10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

Անվանի մարզիկի հիշատակին

Անվանի մարզիկի հիշատակին

2009 թվականից Կապանում անցկացվում են Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր, ԱՊՀ երկրների սպարտակիադիայի չեմպիոն, համահայկական խաղերի կրկնակի չեմպիոն, հեռացատկորդ կապանցի Մերուժան Սարգսյանի հիշատակին նվիրված հանրապետական մրցումներ:


Հոկտեմբերի 7-ին Կապանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ կապանցի անվանի մարզիկին նվիրված հուշամրցաշարը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության եւ ՀՀ տարբեր քաղաքների (Երեւան, Գյումրի, Վանաձոր) պատանի աթլետները: Այն անցկացվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) Սյունիքի մարզի ներկայացուցչության եւ աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո:


Մինչ մրցումների սկսվելը՝ մարզիկներին, նրանց մարզիչներին եւ աթլետիկայի երկրպագուներին բարեմաղթանքի եւ շնորհավորանքի խոսքեր հղեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Սյունիքի ներկայացուցչության տնօրեն Արշամ Սարգսյանը եւ Արցախի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:


Ա.Սարգսյանը հավուր պատշաճի ներկայացրեց Մերուժան Սարգսյանի անցած մարզական ուղին եւ պատանի աթլետներին հաղթական մեկնարկներ մաղթեց: Արթուր Թովմասյանն ասաց, որ իրենք Արցախից արեւ են բերել, որ բարենպաստ եղանակին պատանի աթլետները ցույց տան լավագույն արդյունքներ, որ ի հայտ գան նոր անուններ:


Մրցումների դրոշը բարձրացնելու պատիվը տրվեց ՀՀ հավաքականի անդամներ, 2017թ. ՀՀ չեմպիոններ, Արցախի թիմի անդամ Անգելինա Ավագյանին եւ աթլետիկայի Եվրոպայի առաջնության մասնակից, կապանցի Արամայիս Սարգսյանին:


100-ից ավելի մարզիկներն իրենց ուժերը չափեցին չորս մարզաձեւից՝ 100 մետր, 800 մետր վազքատարածություններում, հեռացատկ եւ եռացատկ մրցաձեւերում: Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգեւատրվեցին հուշամեդալներով եւ հավաստագրերով, իսկ բոլոր մարզիկները, մարզիչները, պատվիրակության ղեկավարներն ու հյուրերը խրախուսվեցին «Վորլդ Վիժն» կազմակերպության Կապանի տարածքային զարգացման ծրագրի կողմից հատկացված հուշանվերներով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: