10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

Թեհրանում կայացել է Հայաստանի վարչապետի եւ Իրանի նախագահի հանդիպումը

Թեհրանում կայացել է Հայաստանի վարչապետի եւ Իրանի նախագահի հանդիպումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։


Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար եւ փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: «Հայաստանը մեծապես կարևորում է հարեւան Իրանի հետ ունեցած ջերմ եւ բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր եւ հիմնված են փոխադարձ շահերի վրա: Կարող եմ ուրախությամբ նշել, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը:


Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան, համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ պատրաստակամ է օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:


Զրուցակիցները կարեւորել են մի շարք ոլորտներում, մասնավորապես, էներգետիկ բնագավառի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, «Սյունիք» եւ «Արաս» ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումն ու ընդլայնումը, երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը:


ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է հայ-իրանական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, ինչը տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ապահովման կարեւոր երաշխիքներից է:


Իրանի նախագահը ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքներն ու բարձր գնահատել հայ համայնքի դերը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:

gov.am

                                                                                                       10 հոկտեմբեր 2017

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: