12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

Աղոթարանի լեռնագագաթին հայ զինվորների հաստատուն ներկայությունն է

Աղոթարանի լեռնագագաթին հայ զինվորների հաստատուն ներկայությունն է

Հայաստանի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ ձգվող պետական սահմանի մի հատվածը համընկնում է Սիսիանի տարածաշրջանի արեւմտյան սահմանին:

Պետական սահմանի պաշտպանության համար հիմնված հենակետերից (մարտական դիրքերից) մեկն էլ Աղոթարանի լեռնագագաթին է` 3161.8մ բարձրության վրա:

Մարտական այդ հենակետը տարբերվում է մյուս հենակետերից նախեւառաջ իր իշխող դիրքով:

Այդտեղից պարզ, ինչպես ափիդ մեջ, երեւում են մերձակայքում գտնվող եւ՛ մեր, եւ՛ Ադրբեջանի պաշտպանական կառույցները: Առանց հեռադիտակի կարելի է տեսնել հակառակորդի մարտական դիրքեր ելումուտ անող մարդկանց, եկող-գնացող մեքենաներին:

Արցախյան պատերազմի առաջին շրջանում այդ բարձունքի համար մարտեր են մղվել, հայ զինվորի արյուն է թափվել այդտեղ. 1992-ին նահատակվեց բռնակոթցի Ահարոն Շահնազարյանը, ում հիշում են մարտական դիրքում հերթապահող զինվորները:

1993-94-ին, այդուհանդերձ, տեղանքն ադրբեջանցիների վերահսկողության ներքո էր, իրենք էին իշխում բարձունքում, ինչը վտանգավոր էր մեզ համար: Այդ դիրքից դժվար չէր հրետակոծել եւ՛ Սիսիան քաղաքը, եւ՛ տարածաշրջանի գյուղերը (բացի Ձորերի գյուղերից): Ուստի եւ խնդիր էր դրվել վերադարձնել Աղոթարանի լեռնագագաթը: Խնդիրը լուծեց Սիսիանի գունդը` հրամանատարությամբ Հովիկ Ազոյանի: Այնպես որ` 1995-ից Աղոթարանի լեռնագագաթը մեր ձեռքում է:

Դրանից հետո է, որ Մատաղ աղբյուրից մինչեւ լեռնագագաթ մեքենահարմար ճանապարհ, նաեւ ինժեներական հուսալի կառույցներ են պատրաստվել:

Առհասարակ մարտական այդ դիրքը փոքրիկ մի բնակատեղի է հիշեցնում` կենտրոնում հին մատուռն է` առանց ծածկի, դարերի խորքից եկող զարմանահրաշ խաչքարերով: Կողքին ծածանվում է հայոց եռագույնը, որ բարձրացվել է վերջերս` արմատներով սալվարդեցի, ռուսաստանաբնակ Կարեն Օսիպովի նախաձեռնությամբ:

Մարտական այդ դիրքի տարածք մտնելիս նախեւառաջ աչքի է զարնվում մաքրությունը. ոչ մի ավելորդություն, նույնը` փոքրիկ զորանոցում, խոհանոցում…

Ոգեւորիչ էին հատկապես մարտական դիրքում հերթապահող զինվորականների տրամադրությունը, վստահված դիրքը պաշտպանելու նրանց պատրաստակամությունը: Մարտական այդ ոգին նկատելի էր եւ՛ հենակետի պատասխանատու, լեյտենանտ Դավիթ Յաղումյանի, եւ՛ ժամկետային զինծառայողների, եւ՛ պայմանագրայինների շրջանում:

Հենակետի բոլոր զինվորականների հետ, բնականաբար, չկարողացանք հանդիպել. նրանք ծառայության մեջ էին տվյալ պահին: Բայց մի խումբ զինվորականների հետ սրտառուչ զրույցներ ունեցանք: Տեղին ենք համարում հիշել նրանցից յուրաքանչյուրին. Այվազյան Կարեն (ժամկետային զինծառայող, Արտաշատից), Հովհաննիսյան Գեւորգ (պայմանագրային զինծառայող, Ույծից), Բարսեղյան Սուրեն (պայմանագրային զինծառայող, Հացավանից), Լալայան Գաբրիել (պայմանագրային զինծառայող, Լեռնաշենից), Մանուկյան Թաթուլ (պայմանագրային զինծառայող, Սիսիանից), Հովհաննիսյան Գրիշա (ավագ լեյտենանտ, հենակետի ավագ, Սիսիանից), Շահնազարյան Արայիկ (պայմանագրային զինծառայող, Բռնակոթից), Զատիկյան Ալիկ (պայմանագրային զինծառայող, Հացավանից), Մկրտչյան Միքայել (ժամկետային զինծառայող, Շինուհայրից), Մրազ Դալոյան (ժամկետային զինծառայող, Հոկտեմբերյանից) եւ իհարկե Դավիթ Յաղումյան` լեյտենանտ, հենակետի պատասխանատու, Ախլաթյանից…

Չէր կարելի չնկատել` պայմանագրայինների ներկայությամբ ժամկետային զինծառայողներն ավելի վստահ ու հաստատակամ էին: Եվ, որ կարեւոր է, ժամկետայինների ու պայմանագրայինների միջեւ ջերմ հարաբերություններ էին իշխում:

Եզդի Մրազ Դալոյանը, ով գնդացրորդ է եւ զորակոչվել է յոթ ամիս առաջ, հետաքրքիր պատասխան տվեց մեր հարցին` արդյո՞ք դժվար չէ ծառայել այս բարձունքում ցրտաշունչ ձմռանը:

- Մեծ սիրով եմ ծառայում, իմ հայրենիքի սահմաններն եմ պաշտպանում, եթե ոչ ես, ապա ուրիշ ո՞վ պիտի այստեղ կռիվ տա ձմռան բուքուբորանի հետ, - ասաց Մրազ Դալոյանը:

Իսկ գնդացրորդ Միքայել Մկրտչյանին, ով Շինուհայրից է, ճանաչեցինք. նրա պապի` Բահադուր Մկրտչյանի հետ Շինուհայրի ռետինե կոշիկի գործարանում ժամանակին աշխատել ենք. քիմիական արդյունաբերության լավ մասնագետի համբավ ուներ, Լենինգրադում էր բարձրագույն կրթություն ստացել:

Միքայելը հուզիչ կենսագրություն ունի. 1998-ին, երբ ինքը լույս աշխարհ էր գալիս, մայրը` Վարդուշը, ծննդաբերելիս մահացավ…

Բահադուր պապի հոգածությամբ է մեծացել Միքայելը, պապը հիմա էլ ժամանակ առ ժամանակ այցելության է գալիս սահմանապահ թոռանը:

Միքայել Մկրտչյանի դեմքից հպարտություն, վստահություն էին ծորում: Ավելին` իր վեհանձնությամբ վարակում էր զրուցակցին:

Նա կոչ ուղղեց բոլոր տարիքակիցներին` «Անպայման եկեք ծառայության, «դուխով» եղեք, մենք պիտի պաշտպան կանգնենք մեր պետական սահմանին…»:

Հացավանցի պայմանագրային զինծառայող Սուրեն Բարսեղյանն էլ, պարզվում է, տեղյակ է Աղոթարանի հետ կապված, դարերով հյուսված ավանդազրույցներին. տատից է լսել: Նա ցույց տվեց լեռան արեւմտահայաց կողմում գտնվող (գագաթից մոտ 100մ ներքեւ) Աղջիկ-տղա անվանյալ քերծը:

Ըստ Սուրենի` մուսուլման տղային եւ քրիստոնյա աղջկան, ովքեր սիրում էին միմյանց, չեն թողել ամուսնանալ` պատճառ բռնելով դավանանքի տարբերությունը: Բայց նրանց սերն անկեղծ էր, եւ չէին ուզում հասկանալ, որ դավանանքի տարբերության պատճառով չպիտի բաժանվեն: Եվ որոշեցին միանալ հանդերձյալ աշխարհում` այդ քերծից` ձեռք ձեռքի տված, իրենց ցած գլորելով, ինչի համար էլ քարաժայռը մինչեւ հիմա կոչվում է Աղջիկ-տղա քերծ:

Հայ-նախիջեւանյան պետական սահմանի օպերատիվ վիճակը ներկայացրեց հենակետի պատասխանատու Դավիթ Յաղումյանը:

Լեյտենանտը ժամանակին ավարտել է Արցախի պետական համալսարանը, հետո վերապատրաստվել զինվորական գործի համար եւ իր կյանքը կապել հայոց ազգային բանակի հետ:

Հենակետում տիրող կարգուկանոնից, զինվորների ոգուց եւ մարտական պատրաստականությունից, անշուշտ, կարելի էր պատկերացում կազմել Դավիթ Յաղումյան սպայի մասին: Նա ոչ միայն հրամանատար է, այլեւ զինվորի ծնող, ավագ ընկեր ու բարեկամ: Նրա համար երկրորդական հարց չկա` զինվորի սննդից, զինվորների հարաբերություններից, դեղատնից, զինվորների հիգիենիկ վիճակից մինչեւ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորի տրամադրություն…

- Պետական սահմանի այս հատվածում օպերատիվ իրավիճակը խաղաղ է, կրակոցներ չկան,- ասաց Դավիթ Յաղումյանը: - 2016-ի ապրիլյան օրերին նույնպես այստեղ հարաբերական անդորր էր, բայց մենք պատրաստ էինք ամեն մի զարգացումի: Այսօր էլ պատրաստ ենք, հարաբերական անդորրը չի կարող մեր զգոնությունը թուլացնելու պատճառ լինել:

Ըստ լեյտենանտի` ձմռանը, բնականաբար, որոշ դժվարություններ են առաջ գալիս` ցրտաշունչ եղանակ, առատ ձյուն, բուքուբորան, ճանապարհների վիճակ… Բայց արդեն հարմարվել են: Եվ պետական սահմանն այն տեղը չէ, որտեղ զինվորը դժվարությունների առաջ պետք է ընկրկի:

Թեեւ օգոստոս է, բայց հենակետում արդեն պատրաստվում են առաջիկա ձմռանը. վառելափայտն արդեն տեղ է հասցվել, հենակետն ապահովված է էլեկտրական հոսանքով, ճանապարհներն էլ՝ կարգի բերված …

Օրվա վերջին զինվորները մեզ հրավիրեցին համատեղ ընթրիքի` այդ կողմերին հատուկ հյուրասիրությամբ: Դա նաեւ առիթ էր տեսնելու, թե ինչպես են սնվում առաջնագծում մարտական ծառայություն իրականացնող մեր զինվորները. ծնողները մտահոգվելու կարիք չունեն:

Հրաժեշտից առաջ մեր միջեւ, կարծես, յուրօրինակ հոգեհարազատություն էր ստեղծվել. մենք ոգեւվորված էինք նրանց քաջարի պահվածքով, իրենք էլ՝ մեր այցելությամբ: Որերորդ անգամ տեսանք, զգացինք այն վիթխարի պատասխանատվությունը, որ դրված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անվտանգությունն ապահովող զինվորականի վրա: Եվ պատահական չէր ամենեւին, որ մեր հրաժեշտի ինքնաբուխ խոսքը հենց այսպես էլ հնչեց` «Հայաստանը դուք եք…»:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: