողովի մասնակիցներին գրական տոնի առթիվ՝ նա նշեց, որ տարիների ընթացքում Ակսել Բակունցի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ մեծածավալ գրականություն է ստեղծվել, սակայն հանճարեղ արձակագրի ստեղծագործությունն ունի այնպիսի շերտեր, նրբերանգներ, լուսաբանման կարիք ունեցող հարցեր, որոնք ուրույն իմաստ ու հնչեղություն են ստանում յուրաքանչյուր նոր առնչության դեպքում, եւ գրականագիտական միտքը դեռ լիովին չի թափանցել այդ զարմանալի հարուստ, բազմազան ու առեղծվածային աշխարհը: «Յուրաքանչյուր սերունդ իր հետ բերում է նոր պահանջներ, իր առջեւ դնում է նոր խնդիրներ, հետեւաբար ներքին զարգացման օրինաչափությամբ հնին պետք է հաջորդի, փոխարինի, լրացնի նորը: Ամեն ինչ ժամանակի առջեւ կանգնում է վերագնահատման ու վերանայման անհրաժեշտությամբ»:

Ողջույնի խոսք ասացին գիտաժողովի հյուրերը՝ Արցախի ու Հայաստանի գրողների միության անդամ, անվանի բանաստեղծ Ռոբերտ Եսայանը, բանաստեղծներ Արիս Արսենին եւ Սոնա Համբարձումյանը:

Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայ գաղթօջախների եւ սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանը («Ակսել Բակունցը Գորիսի Սբ. Հռիփսիմեի անվան եկեղեցական-ծխական դպրոցի աշակերտ»), բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը («Ակնարկից պատմվածք. Բակունցի ակնարկները՝ հոգեւոր զարգացման ճանապարհ»), Գորիսի համայնքապետարանի առաջատար մասնագետ, բ.գ.թ., Լիլիթ Թունյանը («Բակունցի բառի ներաշխարհն ու պատկերային նրբերանգները»), Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը («Էջեր Բակունցի տուն-թանգարանի ստեղծման պատմությունից»), ԳՊՀ ՀԼԳ ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Սվետլանա Մանուչարյանը (Բարբառայնությունը Բակունցի «Կյորես» եւ «Կարմրաքար» երկերում), ԳՊՀ-ի ՈՒԳԸ նախագահ Սոնա Ալավերդյանը («Կերպարների հոգեբանական բացահայտման մի քանի հարցեր Բակունցի «Մթնաձոր» ժողովածուում»), ինչպես նաեւ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, ով խոսեց Գուսան Աշոտ-Ակսել Բակունց գրական առնչակցության մասին՝ ֆակուլտետին նվիրելով նաեւ օրերս լույս տեսած «Սյունյաց երկրի» բացառիկ թողարկումը՝ նվիրված Գուսան Աշոտի ծննդյան 110-ամյակին:

Զեկուցումները հատկանշելի էին գրողի ստեղծագործության նոր հատկանիշների բացահայտումով, խորքային, հետաքրքիր դիտարկումներով: Զեկուցողները փորձեցին նորովի բացահայտել Բակունցի ստեղծագործական ու անձնային կողմերը, արժեւորել նրա ուրույն կենսազգացողությունը, արձակի գեղարվեստականության չափանիշները, լեզվի ու ոճի զարգացման ընթացքը, կենսական երեւույթների խորքային ընդգրկման, ավանդականի ու նորարարականի բարձրարվեստ համաձուլման գրական ձիրքը: Բակունցի դիմանկարը ամբողջացավ ե՛ւ ստեղծագործությամբ, ե՛ւ կերպարով:

Գիտական ընթերցումները Բակունցի ստեղծագործության գնահատությունը եւս մեկ էջով լրացնելու փորձ էին:

Բակունցյան օրը շարունակվեց գրողի տուն-թանգարանում, որտեղ Գորիսի մշակութային կառույցների ստեղծագործական ուժերով կազմակերպվել էին տարաբնույթ միջոցառումներ: Գորիսի պետական համալսարանի ուսանողները նույնպես ներկայացան Բակունցի՝ «մյուռոնի նման սրբազնագույն» էջերի ընթերցումներով:

Գրական տոնը հրաշալի առիթ էր՝ նորից ու նորից Բակունցի բյուրեղյա աշխարհին հաղորդակցվելու, նրանով ներշնչվելու ու վեհանալու:

ՆՈՆՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: