12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

Կարեն Կարապետյանը եւ Ալի Լարիջանին բարձր են գնահատել հայ-իրանական քաղաքական երկխոսությունը

Կարեն Կարապետյանը եւ Ալի Լարիջանին բարձր են գնահատել հայ-իրանական քաղաքական երկխոսությունը

Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Կարեն Կարապետյանը նախ փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ջերմագին ողջույնները եւ ավելացրել, որ Հայաստանը մշտապես կարեւորում է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում:


Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։


Ալի Լարիջանին անհրաժեշտ է համարել տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդումը եւ այդ գործում կարեւորել է նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ընդլայնումը: Այդ առումով զրուցակիցները ընդգծել են երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեության, փոխադարձ այցելությունների, խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների զարգացման փաստը եւ նշել, որ հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն իր նպաստն է բերում նաեւ օրենսդիր մարմինների համագործակցությունը: «Իրանն ու Հայաստանը միմյանց հետ կապված են բարեկամական խորը արմատներով եւ մեր նպատակն է, որպեսզի երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցությունը շարունակի զարգանալ: Առկա ճգնաժամերի պայմաններում միմյանց հետ ավելի շատ խորհրդակցելու անհրաժեշտություն կա, եւ այդ առումով ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր խորհրդարանական համագործակցության մակարդակից: Լիահույս եմ, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին», -նշել է նա:


Կարեն Կարապետյանն ասել է, որ շատ բովանդակալից հանդիպում է ունեցել ԻԻՀ առաջին փոխնախագահի հետ՝ ընդգծելով, որ հայկական կողմը շատ վճռական է տրամադրված իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Ալի Լարիջանին իր հերթին ընդգծել է, որ հայ-իրանական տնտեսական փոխգործակցության հարցում որեւէ սահմանափակում կամ խոչընդոտ գոյություն չունի, եւ Իրանի խորհրդարանը շատ դրական է տրամադրված հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում: Նրա խոսքով՝ երկկողմ տնտեսական օրակարգը շատ հագեցած է, եւ առկա են փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում:


Կարեն Կարապետյանն իր գործընկերոջը ներկայացրել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու գործարկման ծրագիրը՝ կարեւորելով դրանում իրանական ընկերությունների ակտիվ մասնակցությունը: «Համոզված եմ, որ շատ մեծ հնարավորություններ ունենք կրկնապատկելու եւ անգամ եռապատկելու մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում», - ասել է ՀՀ վարչապետը:


Կողմերն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ երկուստեք ընդգծելով, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով:

gov.am
9 հոկտեմբեր 2017

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: