10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

Սյունիքյան օրակարգը հայ-իրանական հարաբերություններում. արդյո՞ք նախկին համաձայնություններն ուժի մեջ են

Սյունիքյան օրակարգը հայ-իրանական հարաբերություններում. արդյո՞ք նախկին համաձայնություններն ուժի մեջ են

Վարչապետ Կարեն Կարապետյանի երկօրյա այցն Իրանի Իսլամական Հանրապետություն (9-10 հոկտեմբերի 2017թ.) որոշակի հետաքրքրություն է առաջացրել նաեւ Սյունիքում, քանի որ անկախության տարիներին հայ-իրանական հարաբերություններում մշտապես դոմինանտ են եղել Սյունիքի մարզին առնչվող ծրագրերը, ինչը բնական պիտի համարել:


Վարչապետի այցը ցույց տվեց սակայն, որ սյունիքյան օրակարգում, այնուամենայնիվ, որոշակի անհստակություն եւ փոփոխություններ կան:


Հստակ խոսակցություն չեղավ նախորդ տարիներին ձեռք բերված եւ Սյունիքին առնչվող հայտնի պայմանավորվածությունների մասին:


Նկատի ունենք, նախեւառաջ, Արաքս գետի վրա երկու հիդրոէլեկտրակայան կառուցելու եւ շահագործելու վերաբերյալ համաձայնությունը (հայ-իրանական այդ ծրագիրը մեկնարկել է 2001-ին, իսկ միջկառավարական համաձայնագրերը ստորագրվել են 2007-ին եւ 2008-ին, որոնք էլ վավերացվել են երկու երկրների խորհրդարանների կողմից): Ընդ որում՝ Մեղրու հէկի հիմնարկեքը տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերի 7-ին, որից հետո որեւէ աշխատանք չի կատարվել:


Վարչապետի բանակցությունների ընթացքում քանիցս կողմերը կարեւորել են Մեղրու հէկի հետ կապված ծրագիրը՝ չորոշակիացնելով սակայն՝ ի վերջո կսկսվի՞ հէկի կառուցումը, թե՞ նորից կմնա անորոշության մշուշով պատված:


Նախկինում քանիցս կողմերը բարձր մակարդակով հավաստիացրել են, որ Սյունիքում եւ հատկապես Մեղրու տարածքում կկառուցվեն նավթամուղ եւ նավթավերամշակման գործարան, Հայաստանն Իրանի հետ կկապվի երկաթգծով, կկառուցվի սպանդանոց կամ մսամթերքի մշակման
գործարան…


Դրանցից եւ ոչ մեկի իրագործման ուղղությամբ անցած տարիներին քայլ անգամ չի կատարվել: Ավելին, փակվել է 1990-ականների վերջին բացված հայ-իրանական սահմանամերձ շուկան:
ՀՀ վարչապետի վերջին այցի ընթացքում, որքանով հասկացանք պաշտոնական հաղորդագրություններից, խոսք չի եղել նշված ծրագրերից որեւէ մեկի մասին: Ընդհակառակը՝ պարսկահայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը հորդորեց չանդրադառնալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին:


Արդյոք դա նշանակում է, որ վերջնականապես փակված են Սյունիքին առնչվող (նշված) ծրագրերը:
Մի ուշագրավ դիտարկում եւս. տարիներ շարունակ հայ-իրանական նմանատիպ հանդիպումներում մեր հանրապետության (տարբեր ձեւաչափի) պատվիրակությունների կազմում գրեթե միշտ ընդգրկված է եղել Սյունիքի մարզպետը: Այս անգամ, սակայն, Սյունիքի մարզպետը չէր ընդգրկվել կառավարական պատվիրակության կազմում, թեեւ, ինչպես տեղեկացնում են մարզպետարանի մեր աղբյուրները, գործող մարզպետը նախապես ընդգրկված է եղել պատվիրակության կազմում, բայց հետո ինչ-ինչ պատճառով հանվել է:


Վահե Հակոբյանին պատվիրակության կազմում ընդգրկելով, իհարկե, որեւէ բան չէր փոխվի, քանի որ այդ տղայի պատկերացումներով հայ-իրանական հարաբերություններում Սյունիքի դերակատարությունն  առայժմ հանգում է բացառապես Մեղրիում կառուցվելիք կազինոյին եւ Կապանում գործարկվելիք պիցցայի գործարանին: Եվ ինքը հույս է փայփայում, ինչպես ասաց հոկտեմբերի 6-ի ասուլիսում, որ իրանցիներն իրենց փողը կբերեն ու կթողնեն Մեղրու՝ առայժմ ծպտված մարդկանց պատկանող կազինոյում, իսկ Կապանում պատրաստած պիցցան կարտահանեն Պարսկաստան, ինքն էլ կվայելի դրանցից ստացվող շահույթը:


Մինչդեռ, թեկուզ եւ պատշաճության առումով, Սյունիքի մարզպետը (անկախ անձի լրջության աստիճանից) պետք է լիներ կառավարության պատվիրակության կազմում, քանզի բանակցությունների ընթացքում որոշակի տեղ է հատկացվել Սյունիքի ազատ տնտեսական գոտուն, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի առանձին հատվածների կառուցման գործում իրանական կողմի հնարավոր մասնակցությանը, Իրան-Հայաստան 400 կվ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցմանը…


Ի դեպ, անհստակություն պահպանվեց Սյունիքի ազատ տնտեսական գոտուն առնչվող ծրագրի ժամկետների հարցում: Սկզբից խոստացան, թե կգործարկվի 2017-ի հոկտեմբերին, հետո ասացին՝ կգործարկվի փուլ առ փուլ, իսկ հիմա…


Այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից երեւում է, որ Սյունիքի ազատ տնտեսական գոտու մասին ավելի շատ խոսել է Կարեն Կարապետյանը, քան խոսել են Իրանի ներկայացուցիչները:


Համենայնդեպս՝ կառավարության ղեկավարի մեկ տարի առաջ խոստացած 2500 աշխատատեղի հիմնումը Սյունիքի ազատ տնտեսական գոտում, գայթակղիչ իրադարձություն է եղել ժամանակին, որին անհամբեր սպասում են մարզում:


Իսկ Սյունիքի մարզպետը, որքան էլ հրապուրված է անձնական բիզնեսով եւ կազինոյի ու պիցցայի արտադրության կազմակերպմամբ, պետք է մի քիչ էլ պետական գործերով զբաղվի եւ իրական շահագրգռություն դրսեւորի գոնե Սյունիք-Արեւելյան Ատրպատական ավանդական հարաբերությունների վերականգնման ու զարգացման գործում, որովհետեւ այդ հարաբերությունները զգալի ներուժ են պարունակում մեր երկրամասի զարգացման համար:


Կարեն Կարապետյանի այցն անցյալում է մնացել, առաջիկայում տեղի կունենա նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 15-րդ նիստը, տեսնենք, թե ավարտված բանակցություններին եւ նախատեսված ժողովին ինչ գործեր կհաջորդեն:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: