11.23.2017
USD-483.86   EUR-572.89   RUB-8.29  

Սյունիքյան ընտրությունների գլխավոր ինտրիգը եւ դրա խայտառակ տապալումը

Սյունիքյան ընտրությունների գլխավոր ինտրիգը եւ դրա խայտառակ տապալումը

Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններին առնչվող ամենաուշագրավ ինտրիգը, այնուամենայնիվ, Կապան համայնքում էր:


Դա առավել ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ Աշոտ Հայրապետյանի միակ մրցակիցը կամ պսեվդո մրցակիցը դուրս եկավ ընտրապայքարից եւ համայնքի ղեկավարի թեկնածուն մնաց մենակ՝ դրանից բխող իրավական հնարավոր դժվարություններով:


Բանն այն է, որ «մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին» (ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 118, 2-րդ կետ):


Ինչո՞ւ թեկնածուի միակ մրցակիցը դուրս եկավ ընտրապայքարից, ո՞վ մղեց նրան այդ քայլին.  մինչեւ վերջ այդ հարցերը չկորցրին իրենց հետաքրքրությունը:


Մինչեւ վերջ օդից կախված մնաց հարցը՝ արդյո՞ք այդպես է արվել, որ միակ թեկնածուն բարակ թելով կախված մնա 50 տոկոս + մեկ ձայնից:


Համայնքի ղեկավարի ընտրության շուրջ ինտրիգն ավելի էր սրել ՀՀԿ տեղական կառույցի խորհրդավոր պահվածքը:


Կուսակցության այդ, ինչպես եւ մարզային կառույցի ջանքով Աշոտ Հայրապետյանի ենթակաների կամ համակիրների ընդգրկվածությունն ընտրական հանձնաժողովներին հասցվել էր նվազագույնի, եթե ոչ զրոյի:


ՀՀԿ մարզային եւ շրջանային կառույցի ղեկավարները գրեթե ոչ մի անգամ նորմալ ու հրապարակային խոսք չասացին՝ ի պաշտպանություն համայնքի ղեկավարի ՀՀԿ-ական թեկնածուի:


Ընդհակառակը՝ գրեթե բոլոր կապանցիների (եւ ոչ միայն) գիտակցությանը հասցվեց տեսակետը, թե իբր Աշոտ Հայրապետյանի առաջադրման եւ քաղաքական կարիերայի միակ հենքը նրա բժիշկ եղբոր մերձավորությունն է երկրի նախագահի ընտանիքին:


Ավելի վաղ հայտնի էր դարձել մարզպետի՝ մինչեւ վերջ հատակ իջնելու իրողությունը. նա փորձում էր ավագանու ապագա կազմում իր համար գրպանային մեծամասնություն ձեւավորել, ինչի համար ակտիվ ու բացեիբաց աշխատանք էր տանում ե՛ւ մարզպետարանում, ե՛ւ մարզպետարանի ենթակա կառույցներում, ե՛ւ Քաջարանի կոմբինատում, ե՛ւ Կապանի շատ թե քիչ խոշոր (նաեւ իրենից կախված) տնտեսվարողների միջավայրում:


Ամիսներ առաջ էլ հայտնի էր դարձել, որ մարզպետը ոչինչ չխնայելով պայքարում է Կապան խոշորացվող համայնքի ղեկավարի աթոռին իր առավել հնազանդ սպասավորներից մեկին պատվաստելու համար:


Մի խոսքով՝ նոյեմբերի 5-ի ընտրությունների նախօրյակին մարզկենտրոնում ստեղծվել էր անօրինակ մի վիճակ, երբ կշեռքի մի նժարին մարզպետի զուտ անձնական հավակնություններն էին, մյուս նժարին՝ Կապանի հավաքական արժանապատվությունը:


Ստեղծվել էր մի վիճակ (հավանաբար նախադեպը չունեցող), երբ ՀՀԿ թեկնածուի դեմ պայքարի էր հանվել միայն ՀՀԿ տեղական կառույցը՝ Վահե մարզպետի գլխավորությամբ:


Ստեղծվել էր մի վիճակ, երբ Աշոտ Հայրապետյանի արժանապատիվ հաղթանակի համար թեկնածուից առավել շահագրգռված էին կապանյան հասարակության մեծ մասը, հասարակական-քաղաքական ուժերի տեղական կառույցների երեւելի դեմքերը:


Ուշագրավ է, որ կապանյան միջավայրում տեղի ունեցան լեգալ եւ ոչ լեգալ բազում հանդիպումներ (նաեւ Աշոտ Հայրապետյանի երբեմնի ընդդիմախոսների ակտիվ մասնակցությամբ), որոնց նպատակը մեկն էր՝ հնարավոր ամեն ինչ անել, որ թեկնածուի համոզիչ ու լեգիտիմ հաղթանակն ապահովվի:


Տեղի ունեցող իրադարձությունները չէին կարող էական ազդեցություն չունենալ հանրային գիտակցության վրա:


Բանը նրան հասավ, որ մարզպետի հովանավորյալ թեկնածու լինելը (ավագանու անդամի հավակնորդների մասին է խոսքը), մարզպետի համակիր կամ գործընկեր լինելը, առավել եւս մարզպետի թաշկինակ լինելը մեծագույն ամոթ եւ անարգանք, ստորացուցիչ հանգամանք ու անարժանապատվություն համարվեց:


Այդ օրերին տեղի ունեցավ նաեւ սրտաճմլիկ մի սիրախաղ՝ Վահե մարզպետի եւ ՀՀԿ շրջանային կառույցի ղեկավար Ռոմա Սարգսյանի սիրախաղը: Մեծ բանաստեղծը նման իրավիճակն այսպես էր բնութագրել՝ ռոմանս անսեր. սա այն դեպքն է, երբ երկու հոգի իրարից զզվում են, բայց արտաքուստ սեր են ցուցանում միմյանց հանդեպ՝ բացառապես անձնական շահերից ելնելով:


Այդ դաշինքը մի անգամ արդեն վնաս էր հասցրել Կապանին՝ մարզի լավագույն բժիշկ Սմբատ Օրբելյանի դեմ դավադրություն հյուսելով:


Հետո չէր գնահատվել Ռոմա Սարգսյանի «ծառայությունը»:


Հետո հաթաթաների ու հայհոյանքների երկկողմ շքերթ էր եղել:


Հետո Աշոտ Հայրապետյանի հարցն էր առաջացել, եւ երկուսով խաշի սեղանի շուրջ միմյանց ձոներգ էին նվիրել:


Գոնե այս անգամ Ռոմա Սարգսյանին կտրվի՞ փոխմարզպետի խոստացած աթոռը, թե՞ նորից լուսանցք…


Նման իրավիճակում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններն ուրիշ արդյունք չէին կարող ունենալ, քան այն, ինչ որ եղավ. Աշոտ Հայրապետյանը ստացավ 12538 քվե, որը կազմում է քվեարկության մասնակիցների մոտ 67 տոկոսը:


Հասարակական մերժման արժանացան ավագանու անդամի ութ թեկնածուից յոթը. նկատի ունենք մարզպետի կողմից առաջադրված թեկնածուները: Անգամ Բդո «պատվանունով» թեկնածուն, որին աջակցելու համար Քաջարանի կոմբինատի երկու արտադրամասում հավաք էին ձեռնարկել, որի համար մոբիլիզացվել էին Կապանի խոշոր գործատուներից մի քանիսը, մերժվեց:


Մարդիկ ուղղակի ապշած էին, որ հոգեւոր-մշակութային տարածքի համբավ ունեցող Սյունիքում թիվ 1 պետական պաշտոնյան իր համար քաղաքական ու սոցիալական հենարան է ընտրել քսության խորհրդանիշ բդոյականությունը:


Այսպիսով՝ Սյունիքի մարզկենտրոնը նոյեմբերի 5-ին կտրուկ ոչ ասաց մարզպետի հերթական մեքենայություններին:


Բազմաբեւեռությամբ, բազմակարծությամբ ու բացախոսությամբ աչքի ընկնող Կապանում համայնքի ղեկավարի թեկնածուի համար լուրջ հաջողություն էր քվեարկության մասնակիցների 67 տոկոսի վստահությանն արժանանալը:


Հետընտրական այս օրերին, սակայն, այլ հարցի վրա է ուշադրություն հրավիրվում. մոտ հինգ հազար ընտրող դեմ է քվեարկել Աշոտ Հայրապետյանին:


Դա, անշուշտ, խոսուն թիվ է եւ չնկատել կամ շրջանցել չի կարելի: Ավելին՝ դա խորհրդածելու տեղիք պիտի տա, իսկ ավելի ճիշտ՝ առանձին քննարկման թեմա դառնա: Բայց դրա նշանակության գերագնահատումն այնքան էլ լուրջ չէ, ինչ-որ առումով նույնիսկ դա հանրության շատ թե քիչ առողջության, իշխող բազմակարծության մասին է վկայում:


Կապանը, որքանով ճանաչում ենք, այն համայնքը չէ (եւ դա վերստին տեսանք), որտեղ կարելի է (նույնիսկ շատ փողեր ծախսելու, տարաբնույթ ծառայություններ մատուցելու դիմաց) արձանագրել բրեժնեւյան օրերի Ուզբեկստանին բնորոշ կամ Հյուսիսային Կորեայի մերօրյա առաջնորդ Կիմ Չեն Ընին ավանդաբար վերապահվող 99 եւ ավելի տոկոս կողմնակիցների թիվ:


                                                                     ***


Սյունիքի մարզպետարանի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ մարզպետը հիստերիկ վիճակի մեջ է հայտնվել՝ իմանալով իր խարդավանքների ձախողման, հանրության կողմից երիցս ու կրկին մերժում ստանալու մասին: Եվ հերթական անգամ չի կարողացել դիմադրել ոգելից խմիչքի հանդեպ թուլությանը: Ավագանու անդամի թեկնածուների պարտության գույժը լսելուց հետո, ինքնամոռացության տրվելու համար, կոնյակի առաջին շիշն է բացել: Քիչ հետո երկրորդ շշի կարիքն է առաջացել, երբ իմացել է Աշոտ Հայրապետյանի հաղթանակի մասին: Իսկ հաջորդ առավոտյան ուղղաթիռն արդեն Կապանում էր, գնացել ու չի վերադարձել դեռեւս…


Այդ ընթացքում, մինչդեռ, ստեղծագործ ու խոսքաշեն սյունեցիները մանրագործել են ժողովրդական բանահյուսության նորանոր նշխարներ՝ այս անգամ անեծքի տեսքով: Ահա եւ նորահյուս անեծք-գոհարներից երկուսը՝ ինչ-որ չափով 2017թ. նոյեմբերի 5-ի ընտրությունների հանրային ընկալումն ամփոփող-ամբողջացնող՝ «Ավագանու թեկնածու դառնաս մարզպետի առաջարկությամբ…», «99 տոկոս ձայն ստանաս…»:


Իսկ եւ իսկ՝ շատ վատ անեծք է…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: