11.23.2017
USD-483.86   EUR-572.89   RUB-8.29  

Մարզպետի հետ շփվելիս կամ նրան լսելիս միշտ հիշեք՝ նա ստում է կամ խաբում կամ ձեւացնում, քանի դեռ անձնական շահ չունի

Մարզպետի հետ շփվելիս կամ նրան լսելիս միշտ հիշեք՝ նա ստում է կամ խաբում կամ ձեւացնում, քանի դեռ անձնական շահ չունի

Հոկտեմբերի 9-ին մայրաքաղաքային գրեթե բոլոր հեռուստալրատվամիջոցները մոտ տասը րոպե տեւողությամբ փառաբանության հանդես կազմակերպեցին Սյունիքի մարզպետի պաշտոնավարման տարելիցի առիթով (տեղին չէ տարեդարձ բառի գործածումը):


Մոտ քսան լրագրող դեռեւս հոկտեմբերի 6-ին էին մարզպետի խնդրանքով ժամանել Կապան:


Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ տղան հերթական անգամ աչքի ընկավ խոստումների առատությամբ եւ աճպարարության բացառիկ կատարումներով, որոնց, անշուշտ, կանդրադառնանք առանձին հրապարակումով:


Մինչ այդ, սակայն, հիշեցնենք, որ մեկ տարի առաջ եւ ամբողջ տարվա ընթացքում նույնպես անթիվ-անհամար խոստումներ էր տվել մարզպետը, որոնք, ավաղ, մնացին թղթի վրա:


Ս.թ. սեպտեմբերի 4-ին, հանրապետությունում գործող օրենքների համաձայն, փորձել ենք պաշտոնական հարցման միջոցով ճշտել, թե խոստումներից որ մեկն է կատարել կամ չկատարել:


Մարզպետը, ստրուկին հարիր վախկոտությամբ եւ զգուշավորությամբ, հրաժարվել է պատասխանել հարցերին:


Իսկ մենք, հարցմանը զուգահեռ, իրականացրել ենք սեփական հետաքննություն՝ ճշտելու՝ արդյո՞ք կատարել է իր խոստումները: Եվ հանգել ենք ստույգ եզրակացության՝ Վահե անուն մարզպետն անցած մեկ տարում բազմաթիվ անգամ ստել եւ խաբել է սյունեցիներին:


Նրա նոր խոստումներին ու նոր ծրագրերին ծանոթացնելուց առաջ վերստին ներկայացնում ենք սեպտեմբերի 4-ի հարցման համառոտ տեքստը՝ անցած մեկ տարում տված եւ անկատար թողած խոստումների առնչությամբ:  
                                                  
                                                        ***
Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջները՝ խնդրում ենք «Սյունյաց երկիր» թերթին տրամադրել տեղեկություններ ներքոհիշյալ հարցերի վերաբերյալ:


1. Ջրամատակարարման խնդիր ունեցող ո՞ր համայնքներում եւ ի՞նչ խնդիրներ եք լուծել (այդ մասին ասել եք ԱԺ ընտրությունների առիթով հնչեցրած ելույթներում):


2. Ո՞ր համայնքներում եւ որքա՞ն այգիներ եք հիմնել (այդ մասին ասել եք ԱԺ ընտրությունների առիթով հնչեցրած ելույթներում):


3. Ի՞նչ նոր արտադրամասեր եւ որքա՞ն աշխատատեղ եք հիմնել (ստեղծել) մարզում (այդ մասին նույնպես ասել եք ԱԺ ընտրությունների առիթով հնչեցրած ելույթներում):


4. Խոստացել էիք (դարձյալ ընտրություների ժամանակ), որ մարզում գործազրկության ցուցանիշը հասցվելու է նվազագույնի: Ըստ պաշտոնական վիճակագրության եւ ըստ կոնկրետ հասցեների՝ ի՞նչ արդյունքների եք հասել այդ ուղղությամբ:


5. Վերը հիշատակված ելույթներում խոստացել էիք բարեփոխումներ իրականացնել բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Ի՞նչ արդյունքների եք հասել այդ ասպարեզում (կոնկրետ փաստերով):


6. 2016թ. հոկտեմբերից Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելուն զուգահեռ ուրիշ ի՞նչ պաշտոններ եք վարում (նկատի ունենք վճարովի պաշտոններ):


7. 2014-ին Սյունիք այցելելուց հետո հանրությանը ներկայացել եք կենսագրության երկու տարբերակով՝ ինչ-որ տեղ իրարամերժ: Ո՞ր մի տարբերակը հիմք ընդունենք, ո՞ր մի Վահե Հակոբյանն եք Դուք:


8. ՀՀ վարչապետի սյունիքյան առաջին այցի ժամանակ (4 նոյեմբերի 2016թ.) հայտարարեցիք, որ արդեն մշակվել է Սյունիքի զարգացման ռազմավարությունը, որը միտված է մարզում կյանքի նոր որակ ապահովելուն:


Ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ այդ փաստաթղթին եւ ի՞նչ փոփոխություններ եք մտցրել սյունեցիների կյանքի որակի մեջ:


9. Վարչապետի նույն այցի ժամանակ հայտարարեցիք, որ առաջիկայում մարզի հինգ քաղաքում ստեղծվելու են վթարավերականգնողական նոր ծառայություններ, որոնք կապահովեն նոր աշխատատեղեր: Արդյո՞ք ստեղծվել են այդ ծառայությունները եւ քանի՞ աշխատատեղ է ստեղծվել դրանց արդյունքում:


10. Վարչապետի նույն այցի ժամանակ հավաստիացրիք՝ «աշխատանքներ են տարվում
Կապանում ռետինե նյութերի վերամշակման եւ խողովակների արտադրության երկու գործարան հիմնելու համար, որոնք եւս կապահովեն մի քանի տասնյակ աշխատատեղեր»: Որքանո՞վ իրականություն դարձավ այդ խոստումը:


11. Վարչապետի նույն այցի ժամանակ հայտարարեցիք, որ մեկնարկել է «Ես ծնվել եմ Սյունիքում» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել արտերկրում՝ տարբեր ոլորտներում հաջողությունների հասած սյունեցիներին հարազատ մարզում ծրագրեր իրականացնելու հարցում: Կարո՞ղ եք կոնկրետ փաստերով ներկայացնել այդ ծրագրի կատարման ընթացքը:


12. Դուք հայտարարեցիք նույն հանդիպման ժամանակ, որ իրանական կողմի հետ ակտիվ բանակցություններ են տարվում մսամթերքի եւ վերամշակված բրդի արտահանման ուղղությամբ:
Ի՞նչ ունեցանք արդյունքում. մարզի գյուղերում հիմա էլ, ինչպես նախորդ տարիներին, ոչխարաբուծությամբ զբաղվողները վառում են բուրդը, քանի որ իրացման խնդիրը չի լուծվել:


13. Հուլիսի 21-ին՝ Կապանում ակնաբուժական կենտրոնի բացման ժամանակ, հայտարարեցիք՝ «Կարող եմ հիշեցնել նախագծի արժեքը, դա մոտ 12 մլն դոլար է»:


«Լույս հայի աչքին» ծրագրի պատասխանատուներից մեկն էլ հակադարձեց՝ մեկ կենտրոնի նախագծային արժեքը (առաջիկա հինգ տարվա ծախսերը ներառյալ) 1 մլն դոլար է: Ուզում ենք իմանալ՝ Դուք վրիպե՞լ եք, թե՞ ստել:


14. Ներքին Խնձորեսկի բնակիչ Լուսինե Սարգսյանին՝ ընտրությունների ժամանակ Ձեր օգտին ձայներ հավաքելու դիմաց խոստացել էիք բնակարան գնել եւ միանվագ նպաստ նշանակել:

40 ձայնի դիմաց Դուք դեռ չեք կատարել խոստումներից եւ ոչ մեկը:


Ե՞րբ եք պատրաստվում տիկնոջը վճարել հավաքած ձայների դիմաց:


15. Մարզի բազմաթիվ բնակավայրերից, կազմակերպություններից շարունակում ենք գանգատներ ստանալ առ այն, որ ապրիլի 2-ի ընտրությունների առիթով, Ձեր օգտին քվեարկելու դիմաց, կոնկրետ խոստումներ եք տվել, բայց եւ չեք կատարել: Եվ որպեսզի մեր պատկերացումը միակողմանի չլինի, որպեսզի չմիանանք Ձեզ ստախոսության մեջ մեղադրողների շարքերին, խնդրում ենք ըստ մարզի բնակավայրերի եւ կազմակերպությունների ներկայացնել Ձեր նախընտրական խոստումները եւ դրանցից յուրաքանչյուրի ուղղությամբ կատարվածը:

Նախապես շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար:


Հ.Գ.
Եթե մարզպետը չի կատարել վերոգրյալ խոստումները, եթե մոռացել է տված խոստումները, եթե ուժ չի գտնում իր մեջ ասելու՝ ինչո՞ւ է խաբել մարդկանց, ապա ողջամիտ հարց է ծագում՝ կա՞ երաշխիք, որ հոկտեմբերի 9-ին աշխարհով մեկ սփռված նոր խոստումները կկատարվեն (մանավանդ որ այդ խոստումները կապ չունեն մարզպետի պաշտոնական գործառույթների հետ):

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: