10.18.2017
USD-481.35   EUR-565.97   RUB-8.4  

Վարդան Քոչարյան. «Այսօր պիտի մտածել սերնդափոխության մասին»

Վարդան Քոչարյան. «Այսօր պիտի մտածել սերնդափոխության մասին»

Առանը լրատվամիջոցներում քննարկվող հրատապ թեմաներից ուսումնական հաստատություններն առաջին կուրսեցիներով համալրելու խնդիրն էր: «Սյունյաց երկիրն» էլ անդրադարձավ մարզի ե՛ւ բուհերում, ե՛ւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացված ընդունելության գործընթացին: Այս անգամ որոշեցինք ներկայացնել Կապանի արվեստի պետական քոլեջի ընդունելության քննությունների արդյունքները:

Կրթօջախը նոր ուսումնական տարին սկսել է 104 սովորողով: Նոր ընդունվածները 34-ն են, երեքով քիչ, քան նախորդ տարի, այնուամենայնիվ ցուցանիշը դրական են համարում: Ըստ մասնագիտությունների՝ առաջին կուրսեցիների թիվը հետեւյալ պատկերն է ներկայացնում. լարային գործիքների բաժնում երեք հոգի է ընդունվել, երեքն էլ ջութակի դասարան, մեկը՝ Սիսիանից: «Եթե նախորդ տարիներին փնտրում էինք մեկին, ով պիտի ջութակի դասարանում սովորեր, այս տարի երեքն ունեցանք», - ասում է կրթօջախի տնօրեն Վարդան Քոչարյանը: «Ժողգործիքների» բաժնում՝ երկու, «Դերասանական արվեստ»՝ երկու, «Երգեցողություն»՝ երեք եւ «Գեղանկարչություն»՝ երեք: Պարարվեստի բաժնում նոր ընդունվածները չորսն են, երգչախմբավարությունում՝ երկուսը: Համեմատաբար շատ են «Դիզայն» մասնագիտության գծով ընդունվածները՝ 12: Իսկ «Երաժշտության տեսություն» եւ «Էստրադային արվեստ» մասնագիտությունների գծով, ահա, քանի տարի է՝ դիմորդ չի լինում:

Դիմորդների աշխարհագրությունն ընդգրկում է ողջ մարզը՝ Կապանից, Սիսիան, Գորիս, Մեղրի, Ագարակ, Քաջարան քաղաքներ, նաեւ գյուղական համայնքներ՝ Շինուհայր եւ այլն:

Տնօրենին մտահոգում է փաստը, որ դաշնամուրի բաժնում ընդամենը երկու հոգի է սովորում: Եվ դա այն դեպքում, երբ մարզի երաժշտական ու արվեստի դպրոցներում սովորողների մի ստվար մասը դաշնամուրի բաժնում են սովորում: Բայց նաեւ այլ կարծիք ունի. «Այնպես էլ չէ, որ երաժշտական դպրոցներում սովորող բոլոր երեխաները պիտի դիմեն արվեստի քոլեջ, նայած ծնողներն ինչի համար են իրենց երեխաներին տանում երաժշտական դպրոց: Ընդհանուր պատրաստվածությա՞ն, թե՞ հետագայում շարունակելու ուսումը երաժշտական մասնագիտական կրթություն ստանալու համար»:

Վարդան Քոչարյանի փոխանցմամբ՝ 34 ընդունվածից վեցը պիտի սովորեր վճարովի համակարգով: Ինքը խնդրանքով դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, ով էլ ընդառաջել է խնդրանքին, եւ վեցն էլ փոխադրվել է անվճար ուսուցման համակարգ: Այս պահի դրությամբ 34 առաջին կուրսեցի անվճար համակարգում են սովորում: 2016-2017 ուստարվա շրջանավարտներից երեքն ընդունվել է ուսումնական բարձրագույն հաստատություն, երկուսը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Մերի Պետրոսյան (դաշնամուր), Լիա Գրիգորյան (ֆլեյտա), Իսկ Մանե Արզումանյանը՝ գեղարվեստի պետական ակադեմիա:

Կրթօջախի սովորողները նախորդ ուստարում հաջողություններ են գրանցել մրցույթ- փառատոներում (այդ թվում՝ միջազգային): Եվ մտադիր են նոր ուստարում եւս շարունակել լավագույն ավանդույթները, մասնավորապես 2016 թվականի դեկտեմբերին գեղանկարչության, դեկորատիվ եւ կիրառական արվեստի «Նոր ձեռքեր» հանրապետական առաջին մրցույթում Օքսաննա Քոչարյանը, Արփինե Ավագյանը, Թամարա Հակոբյանն արժանացել են երկրորդ եւ երրորդ մրցանակների, իսկ 2017 թվականի ապրիլին Գյումրիում կայացած «Վերածնունդ» ութերորդ միջազգային մրցույթ-փառատոնում Մհեր Ամիրջանյանը (շվի) եւ Գոհար Մովսիսյանը (քանոն) արժանացել են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ մրցանակների:

Պատեհ առիթ է ներկայացնելու կրթօջախի տնօրեն Վարդան Քոչարյանին: Ծնվել է Քաջարանում, միջնակարգ կրթություն ստացել Կապանի N2 միջնակարգ դպրոցում, երաժշտական սկզբնական կրթություն՝ N1 դպրոցում: 1982-ին ընդունվել է Կապանի երաժշտական ուսումնարան (ժողովրդական նվագարանների բաժին), սիրով է թվարկում իրեն դասվանդած մանկավարժների անունները՝ Հայկ Ավագյան, Անահիտ Բաղդասարյան, Մարիցա Պետրոսյան, բարձր կուրսերում դասավանդել է երջանկահիշատակ Գառնիկ Խաչատրյանը (թառի դասարան): Խոստովանում է. «Երաժշտության նկատմամբ սերն իմ մեջ Գառնիկ Խաչատրյանն  արթնացրեց, որ որոշեցի ուսումս շարունակել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (Հովհաննես Դարբինյանի թառի դասարանը)»: 1994-ին վերադարձել է հայրենի քաղաք, 1996-ին՝ նշանակվել N2 երաժշտական դպրոցի տնօրեն, կրթօջախը ղեկավարել է մինչեւ վերջերս: «Շնորհալի սաներ շատ եմ ունեցել, մի մասն ավարտել է Կապանի երաժշտական ուսումնարանը, հետո՝ կոնսերվատորիան», - վերհիշում է անցած տարիները:

Ժողովրդական նվագարանների հանդեպ հետաքրքրությունը նվազե՞լ է, ի՞նչ կարծիք ունի Վարդան Քոչարյանը. «Նման երեւույթ նկատվեց 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին, երբ հանրապետությունում մշակութային վակուում էր, բայց հետո բավականին երիտասարդ կատարողներ ի հայտ եկան, հեռուստատեսությունում («Շանթ») հետաքրքրական նախագծեր իրականացվեցին, ինչպես, ասենք, «Ժողովրդական նվագարան» եւ այլն: 2006 թվականից հանրապետության կառավարության որոշմամբ՝ ազգային նվագարանների ուսուցումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, եւ դա որոշակիորեն շտկել է իրավիճակը: Իհարկե, չի կարելի ասել, որ քամանչայի, թառի, ուդի դասարաններ դիմողներ կան, երեւույթը նկատվում է ամեն տարի: Այս տարի մեր քոլեջի ժողգործիքների բաժին ընդունվել է մեկ շվիահար, մեկ դհոլահար: Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է»:

Կրթօջախի հիմնախնդիրներից տնօրենն առանձնացրեց մասնաշենքի ջեռուցումը եւ երաժշտական գործիքների պահպանումը, ընդ որում՝ այս երկուսը սերտորեն շաղկապված են իրար. «Արվեստի քոլեջի երգեհոնը մատների վրա կարելի է հաշվել հանրապետությունում, որ հատուկ ուշադրության անհրաժեշտություն ունի, ջերմության կարիք ունի: Ձմռանը սենյակները ջեռուցում ենք վառարաններով եւ էլեկտրական սալիկներով: Եթե դասասենյակում դաշնամուր եւ ռոյալ կա, այդտեղ վառարան վառելս ո՞րն է, իսկ էլեկտարական սալիկով չես կարող այդքանը տաքացնել: Ե՛վ խնայողության մասին ես մտածում, ե՛ւ ուզում ես, որ մարդիկ չմրսեն: Օրախնդիր է նաեւ քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճի նորոգումը, որ դեռեւս հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին տուժել էր հրետակոծությունից: Դահլիճն իր հրաշալի ակուստիկայով զարմացրել է մայրաքաղաքից, այլ վայրերից ժամանած երաժիշտներին, բայց այժմ նորոգման խիստ կարիք ունի…»:

Իսկ ինչպիսի՞ն է արվեստի պետական քոլեջի՝ երաժշտական գործիքներով ապահովվածությունը. «Երաժշտական գործիքներով ապահովված ենք բավարար չափով, փողային որոշ գործիքների կարիք կա, նաեւ ժողովրդական նվագարանների: Խոսքը բարձրորակ գործիքների մասին է, երբ կրթական մակարդակը բարձրանում է, լավ գործիք ունենալու պահանջն էլ է ավելանում, հնչյունի արտաբերման որակն էլ պիտի բարձր լինի: Այնպես չէ, որ ինչ-որ տեղ ընկած գործիք լինի, վերցնես ու նվագես»:

Կրթօջախը փորձում է մասնակցել Կապանում մշակութային կյանքի ձեւավորմանը, մանավանդ տարիներ ի վեր հետեւողական առաջ է տարել դասական երաժշտություն պրոպագանդելու իր առաքելությունը:

Այսօրվա դրությամբ ինչպիսի՞նն է վիճակը. «Մշտապես միջոցառումներ անցկացվում են քոլեջի դահլիճում, որը նաեւ տրամադրում ենք դրսեկ արվեսագետներին: Մի անգամ մայրաքաղաքից զանգահարեցին, թե ուզում են մեր դահլիճում երգեհոնային համերգային ծրագրով հանդես գալ, բայց խոսքը գործի չվերածվեց: Ինչեւէ, մենք պատրաստ ենք այդ հարցում բոլորին ընդառաջել»:

Երբ ստանձնում էր քոլեջի տնօրենի պաշտոնը, Վարդան Քոչարյանն ասել է, թե իր նպատակը, նախեւառաջ, եղածին մի բան ավելացնելն է: Ի՞նչ է նա ավելացրել եղածին. «Ուսանողների քանակն է ավելացել, որոշակի թարմացվել է կրթօջախի գույքը, ձգտել ենք համեմատաբար օժտված երեխաներ ընդգրկել ուսումնական գործընթացում: Երկու տարին քիչ ժամանակ է որակական շոշափելի փոփոխության հասնելու համար: Կարեւորն այն է, որ եթե ձգտում ու ցանկություն կա, դրական արդյունքները երկար սպասել չեն տա», - համոզմունք հայտնեց զրուցակիցս:

Վերջին հարցս վերաբերում էր արվեստի քոլեջի կադրերով ապահովվածությանը: Վ.Քոչարյանի տեղեկացմամբ՝ կրթօջախը մանկավարժներով համալրված է, առանձին մասնագիտությունների գծով դասավանդում են բարձրագույն ավարտներ, ովքեր տարիների փորձն ու գիտելիքներն են հաղորդում իրենց սաներին. «Բայց չերկնչեք եւ ասենք, որ հեռու չէ այն օրը, երբ սերնդափոխության եւ բարձրագույնավարտ կադրերով համալրելու խնդիր ենք ունենալու, եւ նման անհրաժեշտություն է ծագելու ոչ միայն մեր ուսումնական հաստատությունում, այլեւ մանկական երաժշտական, արվեստի եւ գեղարվեստի դպրոցներում: Այնպես որ՝ հենց այսօր պիտի մտածել սերնդափոխության մասին»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: