11/15/2018

Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի նախընտրական շտաբի քարոզխոսքը նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրության կապակցությամբ

Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի նախընտրական շտաբի քարոզխոսքը նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրության կապակցությամբ

Հարությունյան Սամվել Վաղարշակի
(կենսագրություն)


Ծնվել է 1954թ. մարտի 6-ին Գորիս քաղաքում, տոհմիկ գորիսեցի բրուտագործների գերդաստանի վաստակաշատ Վաղարշակ եւ Մանիկ Հարությունյանների ընտանիքում: Թոռն է վրիժառու բազուկ, Հայրենական մեծ պատերազմի նահատակ Վաղարշակ Ղարիբյանի, ով 1922թվականին շանսատակ է արել Զանգեզուրի գավառի բոլշեւիկյան հեղկոմի թուրք անդամ, հայ կանանց պատուհաս Օջախկուլի Մուսաեւին:
1971թ. ավարտել Է Գորիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1972թ. ընդունվել եւ 1976թ. ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետի պատմության եւ հասարակագիտության բաժինը, եղել է ուսման գերազանցիկ, անվանական կրթաթոշակառու, ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության եւ հանրակացարանի ուսանողական խորհրդի նախագահ, հաղթել է ուսանողական գիտական աշխատանքների մրցույթի հանրապետական փուլում:
1965-1970թթ. ամառային ամիսներին որպես բանվոր աշխատել է Գորիսի «Ավանգարդ» սովխոզում:
1971թ. օգոստոսից որպես բանվոր աշխատել է Գորիսի «Միկրոշարժիչ» գործարանում:
1976-1989թթ. կազմակերպական, կուսակցական ղեկավար եւ դասախոսական աշխատանքներ է կատարել Երեւանի մանկավարժական ինստիտուտում: Առավելագույն ջանքեր է գործադրել հազարավոր ուսանողների հայեցի կրթության ու դաստիարակության գործում: Ի պատասխան Ադրբեջանի հակահայ քաղաքականության՝ իր համառ ջանքերով 1988թ. կանխվել է ինստիտուտի ադրբեջանական բաժնի ընդունելությունը, կարճ ժամանակ անց փակվել է այդ բաժինը:
1989թ. մարտից մինչեւ 1990թ. դեկտեմբեր աշխատել է Գորիսի շրջանային մշակույթի բաժնի վարիչ: Այդ ընթացքում հիմնանորոգվել են Գորիսի շրջանի մշակութային օջախների մեծ մասի շենքերը, փոխվել, նորոգվել են նրանց գույքը, տրանսպորտային միջոցները, կազմակերպվել են բազում միջոցառումներ: Այնուհետեւ որպես խորհրդական աշխատել է Գորիսի «Օվսաննա» կոոպերատիվում:
1991թ. մայիսից մինչեւ 1992թ. մայիս եղել է Գորիս քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրեն, պատմության ուսուցիչ: Այդ ընթացում նորոգվել է դպրոցի շենքը, փոխվել տանիքը:
Հակառակ իշխող ՀՀՇ-ական վարչախմբի դիմադրությանը՝ 1992թ. մայիսի 5-ին ավելի քան եռապատիկ ձայնով հաղթել է այդ քաղաքական ուժի ներկայացուցչին, ընտրվել եւ մինչեւ 1994թ. մայիսի 25-ը եղել Գորիսի քաղաքային իշխանության նախագահ: Նրա առաջնորդությամբ գորիսեցիները պատվով դիմակայել են պատերազմական փորձություններին, իր համառ ջանքերով քաղաքային իշխանությունը ստացել է հաստատված բյուջեից ավելի քան կրկնապատիկ ֆինանսական միջոցներ, ինչի շնորհիվ վերացվել են Գորիս քաղաքի հրթիռակոծությունների ծանր հետեւանքները, անխափան գործել են քաղաքի կրթական, առողջապահական, մշակութային, մարզական եւ մյուս հիմնարկները, կատարվել են բարեկարգման, սանիտարական մաքրության, կանաչապատման եւ այլաբնույթ մեծածավալ աշխատանքներ, հիմնանորոգվել են քաղաքային ենթակայության բազմաթիվ շենքեր, շահագործման է հանձնվել Ակ. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մարզաբազայի շենքը, հաստատվել է Գորիս քաղաքի զարգացման նոր գլխավոր հատակագիծը, Երեւանից Գորիս է տեղափոխվել 2500 տոննա մազութ եւ ձմեռային ամիսներին ջեռուցվել են քաղաքի բուժմիավորման, կրթօջախների, մշակութային հիմնարկների, գրադարանների, զինվորական ստորաբաժանումների շենքերի մեծ մասը, Գորիսի բանտը, ասֆալտապատվել են Գորիս գյուղ տանող փողոցը, Սպանդարյան եւ Սաթյան փողոցները, փոսային նորոգումներ են իրականացվել գրեթե բոլոր փողոցներում, ֆրանսիական հնագույն՝ Վիեն քաղաքի հետ կնքվել է բարեկամության եւ համագործակցության համաձայնագիր եւ հաստատվել են բարեկամական հարաբերություններ, «Զանգեզուր» ֆուտբոլային թիմը հաղթել է հանրապետության «Ա» խմբի առաջնությունում եւ առաջին անգամ մտել բարձրագույն խումբ, առաջինից չորրորդ դասարանների աշակերտների բոլոր դասագրքերը տրամադրվել են անվճար, կատարվել են սոցիալական բնույթի ծանրակշիռ աշխատանքներ: Այդ ընթացքում Գորիս քաղաքը հանրապետությունում եղել է օրինակելի:
1998-2000թթ. աշխատել է Գորիսի Ակ.Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ:
2016թ. սեպտեմբերից Գորիսի պետական համալսարանին կից «Սյունիքի նյութական եւ հոգեւոր ժառանգությունը» ծրագրի գիտաշխատող է:
Ս.Հարությունյանը 1988թ. փետրվարից ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը, ապա ազատամարտին, ընտրվել է Գորիսի պաշտպանության խորհրդի անդամ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, մասնակցել է Կոռնիձորի, Խանածախի մարտերին: 2006 թվականին լծվել է հայ կամավորականների համախմբման գործին: 2008-2011թթ. եղել է 18 կուսակցություններ եւ քաղաքական նախաձեռնություններ միավորող Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի անկուսակցական անդամ, որտեղից 2012թ. սկզբներին դուրս է եկել անհաղթահարելի տարաձայնությունների պատճառով: Վերջին շրջանում լծվել է Այունյաց վերազարթոնքի գործին: Անընդհատ ակտիվորեն մասնակցել է Հայաստանի հասարակական քաղաքական կյանքին, եղել պայքարի առաջնագծում: Նրա կյանքի իմաստը, գործունեության շարժիչն անսահման սերն ու անվարան նվիրումն է առ Ազգ-Հայրենիք: Պարտաճանաչ է, անընդհատ առաջնորդվում է պատասխանատվության զգացումով: Ունի բարոյական նկարագիր, անկոտրում կամք, առաջնորդվում է ազգային եւ համամարդկային բարձրագույն գաղափարներով: Նպատակասլաց է եւ վճռական: Հայոց ազգային էությանն ու անկախ պետականությանն անհարիր երեւույթների նկատմամբ շարունակում է դրսեւորել մարտնչող անհարդուժողականություն: Տիրապետում է հռետորական արվեստին, հեղինակ է հրապարակախոսական բնույթի բազմաթիվ հոդվածների: Նրան ամենադրական խոսքերով են բնութագրել տասնյակից ավելի ականավոր հայորդիներ:
1990-ական թվականների առաջին կեսին եղել է ՀՅԴ անդամ: Անցած 20 տարում գերադասել է լինել անկուսակցական:
Ամուսնացած է, ունի դուստր, երեք որդի, երեք թոռ:

                                                                      ***

Ինչ չքնաղ լեզու էր կյորեսերենը:
Չուտեիր եւ չխմեիր, այլ միայն այդ լեզվով խոսեիր կամ լսեիր...
Ակսել Բակունց

Սյունյաց հողը անարատ է,
Չարի սերմը բույն չի դնի, անարմարտ է,
Մարդն արծիվ է, լեռնածին է, հրահատ է,
Հազար հողմեր ձեզ չեն մաշել Սյունյաց սարեր:
Գուսան Աշոտ

Հայաստան եւ ճշմարտություն՝ ահա իմ աստվածությունները:
Հայրենասեր չես, եթե կյանքդ տրված չէ ի սպաս սրանց, որոնցից մեկին ծառայել կարելի է մյուսի միջոցով միայն:
Գարեգին Նժդեհ


Գորիս քաղաքի, Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Որոտան, Բարձրավան, Շուռնուխ գյուղերի վերազարթոնքի ծրագիր


Լեռնահայաստանի երբեմնի մայրաքաղաք Գորիսը Սյունյաց ազգային-ազատագրական պայքարի եւ հոգեւոր-մշակութային կյանքի ոստանն է: Բավարար հիմքեր կան պնդելու, որ հայկազուն Սիսակ Նահապետը, ում անվամբ էլ անվանակոչվել է հայոց մեր աշխարհը, 4400 տարիներ առաջ բնակություն է հաստատել հենց Գորիսում, եւ որի պաշտպանական առաջին ամրոցն էլ եղել է Պղնձաքերծը:
Գորիսը, խոշորացված համայնքում ընդգրկված գյուղերը հայոց հնագույն բնակավայրերից են, անցել են փառավոր ուղի եւ արժանի են խորը հարգանքի:
Գորիս համայնքի ղեկավարը, ավագանին, յուրաքանչյուր պաշտոնյա եւ շարքային քաղաքացի պարտավոր են ստեղծագործական ներշնչանքի ծանրակշիռ հետքեր թողնել ծննդավայրում, հավաքական եւ միասնական Գորիսում:
Համայնքի տերը գորիսեցին է, ծառան՝ նրա ընտրած ղեկավարը, ավագանին:
Գորիսը 2018 թվականին հռչակվելու է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ինչը, անշուշտ, շատ պարտավորեցնող է:
Գորիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելը լրացուցիչ դրական լիցքեր կտա ինձ՝ շարունակելու անմնացորդ եւ անվարան ծառայել համայնքին, Սյունիքին, Մայր Հայաստանին: Առավելագույն ջանքերով ձգտելու եմ սեղմ ժամկետում լուծել Համաշխարային բանկի հատկացրած միլիոնավոր դոլարների ֆինանսական համալրման հարցը, որպեսզի 2018թվականին մեկնարկի եւ հինգ տարում իրականացվի Գորիս քաղաքի փոքր կենտրոնի նախնական տեսքի ամբողջական վերականգնման տասներկու միլիոն դոլարանոց ծրագիրը: Անշուշտ, այդ ծրագրի իրականացմամբ հնարավորություններ կառաջանան հարյուրավոր գորիսեցիների ապահովելու բավարար վարձատրությամբ աշխատանքով:
Գորիսի մշակութային կյանքը ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչմանը համապատասխանեցնելու նպատակով ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ ընդունել հատուկ որոշում, հաստատել համալիր ծրագիր, հատկացնել ֆինանսական ծանրակշիռ միջոցներ, որով հնարավոր լինի սեղմ ժամկետում հիմնանորոգելու Գորիսի մշակութային օջախների, մասնավորապես Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, մշակույթի տան, գրադարանների, պատանի ստեղծագործողների կենտրոնի, Գորիսի պետական համալսարանի երկրորդ մասնաշենքի, պետական, գյուղատնտեսական քոլեջների շենքերը, թարմացնելու թիկնաթոռներն ու մյուս գույքը, հնարավորինս բարեկարգելու քաղաքի զբոսայգիները եւ պուրակները, ներհամայնքային եւ միջհամայնքային ճանապարհները, լավագույնս նախապատրաստելու տոնակատարությունը, նրա շրջանակներում անցկացվելիք միջոցառումները:
Պարտավորվում եմ սեղմ ժամկետում բարեկարգել Գորիսի Մխիթար Սպարապետի հրապարակը, այնտեղ տեղադրել այդ առասպելական հերոսի մոնումենտալ հուշարձանը, այնտեղ եւ այլուր կազմակերպել ու անցկացնել «Սպարապետի օր» ամենամյա տոնահանդես:
Առաջիկա հինգ տարում անընդհատ պետք է բարեկարգվեն Գորիսի, համայնքի բոլոր գյուղերի հրապարակները, ճանապարհները, հանրային նշանակության շենքերը, տարածքները, պատմական հուշարձանները:
Սյունյաց եւ հայոց մեծերի, մասնավորապես Մովսես Խորենացու, Ստեփանոս Օրբելյանի, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթեւացու, Մովսես Տաթեւացու, Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի, Սիմոն Տեր-Մինասյանի, Ակսել Բակունցի, Գուսան Աշոտի, Սերո Խանզադյանի, Համո Սահյանի, Սուրեն Այվազյանի, Աշոտ, Արամ Սաթյանների, Գարեգին Սեւունցի, Տաթեւիկ Սազանդարյանի, Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական ժառանգության իմաստավորումն ու տարածումը մեր առաջնահերթ խնդիրներից են:
Ակսել Բակունցը հայ մեծամեծերից է եւ նրա ժառանգության լայնամասշտաբ տարածումն ու մեր մեծ նահատակի հիշատակի անընդհատ հարգումը համարում եմ կարեւորագույն պարտականություն: Անհրաժեշտ է ուժգնացնել բակունցյան օրերի ազդեցության զարկը:
Գուսան Աշոտը հայոց մեծերից է: Նրա վիթխարի ժառանգությունը ոգեշնչման եւ ստեղծագործական ներշնչանքի վարար աղբյուր է: Ուստի նրա հիշատակը պետք է հարգենք անընդհատ եւ հավուր պատշաճի: Գուսան Աշոտի տուն-թանգարանի հիմնումը, նրա անվամբ համահայկական ամենամյա փառատոն-մրցանակաբաշխությունների անցկացումը հրամայական անհրաժեշտություններն են:
Իմ առաջնահերթություններն են նաեւ.

  • Գորիս խոշորացված համայնքում անվերապահ իրականացնել ՀՀ սահմանադրության, տեղական ինքնակառավարման մասին օրենքի, առհասարակ ՀՀ օրենսդրության եւ ենթաօրենսդրական ակտերի բոլոր պահանջները:
  • Անընդհատ մեծացնել Գորիս խոշորացված համայնքի բյուջեն, ապահովել բյուջեի կատարումը, գտնել ֆինանսական հոսքերի նոր աղբյուրներ:
  • Օրհնվի այն պահը, երբ Սյունիքի մարզպետի պաշտոնը կսկսի վարել Հայկազուն Սյունիների նկարագրին եւ էությանը հավատարիմ սյունեցին, ով իր հաստատակամությամբ ու վճռականությամբ ի զորու կլինի հնարավոր սեղմ ժամկետում երկրամասի ընթացքը համապատասխանեցնել Մովսես Խորենացու, Գարեգին Նժդեհի, մեր այլ փառապանծ նախնիների պատգամներին: Այդպիսի մարզպետի առաջնորդությամբ ձեռնարկվելիք արմատական քայլերի միջոցով Սյունիքի մարզի այսօրվա վայ վերնախավին պետք է փոխարինի մեր փառավոր անցյալին հենված եւ լուսավոր հորիզոնների ձգտող, մարդկային, քաղաքացիական, մտավորական բոլոր անհրաժեշտ որակներով օժտված վառ անհատականությունների ընտրանին: Յուրաքանչյուր ղեկավար պաշտոնյա պետք է ամբողջությամբ համապատասխանի իր կոչմանը:
  • Առավել արժանավոր եւ խորագիտակ անհատականություններից կազմավորել 25-30 հոգուց բաղկացած Գորիսի խորհուրդ, որը խորն ուսումնասիրությունների հիման վրա կկատարի եւ համայնքի ղեկավարին ու ավագանու հաստատմանը կներկայացնի համայնքի, նրանում ընդգրկված բնակավայրերի սոցիալ-տնտեսական թռիչքային զարգացման ու հոգեւոր-մշակութային զարթոնքին միտված համալիր ծրագրեր, երաշխավորություններ:
  • 19-րդ դարից գործող Գորիսի բանտը եղել է ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ-ի ամենադաժան կալանավայրերից մեկը: Ցավոք, այն գործում է ցայսօր: Այնտեղ խորտակվել են հազարավոր մարդկանց ճակատագրեր: Այդ բանտում են 1920 թվականի օգոստոսին կացնահարվել հայոց խորհրդարանի պատգամավորներ Արշակ Շիրինյանն ու Վահան Խորենին: Բանտն ամենաբացասական ազդեցությունն է ունեցել Գորիս քաղաքի, Սյունիքի հոգեբարոյական մթնոլորտի վրա, մեծապես նպաստել թմրամոլության տարածմանը, քրեածին միջավայրի ընդլայնմանը:

Տողերիս հեղինակը Գորիսի քաղաքային իշխանության նախագահի պաշտոնավարման ընթացքում 1993թ. այցելելով Գորիսի բանտ եւ ուսումնասիրելով այնտեղ առկա վիճակը, ՀՀ իշխանություններից պահանջել է անհապաղ փակել չարիքի այդ բույնը: Ցավոք Գորիսի բանտը գործում է մինչ այսօր:
Հրամայական եւ հրատապ անհրաժեշտություն է՝ ՀՀ կառավարության որոշմամբ եւ ժողովրդի ակտիվ մասնակցությամբ չարիքի մարմնացում հանդիսացող հայկական Բաստիլի՝ Գորիսի բանտի հիմնահատակ կործանումը: Անշուշտ, այդ իրադարձությունը դրականորեն կցնցի հանրային գիտակցությունը եւ մարդկանց կմղի մեծագործությունների: Գորիս քաղաքի փոքր կենտրոնի հարեւանությամբ գտնվող բանտի մոտ 12.000քմ ազատագրված տարածքում, ինչպես Բաստիլի բերդի պարագայում, ճիշտ կլինի մարդկային հոծ զանգվածների, հատկապես երիտասարդության կամավոր մասնակցությամբ հիմնել Սյունյաց մեծ նախնիների անվան պուրակ, այնտեղ տնկել եւ հայոց հավերժության վկաներ դարձնել Սիսակ Նահապետի, Անդովկ, Բաբիկ, Բակուր, Վասակ, Ձագիկ իշխանների, Սյունիքի թագավորների, Ստեփանոս Օրբելյանի, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթեւացու, Մովսես Տաթեւացու, Շմավոն Անգեղակոթցու, Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի, Նիկողայոս Ադոնցի, Մելիք Հայկազնի, Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Թորոս իշխանի, տեր Ավետիսի, Մելիք Բարխուդարի, Մանուչար Բեկ Մելիք-Հյուսեինյանի, Առաքել Ծատուրյանի, Զորավար Անդրանիկի, գնդապետ Արսեն Շահմազյանի, Գարեգին Նժդեհի, գնդապետ Հովհաննես Պարոնյանի (Յապոն), կապիտան Պողոս Տեր-Դավթյանի, կապիտան Խաչատուր Մալինցյանի, Սիմոն Տեր-Մինասյանի, Ակսել Բակունցի, Գուսան Աշոտի, Արամ եւ Աշոտ Սաթյանների, Համո Սահյանի, Սերո Խանզադյանի, Սուրեն Այվազյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Կոնստանտին Օրբելյանի, Սուրեն Թովմասյանի, Գրիգոր Արզումանյանի եւ այլ երեւելիների անուններով գեղաշուք ու երկարակյաց սոսիներ:
Անշուշտ, այդ պուրակն անմիջապես դառնալու է Աստծո լավագույն պարգեւի՝ սիրո, հայոց ոգեկոչման եւ ստեղծագործական ներշնչանքի կարեւորագույն կենտրոն, ուր կկազմակերպվեն ազգօգուտ բազում միջոցառումներ:
Գորիսի կործանված բանտի տարածքում հիմնվելիք Սյունյաց մեծ նախնիների անվան պուրակը վարակիչ ազդեցություն է ունենալու Սյունիքի, Հայաստանի մյուս քաղաքների, գյուղերի բնակիչների շրջանում, որոնք նույնպես կենթարկվեն իրենց բնակության վայրերում նման պուրակներ հիմնելու հրամայականին: Այդպիսի ստեղծագործ վերաբերմունքով գալիք սերունդները կստանան կարեւորագույն եւ մնայուն ժառանգություն:

  • Սյունյաց զարթոնքին ու բարգավաճմանը մեծապես կնպաստի մարզում տնտեսական եւ սոցիալական առկա վիճակի արմատական բարեփոխումը: Անշուշտ, Սյունիքն այսօր էլ իր տնտեսական առկա կարողություններով, հատկապես Քաջարանի, Ագարակի, Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատների, Որոտանի հիդրոէլեկտրայանների կասկադի, այլ հիդրոէլեկտրակայանների առկայությամբ Հայաստանի տնտեսական առաջատարն է, որոնցից ստացված եկամուտների չնչին մասն է օգտագործվում մեր երկրամասում:


Բարեբախտաբար, Սյունիքն ունի տնտեսական կարողության բազմապատիկ ավելի պոտենցիալ: Ամոթալի է, որ մարզում նույնիսկ պղինձ չի ձուլվում, երբ մեր նախնիներն այն հաջողությամբ իրականացնում էին հազարամյակներ առաջ: Հարյուր հազարավոր տոննաներ կազմող թեկուզեւ հարստացված հանքանյութը պատրաստի վերջնական արտադրանք ստանալու նպատակով, բեռնատար ավտոմեքենաներով, գնացքներով ու լաստանավերով փոխադրվում են հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչը ծայրահեղ բացասաբար է ազդում ստացվող արտադրանքի ինքնարժերքի վրա, դրանցից բխող բոլոր բացասական հետեւանքներով:
Մարզում առկա հարյուրավոր տոննաների կաշին եւ բուրդը ոչնչանում են կամ վաճառվում են չնչին գնով: Մարզի տարածքում առկա վայրի մրգի, հատապտուղների, դեղաբույսերի առատ բերքը նույնպես հիմնականում ոչնչանում է:
Միթե վերջ չպետք է ունենա աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում՝ Հայաստանում հայ մեծահարուստների կողմից վիթխարի հիպերմարկետներ, տոնավաճառներ, խաղատներ, զվարճանքի այլ կենտրոններ կառուցելու մոլուցքը:
Գիտակցենք, որ Սյունիքի մարզում մետալուրգիական գերժամանակակից, բնապահպանական բոլոր պահանջներին բավարարող կոմբինատի, մոլիբդենի, պղնձի, ոսկու, այլ ձուլարանների կառուցումը եւ պատրաստի բազմատեսակ արտադրանք թողարկող ձեռնարկությունների հիմնումը հրամայական անհրաժեշտություններ են:
Սյունիքի մարզում մետալուրգիական կոմբինատի, գործարանների, բամբակագործության, շերամապահության, մետաքսագործության, բամբակի պլանտացիաների, հատուկ թթենու այգիների, մանածագործական, տրիկոտաժի, մետաքսեղենի, բրդեղենի, կաշվեղենի պատրաստի արտադրանք թողարկող ժամանակակից ձեռնարկությունների, կաթնամթերքի, մսամթերքի, վայրաճ մրգերի, հատապտուղների, դեղաբույսերի մթերակայանների եւ վերամշակող արտադրական կարողությունների հիմնումով էականորեն կմեծանա մեր տնտեսական կարողությունը, ինչը կնպաստի ստեղծելու հազարավոր նոր աշխատատեղեր, լուծումներ տալու մարդկանց զբաղվածության, սոցիալական, ժողովրդագրական եւ այլ կարեւոր խնդիրներին: Մենք ունենք դրանց իրականացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները:
Առավելագույնս նպաստելու եմ, որ Գորիս համայնքի տարածքում ստեղծվեն բրդի, կաշվի, կաթնամթերքի, մսամթերքի, պտուղ-բանջարեղենի վերամշակման, բրդեղենի, կաշվեղենի, տրիկոտաժի, մետաքսի, ոսկերչական պատրաստի արտադրանք թողարկող ձեռնարկություններ, ջերմատներ, տնտեսական այլ կարողություններ:
Մեր խորին համոզմամբ այդպիսի տնտեսական կարողություններ ստեղծելու, Իրան-Հայաստան երկաթուղու, մանավանդ մինչեւ Կապան, Քաջարան հատվածի կառուցման կարեւորագույն գործին վաղուց պատրաստ է միանալու պարսկական եւ չինական կապիտալը:

  • Հիրավի հսկայական է Սյունյաց մետրոպոլիտենության եւ հոգեւոր թեմի ավանդը հայոց պատմական ընթացքում: Սյունյաց հոգեւոր կենտրոնին դարեր ի վեր ենթակա են եղել 12 եպիսկոպոսություն: Տաթեւի վանական համալիրը հայոց հոգեւոր կյանքում միշտ էլ ունեցել է կարեւոր, հաճախ նաեւ որոշիչ դերակատարություն, ուր դարեր ի վեր հոգեւոր ծառայություններ կատարող հայորդիների թիվը չի պակասել հազարից: Տաթեւի մատենադարանը 11-րդ դարում ունեցել է ավելի քան տասը հազար ձեռագիր մատյան: Հայոց հոգեւոր-մշակութային կյանքում բացառիկ նշանակություն են ունեցել Գլաձորի եւ Տաթեւի հռչակավոր համալսարանները: Անգնահատելի է հոգեւոր եւ գիտական հսկաներ Սուրբ Հովհան Որոտնեցու, Սուրբ Գրիգոր Տաթեւացու, Սուրբ Մովսես Տաթեւացու ավանդն ու վիթխարի ժառանգությունը:

Ամենայն հայոց Վազգեն առաջին երջանկահիշատակ կաթողիկոսի կոնդակով վերաբացված Սյունյանց հոգեւոր թեմում իրենց նվիրական ծառայությունն են բերել մի քանի տասնյակ հոգեւորականներ:
Օբյեկտիվությունը պահանջում է գիտակցել, որ այսօր Սյունյաց հոգեւոր թեմում ծառայող փոքրաթիվ հոգեւորականները, որքան էլ ջանան, ի զորու չեն իրականացնելու այն հսկայածավալ գործը, որին անցյալում լծված են եղել հարյուրավոր հոգեւորականներ: Ամենքիս պետք է սթափեցնի իրողությունը, որ Սյունիքում, այդ թվում Գորիս համայնքում օրըստօրե մեծանում է աղանդավորների թիվը:
Սյունյաց հոգեւոր թեմը վաղուց չունի նույնիսկ մեկ եպիսկոպոս:
Իրավիճակին համարժեք գնահատականով, արտակարգ վերաբերմունքով, միջոցառումների համալիր ծրագրով, գործող եկեղեցիների, եռանդուն հոգեւորականների անընդհատ ավելացմամբ, լայնամասշտաբ քարոզչությամբ հայրենի երկրամասում պետք է հասնել հոգեւոր զարթոնքի, անխոցելի դարձնել մեր ազգային-հոգեւոր զրահը:
Վերջին տարիներին Հայաստանում կառուցվել են բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, ինչը, անշուշտ, աստվածահաճո գործ է: Անկասկած, ավելի կարեւոր է մեր նախնիների կողմից դարեր առաջ կառուցած եւ եկող սերունդներին ժառանգած կիսավեր, ավերակ վանքերի, եկեղեցիների, մատուռների, պատմական այլ հուշարձանների վերականգնումը: Արժանապատվություն ունեցող գորիսեցիներն ի զորու են դրական օրինակ ծառայելու եւ սկսելու պատմական հուշարձանների համալիր վերականգնման սրբազան շարժումը:
Սյունիքում 17-րդ դարի սկզբներին սկսված եւ պատմական հայրենիքի մի շարք վայրերում տարածված անապատական շարժումը մեծապես նպաստել է հայոց հոգեւոր-մշակութային խաթարված նկարագրի առողջացմանը: Սուրբ Մովսես Տաթեւացին եղել է անապատական շարժման արժանավոր առաջնորդը, իր վիթխարի վաստակով ու հեղինակությամբ արժանացել համընդհանուր հարգանքի, վստահության եւ ընտրվել Ամենայն հայոց կաթողիկոս: Սյունյաց մեծ անապատը եղել է անապատական շարժման միջնաբերդը, որի սրբակենցաղ եւ մաքրակրոն միաբանները հեղինակել են բազում մեծագործություններ, դրական օրինակ ծառայել հայոց հոգեւոր կյանքում:
Հայոց աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունները, հավատացյալ հայորդիները պարտավոր են ենթարկվել հոգեւոր այդ կարեւորագույն կենտրոնի համեմատաբար քիչ վնասված եկեղեցիների, մատուռների, այլ հուշարձանների վերականգնման հրամայականին:
Ճիշտ կլինի Սյունյաց մեծ անապատում հետագայում բացել ազգային-հոգեւոր վարժարան, ուր լավագույնս կրթել ու պատրաստել ազգային, հոգեւոր գործիչներ: Ազգային-հոգեւոր վարժարանը հիմք կհանդիսանա ապագայում վերականգնելու Տաթեւի հռչակավոր համալսարանը:
Գորիս համայնքի տարածքում գտնվող Բղենո Նորավանքը դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգեւոր կենտրոն, այլեւ Սյունյաց ռազմուժի համար հանդիսացել է ոգեկոչման վայր՝ զորաց տաճար: Հրատապ անհրաժեշտություն է այդ կարեւորագույն հուշարձանի եւ նրա կատարած առաքելության վերականգնումը:
Անհրաժեշտ աշխատանքներ պետք է կատարվեն նաեւ մեր հնագույն այլ սրբավայրերում, մասնավորապես Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում:

  • Կարեւոր գործ պետք է համարել Սյունյաց պաշտպանական ամրությունների, մասնավորապես Ձագեձորի բերդի վերականգնումը:

Արտաքին թշնամու ոտնձգությունները շատ ցավոտ հակահարվածներով չեզոքացնելուն, նրա ախորժակը զսպելուն եւ մեր ազգային անվտանգության ապահովմանը կարող է ծառայել հատուկ առաջադրանքներ կատարող Սյունյաց վրիժառու բազուկների Նժդեհյան գումարտակը, որի կազմավորումը պետք է համարել կարեւորագույն խնդիր եւ հասնել դրա լուծմանը: Առավելագույնս համագործակցել Հայոց բանակի հարավ-արեւելյան կորպուսի եւ նրանում ընդգրկված ստորաբաժանումների հետ: Համատեղ կազմակերպել ու անցկացնել ռազմահայրենասիրական բնույթի արդյունավետ տոնահանդեսներ, միջոցառումներ:

  • Մեր ժողովրդի նյութական եւ հոգեւոր ժառանգության կարեւոր մասերից են հին գերեզմանատները, ուր հանգչում են մեր բոլոր, այդ թվում ականավոր նախնիները: Որքան էլ մեր ժողովրդին հատուկ չի եղել ճոխ գերեզմանների, մանավանդ դամբարանների կառուցումը, այնուամենայնիվ, գերեզմանատներում կառուցված մատուռները, նախնյաց գերեզմանաքարերի մի մասն արվեստի կոթողներ եւ պատմական հուշարձաններ են: Մեզ պատիվ չի բերում հին գերեզմանատներում տիրող ծայրահեղ անմխիթար վիճակը, այնտեղ կառուցված մատուռները լավագույն դեպքում կիսավեր շինություններ են, մանրաքանդակներով զարդարված տապանաքարերի, գերեզմանաքարերի մի մասն էլ տապալված են եւ ցիրուցան: Դրանցից շատերը ծածկված են հաստ հողաշերտերով, տատասկով կամ մացառներով: Մեր ամոթալի անտարբերության հետեւանքով հին գերեզմանատները նման են ոչ թե սրբավայրերի, այլ վերածվել են անասունների արոտավայրերի:

Ենթարկվելով հայոց հին գերեզմանատներում տիրող ամոթալի վիճակը վերացնելու հրամայականին, տողերիս հեղինակի նախաձեռնությամբ Գորիս գյուղի հին գերեզմանատներից մեկում ամիսներ առաջ կատարեցինք բարեկարգման աշխատանքներ, ինչին սիրով մասնակցեցին հայոց բանակի մի քանի տասնյակ զինծառայողներ: Ընդամենը տասը օրվա ընթացքում, առանց հատուկ տեխնիկայի օգնության, մեր բազմաթիվ նախնիների քանդակազարդ, մինչեւ երկու տոննայի ծանրության գերեզմանաքարերն իրենց իսկական տեղերում էին:
Պնդում եմ, որ նախնիների հիշատակը հարգող եւ պատասխանատվության զգացում ունեցող յուրաքանչյուր ոք պարտավոր է միանալ հին գերեզմանատների ամբողջական վերականգնման պատվաբեր գործին, եթե չենք ուզում արժանանալ մեր նախնիների բախտին: Հին եւ նոր գերզմանատների բարեկարգումը եւ դրանք սրբավայրեր դարձնելը նախեւառաջ պետք է մեզ՝ ապրողներիս եւ գալիք սերունդներին: Անհրաժեշտ է այդ գիտակցությանը հասնել ամենուր:
Գիտակցենք նաեւ, որ ճիշտ կլինի օր առաջ ազատվել սգո արարողությունների, մանավանդ թաղման հանդիսությունների ժամանակ առկա եւ մեր ազգային ավանդույթներին խորթ երեւույթներից, հատկապես ճոխ հացկերույթներից:

  • Անհրաժեշտ է սեղմ ժամկետում պատրաստել եւ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով մեծ տպաքանակով հրատարակել Սյունյաց, Գորիսի պատմությունը, նրանց ներկան, պատմական հուշարձանները, տեսարժան վայրերը լուսաբանող բարձրորակ գրքեր, ալբոմներ:


Ճիշտ կլինի, որ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցներում եւ այլ ուսումնական հաստատություններում հայոց պատմությանը զուգընթաց դասավանդվի նաեւ Սյունյաց պատմություն առարկան: Այն հնարավորություն կտա հավուր պատշաճի վերականգնելու եւ մատաղ սերնդի մեջ ամրապնդելու մեր փառապանծ նախնիներին հատուկ լավագույն որակները, հատկապես Սյունյաց արժանապատվությունը:

  • Հանրահայտ է, որ Սյունիքից է սկսվել հայոց ազգային տարազի պատրաստման գործը: Ազգային տարազը դարեր ի վեր շատ կարեւոր նշանակություն է ունեցել սյունեցիների կյանքում: Այն զարդարել է Սյունյաց մշակութային դիմապատկերը: Անհրաժեշտ է ենթարկվել ազգային տարազի վերականգնման եւ զարգացման հրամայականին: Հրատապ խնդիր է՝ Գորիս համայնքում ազգային տարազ պատրաստող արհեստանոցների բացումը, նորապսակներին ազգային տարազով հարդարումը, ազգային տարազով հանդիսությունների եւ ցուցահանդես-վաճառքների կազմակերպումը:
  • Գորիսի հոգեւոր-մշակութային առաջընթացին մեծապես կնպաստեն Գորիս քաղաքի դիմացի լեռնալանջին երեքից հինգ հազար տեղանոց ամֆիթատրոնի կառուցումը, այնտեղ հոգեւոր, դասական, ժողովրդական, գուսանական, ազգային-ազատագրական, ջազային, ռոք եւ այլ երաժշտական փառատոների, համերգների, տոնահանդեսների կազմակերպումը:
  • Թանգարանները ժողովուրդների մշակութային ժառանգության հայելին են: Հրատապ խնդիր է՝ Գորիս քաղաքի դիմացի Լաստի խութի կատարին Սյունյաց պատմության պետական եռահարկ թանգարանի հիմնումը եւ նրա վրա պատմահայր Մովսես Խորենացու մոնումենտալ հուշարձանի տեղադրումը, այնտեղ հասնելու համար հետիոտն, ավտոմոբիլային ճանապարհների ու ճոպանուղու կառուցումը: Սյունյաց պատմության թանգարանը եւ Մովսես Խորենացու հուշարձանը ոգեղեն հսկայական լիցք կհաղորդեն գորիսեցիներին, սյունեցիներին, ներկա ու գալիք սերունդներին:
  • Գորիս քաղաքի եւ համայնքի մյուս բոլոր բնակավայրերի առավել տեսարժան վայրերի երեկոյան, գիշերային ինքնատիպ լուսավորությամբ էականորեն կբարելավվի գորիսեցիների ապրելակերպը եւ կհղկվի մարդկանց ճաշակը:
  • Գորիս եւ Խնձորեսկ հնագույն գյուղերի տարածքներն անհրաժեշտ է հնարավորինս բերել իրենց նախնական տեսքին, վերականգնել մի քանի տասնյակ քարայր բնակարաններ, դրանք դարձնել զբոսաշրջիկների իջեւանատներ, գորգագործական, բրուտագործական, ոսկերչական, արծաթագործական, փայտամշակման, մետաղամշակման թանգարան-արհեստանոցներ, ստեղծել հարմարավետ այլ ենթակառույցներ՝ սրճարան-թեյարաններ, արագ սննդի ճաշարաններ:
  • Շատ օգտակար կլինի Գորիսում կարեւորագույն թեմաներով հայագիտական եւ այլաբնույթ գիտաժողովների կազմակերպումը, որոնց ընթացքում ոչ միայն լավագույնս կլուսաբանվեն մեր հերոսական պատմությունը, այլեւ վերջնականապես կլուծվեն մի շարք կնճռոտ խնդիրներ:

 

  • Առավելագույնս պետք է նպաստել Գորիսում մտավորականների կայացմանը, մտավորական խավի ձեւավորմանը: Մտավորականներին ոչ մի դեպքում չպետք է պարտադրել կուսակցական պատկանելություն: Մեզ պետք է սթափեցնի Գ.Նժդեհի հավաստիացում-պատգամը. «Եթե ես ունենայի 300 գրամ հաց եւ ընտրության հնարավորություն, ապա այն կտայի ոչ թե խրամատում կանգնած զինվորին, այլ թիկունքում նստած մտավորականին: Այլապես զինվորը պաշտպանելու բան չէր ունենա»:
  • Գորիս համայնքի գողտրիկ վայրերից մեկում 2018 թվականից բացել դպրոցականների ամառային ճամբար եւ ապահովել նրա անխափան, արդյունավետ, օրինակելի գործունեությունը:
  • Համայնքի բոլոր բնակավայրերի շինարարական ծրագրերը, բոլոր կառուցապատումները պետք է համապատասխանեն Գորիսի ճարտարապետական նկարագրին եւ ավանդույթներին: Մերժելու ենք ցուցամոլության եւ անճաշակության բոլոր փորձերը:
  • Ժամանակին նորոգել բազմաբնակարան շենքերի տանիքները, մուտքերն ու դռները:
  • Անընդհատ մաքրել, նորոգել Գորիս քաղաքի եւ այլ բնակավայրերի հեղեղատարները, հնարավորինս կառուցել նոր հեղեղատարներ:
  • Գորիս քաղաքում եւ համայնքի մյուս բնակավայրերում կիրականացվեն հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ:
  • Համայնքի բոլոր բնակավայրերում ներդրվելու են քաղաքացիական պաշտպանության հուսալի համակարգեր:
  • Հասնել նրա, որ առաջիկա տարիներին իրականություն դառնա Վարարակն գետի հունի արմատական բարեկարգման, ամենաորակյալ բետոնապատման, գետի հունին հարակից ճանապարհն իր ողջ երկայնքով Սիրահարների ծառուղի դարձնելու խոշորամասշտաբ ծրագիրը:
  • Անընդհատ ավելացնել Գորիս եւ Վիեն քաղաքների բարեկամության ու համագործակցության արդյունավետությունը: Որոնել, գտնել ու ներդնել Գորիս եւ արտերկրի քաղաքների բարեկամության ու համագործակցության նոր հնարավորություններ: Վաղուց ժամանակն է Գորիսում հիմնելու հայ-ֆրանսիական փոքր եւ միջին ձեռնարկություններ: Գորիսի միջազգային համագործակցության միջոցով ապահովել տաղանդավոր, բայց անվճարունակ երիտասարդների ուսումը ֆրանսիական եւ այլ լավագույն կրթօջախներում:
  • Առավելագույնս խրախուսել գյուղացուն, վերացնել նրա անկումային տրամադրությունը: Ընդունվելիք օրենքները պետք է դառնան գյուղատնտեսության վերելքի, գյուղերի ամրապնդման ու զարգացման խթանիչներ: Գյուղաբնակ քաղաքացին իր տնտեսությունը զարգացնելու, առկա հիմնահարցերը լուծելու համար իրավունք ունի ստանալու ցածր տոկոսադրույքներով միջնաժամկետ եւ երկարաժամկետ վարկեր, վերաձեւակերպելու մինչ այժմ ձեւակերպած վարկերը: Արմատապես բարելավել համայնքի բոլոր բնակավայրերի ոռոգման համակարգերը, վերացնել առկա ճչացող թերությունները, անցկացնել ոռոգման նոր ջրագծեր: Բոլոր բնակավայրերում կառուցել գյուղմթերքների շուկաներ, հասնել նրան, որ համայնքի տարածքում տեղակայվեն եւ անխափան գործեն հակակարկտային կայաններ, ստեղծվի մատչելի ծառայություններ մատուցող ժամանակակից մեքենա-տրակտորային կայան, իրականացվեն ագրոհամալիր արդյունավետ ծրագրեր: Արմատապես բարելավել բոլոր գյուղերի մշակութային կյանքը:
  • Հնարավոր ջանքեր գործադրել քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ուղղությամբ: Առավելագույնս պաշտպանել ծերերի, փախստականների, ուսանողների կենսական շահերը: Պաշտպանել մոր եւ մանկան իրավունքները, խրախուսել ծնելիությունը: Առանձնահատուկ հոգածություն՝ զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների, այլ քաղաքացիների ընտանիքներին:
  • Առանձնահատուկ կարեւորել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործը: Բավական ջանքեր գործադրել նախնական կրթության, հանրակրթության, միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական կրթության բարելավման ուղղությամբ: Գորիս համայնքում պետք է կրթվեն ու դաստիարակվեն մեր անցյալի փառապանծ դրվագներին հենված եւ համաշխարհային դրական փորձից օգտվող հայրենապաշտ սերունդներ: Երիտասարդության հոգիներում սերմանելու ենք ոգեղեն արժեքի գերակայություն՝ նյութապաշտության հանդեպ, ազատության արժեքի գերակայություն՝ անազատության հանդեպ, իրավունքի արժեքի գերակայություն՝ կամայականության հանդեպ, ժողովրդավարության արժեքի գերակայություն՝ մենիշխանության հանդեպ: Նշված նպատակներին հասնելու համար ապահովելու ենք նոր սերնդի կենսական պահանջմունքների հաշվառումը, սպորտի եւ մարմնակրթության զարգացմանը միտված համալիր ծրագրի մշակումը՝ դրանք դիտարկելով որպես երիտասարդության ներուժի դրսեւորման, բնակչության առողջության պահպանման ու ամրապնդման, երկրի պաշտպանունակության ապահովման, մարդկանց երկարակեցության, առողջ մայրության հուսալի երաշխիքներ:

Անընդհատ բարելավելու ենք նախադպրոցական հիմնարկների աշխատանքները, հասնելու ենք նախակրթարանների սաների վարձավճարների վերացմանը:
Հնարավորինս նպաստելու ենք Գորիսի պետական համալսարանի, պետական եւ գյուղատնտեսական քոլեջների, հանրակրթական դպրոցների գործունեությանը, նրանց աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

  • Առողջապահությունն ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչներից է: Կարծում եմ, որ առողջ ապրելու յուրաքանչյուրի իրավունքն իրականցնելու համար անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել եւ լուծել հետեւյալ հիմնախնդիրները. բժշկական օգնության եւ ծառայությունների որակի, ֆինանսական մատչելիության, առողջապահության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացում, բնակչության դեղորայքային ապահովվածությանն ուղղված նպատակային ծրագրի մշակում եւ իրականացում, անվտանգ ֆիզիկական միջավայրի ապահովում, առողջ ապրելակերպի արմատավորում:

Աջակցելու ենք Գորիսի բժշկական կենտրոնի բուժական ծառայությունների բարելավմանը, հնարավորինս սատարելու ենք բուժման կարոտ սոցիալապես անապահով խավին: Ձգտելու ենք հասնել նրան, որ համայնքի բոլոր գյուղերում բացվեն առաջին բուժօգնության կետեր: Գորիսի եւ ՀՀ բժշկական այլ կենտրոնների հետ համագործակցության միջոցով գտնելու ենք անվճարունակ քաղաքացիներին անվճար ախտորոշելու եւ բուժելու հնարավորություն:

  • Մշակույթը հայոց այցեքարտն է: Հետեւաբար՝ պետության առաջնահերթ խնդիրներից պետք է լինի օրենսդրական համապատասխան դաշտի ձեւավորման եւ գործնական քայլերի միջոցով ազգային մշակույթի զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը: Ձգտելու ենք համայնքում բացառելու ոսկեղենիկ մայրենիի, հայ երաժշտության, երգարվեստի նկատմամբ որեւէ ոտնձգություն, մշակելու եւ իրագործելու ենք մշակութային քաղաքականության հստակ ռազմավարություն եւ ծրագրեր: Համայնքի մշակութային բոլոր օջախները պետք է պատվով իրականացնեն իրենց առաքելությունը:
  • Հայկական բնաշխարհը եւ բնական պաշարներն ազգային հարստություն են: Սյունյաց անկրկնելի բուսական ու կենդանական աշխարհը, մթնոլորտը, հողային, ջրային եւ ընդերքի պաշարամիջոցները կորուստներից փրկելու եւ պահպանելու համար ձգտելու ենք վերջակետ դնել մեր սքանչելի բնաշխարհի եւ ընդերքի նկատմամբ բարբարոսական վերաբերմունքին: Համայնքում իրականացնելու ենք բնության եւ շրջակա միջավայրի պահպանության համալիր ծրագիր:

Անտարակույս, հրատապ լուծումներ տալով նշված խնդիրներին, ոչ միայն գորիսեցիներիս կյանքը կլինի հաճելի, այլեւ մեր դրախտային երկրամասը տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների համար կդառնա շատ ավելի գրավիչ:
Սյունյաց ժառանգությունից ճիշտ դասեր քաղելու, նախնիներից ստացած վիթխարի ժառանգությունը գուրգուրելու, պահպանելու եւ զարգացնելու դեպքում մենք մեկընդմիշտ կընտրենք կատարելագործման ուղին եւ անընդհատ կմերձենանք Բարձրյալին:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: