12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

Արաքսյա Սարգսյան. «Հուսանք՝ մի օր ըստ արժանվույն կգնահատեն բուժքրոջ կարեւոր մասնագիտության դերը»

Արաքսյա Սարգսյան. «Հուսանք՝ մի օր ըստ արժանվույն կգնահատեն բուժքրոջ կարեւոր մասնագիտության դերը»

Կապանի պետական բժշկական քոլեջը հիմնադրվել է 1960թ. հուլիսին եւ մինչեւ 1961թ. սեպտեմբերի 29-ը գործել որպես Երեւանի բժշկական ուսումնարանի մասնաճյուղ, որից հետո առանձնացվել եւ դարձել է ինքնուրույն ուսումնարան: 1992թ. հոկտեմբերից ուսումնարանը վերակազմակերպվել եւ դարձել է «Կապանի բժշկական ուսումնարան» պետական ՓԲԸ, 2004թ. մայիսի 26-ից վերանվանվել է «Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի: Քոլեջում ուսումնառությունն իրականացվում է միջազգային չափանիշներին, մասնագիտական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով եւ ուսումնամեթոդական անհրաժեշտ փաստաթղթերով:


«Այս պահին քոլեջում սովորում է 112 ուսանող՝ 12 տղա, 100 աղջիկ, 100 ուսանող պետպատվերի շրջանակում, 12 ուսանող՝ վճարովի ուսուցմամբ: Ինչպես գիտեք, ընդունելության կարգի համաձայն, սովորելու հարցում տարիքային սահմանափակում չկա. քոլեջում 26 տարեկանից բարձր ընդամենը 10 ուսանող ունենք, որից 6-ը՝ վճարովի, 4-ը՝ անվճար հիմունքներով է կրթություն ստանում», - այսպես համառոտ ներկայացրեց քոլեջի ընդհանուր պատկերը «Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի նորընտիր տնօրեն Արաքսյա Սարգսյանը, ով օգոստոսի 31-ին անցկացված տնօրենի թափուր տեղի համար մրցույթում հաղթող ճանաչվեց: Նա մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է, 1996թ.-ից աշխատում է այս հաստատությունում, ընդ որում՝ 2002թ.-ից՝ ուսումնական մասի վարիչ, 2006թ.-ից` ուսումնադաստիարակչական գծով աշխատանքների փոխտնօրեն: «Քոլեջի նախկին, երկարամյա տնօրեն Ռոմիկ Սարգսյանին փոխարինեցի՝ նրա՝ Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն նշանակվելու պատճառով, եւ մինչեւ սահմանված կարգով մրցույթի անցկացումը վարեցի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները», - տեղեկացրեց Ա.Սարգսյանը:


Ինչպես գիտենք, մրցույթներում թեկնածուները պարտավոր են ներկայացնել զարգացման ծրագրեր, եւ Ա.Սարգսյանից տեղեկացանք, թե որն էր իր ծրագրի այսպես կոչված մեխը. «Զարգացման ծրագիրս կազմելիս հենվել եմ այն բոլոր ռիսկերի, վտանգների վրա, որոնք այս տարիներին դժվարացրել են մեր հաստատության գործունեությունը: Օգտվելով մարզի ռազմավարական, համայնքի զարգացման եւ ԿԳ նախարարության կողմից մշակված  բարեփոխումների  ծրագրերից՝ կազմել եմ այն, ըստ որի՝ Կապանի պետական բժշկական քոլեջը մինչեւ 2022թ. կապահովի եւ կշարունակի իր կանոնադրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում որակյալ կրթության մատուցումը շահառու կողմերին՝ ապահովելով կրթության որակի արտաքին եւ ներքին գնահատման չափանիշները՝ որակի կառավարման ներքին համակարգի ձեւավորման եւ մասնագիտական կրթության որակի ապահովման համար սահմանված չափորոշիչների պահանջները կատարելու միջոցով»:


2017-18 ուստարում իրականացրել են 4 մասնագիտության գծով ընդունելություն, այն է՝ «Քույրական գործ» (ուսման տեւողությունը՝ միջն. կրթ.՝ 3, հիմն. կրթ.՝ 4 տարի), «Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ» եւ «Բուժական կոսմետոլոգիա» (վերջին երեք մասնագիտության համար ուսման տեւողությունը՝ միջն. կրթ.՝ 2, հիմն. կրթ.՝ 3 տարի): «Մեր առաքելությունն է ապահովել հասարակության եւ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստումը: Այսօր աշխատաշուկայում, իսկապես, միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետների կարիք կա: Նախկինում 6 մասնագիտության գծով էինք իրականացնում ընդունելությունը, բայց վերջին տարիների աշխատաշուկայի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երկու մասնագիտության գծով՝ «Մանկաբարձական գործ» եւ «Բուժական մերսում», հետընթաց կա, ինչի հետեւանքով դրանց գծով դիմորդների թիվը պակասել է: Այդ է պատճառը, որ այս ուստարում ընդամենը չորս մասնագիտության համար հայտ ներկայացրինք», - նշեց տնօրենը՝ հավելելով, որ ընթացիկ ուստարում քոլեջին 42 անվճար տեղ է հատկացվել՝ նախկին 32-ի փոխարեն, եւ բոլոր տեղերն էլ համալրվել են: Արդյունքում՝ այս տարի քոլեջ ընդունված բոլոր դիմորդներն էլ սովորում են անվճար հիմունքներով:


«Քանի որ մեր ուսումնական հաստատությունը ոլորտային մասնագիտություններ է ուսուցանում, ուստի ընդունելությունն իրականացվում է «Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելով: Կարծում եմ՝ սա երբեմն դպրոցի շրջանավարտին որոշ առումով սահմանափակում է, մասնագիտություն ընտրելիս երկընտրանքի առաջ կանգնեցնում: Բայց դժգոհ չենք ընդունելությունից, իհարկե, ցանկալի կլիներ շատ ավելի մեծ թվով դիմորդներ ունենալ: Ինչպես նախկինում, այս ուստարում եւս գերակշռում է «Քույրական գործ» մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը», - նշեց տիկին Սարգսյանը:


Քոլեջում բոլոր մասնագիտությունների գծով առկա ուսուցմամբ ե՛ւ անվճար, ե՛ւ վճարովի հիմունքներով է իրականացվում ընդունելությունը. իսկ «Դեղագործություն» բաժնում՝ նաեւ հեռակա ուսուցմամբ, բայց միայն վճարովի հիմունքով:


Ընդամենը 12 վճարովի հիմունքով սովորող կա ուսումնական հաստատությունում, բնականաբար, համար առաջին խնդիրը ֆինանսական բնույթի է, քանի որ այդ չնչին գումարներով հնարավոր չէ նորմալ արտաբյուջե ձեւավորել: Տնօրենը ցավով է արձանագրում, որ թե՛ մարզի, թե՛ համայնքի զարգացման ծրագրերում ներառված չէ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կետը: «Դա մեծ գումար չէ, բայց նաեւ պիտի հասկանան, որ տարածաշրջանում շատ չեն միջին մասնագիտական, հատկապես ոլորտային մասնագիտության ուսուցմամբ հաստատությունները, ուստի նրանց հանդեպ նույնպես առանձնակի ուշադրություն է հարկավոր ցուցաբերել, զարգացման ծրագրերում ներառել նրանց վիճակը բարելավող կետեր», - իր մտահոգությունը հայտնեց Ա.Սարգսյանը:


Համապատասխան կարգի համաձայն՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտած շրջանավարտն իրավունք ունի շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ իր մասնագիտությանը համապատասխան բաժնում` հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում: Բայց խոսքը չի վերաբերում Երեւանի պետական բժշկական համալսարանին, քանի որ այնտեղ ընդունվելու համար քոլեջի շրջանավարտը պետք է հանձնի միասնական քննություն, բայց լրացուցիչ փուլով: Տնօրենը ոգեւորությամբ է նշում հատկապես այն շրջանավարտների անունները, ովքեր սովորում են Երեւանի պետական բժշկական համալսարանում՝ Անիկ Պատվականյան, Սեդա Ղազարյան, Աննա Հարությունյան: Շրջանավարտներն իրենց հետագա, արդեն բարձրագույն կրթությունը շարունակում են ստանալ նաեւ Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական, Գորիսի պետական համալսարանների համապատասխան բաժիններում:


Զարգացման ծրագիրը կազմելիս, հաշվի առնելով դիմորդների սակավությունը, հենվելով դրանից բխող հնարավոր ռիսկերի վրա՝ մշակել են հետեւյալ կետերը՝ աշակերտների մասնագիտական կողմնորոշման աշխատանքները հնարավորինս ուժեղացնել, սերտ կապեր հաստատել հանրակրթական դպրոցների հետ, ստեղծել կարիերայի խորհուրդ, բաց դասեր կազմակերպել եւ այլն: Տնօրենի կարծիքով՝ իրենք թերանում են նաեւ բնակչության շրջանում իրազեկվածության համապատասխան աշխատանքներ կազմակերպելիս, ուստի պետք է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները քոլեջը, նրա գործունեությունն ու հնարավորությունները լուսաբանելու համար:


Շենքով եւ համապատասխան կաբինետներով շրջելիս ականատես եղանք հնամաշ գույքի, որ թարմացնելու խիստ կարիք ունի: Ճիշտ է, դա չի խանգարում պատշաճ մակարդակով դասընթաց կազմակերպելուն, բայց խորհրդային շրջանից մնացած պաստառները, ուսանողական գույքն այնքան էլ ոգեւորիչ տպավորություն չեն թողնում: «Մեր ֆինանսական միջոցներով հնարավոր չէ լուրջ վերանորոգման, թարմացման աշխատանքներ իրականացնել, ինչ-որ կազմակերպությունների կատարածի համար էլ, իհարկե, գոհ ու շնորհակալ ենք, բայց այդ փոքրիկ միջոցներով հնարավոր չէ լուրջ փոփոխություններ իրականացնել: Մեր տարածաշրջանում կան խոշոր կազմակերպություններ, որոնք կարող են աջակցել ուսումնական հաստատություններին բարեկարգման համար, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա ուսանողների թվի ավելացման համար: Միշտ լավատես ենք, հուսանք, մի օր ըստ արժանվույն կգնահատեն այս կարեւոր մասնագիտության դերը», - նշեց տնօրենը՝ հավելելով, որ Համաշխարհային բանկի միջոցներով «Ընտանեկան բուժքույրության» ամբիոն ստեղծեցին: Այն համալրվել է նորագույն սարքավորումներով, մուլյաժներով, ինչը բավարարում է լիարժեք ուսուցում կազմակերպելու համար: Երկու տարի առաջ քոլեջի դասախոսներից Մերի Ոսկանյանը Վրաստանում մասնակցեց դասընթացի, եւ լավագույն արդյունք ցուցաբերելու համար քոլեջին նվիրեցին նոր մուլյաժներ: Ժամանակին «Դանդի փրիշս մեթալս» ընկերությունը (տնօրեն՝ Հրաչ Ջաբրայան) քոլեջին տրամադրեց 10 համակարգիչ:


Կապանի պետական բժշկական քոլեջը համալրված է դասախոսներով, անհրաժեշտ կադրերով, ովքեր ունեն համապատասխան որակավորում, գիտելիքներ, փորձ՝ լիարժեք եւ արդյունավետ կրթություն կազմակերպելու համար: «Տարիների ընթացքում, օպտիմալացման շրջանակներում, այնքան հաստիքներ ենք կրճատել, որ այսօր կրճատման տեղ չունենք: Տարիֆիկացիայով բաշխված ժամաքանակով աշխատում են մեր դասախոսները, իհարկե թերբեռնված դասախոսներ էլ ունենք, ինչը պայմանավորված է ուսանողների թվի պակասով», - նշեց տնօրենը: Դասախոսները պարբերաբար անցնում են անհրաժեշտ վերապատրաստման դասընթացներ՝ ծանոթանալով կրթական չափորոշիչների, ուսումնական ծրագրերի փոփոխություններին: Պրակտիկաներ անցկացնելու հարցում եւս խնդիր չունեն, քանի որ, նախապես կնքված պայմանագրերի համաձայն, համապատասխան կազմակերպություններում հնարավորություն ունեն տեսական գիտելիքները վերածել գործնականի:


Ինչ վերաբերում է քոլեջի շրջանավարտների աշխատանքային զբաղվածությանը, ապա, տնօրենի տեղեկացմամբ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանց մոտ 25 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ: «Ամեն տարի անցկացնում ենք համապատասխան վերլուծություն, օրինակ՝ 2016-17 ուստարվա դեղագործություն բաժնի 14 շրջանավարտից 10 հոգի աշխատում է, որից 4-ը՝ իր մասնագիտությամբ: Տարվա վերջին նմանատիպ եւս մեկ ուսումնասիրություն կանցկացնենք՝ պատկերը «թարմացնելու» համար», - նշեց Ա.Սարգսյանը:


«Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտությամբ «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության պատվերով երկու անգամ անց են կացրել կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, նախատեսել են հիվանդների, տարիքային տարբեր խմբի անձանց համար խնամակալի կադրեր պատրաստելու ծրագիր կազմել: «Առաջիկայում, երբ անցնենք մոդուլային համակարգով ուսուցման, կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների թիվը հնարավոր կլինի ավելացնել», - նշեց տնօրենը:


Հետագա անելիքներից խոսելիս տնօրենը նշեց, որ, որպես միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն, հետագայում միգուցե նոր մասնագիտություններ ներդնեն՝ աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելով: «Ժամանակին «Լաբորատոր ախտորոշում» մասնագիտության գծով բաժին բացեցինք, բայց ոչ մի դիմորդ չունեցանք, չգիտեմ՝ պատճառը իրազեկվածության պակա՞սն էր, թե՞ դրա ընձեռած աշխատանքային հնարավորությունները լիարժեք չպատկերացնելը»:


Ուսումնական գործընթացին առնչվող բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կարգավորվում են, դե իսկ շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ են ավելի մեծ ներդրումներ: Ինչպես արդեն նշեցինք, հնամաշ գույքը, խորհրդային ժամանակաշրջանը հիշեցնող լսարանների, միջանցքների կահավորումը դժվար թե այսօրվա երիտասարդի համար ակնահաճո լինեն, ուստի ակնկալում ենք, որ մոտ ապագայում միջին եւ նախնական մասնագիտական կրթություն իրականացնող,  վերանորոգման կարիք ունեցող հաստատությունների վրա ավելի մեծ ուշադրություն կդարձնեն, մանավանդ 12-ամյա կրթության պարտադիր դառնալու պայմաններում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: