11.23.2017
USD-483.86   EUR-572.89   RUB-8.29  

Այս պարո՞նն է ընդդիմախոսի հոգեկան վիճակի մասին բարբաջում

Այս պարո՞նն է ընդդիմախոսի հոգեկան վիճակի մասին բարբաջում

Նոյեմբերի 2-ին Սյունիքի մարզպետը Երեւանում հանդիպել է նախապես ջոկված-ընտրված ինչ-որ լրագրողների հետ եւ իր տանիքներից  մեկին պատկանող կայքով հերթական անգամ «մարգարիտներ» շաղ տվել:


Նպատակը Սամվել Հարությունյանի՝ վերջին օրերին իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին արձագանքելն էր:


Բայց նա, ինչպես պատահել է քանիցս, բառ անգամ չասաց իրեն ներկայացված լրջագույն ու փաստարկված մեղադրանքներին ի պատասխան եւ հանդես եկավ փողոցին հատուկ խոսելաձեւով՝ մնալով իր պատկերացումների եւ մտավոր ու ֆիզիկական՝ կարելիությունների կաղապարում:


Մասնավորապես նշեց, որ լուրջ չի վերաբերվում Սամվել Հարությունյանին, որ իր ընդդիմախոսը հոգեբուժական դիսպանսերում հետազոտվելու պետք ունի, որ բացառում է նրա հետ որեւէ հանդիպում: Նաեւ իրեն հոգեհարազատ մի պատում ներկայացրեց՝ իբրեւ հին անեկդոտ: Ահա՝ «Ընտրությունների հաջորդ օրը կինն ամփոփում է ամուսնու արդյունքները, ասում է` քեզ տվել են երեք ձայն, էս մեկը ես եմ, էս մեկը քույրդ է, այ տղա, սիրուհի էլ ունե՞ս: Հիմա այդ վիճակն է»:


Սամվել Հարությունյանը, ինչպես եւ սպասվում էր, բանահյուսական նշխարների հերթական մատուցմամբ արձագանքեց այդ ամենին:


Բայց նոյեմբերի 2-ի բանակռիվը շատերին մտահոգությունների այլ տիրույթ տեղափոխեց:
Նախ՝ «ասուլիսը» հավելյալ անգամ ցույց տվեց, թե որքան ծանծաղ է Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը, թե որքան ստույգ ու տեղին է նրա պարագայում պատահականություն եւ թյուրիմացություն բառերի գործածումը:


Իսկ առաջին տպավորությունը, որ ստացանք նրան լսելուց հետո՝ զարմանքն էր՝ այս ի՞նչ օրն եք ընկել, որ Սյունիքի՝ հիրավի տխրահռչակ մարզպետն իրեն իրավունք է վերապահում վիրավորել մարզի բնակիչներից մեկին: Եվ միայն այն պատճառով, որ տվյալ ընդդիմախոսը մերժում է մարզպետի գործելակերպը:


Սկսենք ներկայացված անեկդոտից (ի դեպ, անեկդոտը զվարճալի, սրամիտ, ծիծաղաշարժ պատմություն է): Մարզպետի պատմածը հեռու է սրամիտ կամ զվարճալի լինելուց: Եվ եթե մեկի վրա պետք է ծիծաղեինք անեկդոտը լսելուց հետո, ապա այդ մեկը միայն ու միայն ինքը կլիներ:

Անեկդոտ կոչվածն ավելի շատ իր պրիմիտիվ նկարագրին ու տկլոր էությանը համահունչ էժանագին հորինվածք էր: Ըստ երեւույթին երանելի վիճակ է նրա համար, երբ կինը որեւէ ընտրության ժամանակ քվեարկում է ամուսնու օգտին. մի՞թե իր անձնական կյանքից ելնելով էր անուրջին տրվել, արդյո՞ք իր կինը հարկ եղած դեպքում այդկերպ չէր վարվի:


Այնուհետեւ Սամվել Հարությունյանին հոգեկան հիվանդ է համարում:


Հիշենք խորհրդային տարիները, երբ այլախոհ կամ ազատամիտ մարդուն հայտնի կառույցները անմիջապես հոգեկան հիվանդ էին հռչակում եւ մեկուսացնում (նրա մտահոգություններին կամ բարձրացրած հարցերին պատասխանելու փոխարեն): Այնպես որ՝ սխալված չենք լինի, եթե արձանագրենք՝ Վահե մարզպետի խոսքից ճահճահոտ կամ մգլահոտ է ծորում, որն իսկապես վտանգավոր է մարզի համար: Իսկ Սամվելի ու Վահեի հոգեկան վիճակի մասին կարող ենք սեփական դիտարկում անել՝ չսպասելով մասնագիտական գնահատականի:


Այսպես՝ փորձենք լսել-դիտել երկուսի որեւէ ասուլիս կամ զրույց: Փորձենք դիտել-զննել յուրաքանչյուրի պահվածքը, շարժումները, լարվածության եւ շփոթվածության աստիճանը, լսել-վերլուծել նրանց արտահայտած մտքերը…


Առհասարակ՝ Վահեն այն մարդը չէ, որ որեւէ մեկին նման գնահատական տա. դրա համար, նախեւառաջ, բարոյական իրավունք պետք է ունենալ, մի քիչ էլ՝ գիտելիք: Մինչդեռ՝ ե՛ւ գիտելիքով, ե՛ւ վաստակով կամ ունեցած ծառայությամբ, ե՛ւ փորձով ու ազգային արժեհամակարգին նվիրվածությամբ ինքը կիլոմետրերով հեռու է ընդդիմախոսից:


Ասում է՝ Սամվել Հարությունյանին լուրջ չեմ վերաբերվում: Հարց. իսկ Սյունիքում, բացի հայտնի թաշկինակներից, ո՞վ է լուրջ վերաբերվում իրեն: Վաղ թե ուշ նրանից կվերցնեն ե՛ւ մարզպետի աթոռը, ե՛ւ կոմբինատի ստվերային ղեկավարի մանդատը… Այդ ժամանակ Սյունիքում կգտնվի՞ գոնե մեկը, ով նրան մարդահաշիվ կտա:


Եվ, այդ բոլորով հանդերձ, մի ուրիշ ցավ է պատում մեզ, երբ ամբողջապես դիտում ենք նոյեմբերի 2-ի «ասուլիսը», հաղորդակցվում դրան նախորդած եւ հաջորդած որոշ իրադարձությունների:
Մարզում, խոստովանենք, միանգամայն բարոյահոգեբանական նոր վիճակ է, քաղաքացիական անհամերաշխության, մարզպետ-հասարակություն հարաբերությունների չտեսնված-չլսված մակարդակ:


Չէ, այն կարծիքին չենք, որ Սամվել Հարությունյանը չպետք է չափ դնի իր խոսքերի վրա: Բայց բյուր անգամ ավելի մերժելի է երեւույթը, երբ մարզի թիվ 1 պետական պաշտոնյան (որերորդ անգամ) փողոցին հարիր վարք է դրսեւորում կամ յուղ լցնում կրակի վրա, իսկ հետո թեւերը քշտում ու ձեռքերը տաքացնում…


Ու հետո զարմանում ենք, որ հայտնվում է մեկը եւ իրերը կոչում իրենց անունով:


Օգտագործվող բառամթերքը, որքան էլ մերժելի է առաջին հայացքից, խիստ համարժեք ու համաչափ է մարզում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտին եւ մարզպետի պահվածքին: Ուրիշ լեզու, ինչպես երեւում է, այդ մարդը չի հասկանում եւ իրեն պահում է Սյունիքը նվաճած կամ իբրեւ ժառանգություն ստացած ասպատակի պես:


Եվ խորհուրդ Վահեին՝ նախ՝ այլեւս անեկդոտ չպատմել, քանի որ բոլոր անեկդոտներն առայժմ իր մասին են: Այնուհետեւ՝ զերծ մնալ ասուլիսներից, լրագրողների հետ շփումներից, որովհետեւ նմանատիպ յուրաքանչյուր հանդիպումից հետո ավելի է բացվում իր շպարված դեմքը: Նաեւ արժեր նկատի ունենալ՝ այսուհետ եւս մենք արձագանքելու ենք մարզպետի հրապարակային բոլոր ելույթներին…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: