10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

Մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ԻԻՀ. Կարեն Կարապետյանը եւ Էսհաղ Ջահանգիրին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր

Մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ԻԻՀ. Կարեն Կարապետյանը եւ Էսհաղ Ջահանգիրին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ կայացել է Կարեն Կարապետյանի եւ Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։


ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու եւս մեկ անգամ շնորհավորել Էսհաղ Ջահանգիրիիին Իրանի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վարչապետը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ ձևավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: «Լիահույս եմ, որ այս հանդիպումից հետո մենք նոր շունչ կհաղորդենք մեր համագործակցությանը եւ մեր օրակարգում գտնվող բոլոր ծրագրերին: Տնտեսական համագործակցությանն անդրադառնալով՝ պետք է նշեմ, որ այն զգալիորեն զիջում է մեր երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը: Սակայն ավելի քան վստահ եմ, որ կարող ենք նոր հաջողություններ արձանագրել մեր համագործակցության տնտեսական հարթությունում»,- նշել է Կարեն Կարապետյանը:


ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար ու բարձր գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը: Էսհաղ Ջահանգիրին կարեւորել է երկու հարեւան ու բարեկամ պետությունների միջեւ տարբեր ոլորտներում տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ վստահություն հայտնել, որ վարչապետ Կարապետյանի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության էլ ավելի ակտիվացմանն ու ընդլայնմանը:


ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահի առաջին տեղակալը երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը: Կողմերը մեծապես կարեւորել են նաեւ Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը: Իրան-Հայաստան տնտեսական, առեւտրային հարաբերությունների զարգացման համար նշանակալի է համարվել «Սյունիք ազատ տնտեսական գոտու» դերը, վերջինիս եւ իրանական «Արաս» ազատ գոտիների համագործակցությունը: «Վստահ եմ, որ այս գոտին կարող է հետաքրքրել թե իրանական կազմակերպություններին, որոնք կցանկանան դուրս գալ ԵԱՏՄ, եվրոպական շուկաներ, քանի որ Հայաստանը տիրապետում է GSP+ արտոնյալ ռեժիմին, ինչպես նաեւ այն ընկերություններին, որոնք Իրանի հետ համագործակցության սահմանափակումներ կունենան: Այս համատեքստում նաեւ արդյունավետ գործիք կարող է լինել արտահանող ներմուծող ընկերության ստեղծումը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերությանը՝ ԵԱՏՄ շուկա դուրս գալու հարցում:


Կարեն Կարապետյանի եւ Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները:


Հայաստանի եւ Իրանի համագործակցության կարեւոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, մուլտիմոդալ տարանցիկ փոխադրումները, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրականական կողմի հնարավոր մասնակցությունը:


Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ էներգետիկ համագործակցությանը: Կարեւորվել է երկու երկրների միջեւ ակտիվ համագործակցությունը նաեւ մաքսային մարմինների միջեւ: Վարչապետ Կարապետյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը:


Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ գործընթացը հնարավորինս շուտ կավարտվի եւ նշել, որ հայկական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:


Կողմերը համակարծիք էին, որ անհրաժեշտ է ակտիվացնել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները՝ պայմանավորվելով մոտ ժամանակներս անցկացնել հերթական՝ 15-րդ նիստը:


ՀՀ վարչապետը եւ Իրանի առաջին փոխնախագահը նաեւ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ԼՂ հիմնահարցում հավասարակշռված դիրքորոշման համար:


Կարեն Կարապետյանն Էսհաղ Ջահանգիրիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:


Հանդիպմանը քննարկվել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

gov.am
9 հոկտեմբեր 2017

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: