10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

Դրվագ Կապանի «բարեփոխված» հիվանդանոցի առօրյայից

Դրվագ Կապանի «բարեփոխված» հիվանդանոցի առօրյայից

Կապանի բժշկական կենտրոնից հրաժարվել են օձի խայթոցից թունավորված երեխային տեղափոխել Երեւան. Գումար են պահանջել

Հունիսի 9-ին օձի խայթոցից թունավորմամբ Քաշաթաղի շրջանի Կովսականի տեղամասային հիվանդանոց է տեղափոխվում Վարդաբաց գյուղի բնակիչ, 8-ամյա Արման Գեւորգյանը, որը ստանում է առաջին բուժօգնությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթեւոսյան:

Սակայն հաջորդ օրը երեխայի վիճակը կտրուկ վատանում է եւ Կովսականի տեղամասային հիվանդանոցի գլխ, բժիշկ Լուսինե Սարգսյանը, իր անձնական մեքենայով երեխային տեղափոխում է ՀՀ ք.Կապանի բժշկական կենտրոն: Քանի որ երեխայի վիճակը ծանր է լինում, անհրաժեշտություն է առաջանում երեխային տեղափոխել հատուկ շտապ օգնության մեքենայով Երեւան, որի համար պահանջում են 160 000 դրամ: Բժշկուհի Լուսինե Սարգսյանը խնդրում է երեխային անհապաղ տեղափոխել, խոստանալով, որ ինքը կգտնի այդ գումարը եւ անպայման կվճարի, սակայն այնտեղից պատասխանում են, որ ծառայությունը վճարովի է եւ չեն կարող:

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը իր անձնական միջոցներից հասցնում է այդ գումարը եւ երեխային տեղափոխում են Երեւան՝ Կենտրոնական հոսպիտալ: Այժմ Արմանի վիճակը նորմալ է: «Հարց ՀՀ առողջապահության նախարարին եւ Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկին – Մի՞թե Ձեր համար ոչինչ չարժե մեր ապագա զինվորի կյանքը», - գրել է Մաթեւոսյանը:

mitk.am
13.06.2017

Պարզաբանում

Երեկ՝ հունիսի 13-ին, որոշ լրատվական կայքերում տեղ գտած «Կապանի բժշկական կենտրոնից հրաժարվել են օձի խայթոցից թունավորված երեխային տեղափոխել Երեւան. Գումար են պահանջել» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը:

Հրապարակման մեջ առկա պնդումն առ այն, թե հիվանդանոցի աշխատակիցները, հղում անելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24 N39-Ն հրամանին, հրաժարվել են կազմակերպել երեխային անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու հարցը՝ պահանջելով գումար, իրականության ակնհայտ խեղաթյուրում է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդանոց տեղափոխված երեխան հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացի, իսկ ՀՀ քաղաքացիներից բացի, այլ քաղաքացիություն ունեցող անձանց վրա պետպատվերով եւ անվճար հիմունքներով բժշկական սպասարկումը նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ, երեխային հիվանդանոց տեղափոխած բժիշկ Լուսինե Սարգսյանին տեղեկացվել է ՀՀ օրենսդրության պահանջների մասին և երեխան անհապաղ տեղափոխվել է Երեւան:

Գումարի բացակայության փաստը որեւէ կերպ չի ազդել երեխային անհետաձգելի բուժօգնության կազմակերպման գործընթացի վրա: Ավելին՝ գումարը վճարվել է ոչ թե նույն օրը, այլ երեխային Երևան տեղափոխելուց օրեր անց:

Նկատի ունենալով հարցի բարոյական կողմը՝ ՀՀ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը կփոխհատուցի երեխային Երևան տեղափոխելու համար վճարված ողջ գումարը:

syunik.mtad.am
14.06.2017

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: