10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

Հունական մշակույթի հետքերով

 Հունական մշակույթի հետքերով

Հույները Կապանում հայտնվել են 1850 թվականին՝ շարունակելով ռուս եւ գերմանացի պղինձ արդյունահանողների սկսած գործը: Կավարտի Մարգ կոչվող բարձրունքին հիմնադրեցին իրենց գյուղը՝ Բաշքենդ, բնակավայր հիմնելուց հետո՝ 1865 թվականին, կառուցեցին Սուրբ Կատարինե եկեղեցին: Քիչ ավելի շուտ՝ 1853 թվականին, հույն արդյունաբերող Խարլամպի Կոնդուրովը կառուցեց Կավարտի պղնձաձուլարանը՝ աստիճանաբար մեծացնելով հզորությունը: Աշխարհի հնագույն մշակույթ ունեցող ազգի ներկայացուցիչները Զանգեզուրի լեռնաշխարհի ներմուծեցին իրենց կենցաղը, քաղաքակրթություն, զարգացրին պղնձի արդյունաբերությունը: Հույները կառուցեցին հիդրոկայան, հացի փուռ, բացեցին տնտեսական խանութներ, հիմք դրեցին բարերարությանը (կառուցել են Կավարտի դպրոցը), հիմնեցին այգիներ:


«Հունական մշակույթը Կապանում» խորագիրն էր կրում Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան թանգարանում տեղի ունեցած միջոցառումը, որին մասնակցում էին տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ, մտավորականներ, Կապանի եւ Քաջարանի տարածաշրջանների հոգեւոր հովիվները: Պատմական անդրադարձ եղավ Կապան ոտք դրած առաջին հույներին, նրանց ներդրած ավանդին Կապանա տանը, նրանց ներմուծած բարքերին, տնտեսական գործունեությանը, մասնավորապես, պղնձի արդյունահանման ոլորտում: Առանձին խոսվեց Կապանում հունական հուշարձանների վերաբերյալ:


Օրվա բանախոսներն էին Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը եւ Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանի մշակութային միջոցառումների կազմակերպիչ Աստղիկ Հակոբյանը: Վերջինս իր զեկուցման մեջ նշեց, որ Բաշքենդի Սուրբ Կատարինե եկեղեցին այժմ խարխուլ վիճակում է, կղմինդրածածկ տանիքը խարխլված է, թափված են կամարների սրբատաշ քարերը: 2007թ. Կապանի լեռնահարստացման կոմբինատը փորձեց իրականացնել եկեղեցու տեղափոխումը: Կապանցի ճարտարապետ Յուրա Գեւորգյանը կազմեց տեղափոխման նախագիծը, որոշվեց տեղափոխվելիք վայրը, բայց այսքանով ավարտվեցին աշխատանքները: Եկեղեցու տեղափոխման հարցերով վերջերս սկսեց զբաղվել Երեւանում գործող «Պոնտի» հունական հասարակական կազմակերպությունը, բայց այսօրվա դրությամբ գործը տեղից չի շարժվել: Եկեղեցին դիմացել է Զանգեզուրում տեղի ունեցած երկու երկրաշարժերի (1931 եւ 1968 թվականներ), բայց այսօր կանգնել է փլուզման իրական վտանգի առջեւ:


Միջոցառման մասնակիցներին հետաքրքրում էր, թե ինչ բարքեր ներմուծեցին հույները մեր լեռնաշխարհ: Մաքրակենցաղությունն էր նրանց բնորոշ, համարձակությունը, պայքարն իրենց իրավունքների համար, սերտ հարաբերությունները տեղացիների հետ, նաեւ ձուլվեցին հայերի հետ: 20-րդ դարի սկզբին հայ-թուրքական բախումների ժամանակ հույներն անցան հայերի կողմը:

Նրանց սերունդները մինչեւ այժմ բնակվում են Կապանում եւ Մեղրիում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: