USD-478.55   EUR-563.73   RUB-8.1  

Նարեկ Օրդյան. Սյունյաց աշխարհի մերօրյա քանդակագործը

Նարեկ Օրդյան. Սյունյաց աշխարհի մերօրյա քանդակագործը

«Արվեստագետը շատ չպիտի խոսի, նրա մասին պիտի խոսեն իր գործերը», - այս հաստատ համոզմունքն ունի քանդակագործ Նարեկ Օրդյանը: Չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է մնայուն գործեր ստեղծել: Բայց նրան ճանաչում բերեց հատկապես Սուրբ Գրիգոր Տաթեւացու հուշակոթողը, որ տեղադրված է Գորիսի կենտրոնական հրապարակում:

Նարեկ Օրդյանը ծնվել է 1986 թվականին, ավարտել է Վերիշենի միջնակարգ դպրոցը, արվեստի դպրոց չի հաճախել, հայրն է եղել (քանդակագործ-գեղանկարիչ Գագիկ Օրդյան) մասնագիտության առաջին ուսուցիչը: Քանդակելու սերը նրան Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա է տարել, որի քանդակի բաժինն ավարտել է 2009 թվականին: Ուսանողական տարիներին ամուսնացել է, այժմ երեք որդի ունի, դեռ վաղ է խոսել, թե նրանցից ով կգնա իր հետքերով, բայց անտարբեր չեն հոր մասնագիտության հանդեպ: Այնուամենայնիվ, Գորիսում ունի հետեւորդներ՝ Գորիսի Հենրիկ Իգիթյանի անվան գեղարվեստի ազգային կենտրոնի սաներ, ովքեր ուսումը պիտի շարունակեն Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի քանդակի բաժնում: Ինքն էլ ժամանակին կարեւորեց պրոֆեսիոնալ ուսում ստանալը (խոսքը բարձրագույն կրթության մասին է):

Առաջին մոնումենտալ գործը Տաթեւացու հուշակոթողն էր, դեռեւս ուսանող է եղել, երբ սկսել է քանդակել, նաեւ թերահավատներ կային, թե կարո՞ղ է նման բարդ գործի տակից դուրս գալ: 3.5 մետր բարձրությամբ մի հսկա քարաբեկորից է կերտել, ավարտուն տեսքով հուշակոթողը 3.3 մետր բարձրություն ունի: Մոնումենտալ այդ աշխատանքը քանդակել է երկու տարում: Շնորհակալ է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ով վստահել է, ոգեւորել, նաեւ հովանավորել, որ սկսի պատասխանատու գործը: Այդ կարեւոր գործը կյանքի է կոչել Տաթեւացու ժամանակաշրջանը, նրա գործունեությունն ուսումնասիրելուց հետո:

Ասում է, որ ամեն մի քանդակ կերտելուց առաջ անպատճառ պիտի իմանա այդ անձնավորության անցած ուղին, նրա ապրած ժամանակաշրջանը (ինչպես, ասենք, Իսրայել Օրու): Երիտասարդ քանդակագործի համար ռիսկային էր Տաթեւացու հուշակոթողի քանդակումը ստանձնելը, բայց առաջին գործը կուտ չգնաց: 2010 թ. հոկտեմբերի 16-ին, երբ նշվում էր Գորիսին քաղաքի կարգավիճակ շնորհելու 140-ամյակը, Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակում հանրապետության նախագահի մասնակցությամբ բացվեց եռամեծար մեծ փիլիսոփա, մանրանկարիչ եւ աստվածաբան Գրիգոր Տաթեւացու հուշարձանը. հիշարժան օր՝ երիտասարդ քանդակագործի համար:

«Եթե Տաթեւացու արձանը չլինի Գորիսի կենտրոնական հրապարակում, մեր քաղաքից մի շատ կարեւոր բան պակասած կլինի», - այժմ ասում են գորիսեցիները: Հետո եղան նոր գործեր, Վազգեն Սարգսյանի բրոնզաձույլ արձանը 2015թ. ապրիլի 2-ին տեղադրվեց Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում՝ Արցախյան գոյամարտում զոհված կապանցիների շիրիմներն ամփոփող պանթեոնում:

Անցած տարի Գորիսի պետական համալսարանի բակում մշտական գրանցում ստացավ հայազգի նվիրյալ Շահան Նաթալիի կիսանդրին:

Արդեն պատրաստ է Իսրայել Օրու բրոնզաձույլ կիսանդրին, որը պիտի տեղադրվի Անգեղակոթում: Ձեռնարկել է կերտելու մարզպան Վասակ Սյունու արձանը, որ այժմ կիսատ է:

Վերջնական տեսքի պիտի գան Գարեգին Նժդեհի եւ հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալ, Նժդեհի եւ Անդրանիկի զինակից Պողոս Տեր-Դավթյանի կիսանդրիները:

… Հատիչով եւ մուրճով քարին շունչ տալու արվեստը վաղնջական ժամանակներից է գալիս: Հին Հունաստանում քանդակագործությունը հասավ ամենաբարձր մակարդակի: Հեգելն արվեստի դասական (անտիկ) շրջանը կապում է հենց քանդակագործության հետ: Հայ քանդակագործական արվեստն էլ երեւելի անուններ է տվել: Ո՞վ է ամենից ավելի մեծ տպավորություն թողել Նարեկ Օրդյանի վրա: «Հակոբ Գյուրջյանը, - ասում է նա, - Գյուրջյանի ստեղծագործության մեջ միահյուսվում են Արեւելքի հնագույն եւ եվրոպական նոր արվեստների լավագույն ավանդույթները: Շատ եմ հավանում Գյուրջյանի «Հաղթանակ» քանդակը: Հետաքրքիր ոճ ունի՝ իր ընդհանրացումներով, իր պլաստիկայով», - բացատրում է: Այն համոզմունքն ունի, որ քանդակագործը պետք է վեր կանգնի նյութականից. «Քանդակագործը հոգին չպիտի վաճառի նյութական բարիքներին: Եթե արվեստագետը, քանդակագործը մտածում է փող աշխատելու մասին, նրան մեռած կարելի է համարել (գոնե արվեստում)»:

Գրողներ, արվեստագետներ կան, ովքեր իրենց գործը ստեղծելուց հետո ասում են՝ եթե նորից սկսեի, այլ կերպ կլիներ վերջնական արդյունքը: Նարեկ Օրդյանը նման զգացողություն ունեցե՞լ է: «Իհարկե, ես էլ եմ նման զգացողություն ունեցել: Տաթեւացու քանդակի վրա աշխատելիս որոշել էի կոմպոզիցիան փոխել, բայց արդեն ուշ էր, աշխատանքը կիսով չափ արել էի, արդեն հնարավոր չէր»:

Ներկայացնում է գործերը՝ «Գաղթի ճանապարհին  (սարսափն աչքերին մանուկ է՝ մոր շալակին), «Երեւակայություն», «Եվրոպայի առեւանգումը» (ցուլի տեսքով Զեւսը փախցնում է աղջկան), նաեւ հոռետեսական անվանումներով քանդակներ՝ «Հուսահատություն», «Տառապանք» եւ այլն: Գործերի մեջ նկատվում է թեմատիկ բազմազանություն:

Քանդակագործն իր աշխատանքում տարբեր նյութեր է օգտագործում՝ բազալտ, գրանիտ, մարմար, բրոնզ եւ այն: Ո՞րին է նախապատվություն տալիս Նարեկը. «Նշանակություն չունի, ոսկորից էլ եմ քանդակ արել, փայտից էլ, գրանիտից էլ եւ այլն, կոմպոզիցիայի ձեւից, կոնկրետ քանդակի ձեւից է կախված, թե ինքն ինչ նյութից պիտի լինի: Կարեւորը նյութը ճիշտ ընտրելն է: Օրինակ, Տաթեւացու արձանը չէր կարող բրոնզից լինել: Նյութի սխալ ընտրության պատճառով քանդակը կարող է արժեզրկվել», - ասում է ու հավելում, որ իրեն ինչքան հիշում է, քանդակել է՝ պլաստիլինից, փայտից, հետո ավելի կարծր  նյութերից:

Իսկ երբեւէ գեղանկարչությամբ չի՞ զբաղվել. նրանց տան այն հարկաբաժնում, որտեղ մեկտեղված են ավարտուն (եւ ոչ այնքան) քանդակները, պատերին կախված էին հոր վրձնած գեղանկարները. «Իմ գեղանկարները չեմ ցուցադրում, բնավորություն է, դրանք վեր են ածվում քանդակների եւ նոր միայն ներկայացվում հանրությանը»:

Չի՞ կարծում, որ Գորիս քաղաքին պակասում են ճարտարապետական փոքր ձեւերը (քանդակները). «Այն կարծիքին եմ, որ ամեն մի քանդակ տեղ չպիտի գտնի քաղաքի պուրակներում, ծառուղիներում: Կարող է մեկը գեղանկար գնի եւ կախի իր տան պատին: Բայց քանդակը դեմք է ներկայացնում, քաղաք է ներկայացնում, քաղաք մտնողն ի՞նչ կասի: Քանդակները պրոֆեսիոնալ քանդակագործները պիտի անեն, ամեն հատիչ ու մուրճ բռնող քանդակագործ չէ: Մեկը մի պարզունակ խաչքար է պատրաստում, թե՝ քանդակագործ եմ, քանդակ եմ արել: Խաչքարագործությունն ու քանդակագործությունը տարբեր բաներ են: Խաչքարը հայերիս այցեքարտն է, դրանով են մեզ ճանաչում աշխարհում: Բայց այստեղից-այնտեղից գտած զարդանախշեր են բերում, կցում-կցմցում, իրար հետ բնավ կապ չունեցող: Նայում ես, հա, սիրուն է, բայց հո սիրունով չէ: Ասելիք չկա մեջը»:

Մեր զրույցում քանդակի հետ կապված ոչ մի դետալ չի վրիպում Նարեկի ուշադրությունից: Ասում է, որ քանդակի, հուշակոթողի պատվանդանը եւս ճիշտ պիտի ընտրվի: «Եթե պատվանդանը ճիշտ չի ընտրվում եւ սխալ տեղ է տեղադրվում՝ միջավայրի հետ «չխոսող», քանդակը խեղճանում է»: Նրա կերտած գործերի մասին փորձում եմ մեկնաբանություն ստանալ. «Համոզված եմ՝ եթե հեղինակն իր աշխատանքը մեկնաբանում է, արժեզրկում է այն: Տեսնողն ինքը պիտի ընկալի գործը: Այլ բան է, որ կարող է անհասկանալի դետալներ լինել»:

Օրվա մեջ այնպիսի պահեր չկա՞ն, որ ավելի հաճույքով է ստեղծագործում: Նման պահեր չկան, բայց իրեն լավ է զգում, երբ սիրելի գործով է զբաղված, սիրում է, երբ անկաշկանդ ստեղծագործում է. «Եթե մի բան գալիս է մտքիս, պիտի անեմ, չեմ կարողանում հանգստանալ: Չեմ սիրում, երբ ստեղծագործող մարդը կապկում է, շատերը կեղծում են, չեն ասում ճշմարտությունը»:

Հետաքրքրվեցինք քանդակագործի ստեղծագործական ծրագրերով: Մի «հանդուգն» մտահղացում ունի՝ կերտել Մովսես Խորենացու արձանը: Հզոր գործ է լինելու՝ 15-20 մետր բարձրությամբ: Այժմ արձանի էսքիզներն է անում: Խոստովանում է, որ չափազանց պատասխանատու գործ է ձեռնարկել, բայց այն վստահությունը, որով տոգորված էր նրա խոսքը ստեղծվելիք հուշակոթողի մասին, հույս է ներշնչում, որ Գորիսի բարձունքներից մեկին (ինչպես ինքն է նախատեսում) կհառնի Պատմահոր հուշակոթողը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: