11.23.2017
USD-483.86   EUR-572.89   RUB-8.29  

Ձախողվել է Կապանի ավագանու կազմում մարզպետին հնազանդ մեծամասնություն ձեւավորելու խարդավանքը

Ձախողվել է Կապանի ավագանու կազմում մարզպետին հնազանդ մեծամասնություն ձեւավորելու խարդավանքը

Կապան համայնքի ավագանու ձեւավորումն ի սկզբանե տարբեր մոտեցումների տեղիք տվեց իշխող կուսակցության տարածքային կազմակերպությունում:


Այն բանից հետո, երբ Վահե Հակոբյանը չկարողացավ քաղաքական ասպարեզից հեռացնել Աշոտ Հայրապետյանին եւ նրա փոխարեն կամակատար մեկին առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու, խնդիր դրվեց գոնե ավագանու կազմում ունենալ մարզպետին հնազանդ մեծամասնություն՝ համայնքի իշխանության վրա անձնական ազդեցություն ապահովելու համար: Եվ ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու հրահանգ տվեց տասը հոգու, որից երկուսին հետագայում ինքնաբացարկի կոչ արեց՝ եղած ռեսուրսը նոյեմբերի 5-ին ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով:


Առաջադրվածների մեջ, անշուշտ, կային եւ արժանավորներ: Կարելի է նույնիսկ ասել՝ եթե այդ թեկնածուները չլինեին մարզպետի հովանավորյալները կամ եթե այդ մասին չիմանար հանրությունը, գուցե եւ արժանանային ընտրողների հավանությանը:


Ի վերջո ութից միայն մեկ հոգի՝ Հայկ Հարությունյանը, ստացավ ընտրողների վստահության քվեն (Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետ, 749 ձայն):


Անցողիկ շեմը չհաղթահարեցին Բդո հորջորջումով Վլադիկ Առաքելյանը (աշխատանքի վայրը նշված չէ, 515 ձայն), Սեյրան Ավետիսյանը (Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ, 452 ձայն), Գրիշա Խաչատրյանը (Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ, 321 ձայն), Մարինե Դավթյանը (Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն, 432 ձայն), Արթուր Մնացականյանը (Կապանի թիվ 3 դպրոցի տնօրեն, 504 ձայն), Արմեն Հովհաննիսյանը (համատիրության նախագահ Կապանում, 357 ձայն), Էդգար Մարտիրոսյանը («Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ առաջատար ինժեներ, 442 ձայն):


Ընտրությունից մի քանի օր առաջ Վահեն անձամբ էր հավաքել իր ենթակա կառույցների ղեկավարներին եւ աշխատանքի բաժանում կատարել, թե որ կազմակերպությունը թեկնածուներից որ մեկին պիտի սատարի:


Խորհրդակցության մասնակիցները հենց սկզբից դժկամությամբ են ընդունել մարզպետի հանձնարարականը եւ, ինչպես ցույց տվեցին քվեարկության արդյունքները, լրջորեն հետամուտ չեն եղել հանձնարարականի կատարմանը:


Մարզպետի ութ թեկնածուից յոթին մերժելը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ Կապանը, այնուամենայնիվ, իր սեփական դեմքն ու արժանապատվությունը պահել գիտի, մանավանդ, երբ բախվում է մարզպետի մանրախնդրությանը եւ քինախնդրությանը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: