12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

Մարտնչող միջակություն կամ մի պարզաբանման պատմություն

Մարտնչող միջակություն կամ մի պարզաբանման պատմություն

Վերջին շաբաթում Հայաստանով մեկ կրկին, մեղմ ասած՝ «ոչ բարով», հիշատակվեց Կապանը: Առանց խորամուխ լինելու պատմության մանրուքների մեջ, չփորձելով բացահայտել՝ թյուրիմացություն է եղել, մեր թերի նորմատիվային բազայի հետեւա՞նքն է, թե՞ փողի վեճ, փառք Աստծո՝ փոքրիկի վիճակը լավ է: Անդրադառնանք այս պատմության մեկ այլ հանգամանքի՝ մարզպետարանի արձագանքին: Մարզպետարանի պաշտոնական պարզաբանմանը կարող եք ծանոթանալ այստեղ: Պարզաբանում, որը լիովին տեղավորվում է ժամանակի հրամայականի մեջ՝ «կարող ենք՝ անում ենք, իսկ բացատրություն տալ պարտավոր չենք. մի բան կասենք»:

Պարզաբանման մեջ տեղ գտած հետեւյալ մտքերը միանգամայն հակապետական տպավորություն են թողնում:

1) «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Արցախի Հանրապետության քաղաքացի է, իսկ ՀՀ քաղաքացիներից բացի այլ քաղաքացիություն ունեցող անձանց համար պետպատվերով եւ անվճար հիմունքով բժշկական սպասարկումը նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ»: Միգուցե 88թ. շարժմանը չե՞ն մասնակցել, պատերազմ չե՞ն տեսել, բայց մի՞թե որեւէ բարեկամ էլ չունեն, որ բացատրեր, թե Հայաստանն այսօր ինչ պայքար է մղում: Իսկ եթե տարրական եզրույթները նրանց հասանելի չեն, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս են հասել այդ պաշտոնին: Ինչպե՞ս կարող է հայը բարձրաձայն տարանջատել Հայաստանի քաղաքացի հիվանդ հային Արցախի քաղաքացի հիվանդ հայից, այն էլ՝ մանուկ: Կարո՞ղ է հաջորդիվ ասեն, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի Արցախի անկախության համար պայքարի հետ, քանզի միջազգային մակարդակով չենք ճանաչել Արցախի անկախությունը: Նման երկու հայտարարության միջեւ տարբերություն գտնելը բարդ է: Անհասկանալի իրավաբանական պատկերացումների հետ գործ ունենք: Նորմատիվային խնդիրներ, իհարկե, շատ կան, բայց դա որպես արդարացում բերելն անթույլատրելի փոքրոգություն է: Պրոֆեսիոնալության բացակայությունը չարիք է, սակայն մարտնչող միջակությունն ավելի վտանգավոր է:

2) «Նկատի ունենալով հարցի բարոյական կողմը՝ ՀՀ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը կփոխհատուցի երեխային Երեւան տեղափոխելու համար վճարված ողջ գումարը». հարցի բարոյական կողմն իրո՞ք հասկանալի է իրենց, թե՞ կառավարման հերթական թերությունները ծածկելու համար են այսպիսի ժեստ անում: Վերջինս ավելի իրատեսական է թվում: Այստեղ մի հարց է հուզում. մարզպետարանի դեմքը պահելու համար ինչո՞ւ պետք է օգտագործվեն Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամի ֆինանսները: Արդյո՞ք այդ հիմնադրամի նպատակներին չի հակասում այդ փողի նման օգտագործումը: Մարզպետը, կարծես, աղքատ մարդ չէ, համենայն դեպս ուղղաթիռով է տեղաշարժվում. իր դեմքը պահելու հաշիվները թող սեփական ուժերով վճարի, այլ ոչ հանրային նպատակների համար նախատեսված ֆինանսներով:

3) «Կապանի բժշկական կենտրոնից հրաժարվել են օձի խայթոցից թունավորված երեխային տեղափոխել Երեւան. գումար են պահանջել» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը»: Նրանք իրադարձությունների մասնակից են ու գիտեն, որ գրառման մեջ սկզբից մինչ վերջ սուտ է գրված. տուժող երեխայի անունն Արման Գեւորգյան չէ, նա 8 տարեկան չէ: Ո՞վ է այս պնդման աղբյուրը, թե՞ հայտարարելը միանգամայն բավարար է: Որտե՞ղ է Կապանի բժշկական կենտրոնը: Այն մարզպետարանի ղեկավարման տակ է, բայց արդյո՞ք ոչինչ չունի ասելու, լուռումունջ հետեւում է Կապանը թյուրիմացությամբ հերթական անգամ խայտառակ անելու փորձին: Ակնհայտ է, որ մարզպետը միայն հպարտանում է իր՝ երեւանցի լինելով, եւ ուրիշ ոչ մի բնակավայրի համբավ նրան չի անհանգստացնում: Այնուամենայնիվ, որտե՞ղ են նկարագրված իրադարձությունների բուն մասնակիցները, բան չունե՞ն ասելու, թե՞ մարզի մասին տեղեկատվություն սփռելու մենաշնորհը մարզպետարանինն է:

Հետաքրքիր է՝ այս պատմությունից որեւէ եզրակացություններ կարվե՞ն, թե՞ այս աղմուկը կլռեցնեն, կանցնեն առաջ: Օրինակ՝

. Միջազգային խնդիրներից ելնելով՝ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Արցախը, բայց արդյո՞ք ՀՀ-ի ու Արցախի հարաբերությունները պետք է նույնացնել, օրինակ, ՀՀ-Վրաստան հարաբերությունների հետ: Արդյո՞ք հնարավոր չէ ինչ-որ ձեւով կարգավորել հարաբերությունները՝ առնվազն որոշակի ներքին հրամանների մակարդակով,

. Կապանից Երեւան շտապօգնության մեքենայով տեղափոխման 160,000 դրամի վճարման կառուցվածքը պարզ չէ: Շուկայական հարաբերություննե՞ր են տիրում, այստե՞ղ էլ մոնոպոլիայի հետ գործ ունենք, տղերքը որոշել են փո՞ղ աշխատել: Մարզպետը ձախողված ընտրություններից ի վեր խոսում է ինքնաթիռներից ու օդանավակայանի վերաբացումից, բայց բժշկական ավտոմեքենայի հարցը նրա ուժերից վե՞ր է: Կարճ ասած, արդյո՞ք միայն խոսելն է նրանում լավ ստացվում, եւ արժանի է “Балтун” մականվանը, թե՞ մենք ականատես կլինենք որեւէ կառուցողական գործողության,

. Արդյո՞ք միայն հանրային աղմուկ բարձրացնող դեպքերն են ուշադրության արժանանում ու ֆինանսավորվում: Որեւէ փորձ կարվի՞ այնպես կազմակերպելու գործընթացները, որ այսպիսի խնդիրներ չառաջանան հետայսու,

. Փաստորեն, 2016 թվականի դեկտեմբերի 15-ից Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամ գոյություն ունի. իսկ ի՞նչ միջոցներից է այդ հիմնադրամը սնվում, եւ արդյո՞ք կունենա մարզաշինական նշանակություն: Թե՞ այն մարզպետի «գրպանի» հիմնադրամն է՝ նմանատիպ պատմությունների ծախսերը փոխհատուցելու համար: Համենայն դեպս, պետք է փաստն արձանագրենք՝ երեւանյան բարքերը Սյունիք էլ հասան․սպասենք հաշվետվություններին:

Մեդիա հոլդինգային ամբիցիաներ ունեցող մարզպետի ու նրա աշխատակիցների համար արդյո՞ք բարդ է հետեւել իրեն վստահված մարզի համբավին ԶԼՄ-ներում այնպես, ինչպես իրենց անձին վերաբերող նյութերն են վերահսկում: Այժմ Սյունիքին հասցվող վնասները բանականությունից վեր են եւ կարող են անուղղելի հետեւանքներ ունենալ:

Հ․Գ․Հնարավոր է՝ մարզպետը տարածված պարզաբանումը չի էլ ընթերցել. միգուցե երեք օր շարունակ նրան աշխատավայրում չբռնեցնելով՝ երիտասարդները, որքան խելքները կտրել է, պարզաբանում են ձեւակերպել:

ԱՐԹՈՒՐ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: