10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

Ինքնասիրահարված մարզպետի գավառական հնարքը եւ «Օրակարգի» հավասարակշռված տեղեկատվությունը

Ինքնասիրահարված մարզպետի գավառական հնարքը եւ «Օրակարգի» հավասարակշռված տեղեկատվությունը

Մի քանի օր է՝ Սյունիքը համայնի ուշադրության կենտրոնում է:


Խնձորեսկում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Մխիթար Սպարապետի հերոսական կերպարի ոգեկոչման հրաշալի արարողությունը:


Միջոցառման ավարտից րոպեներ անց մայրաքաղաքային հայտնի կայքերը տարածեցին լուսանկարների շարք: Եվ դրանք, ինչպես որ սպասվում էր, ոչ թե տոնակատարության բուն ընթացքը կամ գլխավոր դրվագներն էին ներկայացնում-լուսաբանում, այլ մարզպետի տեղն ու դիրքը՝ նախագահի տեղի ու դիրքի համեմատությամբ (դա հայոց արքունիքի հին օրերից եկող պրիոմ է, հայտնի «Գահնամակը»՝ ահավասիկ, որի համաձայն իշխանների կշիռը բացառապես որոշվում էր այդ հրովարտակում կամ վավերական ցուցակում զբաղեցրած տեղով): Ըստ էության պրիմիտիվ (եթե ոչ զավեշտալի) խնդիր էր լուծվում՝ ցույց տալ, թե մարզպետը որքան մոտ է նախագահին, թե ինչպես է նախագահին (քայլելիս կամ պսակադրություն կատարելիս) հաջորդում, իսկ Վիգեն Սարգսյան եւ Լեւոն Մնացականյան նախարարները հաջորդում են իրեն:


Տոնախմբության ժամանակ, մինչդեռ, ամեն ինչ կատարվել էր պետական արարողակարգի համաձայն եւ պատշաճ: Բա ո՞վ, եթե ոչ Սյունիքի մարզպետը, պետք է նախագահի առաջին ուղեկցողը լիներ Սյունիքում, չէ՞ որ ուրիշ մարզերում կամ համայնքներում էլ այդ սկզբունքն է կիրառվում: Այլ բան է, որ Վահե Հակոբյանն արարողակարգային այդ մանրուքից էլ փորձեց շահ կորզել:


Հոկտեմբերի 9-ին, սակայն, հօդս ցնդեց զուտ սյունիքյան լսարանին մեկնված տեղեկատվական հնարք-տեսիլը: Հ1-ի «Օրակարգ» լրատվական-վերլուծական ծրագրով (նյութը թողարկման պատրաստելու արդյունքում) մարզպետն այլեւս նախագահի կողքին չէր ու չէր երեւում (բացառությամբ մեկ պռատ դրվագի): Նախագահին ուղեկցում էին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչությունների ղեկավարները:


Անշուշտ, խոհեմ եւ լրջմիտ մոտեցում են ցուցաբերել «Օրակարգի» պատասխանատուները:

Սյունիքի մարզում, ուր առանձնահատուկ հարգալից վերաբերմունք կա Սերժ Սարգսյանի հանդեպ, վարկաբեկիչ երեւույթ կհամարվեր Վահե Հակոբյան հեքիաթային արկածախնդիր անձնավորությանը (թեկուզ եւ էկրանի վրա, թեկուզ եւ  մի քանի ակնթարթ) նախագահի կողքին կանգնած ցուցադրելը:


… Թվում է, թե մեր օրերի համար (այն էլ՝ խնձորեսկյան փայլուն միջոցառման համապատկերի վրա) շատ մանր հարցի վրա ենք հրավիրում ընթերցողի ուշադրությունը: Սակայն՝ ոչ: Նորօրյա Սյունիքում, որքան էլ ցավալի է, ոչ միայն նման մանրուքների, այլեւ ակնհայտ ճղճիմ երեւույթների, ցուցամոլություն պարունակող ակցիաների օգնությամբ է սեփական վարկանիշը փորձում հյուսել-հորինել մարզպետ կոչվածը, որ հետո էլ հաթաթա տա՝ «մեջքս պինդ է», «հիշեք, թե որտեղ եմ աշխատել»:


Այո՛, մայրաքաղաքային բոլոր հեռուստաալիքները կարող էին գոյություն չունեցող Վահե Հակոբյանին փառաբանող շքերթներ սփռել (ինչպես եւ արվեց), բայց «Օրակարգ» վստահելի ու դրվատելի ծրագիրը չէր կարող նրանց պես հատակ իջնել, ինչը եւ ողջունում ենք:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: