10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

Սպարապետի օրը՝ Խնձորեսկում

Սպարապետի օրը՝ Խնձորեսկում

Խնձորեսկի ճոճվող կամրջի երկարությամբ կանգնած կատարողներն ավանդական զուռնա-դհոլով ազդարարեցին Սպարապետի օրվան նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը, որ Հայաստանի Հանարապետությունում առաջին անգամ էր նշվում: Վայրը պատահական չէր ընտրվել, քանի որ այդտեղ է գտնվում Մխիթար Սպարապետի գերեզմանը, ով հայ ազգի նշանավոր գործիչներից է: Ինչպես փաստում է միջոցառումների կազմակերպիչ «Շարմ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը, միջոցառումը միայն Մխիթար Սպարապետի հիշատակի ոգեկոչմանը չէ նվիրված, այլ՝ հայ ազգի բոլոր սպարապետներին:


Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի եւ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանողները Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտ զինվորական երդում տվեցին, իսկ մինչ այդ բարձրաստիճան զինվորականները ծաղկադրում կատարեցին Սպարապետի գերեզմանին, տրվեց նաեւ զինվորական համազարկ:


Ճոճվող կամրջի տարածքում լսվում էր «Կարին» ավանդական երգի-պարի խմբի՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ, ելույթների խրոխտ ու ոգեւորիչ ձայնը, որ իր մոտ էր հավաքել բազում այցելուների, ովքեր նույնպես միացել էին խմբի կատարումներին՝ անընդհատ «պահանջելով» նոր ելույթներ: Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում երգչախմբի կատարմամբ հնչեցին շարականներ, իսկ ճոճվող կամուրջ այցելողների թիվն անհամար էր: Ինչպես նշեց 2012թ. այդ կամուրջը հիմնադրած, Հին Խնձորեսկի վերածննդի նախաձեռնող, տարածքում մի շարք բարեկարգումներ իրականացրած Ժորա Ալեքսանյանը. «Հայ ազգի համար այսօր տոն է, որ նվիրված է ոչ միայն Մխիթար Սպարապետին, այլեւ բոլոր սպարապետներին: Այս կամուրջն էլ ի պատիվ Սպարապետի եւ մեր հերոս անցավորների ենք կառուցել, եւ այսօր, կարծեք թե, այդ ստեղծածը լիարժեք վայելելու օրն է: Անչափ ուրախ եմ այսօրվա, այսքան բազմամարդ տոնակատարության համար, իսկապես այսօր ապրում եմ իմ կյանքի ամենաերջանիկ օրը: Շնորհակալ եմ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին՝ այս նախաձեռնության, «Շարմ հոլդինգ»-ին՝ միջոցառման կազմակերպման, ժողովրդին՝ այցելության համար»:


Տոնակատարության ընթացքում եղան նաեւ մարզական միջոցառումներ՝ նետաձգության, հայկական ազգային կոխի, փեյնթ բոլի մրցաշարեր, որոնց մասնակցելու հնարավորություն էր տրվել բոլոր ցանկացողներին: Հաղթողներն արժանացան նաեւ գավաթների:


Գյուղի մշակույթի տան հարակից տարածքում փոքրիկների համար բեմադրվեց մանկական ներկայացում, տեղի ունեցան համերգներ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, Արսեն Գրիգորյանի (Մրո) եւ նրա ղեկավարած ազգագրական երգի համույթի մասնակցությամբ:


Ներկաները ողջ օրվա ընթացքում հնարավորություն ունեին օգտվել խնձորեսկցիների ավանդական հյուրասիրությունից, ինչպես նաեւ գնել գյուղացիների պատրաստած էկոլոգիապես մաքուր ավանդական ուտելիքներ, խմիչքներ: Մարզին, ինչպես նաեւ Անիի թագավորության  ժամանակահատվածին բնորոշ կերակրատեսակներ ներկայացրեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հկ-ն՝ նշանավոր խոհարար Սեդրակ Մամուլյանի ղեկավարությամբ: Տարբեր տաղավարներում ներկայացվել էին նաեւ ձեռագործ աշխատանքներ, որոնք գնելու հնարավորություն ունեին ներկաները:


Արցախյան ազատամարտում եւ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարերի մոտ տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի փողային նվագախմբի ելույթը: ՀՀ պաշտպանության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին իրենց անունները հավերժացրած հայորդիների հուշաքարերին:


Տոնակատարության շրջանակներում անցկացվեց նաեւ «Բարեկամություն» ավանդական փառատոնը: Երեւանի Մխ.Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 2003թ.-ից անց են կացնում փառատոն, որն այս տարի փոխել է ձեւաչափը՝ արտասահմանցի ուսանողներին Երեւանից դուրս եւս Հայաստանի մշակույթին ու ավանդույթներին ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով: Խնձորեսկում բուհի շուրջ 26 երկրի ուսանող ներկայացրին իրենց երկրի մշակույթը՝ երգն ու պարը, խոհանոցը, ազգային հագուստը:


Խնձորեսկում տոնական միջոցառումները եզրափակվեցին գալա համերգով՝ Շուշան Պետրոսյանի, ՀՀ պարի պետական անսամբլի, «Կարին» համույթի, Արսեն Գրիգորյանի (Մրո), Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի փողային նվագախմբի, զուռնաչիների ու դհոլչիների մասնակցությամբ: Համերգի ընթացքում ցուցադրվեցին նաեւ տոնակատարության համար պատրաստված տեսաֆիլմեր:


Թմբկահար աղջիկների քայլերթը տոնին հետաքրքիր երանգ հաղորդեց, նրանց ուղեկցությամբ դիմավորեցին դպրոցի բակում հավաքված բազում ներկաները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով մինչ այդ հարգանքի տուրք էր մատուցել Մխիթար Սպարապետի հիշատակին: Տոնակատարությանը ներկա էին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:


Երեկոյան խնձորեսկյան երկինքը երփներանգվեց հրավառությամբ, իսկ այս տոնն անցավ բարձր մակարդակով, ջերմ մթնոլորտում, որ, հուսանք, բարի ավանդույթի սկիզբ կդառնա: 

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: