10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

Շախմատի մրցաշար Ջերմուկում՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ

Շախմատի մրցաշար Ջերմուկում՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ

Այս օրերին Ջերմուկում անցկացվում է Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարը, որ կազմակերպել է Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համատեղ, Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ: Հոկտեմբերի 8-ին Կապանի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի խմբակի ութ պատանի շախմատիստ` մարզիչ Ստեփան Խաչատրյանի հետ եղան «Ջերմուկ աշխարհ» առողջարանում, որտեղ անց է կացվում մրցաշարը:


Մրցավայր հասնելուն պես՝ պատանի շախմատիստները եւ Ջերմուկի շախմատի դպրոցի չորս սան տեղ զբաղեցրին շախմատի տախտակների շուրջ, նրանց հետ միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Մինչեւ սեանսի մեկնարկը միջազգային մրցավար Նորայր Քալանթարյանը պատանի շախմատիստներին նախ՝ ներկայացրեց սեանսի կանոնները, հաջողություն մաղթեց դպրոցական շախմատիստներին, իսկ Սմբատ Լպուտյանն էլ կատակեց, թե շախմատ վաղուց չի խաղացել. հնարավոր է՝ վրիպումներ անի, այնպես որ՝ հնարավորություններ կան իրեն հաղթելու:


Մինչ ընթանում էր միաժամանակյա խաղի սեանսը՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի հասարակայնության հետ կապերի եւ սոցիալական քաղաքականության գծով տնօրենի տեղակալ Վահրամ Ավագյանը «Սյունյաց երկրին» մանրամասնեց, թե ինչպես է կազմակերպվել միաժամանակյա խաղի սեանսը. «2016 թվականի ապրիլի 28-ից Կապանի լեռնահարստացման կոմբինատը «Պոլիմետալ» խմբի կազմում է, եւ առաջնորդվում է սոցիալական քաղաքականության այն սկզբունքներով, ինչ սկզբունքներ սահմանված են խմբի կողմից: Այդ քաղաքականության առաջնահերթություններից մեկը մանկապատանեկան սպորտին աջակցությունն է: Մենք «Պոլիմետալի» գործունեության բնակավայրերում նախապես ուսումնասիրում ենք սոցիալական, մշակութային, մարզական իրողությունները եւ գիտենք, թե զարգացման ինչ մակարդակի են Հայաստանում ինտելեկտուալ խաղերը, նախեւառաջ, շախմատը: Այդ համատեքստում այս մրցաշարի՝ «Գրան Պրիի» երկրորդ փուլը հովանավորելը միագամայն օրինաչափ էր եւ բնականոն, բխում էր ընկերության սոցիալական քաղաքական սկզբունքներից: Նաեւ այս փոքր-ինչ ընդարձակ աշխարհագրություն ունեցող, մեր սոցիալական քաղաքականության շրջանակներում ֆինանսավորված միջոցառմանը մենք ցանկացանք, որ մասնակից լինեն կապանցի երեխաները, եւ դրա վկայությունն է այսօրվա միաժամանակյա խաղի սեանսը հայ շախմատի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի մասնակցությամբ: Բացի այդ՝ նպատակն այն էր, որ կապանցի պատանի շախմատիստները հաղորդակից լինեն համաշխարհային մակարդակի շախմատային այս իրադարձությանը: Վստահ եմ՝ նրանց շախմատային կյանքում իրադարձությունը բեկումնային կլինի, կդառնա մի հաճելի հուշ, որ նրանց կուղեկցի հետագա մարզական կյանքում»:


Մոտ երեք ժամ տեւեց միաժամանակյա խաղի սեանսը: Պատանի շախմատիստներից միայն Կապանի N7 հիմնական դպրոցի ութերորդ դասարանի աշակերտ Գագիկ Մանուչարյանին հաջողվեց 37-րդ քայլում հաղթել գրոսմայստերին: Մյուսները խաղատախտակը թողեցին պարտված: Միաժամանակյա խաղի սեանսից հետո Սմբատ Լպուտյանն անկեղծ զրույց ունեցավ պատանի շախմատիստների հետ, վերլուծեց որոշ մասնակիցների պարտիաները, մատնանշեց նրանց կողմից թույլ տրված վրիպումները: Նա հատկապես ընդգծեց 12-ամյա Ալեն Գեւորգյանի, ինչպես սեանսի ամենակրտսեր մասնակցի՝ յոթնամյա Անդրանիկ Թադեւոսյանի խաղը: Գրոսմայստերը հուշանվերներ հանձնեց հաղթողին եւ այս երկուսին: Այնուհետեւ պատանի շախմատիստները բարձրացան «Ջերմուկ աշխարհ» առողջարանի երկրորդ հարկ, որտեղ ընթանում էր Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի հերթական տուրը:


Հրաժեշտից առաջ «Սյունյաց երկիրը» ճեպազրուց ունեցավ ճանաչված գրոսմայստերի հետ:


- Պարո՛ն Լպուտյան, ի՞նչ է արվում շախմատը մարզերում զարգացնելու նպատակով: Ստացվել է այնպես, որ ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում՝  գիտությունը, տնտեսությունը, մշակույթը, սպորտը, իսկ մարզերը, ասես, հայտնվել են աղքատ ազգականի կարգավիճակում:


- Ես այդպես չեմ կարծում, իրականում մտածում ենք մարզերի մասին, շատ տեղերում շախմատային մասնաճյուղեր են բացվել: Մենք հիմա հեռավար ուսուցման ծրագիրն ենք իականացնում, երկու-երեք ամսից կլինի: Դրա շնորհիվ կարող ենք Երեւանից ե՛ւ միաժամանակյա խաղի սեանսներ տալ, ե՛ւ դրա մասնակիցների հետ վերլուծել պարտիաները, ե՛ւ պարապմունքներ անցկացնել, այնպես որ՝ արդեն կապ չունի՝ պատանի շախմատիստը Երեւանո՞ւմ է բնակվում, Կապանո՞ւմ, թե՞ որեւէ մի այլ տեղ: Մենք այդ հնարավորությունը կունենանք, մնում է պատանի շախմատիստները նվիրվածություն եւ աշխատասիրություն դրսեւորեն եւ հայտնի շախմատիստներ դառնան:


- Ի՞նչ կասեք մրցաշարի հովանավորի մասին:


- Ինչ խոսք, «Պոլիմետալի» խմբի մեջ մտնող Կապանի լեռնահարստացման կոմբինատի կողմից կատարված քայլը ողջունելի է, քանի որ շախմատը Հայաստանում շատ սիրված եւ ընդունված մարզաձեւ է: Փաստն ինքնին խրախուսելի է, որ ընկերությունն իր ավանդն է ներդնում Հայաստանի շախմատի զարգացմանը: Այս մրցաշարը, որ անցկացվում է Ջերմուկում, խոսում է այն մասին, որ Հայաստանում նորից կարելի է բարձրակարգ մրցաշարեր անցկացնել, որտեղ մեր պատանի շախմատիստները կարող են ե՛ւ խաղալ, ե՛ւ իրենց ուժերը համեմատել աշխարհի լավագույն պատանիների հետ:


- Շախմատի ֆեդերացիան չի՞ նախատեսում, որ մի միջազգային մրցաշար Կապանում տեղի ունենա, քանզի ինչպես տեսնում ենք, հովանավորի պակաս չի լինի:


- Կարծում եմ՝ դեռ այդ հարցը կքննարկենք, որովհետեւ այդպիսի մտքեր կան, անշուշտ, որ կլինեն մրցաշարեր, որոնք կանցկացվեն Սյունիքում նույնպես:


- Դուք շախմատային Հայաստանում ճանաչված դեմք եք, մի ժամանակ հանրապետության շախմատի առաջատարն էիք, ուստի հարկ ենք համարում ձեզնից կարծիք իմանալ, թե ինչպիսին են Լեւոն Արոնյանի շանսերն առաջիկայում կայանալիք հավակնորդների մրցաշարում:


- Բոլորս հույսով եւ հավատով ենք սպասում այդ մրցաշարին: Կարծում եմ՝ Լեւոնի շանսերը շատ մեծ են: Այն, ինչի նա հասավ աշխարհի գավաթի խաղարկությունում, հերոսություն էր: Եվ եթե այդպես շարունակի, կարծում եմ, աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւս կնվաճի:


- Ինչո՞վ է զբաղվում Սմբատ Լպուտյան գրոսմայստերն ու մարդը:


- Այժմ հիմնականում զբաղվում եմ շախմատի զարգացմամբ եւ մասսայականացմամբ, ինչն ահռելի աշխատանք եւ ժամանակ է պահանջում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: