10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ

Խոստովանեմ՝ դյուրին գործ չէ, ավելի ճիշտ՝ պատասխանատու քայլ է երկրի առաջնորդին մեր հարթակից նամակ հղելը. մի կողմից դա նախագահի ծանրաբեռ առօրյայից ժամանակ խլելու հանդգնություն է, մյուս կողմից՝ մեզանում առկա խնդիրներից մեկի վրա Ձեր ուշադրությունը հրավիրելու բնական ձգտում:

Հավատացեք, սյունեցին լավագույնս է տիրապետում լռության, համբերության, հանդուրժողականության արվեստին: Բայց մեր կյանքում, ցավոք, առաջանում-ծագում են խնդիրներ, ստեղծվում են իրավիճակներ, երբ մարդկային այդ որակներն ի վերջո իմաստազրկվում են եւ հանրապետության նախագահին դիմելը դարձնում հարկադրական քայլ, կացությունից դուրս գալու միակ ելք:

Խոսքս այս դեպքում Սյունիքի մարզում ստեղծված վիճակի մասին է՝ պայմանավորված մարզպետ Վահե Հակոբյանի «գործունեությամբ»:

Անկեղծ լինեմ՝ ի սկզբանե «Սյունյաց երկիր» թերթն ըմբռնումով է ընկալել 2016թ. հոկտեմբերին Սյունիքում կատարված մարզպետափոխությունը (ավելի ճիշտ՝ կառավարության լուծելիք հարցն ենք համարել դա) եւ ձգտել մեր կարելիության չափով աջակցել Վահե Հակոբյանին՝ կայացման դժվարին գործընթացում, մարզի ու երկրի համար շահեկան նախաձեռնություններում (եթե այդպիսիք կլինեին). ասվածը հավաստող բազմաթիվ հրապարկումներ կան: Սկզբնական շրջանում նույնիսկ աչք ենք փակել նրա անհեթեթ քայլերի, գործողությունների վրա՝ մտածելով, ենթադրելով, որ նորանշանակ է, անփորձ է, մարզի գործերին եւ իրավիճակին չի տիրապետում, սյունիքյան արժեհամակարգի հետ խորթություն եւ աններդաշնակություն ունի: Մտածել ենք եւ հույս փայփայել, որ, ի վերջո, կգիտակցի իր պաշտոնի կարեւորությունը, պատասխանատվության իր չափաբաժինը, որ երկրաշեն ճանապարհ դուրս կգա, իրար գլխի կհավաքի բոլորին՝ Սյունիքի առջեւ ծառացած խնդիրների աստիճանական լուծման գործում:

Սակայն ժամանակի ընթացքում նրա տարօրինակություններն ու արտառոց քայլերը ոչ միայն չպակասեցին, այլեւ ահագնացան ու սաստկացան՝ դառնալով նրա վարքի հիմնական ու իշխող սեւեռուն հատկանիշ:

Եվ ի՞նչն է, որ այսօր մտահոգում է մարդկանց, որ մեզ այսկերպ արտահայտվելու խնդրի առաջ է կանգնեցրել:

Նախ՝ ուզում եմ, որ տեղյակ լինեք՝ հիմա մենք միանգամայն այլ Սյունիքում ենք ապրում. ուզո՞ւմ ես Քաջարանի կոմբինատի վարչական կառույցում աշխատանքի ընդունվել՝ պետք է երեւանցի լինես, ուզո՞ւմ ես մարզպետարանում աշխատանքի ընդունվել կամ այնտեղ լիազորություններ ունենալ՝ պիտի երեւանցի լինես, ուզո՞ւմ ես հիվանդանոցի գլխավոր բժիշկ դառնալ՝ պիտի երեւանցի լինես, ուզո՞ւմ ես Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից ֆինանսավորվող հիմնադրամից մշակութային ինչ-որ նախաձեռնության համար աջակցություն ստանալ՝ պիտի երեւանցի լինես, ուզո՞ւմ ես Քաջարանի կոմբինատից՝ ընկերությանն անհրաժեշտ ծառայության կամ անհրաժեշտ նյութերի մատակարարման-առաքման պատվեր ստանալ՝ պիտի երեւանցի լինես, ուզո՞ւմ ես Կապանի «Գանձասար» ֆուտբոլային թիմի խաղացող դառնալ՝ պիտի կապանցի չլինես…

Մի խոսքով՝ լավագույն դեպքում երկուշաբթի ուշ երեկոյան տեղ հասնող եւ ուրբաթ առավոտյան Երեւան ճանապարհվող պատվավոր «գաստարբայտեր»-ներին հանձնված մեր բնօրրանը մեզանից օտարելու լայնածավալ գործընթաց է սկսված, բայց՝ ոչ միայն դա:

Մի կարծեք, որ այստեղ տեղայնամտությամբ ենք տառապում. Սյունիքի ներկան ու անցյալը հակառակն են վկայում: Պարզապես Վահե Հակոբյանը հաջողեց հիշեցնել այստեղ ապրողներիս, որ իր ու տեղացիներիս միջեւ անհաղթահարելի ու ահռելի մի ջրբաժան կա:

Փորձում ենք կանգնեցնել, շտկել, ուղղել…

Ասում ենք՝ մարզպետը չի ինտեգրվում մարզին, չի հաղթահարում անկանչ ղոնաղի բարդույթները, չի գիտակցում՝ ինչպիսի մարզի ղեկավար է, օրերով (հատկապես ապրիլի 2-ից հետո) աշխատանքի չի հաճախում՝ չամաչելով գործալիքի ու դասալիքի արդեն իսկ վաստակած հորջորջումից:

Այնքան է Սյունիքն ու սյունեցուն անհարազատ եւ օտար համարում, որ մարզում երբեմն-երբեմն լինելիս անգամ իրեն շրջապատում է բացառապես երեւանցիներով:

Սահմանում նահատակված զինվորի հուղարկավորությանը չի մասնակցում, կարծես այդ ցավն իր հետ առնչություն չունի:

Սյունյաց մեծերին նվիրված միջոցառումներին քամահրանքով է վերաբերվում. իրեն անհարազատ են նրանք:

Մարզի գյուղերի տեղը չի իմանում, մարդկանց դարդ ու ցավին անհաղորդ է, հեգնանքով է վերաբերվում նույնիսկ Արցախյան գոյամարտին սյունեցիների մասնակցությանը:

Եվ այդքանից հետո, Հ1-ի եթերով, առանց կարմրելու ներկայանում է իբրեւ Սյունիքի մարզպետ:

Մտածում ենք՝ որտեղի՞ց այսքան օտարություն եւ ատելություն մեր հող ու ջրի հանդեպ, որի ընդերքի շնորհիվ երեք-չորս տարում հսկայական ունեցվածքի տեր է դարձել, հայաստանյան ասպարեզ դուրս եկել, մարդամեջ ընկել: Մտածում ենք եւ հարցի միակ պատասխանին բախվում՝ այդպես չէր լինի, եթե ամեն ինչ նրան անվաստակ, հեշտությամբ, սկուտեղի վրա չմատուցվեր:

Ժամանակ առ ժամանակ Սյունիք այցելելով մատ է թափ տալիս դպրոցի տնօրենների, մյուս ենթակաների վրա՝ սպառնալով «աուդիտով», ազգային անվտանգության մարմիններից իբր յուրաքանչյուրի վրա ստացվող «կոմպրոմատներով»:

«Աուդիտ» բառը ծամոն դարձրած այդ պարոնը տեղյակ չէ հավանաբար ավետարանական հայտնի դրույթին. «Ինչո՞ւ քո եղբօր աչքի շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում» (Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ Է, 3, 4):

Այնպես որ՝ եթե Սյունիքում մեկ-երկու հոգու գործունեություն «աուդիտ» անելու հրատապ անհրաժեշտություն կա, ապա դա, նախեւառաջ, պետք է կիրառվի Վահե Հակոբյանի ու Զարուհի Տոնապետյանի երեք-չորս տարվա գործունեության նկատմամբ, որպեսզի լույս սփռվի նրանց առեղծվածի վրա: Ընդ որում՝ եթե Վահեին քիչումիչ ճանաչում ենք իր իսկ ներկայացրած ինքնակենսագրականի՝ թեկուզ եւ իրարամերժ մի քանի տարբերակից, ապա Զարուհու մասին ոչ ոք ոչինչ չգիտի, հայտնի է միայն, որ «հաջողությամբ» ուղղորդում է ե՛ւ մարզպետին, ե՛ւ կոմբինատի ղեկավարությանը:

Սյունիքի ներկայիս մարզպետն այնքան մանկամիտ ներաշխարհ ունի եւ այնքան է անլուրջ, որ Կապանի հիվանդանոցի բժիշկներին ու բուժքույրերին ներկայանում է «ես դուխով տղա եմ», «մեջքս պինդ է» հոխորտանքով:

Ասում ենք՝ ապրիլի 2-ին Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքներում եւ մարզի քսան բնակավայրերում դաժանորեն մերժվելու համար մեղավորներ մի փնտրեք, վհուկաորս մի կազմակերպեք, քանի որ միակ մեղավորը Դուք եք: Մեղավոր չեն ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ սյունիքյան պաշտոնեությունը, ո՛չ համայնքների ղեկավարները, ո՛չ էլ շարքային ընտրողները:

Ասում ենք՝ մարզը թիմերի մի բաժանեք եւ մարդկանց միմյանց դեմ մի լարեք, մի թշնամացրեք, բանսարկուների վարձու ջոկատներ մի կազմավորեք, այլ փոխարենը նախապատվություն տվեք քաղաքացիական համերաշխությանը, մարդկային նորմալ հարաբերություններին:

Ասում ենք՝ հրաժարվեք Քաջարանի եւ Կապանի մերձակայքում դպրոցականների համար կառուցված համբավավոր ճամբարն անձնական խրախճանքի եւ զվարճանքի վայր դարձնելուց՝ վերադարձնելով այն մարզի երեխաներին:

Ասում ենք՝ հրաժարվեք ե՛ւ մարզպետարանի, ե՛ւ Քաջարանի կոմբինատի թափուր կամ նոր աշխատատեղերում քո եւ Զարուհու բարեկամներին ու ֆավորիտներին տեղավորելու գործելակերպից:

Ասում ենք՝ մարզի հիվանդանոցներում խրախուսեք տեղացի փորձառու բժիշկներին՝ հիշեցնելով նաեւ, որ սյունեցի բժիշկ-մասնագետներն այսօր էլ պատիվ են բերում մայրաքաղաքային բազում կլինիկաների:

Ասում ենք՝ եթե նույնիսկ դրսից ձերոնց բերում եք, ապա հրաժարվեք տեղացի մասնագետների համեմատ հարյուրապատիկ բարձր աշխատավարձ նրանց վճարելուց (եթե, իհարկե, դա աշխատավարձ է կոչվում):

Ասում ենք՝ մի՞թե Սյունիքի մարզպետն ինը ամսում գոնե մի անգամ Գորիս չի այցելի ու մարդկանց հետ չի շփվի (նախընտրական մեկ-երկու կիսատ-պռատ այցելություն-ներկայացումը չհաշված). որքանո՞վ է պատշաճ, որ մարզի բնակավայրերի մեծագույն մասում մարզպետին դեմքով չեն ճանաչում, անուն-ազգանունն անգամ չգիտեն:

Ասում ենք՝ ինչո՞ւ եք Քաջարանի կոմբինատի մի քանի տասնյակ «արբանյակ» ձեռնարկությունների պատվերները կտրել եւ տվել մայրաքաղաքցի ընկեր-բարեկամների տնտեսվարող սուբյեկտներին՝ Սյունիքում հարյուրներով ավելացնելով գործազուրկների հզոր բանակը՝ բարձրացնելով աղքատության նիշը: Իմիջիայլոց, հանքարդյունաբերության պատվերները նախեւառաջ տեղի տնտեսվարողներին ուղղելը Մաքսիմ Հակոբյանի սկզբունքային գործելաոճն էր, որը կարելի է առանց վերապահումի բնութագրել մեկ բառով՝ հայրենասիրություն: Դա Սյունիքն իրոք բարգավաճ դարձնելու ստույգ ճանապարհներից մեկն է:

Ասում ենք՝ Սյունիք վերադարձրեք գողացված այդ աշխատատեղերը:

Ասում ենք՝ գոնե մեկ անգամ, նորմալ, մարդավարի, տղամարդավարի արձագանքեք երեք ամիս շարունակ մարզում շրջող ոչ ցանկալի խոսակցություններին. չգիտենք էլ՝ բամբասա՞նք է, հերյուրա՞նք է, իրակա՞ն է:

Մի օր ասում են՝ Պոլոսկով Մհերն ու Վահեն փողի համար թվանք են քաշել իրար վրա:

Հաջորդ օրն ասում են՝ մարզպետն անտեղյակ չէ մի քանի մլրդ դրամ արժեքով խտանյութի անհետացմանը:

Վերջերս էլ թե՝ Վահե Հակոբյանի դրածո՝ կոմբինատի կոմերցիոն տնօրենին ծեծելով քշել են Քաջարանից…

Մի՞թե Սյունիքի մարզպետը նման պատմությունների մեջ է ներքաշված: Իսկ եթե ոչ, ապա (կրկնում եմ) ինչո՞ւ գոնե մեկ անգամ մարդավարի պարզաբանում չի տալիս, չի հերքում դրանք (դպրոցի տնօրենների վերջին խորհրդակցությունում հերքեց միայն իր եւ Պոլոսկով Մհերի կռիվը):

Փորձում ենք լրատվամիջոցների օգնությամբ, մարդկային նորմալ շփումներով նրանից ինչ-ինչ հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալ, բայց՝ իզուր… Լրատվամիջոցներից փախչում է՝ ակնթարթ անգամ հետ չնայելով, լրատվամիջոցների հարցերին ու դիմումներին չի պատասխանում, սարսափում է լրագրողների հետ դեմառդեմ հանդիպումներից, իր կամ մարզպետարանի անունից տարածվող բոլոր նյութերն էլ, առանց բացառության, հունցված-թխված են լինում մայրաքաղաքային ինչ-որ գրասենյակում, ինչի համար էլ լինում են սյունիքյան իրականությունից կտրված, անտրամաբանական:

Իր ընդդիմախոսների, իր համար անցանկալի մարդկանց դեմ նրա պայքարի լավագույն ու սիրած գործիքը կեղծ ստորագրությամբ կամ անանուն նյութերն են՝ հրապարակ շպրտվող: Մոլորակում երեւի թե չգտնվի մեկ ուրիշ պաշտոնյա, ով իր ղեկավարությանը հանձնված տարածաշրջանի վերաբերյալ անանուն կամ կեղծ ստորագրությամբ նյութեր շաղ տալու մոլագարությամբ տառապի: Փորձեք մի հարց ուղղել նրան՝ հաջորդ օրը մայրաքաղաքային ինչ-որ կայքում Ձեր մասին մի անոնիմկա լույս աշխարհ կգա:

Հիմա ինչ անենք՝ շարունակենք լռել ու թամաշա՞ անենք, չփորձե՞նք պարզել, թե ովքեր են Վահե Հակոբյանն ու Զարուհի Տոնապետյանը, որ Սյունիքն ապականելու քարտ-բլանշ են ստացել:

Մեծարգո պարոն նախագահ

Ստեղծված իրավիճակում բազմաթիվ սյունեցիների անունից Ձեր միջամտությունն ենք հայցում:

Մի հանգամանք եւս, որ այլ իրադրությունում չէինք հիշեցնի: Սյունեցիների համար Սյունիքը Ձեր հայրական տունն է, Ձեր պապենական օջախը, այստեղ են հանգչում Ձեր նախնիների մասունքները, եւ համոզված ենք, որ Ձեզ համար ոչ միայն որպես հանրապետության նախագահի, այլեւ որպես մեծանուն հայ սյունեցու, պիտի մտահոգիչ լինի մեր մարզում տիրող վիճակը:

Ձեր պաշտոնի զորությամբ թույլ մի տվեք, որ անհոգի, նենգ ու արկածավոր մի չինովնիկ այս բարդ ժամանակներում վերջնականապես պատվաստվի մեր երկրամասի մարմնին:

Շատ լավ հասկանում ենք՝ այսպիսի դիմումներով մեզանում հարց չի լուծվում, բայց եւ չենք կարող երկրի ղեկավարին տեղյակ չպահել ստեղծված իրավիճակի մասին եւ չասել՝ կանգնեցրեք իշխանական իր լծակներով հոխորտացող, սյունիքյան ընդերքի զորությամբ իրեն արժեւորած այս անպատեհ ժայթքոցը կամ դարձի բերեք բացի ախորժակից ամեն ինչ կորցրած սնապարծ եւ քինախնդիր այդ մարդուն: Միայն այս օրինակը բավարար կլինի պատկերացում կազմելու դրության անհեթեթության մասին. Կապանի հիվանդանոցի՝ իր իսկ նշանակած գլխավոր բժշկին, ով ՀՀԿ շրջանային կառույցի ղեկավարն է, երկու-երեք ամիս անց աշխատանքից ազատել է միայն այն բանի համար, որ համարձակվել է հրապարակավ բարեւ տալ մեկին, ով գործող մարզպետի կողմից անցանկալի անձ եւ «հերետիկոս» է հռչակված:

Նաեւ այն բանի համար ենք Ձեզ դիմում, որ պարոնը տեղի-անտեղի Ձեր անունն է շահարկում ու Ձեր անվամբ է փորձում պաշտպանվել մանավանդ այն ժամանակ, երբ նրա կայացրած անտրամաբանական որոշումների շուրջ հանրության մեջ տարակույսներ են ծագում:

Մեծարգո պարոն նախագահ

Տարրական պատշաճությունը պահանջում է, որ սույն նամակն ուղարկենք փոստով՝ թղթային տարբերակով կամ Ձեր էլեկտրոնային հասցեով, ինչպես եւ վարվում ենք: Բայց քանի որ նամակում ասվածը համընկնում է մարզի բնակչության հիմնական զանգվածի մտահոգությունների հետ, ապա պարտավորված ենք զգում այն տեղադրել նաեւ syuniacyerkir.am կայքում:

Հարգանքով՝
Սամվել Ալեքսանյան
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր
16 հունիսի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: