10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

Արգինե Սահակյան. «Համահայկական համաժողովները շատ լավ հնարավորություն են ընձեռում Հայաստան-Սփյուռք համագործակցության, սփյուռքահայ մեր ազգակիցների հետ շփման համար»

Արգինե Սահակյան. «Համահայկական համաժողովները շատ լավ հնարավորություն են ընձեռում Հայաստան-Սփյուռք համագործակցության, սփյուռքահայ մեր ազգակիցների հետ շփման համար»

Սեպտեմբերի 18-20-ն ընկած ժամանակահատվածում կայացավ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը, որին Սիսիանից, որպես «Օգնություն Հայաստանին» հանձնախմբի անդամ, մասնակցում էր երիտասարդ գեղանկարիչ Արգինե Սահակյանը: Համաժողովի ընթացքի, որոշ դիտարկումների մասին է զրույցը Արգինե Սահակյանի հետ:


- Տիկի՛ն Սահակյան, քանի որ առաջին անգամ ենք մեր թերթի շրջանակներում անդրադառնում Ձեզ, ներկայացեք մեր ընթերցողին:


- Ծնվել եմ Սյունյաց աշխարհի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ծղուկ գյուղում, որսորդի ընտանիքում, մանկությունս անցել է բնության եւ մաքրության գրկում: Հայրս որսորդ էր, մայրս երկար տարիներ ղեկավարել է գյուղի մշակույթի ակումբը, կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ, մեր ընտանիքում հյուրընկալել ենք նշանավոր մարդկանց, որտեղից էլ սկիզբ է առել իմ սերը մշակույթի հանդեպ: Երկար տարիներ զբաղվել եմ սպորտով, բայց գեղանկարչությունը միշտ իմ անբաժանելի մասն է եղել: Ինձ հոգեհարազատ, նաեւ ազգական, նշանավոր քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի խորհրդով ընդունվել եմ Սիսիանի հումանիտար քոլեջի «Զարդային կիրառական արվեստ եւ ժողովրդական արվեստներ» բաժինը, այժմ՝ երկար տարիների ընդմիջումից հետո, սովորում եմ Գորիսի պետական համալսարանի «Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա» ֆակուլտետում: Ժամանակին աշխատել եմ Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, բայց դիզայներական խմբի փակվելուց հետո չեմ աշխատել: Մասնակցել եմ տարաբնույթ դասընթացների, ցուցահանդեսների ու փառատոների: Բացի մասնակցությունից՝ ինքս եմ հանդես եկել տարբեր մշակութային միջոցառումների անցկացման նախաձեռնությամբ:


Ամուսնացել եմ, ժամանակիս մեծ մասը նվիրելով ընտանիքիս՝ միեւնույն ժամանակ չեմ դադարում ստեղծագործել:


- Ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիք «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովին:


- Մեկ ամիս առաջ Շվեդիայից «Շտապ օգնություն Հայաստանին» բարեգործական կազմակերպության ատենապետ Լորանս Շառոյանը Սիսիանում էր, ով Սիսիանի բժշկական կենտրոնի համար բժշկական իրեր, առաջին բուժօգնության պարագաներ էր բերել: Շվեդիայում ամուսինս բուժում ստանալու ժամանակահատվածում է ծանոթացել հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ Լ.Շառոյանի հետ, եւ երբ տեղեկացանք, որ նրանք ցանկանում են որպես օգնություն Հայաստան ուղարկել բժշկական պարագաներ, կապ հաստատեցինք եւ կարողացանք այդ օգնությունը հասցնել Սիսիանի բժշկական կենտրոն:


Քանի որ Շվեդիայից «Շտապ օգնություն Հայաստանին» հանձնախմբի անդամ եմ, ինձ առաջարկեցին մասնակցել համաժողովին (իրենք չեն կարողացել ներկա գտնվել), եւ ես մեծ սիրով համաձայնեցի:


- Համառոտ ներկայացրեք, «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի, դրա անցկացման նպատակների մասին:


- ՀՀ եւ հայկական Սփյուռքի համար կարեւոր նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման գործում սփյուռքի համակարգված մասնակցության ապահովման, Սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում առկա ներուժի հայտնաբերման, համախմբման եւ արդյունավետ կիրառման նպատակներով կազմակերպվում են Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովները, որոնք Հայաստան-Սփյուռք գործակցության կարեւորագույն հանգրվան են դարձել: Առաջին անգամ այն տեղի է ունեցել 1999թ. սեպտեմբերին: Այս տարի սեպտեմբերի 18-20-ն ընկած ժամանակահատվածում անցկացվեց «Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով, որին մասնակցում էր ավելի քան 1400 հոգի, ընդգրկվել էին աշխարհի 71 երկրի հայկական տարբեր կառույցներից ներկայացուցիչներ:


Իմ կարծիքով՝ այս համաժողովը յուրահատուկ կամուրջ է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ բոլոր առումներով. Սփյուռքի հետ սերտ համագործակցությունը կարող է մեծ դեր խաղալ մեր հանրապետության կայունացման, զարգացման գործում: Համաժողովի քննարկումներն անցել են բարձր մակարդակով, ես այնտեղ տեսա սփյուռքի ուժը, կորիզը, որ կարող է փոխադարձ վստահության պայմաններում խոսքը գործի վերածել: Ընդհանրապես կցանկանայի, որ ՀՀ-ում անցկացվող բոլոր քննարկումները, հանդիպումներն անցնեին այդպիսի բարձր մակարդակով, ջերմ մթնոլորտում՝ ընդգրկելով տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց (դեռեւս 15-րդ դարում Վերածննդի նշանավոր ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչին մասնակցում էր իրենց երկրում անցկացվող բոլոր ժողովներին, ինչը երկրի զարգացման գործում նշանակալի ազդեցություն էր ունենում):


Եվ չնայած մեր ռազմավարական ծրագրի համաձայն՝ ՀՀ-ում մինչեւ 2040թ. 4 մլն մարդ պետք է բնակվի, բայց, իմ կարծիքով, այն իրականություն կդառնա միայն մարդկանց սոցիալական պայմանների բարելավման պայմաններում: Միայն բարեկեցիկ Հայաստանում, ամուր հիմքերով պետությունում մշտական բնակություն կհաստատի սփյուռքահայը: Պետք է հստակ ծրագրեր մշակվեն, եւ միայն համաժողովին մասնակցելն էական նշանակություն չի կարող ունենալ, անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ: Այդ ընթացքում հասցրել ենք տարբեր ծանոթություններ հաստատել, մնում է յուրաքանչյուրս մեզ վրա աշխատելով կառուցենք մեծ կամուրջ Սփյուռքի հետ տարբեր բնագավառներում: Կոնկրետ ինձ հետաքրքրող մշակութային ոլորտում կուզենայի բոլոր ստեղծագործողների ներկայանալու համար ընդհանուր հարթակ ստեղծվեր:


- Համաժողովն ընթացել է չորս թեմատիկ ուղղությամբ՝ Հայաստանի զարգացման հիմնախնդիրները, ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում, արտաքին քաղաքականության օրակարգը, հայապահպանության հիմնախնդիրները: Դուք ո՞ր ուղղությամբ կազմակերպված նիստերին եք մասնակցել:


- Առաջարկված թեմաներից, հաշվի առնելով մասնագիտությունս ու նախասիրությունս, ընտրեցի հայապահպանության հիմնախնդիրները: Այդ ուղղությամբ ընթացող նիստերը նվիրվեցին հայեցի դաստիարակության, հայկական դիմագծի պահպանման, լեզվի պահպանության եւ մի շարք այլ հիմնախնդիրներին: Տպավորիչ էր Մխիթարյան միաբան հոգեշնորհ տեր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի «Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգության պահպանության հիմնահարցեր» թեմայով ելույթը (Իտալիա), որի ընթացքում ֆիլմի միջոցով ցուցադրվեց Մխիթարյան միաբանության ժառանգությունը, ինչպես նաեւ առաջարկ հնչեց այդ հարուստ ցուցադրությունը ներկայացնել նաեւ Հայաստանում: Հետաքրքիր էին նաեւ «Թոնիր» հարսանեկան գյուղ նախագծի համահիմնադիր Հայկ Երանոսյանի ելույթը՝ «Հայկական ավանդական հարսանիքի տոնածիսական համալիրը՝ ազգապահպան կարեւոր գործոն» թեմայով, ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի տնօրեն, «Կորիզ» երիտասարդական ծրագրի համակարգող (Բելգիա) Նիկոլա Տավիտյանի ելույթը՝ «Գերազանցություն առաջնորդության մեջ՝ Սփյուռքի համար հավելյալ արժեք: «Կորիզ» ծրագրի ներկայացում» թեմայով: Ի դեպ, «Կորիզ»-ը ՀԲԸՄ Եվրոպայի նախաձեռնությունն է, որի նպատակն է միավորել տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներին, ստեղծել ապագա հայ առաջնորդների համաշխարհային ամուր ցանց, կրթել ու խորհուրդներով աջակցել նրանց եւ օգնել ներգրավվել Հայաստանում ու Եվրոպայում իրականացվող տարբեր ծրագրերում:


Ինչպես արդեն նշեցի, համաժողովի կարեւորագույն կետերից մեկը տարբեր ծանոթություններ հաստատելն է, ինչի հնարավորությունը մեզ տրված էր, մնում է հետագա ընթացք տալ այդ համագործակցությանը:


- Արդեն խոսեցիք Ձեր նախընտրած ուղղվածության շրջանակներում առավել տպավորիչ ելույթներից, կուզենայինք, որ առանձնացնեիք     հնչած կարեւոր ելույթները, հետաքրքիր մարդկանց ներկայությունը եւ այլն:


- Առհասարակ առօրյա մեր կյանքում հաճախ ենք լսում մեր երկրի բարձրաստիճան գործիչների ելույթները, բայց ինձ համար այդ օրերին առավել կարեւոր ու հետաքրքիր էին Սփյուռքից հրավիրվածների ելույթները: Հատկապես առանձնահատուկ էր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնության խոսքը, որտեղից կուզենայի շեշտել հատկապես այս հատվածը. «Սփիւռքը անբաժան ու անբաժանելի մասն է հայութեան: Հետեւաբար, տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ մարզերէն ներս ծրագրուած գործակցութեան կողքին, անհրաժեշտ է նաեւ լրջօրէն մտածել Սփիւռքի փորձագէտները ու մասնագէտները Հայաստանի կառավարման կառոյցներուն գործնապէս մասնակից դարձնելու միջոցներուն մասին: Այս մօտեցումով միայն Հայաստան-Սփիւռք գործակցութիւնը իր լիարժէք իմաստը կը ստանայ»:


Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի մուտքը դահլիճ մեծ ոգեւորություն առաջացրեց ներկաների շրջանում, ովքեր, մեկ մարդու պես ոտքի կանգնելով, դիմավորեցին նրան. սա իսկապես գոնե ինձ համար պատմական պահ էր, որովհետեւ ականատես եղա իսկական հայի կերպարին, ում հետ շփվելը, հայկական շուրջպարը բռնելն իմ կյանքի կարեւորագույն ու անմոռանալի պահերից կարող եմ համարել:


Մի նկատառում եւս կուզենայի անել. համաժողովին մասնակից երիտասարդների թիվը պակաս էր, բայց, իմ կարծիքով, այստեղ ներկա էր իսկական հայի կորիզը, որ իսկապես մտածում է հայավարի, ունի հարուստ փորձ եւ ներկայացրեց դիտարկումներ, որոնք անհրաժեշտ են մեր երկրի զարգացման համար:


Ինձ համար կարեւոր էր նաեւ սիրիահայ Անդրանիկ Պողոսյանի հետ ծանոթությունս, ով Հալեպում հայկական վարժարանի հիմնադիր է: Նա խոստացավ աջակցել իմ աշխատանքների ցուցադրությանը Լիբանանում: Երբ սփյուռքահայ ծանոթներս տեղեկացան, որ, երիտասարդ տաղանդավոր ստեղծագործող լինելով, տարբեր նախաձեռնություններով հանդես գալով, աշխատանք չունեմ, մտահոգվեցին՝ Հայաստանի խնդիրներից մեկը համարելով այն, որ հայը սեփական երկրում իր արժանի տեղը չի կարողանում գտնել:


- Ձեր կարծիքով՝ համաժողովը ծառայե՞ց իր նպատակին:


- Նախ նշեմ, որ համաժողովն ընթացավ շատ հետաքրքիր, կազմակերպված, համեմված տարաբնույթ ելույթներով ու միջոցառումներով: Համաժողովի մասնակիցները բավականին ակտիվ մասնակցում էին քննարկումներին, յուրաքանչյուրը ձգտում էր ներկայացնել իր առաջարկությունները, դիտողությունները քննարկվող նյութի վերաբերյալ: Երբեմն նույնիսկ ժամանակը չէր բավարարում բոլորի կարծիքները լսելու համար, եւ ավելի ակտիվ քննարկում էր ծավալվում միջանցքներում ընդմիջումների ժամանակ: Ինչպես արդեն նշեցի, կցանկանայի, որ նման համաժողովներն ավելի ընդլայնված լինեին եւ այստեղ իրենց մասնակցությունն ունենային հողագործը, բանվորը, արհեստավորը եւ տարբեր այլ բնագավառի ներկայացուցիչներ:


Հաճելի ակնթարթներ պարգեւեցին մշակութային միջոցառումները՝ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված համերգը, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գալա համերգը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակի նշումը եւ այլն:


- Համաժողովի անցկացման հետ կապված բացթողումներ, թերություններ արձանագրե՞լ եք:


- Իմ կարծիքով՝ երբեք ոչ մի միջոցառում կատարյալ չի լինում: Հեշտ չէ կազմակերպել նման մեծ միջոցառում եւ բնավ իմ իրավասության մեջ չի մտնում խոսել դրա թերություններից կամ բացթողումներից, մանավանդ երբ գիտակցում եմ դրա կազմակերպման ողջ դժվարությունը: Կասեմ միայն մի բան. սա շատ լավ հնարավորություն է Հայաստան-Սփյուռք համագործակցության, սփյուռքահայ մեր ազգակիցների հետ շփման համար: Սփյուռքահայի մեջ տեսա իսկական հայի կերպար, ով մտածում է հային վայել, իսկ Հայաստանում ապրող հայերս, երեւի թե սոցիալական պայմաններից ելնելով, շատ ազգային արժեքներ ենք կորցնում, ինչի արդյունքում սփյուռքահայը մեզ չի վստահում:


- Որպես ամփոփում ի՞նչ կասեք, պատրաստվո՞ւմ եք ընդլայնել Ձեր համագործակցությունը ձեռք բերված ծանոթությունների շնորհիվ:


- Կուզեմ, որ այս մակարդակով քննարկումները հաճախակի լինեն, Հայաստան այցելած մասնակիցները չհիասթափվեն եւ հեռանան՝ թղթին գրված թողնելով իրենց առաջարկությունները, այլ խոսքը գործ դառնա:


Ինչ վերաբերում է հետագա համագործակցությանս, ես այն մարդկանցից չեմ, ով պարզապես դիտում է, այլ սիրում եմ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Այդ առումով արդեն իսկ պատրաստում եմ հայապահպանության ուղղությամբ ծրագիր, որ կներկայացնեմ համապատասխան կառույցներին՝ դրանով իսկ փորձելով իմ փոքրիկ ներդրումն ունենալ այդ անչափ կարեւոր գործում: 

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: