11.23.2017
USD-483.86   EUR-572.89   RUB-8.29  

Մայրաքաղաքային մամուլը Սյունիքի մարզպետի մասին

Մայրաքաղաքային մամուլը Սյունիքի մարզպետի մասին

Սյունիքի մարզպետի տեսիլքը՝ կազինո


Հոկտեմբերի սկզբին իր պաշտոնավարման մեկ տարվա ամփոփմանը նվիրված ասուլիսում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, թե Մեդրիում առաջիկայում խաղատուն Է կառուցվելու: Նա զարմանք Էր հայտնել, թե ինչու մինչեւ հիմա որեւէ մեկի մտքով նման բան չի անցել: «Մեղիիում կազինոյի կառուցումը պարսկական շուկայի համար է: Եթե այնտեղ կա մարդ, որ ուզում է գա, իր փողը դնի ու գնա, ինչու դա չանենք: Այնպես ստացվեց, որ արտերկրից մի քանի ներդրողների շահագրգռեցի, ովքեր հոկտեմբերի 15-ից հետո գալու են՝ տեղում ծանոթանալու տարածքին, նախագծին: Ես չեմ հասկանում՝ ինչու մինչեւ այժմ այնտեղ կազինո չի կառուցվել: Առաջարկել ենք 22 հարկանի շինություն, որը Մեղրիից դուրս է, 102 հյուրանոցային սենյակներով, նաեւ՝ ռեստորաններով: Մենք առաջարկել ենք նախագիծ, եթե արժանանա ներդրողների հավանությանը՝ շատ լավ, եթե ոչ՝ մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած նախագիծ», - ասել է մարզպետը:


Մենք կառուցվելիք խաղատան մասին Սյունիքի մարզպետարան հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե արդյոք համապատասխան ներդրողները ծանոթացել են նախագծին, ինչ առաջարկներ են արվել, երբ է նախատեսվում սկսել կառուցումը, որքան է կազմելու նախագծի բյուջեն: Թերթի հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Սարգսյանը հայտնել է. «Բանակցությունները գտնվում են ավարտական փուլում, եւ առաջիկայում սպասվում է ներդրողների այցը մարզ»: Թե մասնավորապես որ երկրի ներդրողներին է հրապուրել հայաստանյան խաղատնային բիզնեսը՝ չի նշվել:


Հիշեցնենք, որ Սյունիքի մարզը տնտեսապես աշխուժացնելու հարցը նոր չէ, որ կառավարության օրակարգում է: Այս տարվա օգոստոսի 3-ին կառավարությունը հաստատել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» (ԱՏԳ) ՓԲԸ ստեղծելու ծրագիրը:

henaran.am
03/11/2017

Վահե Հակոբյանը կորցրել էր Ազգային ժողովի ելքի դուռը


«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «2018 թվականի պետական բյուջեի մասով երեկ Ազգային ժողովում մարզպետների օր էր։ Նշենք, որ մարզպետարանների բյուջեները, ի տարբերություն նախորդ տարիների, քննարկվեցին արագացված տեմպերով, այնպես որ, մարզպետների քեֆին քեֆ չէր հասնում։ Նրանք ամբողջ ընթացքում խոսում, ծիծաղում ու զավեշտալի դրվագներ էին պատմում` հասկանալով, որ թոթափել են հաշվետվության ծանր բեռը։ Հատկապես բարձր էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի տրամադրությունը, սակայն նրա նյարդերը լարվեցին, երբ լրագրողները սկսեցին հարցեր տալ իր վարքի մասին։ Հարցերից շփոթված մարզպետը ոչ մի կերպ չէր կարողանում գտնել Ազգային ժողովի ելքի դուռը»:

armlur.am
3 նոյեմբերի 2017թ.

Դասեր է տալիս


Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երեկ որոշել էր դաստիարակի գործառույթներ վերապահել իրեն: Մասնավորապես մարզպետին դուր չեն եկել իր մասին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումները, եւ երեկ որոշել էր չպատասխանել մեր հարցերին՝ ասելով. «Երբ կոռեկտ բաներ կգրեք, այդ ժամանակ էլ կպատասխանեմ»: Այնուամենայնիվ, փորձեցինք մի քանի հարց ուղղել բարկացած մարզպետին, սակայն նա նյարդային շարժումներով, խառնված արագ-արագ հեռացավ: Նույնիսկ ԱԺ ելքի դռներն էր խառնել: Ի վերջո, շենքից դուրս եկավ, աստիճաններով դուրս իջավ մինչեւ վերջ, սակայն կես ճանապարհից նույնքան արագ ետ վերադարձավ, պարզվում է՝ դահլիճում թղթապանակն էր մոռացել: Իսկ մինչ այդ նա լրագրողների հետ զրույցում չէր հերքել, որ Երեւանից Կապան աշխատանքի է գնում ուղղաթիռով:


- Պարո՛ն մարզպետ, Դուք պարզաբանեցիք ուղղաթիռով աշխատանքի գնալու հանգամանքը: Չասեցինք՝ շաբաթը քանի՞ անգամ եք աշխատանքի գնում:


- Չեմ կարող պատասխանել:


- Միայն բարիդրացիական հարաբերություննե՞րն են պատճառը, որ օգտվում եք պղնձամոլիբդենային կոմբինատի ուղղաթիռից:


- Ցտեսությո՛ւն Ձեզ, իմ նյարդերը շատ պինդ են, բայց Ձեզ չորրորդ անգամ եմ ասում՝ ցտեսություն Ձեզ:

«Ժողովուրդ» օրաթերթ
3 նոյեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: