11.23.2017
USD-483.86   EUR-572.89   RUB-8.29  

Գագիկ Դավթյանի «Որպես լույս ու խիղճ» գիրքը

Գագիկ Դավթյանի «Որպես լույս ու խիղճ» գիրքը

Գագիկ Դավթյանի «Որպես լույս ու խիղճ» գրքի մասին արդեն իսկ տպագրվել է Արմեն Ավանեսյանի ամփոփ գրախոսությունը, սակայն մինչ այդ տարբեր շարքերի մասին եղել են այլ արձագանքներ եւ գնահատականներ: Գագիկ Դավթյանի վաղ շրջանի պոեզիայի մասին իրենց խոսքն են ասել Պարույր Սեւակը, Վահագն Դավթյանը, Գեւորգ Հայրյանը, Վազգեն Մնացականյանը, Ալեքսանդր Թոփչյանը, Սերգեյ Սարինյանը, Դավիթ Սարգսյանը, Հովհաննես Գրիգորյանը, Նորայր Ենգիբարյանը, Դավիթ Գասպարյանը, Ֆելիքս Բախչինյանը, Լեւոն Անանյանը, Հովհաննես Ղազարյանը եւ այլք: Սույն գրախոսության մեջ մեր նպատակն է գիտականորեն արժեւորել Գագիկ Դավթյանի բանաստեղծական չորս ժողովածուները եւ երեք պոեմները, որոնք ամփոփվել են մեկ գրքում: Մեր հիմնական խնդիրն է բացահայտել Գագիկ Դավթյան բանաստեղծի պոեզիայի առանձնահատկությունները, բանաստեղծական արվեստի եւ վարպետության հարցերը: Գրախոսության մեջ առաջնորդվել ենք արժեբանական (աքսիոլոգիական) եւ տեքստաբանական (հերմենեւտիկա) մասնագիտական մեթոդներով, ինչպես նաեւ վերլուծական մեթոդաբանությամբ: Հոդվածի գիտական նորույթը Գագիկ Դավթյանի «Որպես լույս ու խիղճ» գրքի գիտական արժեւորումն է` կյանքի եւ պոեզիայի դավթյանական պատկերացումը բացահայտելը: Դեռեւս 1968թ. Վ.Մնացականյանը գրում է. «Դավթյանին ընթերցելիս երբեմն մտաբերում եմ Պարույր Սեւակին: Ոմանք դա բացասական երեւույթ են համարում: Իզուր: Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր տաղանդ սկսնակ բանաստեղծների մի խումբ տաներ իր հետքերով, վաղը նրանց ինքնուրույնություն պարգեւելու նպատակով»: Եվ սա այն դեպքում, երբ Գագիկ Դավթյանը դեռեւս չէր տպագրել որեւէ գիրք, այլ նրա մի քանի գործեր տպագրվել էին մամուլում: Ապա Գ.Դավթյանի` «Մենախոսություն» դեռեւս անտիպ գրքից 1970թ. «Գարուն» ամսագրում տպագրվում է մի շարք, որը բացվում է Պարույր Սեւակի խոսքով, որտեղ գիտնական-բանաստեղծը առաջին գնահատանքի խոսքն է ասում. «Գ.Դավթյանի մեջ, ահա՛, ինձ դուր է գալիս նրա այն ձգտումը, որ ուզում է բան ասել, եւ ասել այնպես, որ բան հասկացվի»: Չնայած այն հանգամանքին, որ Գագիկ Դավթյանի գրական մուտքը տարփողում է Պարույր Սեւակի նման հեղինակությունը, միեւնույնն է, բանաստեղծը իրեն հատուկ համեստությամբ չի շտապում տպագրել առաջին ժողովածուն, որը կյանքի է կոչվում Սեւակի խոսքից տասը տարի անց` 1980 թվականին: Գրական քննադատությունն աննկատ չի թողնում Գագիկ Դավթյանի առաջին ժողովածուն: 1981թ. «Մենախոսություն` սեփական ձայնով» հոդվածում Ալեքսանդր Թոփչյանը գրում է. «Երիտասարդ բանաստեղծի շատ գործերում են նկատվում Սեւակի ազդեցության հետքերը: Ազդեցությունն, իհարկե, կա, սակայն տարբեր են արդյունքները»: Իսկ 1982թ. Սերգեյ Սարինյանն այս գրքի մասին գրում է. «Գագիկ Դավթյանը հիրավի ասելիք ունի: Նրա մտորումները հարցահույզ են ու անհանգիստ, բառերն ազդու շեշտ ունեն, ինչուները` ճշմարտության որոնում»: «Մենախոսություն» ժողովածուին արձագանքում են նաեւ բանաստեղծներ Նորայր Ենգիբարյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վահագն Դավթյանը: Վերջինս 1981թ. Գագիկ Դավթյանին ուղղված նամակում գրում է. «Գիտե՞ս, ինչ մեծ բան է, երբ մարդ նման է իր գրածին, նշանակում է չի ստում, նշանակում է կեցվածք չի ընդունում: Իսկ սուտն ու կեցվածքը պոեզիայի ոխերիմներն են… Գագիկ ջան, ես քեզ շատ, շատ հավանեցի: Քեզանից լույս է ճառագում, նաեւ` համեստություն, նաեւ` բարություն…»: Խոսելով «Մենախոսություն» ժողովածուի մասին Ա.Ավանեսյանը նկատում է. «Ընդհանրապես մենախոսության-ինքնախոսության, կամ ինքն իրեն նամակ գրելու ոճային հնարքը հատուկ է Գագիկ Դավթյանին: Բանաստեղծը մեկուսացած, ինքն իր անձից օտարված (միջնադարյան ծաղկողների նման) պատկերում է իր հայեցումն ու զմայլվում աշխարհի գեղեցկությամբ»: Այս ժողովածուի համար բնութագրական է ընտրված բնաբանը, որով բացահայտվում է գրքի էությունը. բանաստեղծը մենախոսում է աշխարհի ու ինքն իր հետ:


Ինչ-որ հրաշքով աշխարհի բոլոր փոքր ու մեծ մարդիկ իմ աչքերով են նայում այս պահին կյանքին ու մահին, աշխարհին այս հին եւ… իրենք իրենց…


Ժողովածուի մեջ առանձին բանաստեղծական հմայք ունեն «Նախանձը», «Արեւ եւ լուսին», «Կինը», «Օրերի շղթա» բանաստեղծությունները: Մարդկային արատներից է նախանձը, որ «տարիք չունի եւ չունի ծննդյան օր», եւ, ցավոք, «չի էլ մեռնում», ապրում է հար, քանի կա մարդը, որի մեջ նախանձը «երբեմն խղճալու չափ տկար է» եւ «երբեմն զորեղ է զարմանալի», բայց ամեն դեպքում` «անպտուղ է, ամուլ է անբուժելի»: Երկվորյակների առասպելույթի բանաստեղծական մի ինքնատիպ մշակում է «Արեւ եւ լուսին» բանաստեղծությունը, որում աշխարհի պատկերացումը տատի պատմածներն են: Ինձ համար հասկանալի են ասածները տատիս, իսկ տատիս համար իմ ասածները առեղծվածներ են անմեկնելի:


«Երեխայի պես» բանաստեղծությունն ասես հենց հեքիաթային մանկության հրաժեշտի երգն է.


- Բախտավոր լինես երեխայի՜ պես, Երեխայի պես լինես երջանիկ:


Գ.Դավթյանի պոեզիային ի բնե հատուկ է փիլիսոփայական խոհը, որն այս դեպքում արտահայտվել է «համն անհամության», «անմահության մահ» օքսիմորոններով.


Հնար տուր քայլեմ վայրկյանի միջով եւ քիմքդ կզգա համն անհամության, եւ անմահության մահը կտեսնես…


Այս շարքում նկատելի է նաեւ «Կինը» վերնագրով ակրոստիքոսը, որով իմաստավորվում է տղամարդու կյանքի օրերի շղթան: Իսկ սիրո օրերի շղթան դարձել է ինքնատիպ բանաստեղծության վերնագիր, որը հյուսվել է հետաքրքիր բառախաղերով:


ՕՐԵՐԻ ՇՂԹԱ
Օր առաջին
Ես որոնում էի, դու թափառում էիր, հանդիպեցինք: Ես ցանկացա… Դու ցանկացար, որովհետեւ ե՛ս ցանկացա… Շնչավորվեց, հեւաց, շնչակտուր եղավ ժամանակը, դատարկվեցիր իմ մեջ…


Օր երկրորդ
Դու որոնում էիր, ես թափառում էի, հանդիպեցինք նորից… Դու ցանկացար… Ես ցանկացա, որովհետեւ դո՛ւ ցանկացար… Շնչավորվեց, հեւաց, շնչակտուր եղավ ժամանակը, դատարկվեցի քո մեջ…


Օր երրորդ
Մենք որոնո՞ւմ էինք, թե՞ թափառում էինք հանդիպեցինք դարձյալ… Եվ երկուսիս դեմքին տարօրինակ չափով իրար նման երկու քմծիծաղներ բռնվեցին պարի, ապա հարցականներ մրրկվեցին օդում, եւ չթափված արտասուքներ գոլորշիացան, եւ գնացինք՝ ես իմ ճանապարհով, դու՝ քո…


Օր չորրորդ եւ օրեր
Մենք որոնում էինք…


«Մենախոսություն» ժողովածուն իսկապես նուրբ քնարականության արտահայտություն է, որն ասես սեղանին դրված լսում է «քնած օրիորդի շնչառությունը».


Ես տերեւների խոսակցությունը լսում եմ այնքան, որքան, ասենք թե, սեղանին դրված այս գիրքն է լսում քնած օրիորդի շնչառությունը…


Գրաքննադատությունը հաճախ է Գ.Դավթյանի այս ժողովածուն համարել սեւակյան ազդեցություն: Ինքը` բանաստեղծը, խոսելով սեւակյան ազդեցության մասին, իր հարցազրույցներից մեկում խոստովանել է. «Այո, խոսելաոճս թեպետ նման է բանաստեղծին, բայց պոետիկ մտածողությանս մեջ «այլադավան» եմ, ունեմ իմ ասելիքը»: Ակնհայտ է, որ Գագիկ Դավթյանի պոեզիան սնվում է սեւակյան ակունքներից, որն այնքան բնական է, ինչպես բոլոր բանաստեղծների պարագայում, քանի որ չկա մեկը, որ չի ազդվել իր հանճարեղ նախորդներից, այդ թվում նաեւ հենց ինքը` Պարույր Սեւակը: Ակնհայտ է նաեւ, որ Գագիկ Դավթյան բանաստեղծն ունի իր ասելիքը, իր պոետական պատկերացումը աշխարհի մասին, որ հատուկ է իրեն, որն էլ հենց նրա պոեզիայի ինքնաբացահայտման բանալին է: Ավելին` քնարական այն խոհերը եւ պոետական այն հնարները, որ կիրառել է Գագիկ Դավթյանը, բացառապես հատուկ են միմիայն իրեն: Դա հատկապես նկատելի է երկրորդ` «Երազների երկինք» ժողովածուում` տպագրված 1983 թվականին, որի քառյակների պսակները, սոնետների պսակը, ինքնատիպ ձեւույթով տրիոլետները Գագիկ Դավթյանի նոր պոետական խոսքն են հայ քնարերգության մեջ: Այս շարքում արդեն իսկ նկատելի է, որ Գ.Դավթյանն անչափ ուշադիր է բանաստեղծական ձեւի հանդեպ: Նրա սակավախոսությունը հենց պայմանավորված է իր խստապահանջությամբ, որն ակնարկել է հետեւյալ տողերում. «Ինչ վերաբերում է բանաստեղծի ձեռքերին, ապա դրանք երկուսն են հենց նրա համար, որ աջով գրածը ձախով ճմրթել ու շպրտել կարողանա»: «Երազների երկինք» ժողովածուն բացվում է հայրենի Զանգեզուրին ձոնված երգով:


Լեռներն այս կիտվել, Ուս ուսի տվել, եւ անձեռակերտ բերդեր են կազմել, (որ ես ծնվեի այս բերդերի մեջ ու բերդերն իմ մեջ):


Հայրենի զանգեզուրյան եզերքներին բանաստեղծը հանդիպադրում է ծովի ու երազների առասպելը, որ կորցրած հայրենիքի այլաբանությունն է: «Երազների երկինք» ժողովածուի մասին Ա.Ավանեսյանը գրում է. «Երկնի կապույտ օվկիանում մարդը միայնակ է եւ միակ ապավենն ու փրկության կղզին` Աստված է, որին ամբողջ կյանքում փնտրում է մարդը»: Անշուշտ, ժողովածուի մեջ նկատելի է նաեւ Ա.Ավանեսյանի դիտարկումը, սակայն «Սոնետների պսակ` հայրենիքին» ինքնատիպ սոնետաշարն ինքնին հաստատում է մեր դիտարկումը` կորցրած հայրենիքի այլաբանության մասին: Բանաստեղծը բոլոր ժամանակների մեջ է, ժամադրված է անցյալի, ներկայի ու ապագայի խաչմերուկում եւ զգում է հայրենիքի անցյալը, ներկան ու ապագան, որը լավագույնս արտահայտվել է սոնետների մեջ: Գ.Դավթյանը «հայրենիքն այս սրտաչափ» ընկալում է որպես «ուշակորույս մի լեռնաշխարհ` կրծքում հազար ժանգոտ նետ…», սակայն ոչ ոք չի կարող «խեղել քո մեջ առասպելը հարության», եւ բանաստեղծը լուսավոր հավատով է լցված առ հայրենիքի ապագան, ուստի սոնետների պսակն ավարտվում է «եւ ժայթքում է արարչագործ ծիածանը Հավատիդ…» տողով: «Երազների երկինք» ժողովածուն ժամանակների ժամադրության մեջ մարդու եւ հայրենիքի բախտի փիլիսոփայական խորհրդածություն է: Մարդու բախտի բանաստեղծական մի խորհրդածություն է «Ժամանակը» բանաստեղծությունը, որը շարքի լավագույն գործերից մեկն է:

Մի ահավոր դանդաղ անհոգությամբ դաժան
ժամանակը - որպես մի ահավոր երկանք, մեր որբացած, անտուն երազների սրսուռ հատիկներն է աղում, աղում հատիկ-հատիկ, աղում պտղունց-պտղունց եւ աննկատ այդպես, անհոգությամբ դաժան, ճերմակ փոշին թաքուն մեր գլխին է մաղում: Եվ տարիներ հետո ուշքի գալով հանկարծ, երազների փոշու դառնատտիպ համն ենք զգում մեր բերանում.


- Դրանից չե՞նք արդյոք, մենք ծերանում…


Ինչ անտարբե՜ր ենք մենք նայում ամեն անցնող օրվա թողած հետքին, եւ ինչ դառնությո՜ւն է մեզ համակում հանկարծ, երբ կորցնում ենք մենք ինչ-որ շոշափելի, թեկուզ փոքրիկ մի բան…


Ժամանակը - որպես մի ահավոր երկանք, չի տարբերում երբեք մեր անցյալն ու ներկան, ժամանակն է օրհնում մեր անցնելիք ճամփան…


Ահա բանաստեղծի պոետական պատկերացումը մարդու ճակատագրի մասին, որը փիլիսոփայական թախիծով է պատում ընթերցողին: Այս ժողովածուում են «Ծովի տարերքը», «Մեծ փոքրություն», «Հայտնություն», «Գարուն լինում է տարին մի անգամ», «Քեզ կհիշեմ, քեզ կաղոթեմ օրհնությամբ», «Սպասելն ինչքան դժվար է դարձել», «Ինձ հայտարարիր թագավորը քո», «Աշխարհում ոչինչ չի կորչում անդարձ», «Աշխարհում որքան հույսեր կան քնած», «Երազների կապույտ երամն առած իր հետ» տրիոլետները, որոնց մեջ կան նաեւ ոչ ավանդական ձեւով չափաբերված տրիոլետներ, որոնք Գագիկ Դավթյանի գրչի վարպետության արդյունքն են:


Հայոց պոեզիայում առաջին անգամ է հյուսվում քառյակների շղթայակապ պսակը, որը Գագիկ Դավթյանի նորամուծությունն են մեր պոեզիա: Փաստենք սակայն, որ հայոց քնարերգության մեջ Նարեկացին է կիրառել տների շղթայահար եղանակը, որի տաղերի նախորդ տան վերջին բառը կրկնվում է հաջորդ տան սկզբում, մինչդեռ Գագիկ Դավթյանի թե՛ քառյակների, թե՛ սոնետների պսակում (վերջինիս առաջին կիրառողներից մեկը մեր պոեզիայում նույնպես ինքն է) շղթայակապը ոչ թե բառ է, այլ ողջ տողը: «Երազների երկինք» ժողովածուն եւս առիթ տվեց տարբեր արձագանքների` Դավիթ Սարգսյան, Հովհաննես Գրիգորյան, Դավիթ Գասպարյան, Վահագն Դավթյան, Արմեն Ավանեսյան եւ այլք: Մեզ համար անընդունելի է Դավիթ Գասպարյանի սուբյեկտիվ ընկալումը, որ շրջանցում է ժողովածուի արժանիքները` շեշտադրելով բացառապես թերությունները, որոնցից զերծ չի կարող լինել ոչինչ եւ ոչ մեկը: Մինչդեռ արժեբանական մեթոդը ենթադրում է արժանիքների եւ թերությունների օբյեկտիվ գնահատում: 1987թ. տպագրվում է երրորդ` «Վերադարձ» ժողովածուն, որի «Բառերի փնտրտուք» շարքում ուշագրավ են նովելիկ ավարտով «Գեշ երազ» եւ «Ես ո՞ւր գնամ» բանաստեղծությունները, ինչպես նաեւ կատարյալ բանաստեղծական ձեւի արտահայտություն դարձած քառյակների պսակը` շղթայակապ քառյակներով ու դրասանգներով: «Աղերսներ» շարքը միջնադարյան տաղի աղերսանք ժանրային ենթատեսակի նորօրյա արտահայտությունն է, որում հատկապես տպավորիչ է «Թողության աղերս»-ը: «Վերադարձ» ժողովածուում հատկապես առանձնանում են «Մենք` քո ստեղծածը» շարքի «Մեր գլուխը», «Մեր քիթը» բանաստեղծությունները: Բերանը եւ ձեռքերը եւս առանձին բանաստեղծության նյութ են դարձել: Ափսոս, որ այդ շարքը չի շարունակվել: «Վերադարձ» ժողովածուի մեջ կրկին վերադառնալով «Մենախոսություն» շարքին՝ բանաստեղծը մի երազային բարի ցանկություն է հայտնել.


Երազի մեջ գնանք ապրենք, եւ երազը չունենա վերջ, եւ երազը լինի բարի, եւ չլինի կռիվ ու վեճ…

Սակայն այս շարքում կանացի իր դյութանքով ընթերցողին կախարդում է «Քայլող հրաշք»-ը:

Անկեղծությամբ ու անմիջականությամբ է հյուսված այս գողտրիկ սիրերգը.


ՔԱՅԼՈՂ ՀՐԱՇՔ
Թխլիկ աղջիկ մի ոսկեվարս շողշողում է շափաղ-շափաղ, արթնանում են արյանս մեջ ցանկություններ մեղսաշաղախ…


Ախ, պատել է ինձ հաճելի մի թմրություն ոտից գլուխ, եւ թվում է, թե ես նրա հպատակն ու ճորտն եմ հըլու, թավուտներում իր հմայքի, հրավիրող ու քմահաճ, ոտից գլուխ մի վայրկյանում կորցըրել է նա ինձ ահա…


Ով է փռել ուսերն ի վար այս ջրվեժի շառաչը լուռ, ով է դրել կոպերի տակ այսքան հրայրք, այսքան սարսուռ… Գիշերներ են ասես թե զույգ սեւուկ աչքերն անպիտանի, ախ, թվում է, նա ուր որ է ինձ շնչահատ պիտի անի…


Ախ, չարչարեր յոթը գիշեր, յոթը գիշեր հոգիս հաներ, չքնեի յոթը գիշեր, յոթը գիշեր ինձ սպաներ…
Թպրտացող սիրտս ասես անօգնական թռչուն է մի, շվարել է մինչեւ անգամ խոժոռադեմ ժայռը դեմի, ծովն է անգամ շունչը պահել նրա տեսքով հրապուրված, կիսաբաց են նրա հյութեղ շրթունքները չհամբուրված… Ասես, ինչ-որ մի հրաշքով ափով քայլող ալիք է նա, եւ այնպես է խայտում, ասես, ոչ ոք չկա, ինքն է մենակ…


Ով է հյուսել նրա դեմքին այս ժպիտը սատանայի, ախ, թվում է, կանգնած տեղս կուշաթափվեմ, թե... ինձ նայի…


Այս գողտրիկ սիրերգը մեզ ուղղակիորեն տանում է դեպի հայրենների երգաշխարհը եւ Նաղաշ Հովնաթանի՝ տղամարդկային աշխույժով լցված վայելքի երգերը` երիցս հաստատելով Գագիկ Դավթյանի պոեզիայի կապը մեր ազգային դասական քնարերգությանը: Այս ժողովածուի «Ոգեղեն պատկեր» շարքում առանձնանում է «Հայաստան» բանաստեղծությունը:


Այս անսահման երկնքի տակ կա սրտաձեւ մի լեռնաշխարհ, եւ ապրում է այնտեղ հպարտ մի ժողովուրդ` որպես նշխար:


«Վերադարձ» ժողովածուն եւս արժանացել է գրաքննադատության ուշադրությանը: 1988թ. Գ.Հայրյանը գրում է, թե «գրքից գիրք ամրանում է բանաստեղծի ձայնը, պահպանելով սեփական հնչեղությունը»: «Վերադարձ»-ից հետո, եթե չհաշվենք 1988-89թթ. վրացերեն եւ ռուսերեն թարգմանությամբ Թբիլիսիում եւ Մոսկվայում լույս տեսած ժողովածուները, շուրջ 20 տարի Գագիկ Դավթյանը նոր գիրք չի տպագրում, թեեւ մամուլում երբեմն-երբեմն հայտնվում են նրա ստեղծագործությունները: Արցախյան ազատամարտի, մեր երկրի պետական-հասարակական կյանքում աննախադեպ արմատական շրջադարձերի, շուկայական վայրիվերո հարաբերությունների պայմաններում գրականության համար աննպաստ տարիներն էին, որոնք իմաստավորել էր պետք: Եվ ահա 2007թ. տպագրվում է «Անվերջ սկիզբ» ժողովածուն, որն իր էությամբ թեեւ շարունակությունն է Գագիկ Դավթյանի նախորդ շրջանի պոեզիայի, սակայն նոր որակ է բերում նրա քնարերգությանը: Ժողովածուի բանաստեղծությունները նոր խոսք են ե՛ւ պատկերային մտածողությամբ, ե՛ւ նոր ժամանակներին հատուկ ասելիքով: Արդեն մեր օրերում ձեւավորված արատավոր արժեհամակարգին իր բարոյական մարտահրավերն է նետում բանաստեղծը:


ՄԻ՛ ԿՈՒՏԱԿԻՐ ԱՅԴՔԱՆ
Փողի մասին կա մի հրաշալի առած - «փողը տեր է դաժան եւ հնազանդ ծառա»: Եվ անկարելի է դառնում ապրելն, իրոք, երբ որ գլխին տիրոջ տիրակալ է դառնում ծառան երես առած - մի՛ կուտակիր այդքան, մի՛ կուտակիր, շատ փող ունենալու վնասներն էլ շատ են:


Քեզ թվում է անվերջ, թե գործերդ վատ են, թե ուր որ է պիտի քեզ բռնեն ու դատեն, թե քեզ չեն հավատում - բոլորն անհավատ են, թե կյանքն անապատ է, թե օդն անգամ քո դեմ կանգնեցրած պատ է, եւ ամեն ինչ վատ է, եւ բոլորը վատ են ... Եվ դու կամաց-կամաց կորցընում ես քունդ, մոռանում ես տունդ, մոռանում ես անուն-ազգանունդ, հոռանում ես ապա, քոռանում ես փողի շլացուցիչ փայլից, ատամներդ դանդաղ ժանիքներ են դառնում, հայտնվում է ապա ախորժակը գայլի, եւ մոռանում ես, թե ով ես եղել երեկ, ու տանջվում ես այդպես գիշեր-ցերեկ...


Բայց այս ամենը հեչ, ամենավատն այն է, երբ որ քո խլացած ականջների միջեւ առաջանում է մի տարածություն անօդ, որտեղ համատարած անլսելի ճիչ է - քիչ է, քիչ է, քիչ է - եւ այդ անլսելի ճիչի իմաստն այն է, որ առանց շատ փողի ապրելն ընդունայն է - անհնար է, երբ որ փողը տեր է դառնում, փողի տերը՝ ծառան իր ծառայի...


Գագիկ Դավթյանն իրավամբ տեսնում է մեր օրերի մեծագույն չարիքի` ընչաքաղցության ու ագահության, փողի կուտակման մոլուցքից չհագեցող մարդկանց իրական դեմքը, որոնք, մոռացած իրենց անցյալը, ուրացած հարազատին, բարեկամին ու ընկերոջը, տարված են միայն անհագաբար ու ագահաբար կուտակելով: Հինգ հազար դրամի համար իր եւ դիմացինի կյանքը վտանգի ենթարկող ոստիկանի կերպարը («5000 դրամանոց կյանք») բանաստեղծական դաժան ապտակ է մեր շուրջը տիրող անառողջ բարքերին: Անդրադառնալով «Անվերջ սկիզբ» ժողովածուին` գրականագետ Ա.Ավանեսյանը գրում է. «Անշուշտ սա հոգեւոր-մշակութային արժեկարգի մեր օրերի հակակշիռն է: Ծաղրական երանգներ են ի հայտ գալիս բանաստեղծություններում, եւ բնական է, քանզի բանաստեղծը փորձում է անգամ ծաղրի ու երգիծանքի միջոցով սթափեցնել մարդուն եւ ցույց տալ դեպի ակունք, դեպի սկիզբ տանող ճամփան»: Քաղաքական սարկազմի արտահայտություն է «Կեցցե քեռին» բանաստեղծությունը, որտեղ բանաստեղծը հեգնում է քաղաքական գործիչներին` վերջիններիս անվանելով քաղաքական ագենտներ ու անգետներ, որոնք կրկեսային ձիու պես վարժեցվել են իրենց քեռուց` հանուն նրա տված մի կտոր շաքարի: Այս ժողովածուն նկատի ունի նաեւ Ֆ.Բախչինյանը, երբ գրում է. «Գագիկ Դավթյանը կյանքի թե՛ նրբագույն ոգին, թե՛ պրկված ջիղն զգացող բանաստեղծ է, տիեզերքի ոգեղեն ընկալումների հետ կյանքի իրատեսական, շոշափելի ապրումների երգիչ»: «Անվերջ սկիզբ» ժողովածուում եւս շարունակվում է բանաստեղծի ներքին մենախոսությունը, որ սկիզբ է առել դեռ առաջին ժողովածուից եւ ձգվում է Գագիկ Դավթյանի պոեզիայի ողջ հունով:


Դու՝ Անկարելի, դու՝ Մոգ, Հըմա, մեկ արձակ ես դու, մեկ՝ հանգավոր, գեղեցիկ ես դու ծովի նման ու ծովի նման՝ վտանգավոր…


«Ինքս ինձանից վտարանդի» բանաստեղծությունը ինձնից մինչեւ եսի ողբերգական դրաման է, որ շարունակվում է «Ինքդ քեզ ի տես» բանաստեղծության մեջ, որտեղ բանաստեղծն ասես ինքն իր ձեռքով մի բացիկ է ճամփել ինքն իրեն: Ինքնատիպ է «Վարիացիաներ վաղնջական թեմաներով» շարքը` «Ելք փակ դռներից», «Անգլուխ ձիավորը», «Մորուքը` դիմակ», «Երեք կրակոց` մեկ փամփուշտով» բանաստեղծությունների խոհական-փիլիսոփայական մտորումներով: «Ոգեղեն պատկեր» շարքում է զետեղվել «Սյունիք» օրհներգը, որը հայրենի եզերքի նկատմամբ անանց սիրո եւ իսկական հայրենասիրական քնարերգության արտահայտություն է, որի մասին Ա.Ավանեսյանը գրում է. «Դեռ առաջին բանաստեղծություններից սկսած բանաստեղծն ինքն իրեն մասնատում է երկրի համար: Սա վերամբարձ հայրենասիրությունը չէ, այլ երկրի հետ մեկ ամբողջ լինելու գիտակցություն: Սա ցայտուն կերպով արտահայտված է նաեւ «Սյունիք» օրհներգում, որը նաեւ Գագիկ Դավթյան մարդու կերպարի հոգեւոր աշխարհի բնութագիրն է»:


Գագիկ Դավթյան բանաստեղծը բարձրարվեստ է նաեւ պոեմներում: Նրա «Շարունակվող պատերազմ» քնարական պոեմն սկսվում եւ ավարտվում է նույն հուզիչ ու խոհական տողերով, աշխարհի բոլոր պատերազմները շարունակվում են մի պատերազմի մեջ` նույն ողբերգությամբ: Մինուճար քեռու կորստի ցավը ոչ միայն պապ ու տատի կորստի մորմոքող ցավն է, այլեւ թերեւս նրա երեսն անգամ չտեսած` լուսանկար-քեռու կարոտից ծնված բանաստեղծի սրտաբեկ ցավը, որ ինչքան անձնական է, նույնքան անանձնական եւ համաշխարհային, որը դարձել է բանաստեղծի հոգու ընդվզումը աշխարհի հին ու նոր պատերազմների դեմ: Կորուսյալ քեռու կերպարը ծնվել է պապ ու տատի տառապանքների մեջ, որոնց մահից հետո մարող ծխից մնացել է «տասնյոթամյա անբեղ-անմորուս/մի ԼՈՒՍԱՆԿԱՐ», որը բանաստեղծի՝ իրականում չճանաչած, բայց բանաստեղծականորեն ճանաչելի դարձած քեռին է` Հայրենական մեծ պատերազմում զոհված Սերյոժա Ահարոնյանը: Պոեմն արժանացել է Վրաստանի կառավարության Վ.Մայակովսկու անվան միջազգային մրցանակի: Թեեւ այն գրվել է Հայրենական մեծ պատերազմից շուրջ քառասուն տարի անց եւ դրանից հետո էլ անցել է քառասուն տարի, սակայն այն այսօր էլ ունի արդիական հնչեղություն, ավելին` այն բոլոր ժամանակների համար է` բանաստեղծական խոսքի պատերազմ ընդդեմ աշխարհի բոլոր պատերազմների: «Խոստովանություն» պոեմը համամարդկային ու ազգային ողբերգության եւ կորուսյալ Հայրենիքի ցավից ծնված քնարական մենախոսություն է: 2015թ. տպագրվում է «Վարք Բաբիկի» էպիկական պոեմը, որի մասին 2017թ. գրախոսությամբ հանդես է եկել Հասմիկ Սարգսյանը: Պոեմի մասին Ա.Ավանեսյանը գրում է. «Վարք Բաբիկի» պատմահոգեբանական պոեմում Սյունյաց Անդովկ իշխանի որդի Բաբիկի կյանքի էպիկական պատմությունը ներկայացվում է քնարական շնչով ու հերոսի հոգեբանական քարտեզագրումով: Փուլ-փուլ բացվում է Բյուզանդիայում գերի Բաբիկի հերոսացման պատմությունն ու հերոսի հոգեբանական անցումները»: Պոեմն սկսվում է Սյունյաց մեծ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջբերում-հատվածով, որոնք այնուհետեւ կրկնվում են մյուս մասերում: Պոեմն ունի նաեւ ճանաչողական լուրջ արժեք, որի միջոցով ընթերցողը կարող է ծանոթանալ ողջ Սյունյաց աշխարհին` իր 12 գավառներով` Երնջակ, Ճահուկ, Վայոց ձոր, Գեղարքունիք, Սոթք, Ծղուկ, Կովսական, Բաղք, Հաբանդ, Աղահեճք, Ձորք, Արեւիք: Պոեմում օգտագործվել են միջնադարյան ոճավորումներ ու ժանրեր, ինչպես տեսիլի ժանրը` Արշակ քագավորի տեսիլքը, Վասակ սպարապետի տեսիլքը, Փառանձեմ քրոջ տեսիլքը, Մանկամարդ կնոջ տեսիլքը եւ այլն: Ահա Սյունյաց գեղեցկուհու բանաստեղծական նկարագիրը.


… եւ ծնվել էր ՆԱ` հոր պես` անկոտրում, պապի պես` հպարտ, տատի պես` բարի, մոր պես` միամիտ եւ հույժ աննման, ինչպես… գարունը Սյունյաց աշխարհի…


Մանկամարդ կնոջ տեսիլքում բացվում է մի ողբերգական սիրո պատմություն, որի պատմական հիմքը Փավստոսի պատմագրած Գնել-Տիրիթյան ավանդությունն է, Արշակ թագավորի կողմից եղբայրասպանությունն ու նրա կնոջը տիրելը:


Նույն աղջնակը կին էր մանկամարդ, մազերն էր փետում լացով ու կոծով, օրը ցերեկով դավադրաբար Սերն էր գլխատվել, անհուն էր վիշտը, տառապանքը՝ ծով… Եվ ինքն էր պատճառն իր Սիրո մահվան, իր հմայքը, որ Տերն էր ընծայել, որով գերված էր մի նենգաբարո, մի շողոմաշուրթ վավաշոտ Կայեն…


Բաբիկի կերպարի կերտման պատմական հիմքը Ստեփանոս Օրբելյանի պատմությունն է, սակայն բանաստեղծը կերպարակերտման հոգեբանական նուրբ երանգավորումներով է ստեղծել Սյունյաց քաջարի երիտասարդ իշխանի կերպարը, որ պատվախնդրորեն տեր է կանգնում կորուսյալ հայրենի եզերքին: Սյունյաց իշխան Բաբիկի պատվախնդրությամբ էլ Գագիկ Դավթյանը պոետական իր խոսքով վերակերտել է Սյունյաց աշխարհի փառքը: Գագիկ Դավթյանը բարձր է գնահատվել թե՛ հայ գրականագիտության կողմից, թե՛ օտարներից: Պատահական չէ, որ Գագիկ Դավթյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, սլովակերեն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, սերբերեն, ռումիներեն, լեհերեն, բուլղարերեն, ղազախերեն, պարսկերեն, չինարեն:


Գ.Դավթյանը տիրապետում է բանաստեղծական վարպետության կանոններին. նրա պոեզիան հյուսված է նրբին գեղարվեստականությամբ: Հանդիպում են գեղարվեստական պատկերավորման բազմազան միջոցներ, էպիտետ` քանդակագործ քամի, խուժան քամի, ուշակորույս մի լեռնաշխարհ` կրծքում հազար ժանգոտ նետ, առավոտն ասեղնագործ, գիշերն աստեղնագործ, օքսիմորոն` հրեշները հրեշտակներ, անտուն տանտերեր, եւ որքան մեծ է այս փոքրությունը, փոխաբերություն` աղվամազն է պատել հողի դեմքը, ծաղկունքի վարք, խաղաղ են աչքերը օրերի, թախծի հոտ է շուրջս, տառապանքի բուրմունք, հայացքն այգաբացի, արտասուք է կաթում սրտիս մառախուղից, սիրած աղջկա աչքերի լեզուն, արեւն ամոթից երեսն էր փակել եւ այլն: Գագիկ Դավթյանը ուշադիր է բառի հանդեպ, նա գրական մաքուր հայերենի ջատագովն է, նաեւ գործածում է նորաբանություններ, ինչպես` շողանդրադարձ, պաճարաբարո եւ այլն: Գրքում նկատելի են բանաստեղծական տան կիրառության բազմազան ձեւեր, բանաստեղծը նախընտրում է ժանրային տարբեր տեսակներ. գրքում կան ինչպես քառյակներ, տրիոլետներ, սոնետներ, այնպես էլ ազատ ոտանավոր: Նրա համար էականը պատկերավոր մտածողությունն է, տաղանդի բացահայտումը: Թեեւ գրականագիտության մեջ շահարկվել է սեւակյան ազդեցությունը, սակայն Գագիկ Դավթյանին առավելապես հատուկ է տերյանական քնքշությունը եւ նրբագեղությունը: Գիրքն ունի նաեւ որոշ թերություններ. բնականաբար, կան նաեւ թույլ գործեր, նշենք մեկը` «Խոստովանություն» պոեմը, որն իր տեսակի մեջ չի հասնում գեղարվեստական ամբողջականության: Գրքում կան նաեւ տառասխալներ, որ կարելի է համարել տպագրական վրիպակներ, որը գրքի` սրբագրիչ չունենալու հետեւանքն է, ինչպես՝ երկանակառույց, շանթարծակ եւ այլն: Գրաբարյան ճանաչել բայի հրամայականը դառնում է ծանիր, որը սխալմամբ գործածվել է ծանել ձեւով: Թեեւ մեր խնդրից դուրս է, սակայն անհնար է չխոսել նաեւ Գագիկ Դավթյանի թագմանությունների մասին, որոնցով նա իր նպաստն է բերում հայոց պոեզիայի հարստացմանը` միաժամանակ արդի հայ պոեզիան ներկայացնելով տարբեր օտար լեզուներով: Այդ առումով, Գագիկ Դավթյանը արդի հայ պոեզիայի դեսպանն է աշխարհում, միաժամանակ համաշխարհային արդի եւ դասական ընտիր պոեզիայի դեսպան-թարգմանը մեզանում: Արդեն տպագրվել են երկու մեծադիր թարգմանական հատորներ եւս` «Վրացական պոեզիա» եւ «Համաշխարհային պոեզիա»: Ամփոփելով ասենք, որ Գագիկ Դավթյանը նուրբ քնարերգու է, ասես ժամանակների խաչմերուկում ժամադրվել է մարդու եւ հայրենիքի անցյալի, ներկայի ու ապագայի հետ` հայացքը պարզած համաշխարհային պոեզիայի գոհարներին: Նրա բանաստեղծական նուրբ քնարականությունն ու խոհականությունն արդի հայ պոեզիան հարստացնում են նոր երանգներով: Մարդու մենության եւ ներքին մենախոսության արտահայտություն է Գագիկ Դավթյանի պոեզիան, որ զրույց է ինքն իր հետ: Անգամ «Վարք Բաբիկի» էպիկական պոեմում, որ, թվում է, պիտի լինի պատմողական պատում, ակնհայտ է կերպարի հոգեբանական ներքին մենախոսությունը: Գագիկ Դավթյանը չափածո խոսքի վարպետ է, բանաստեղծական ձեւերի նորարար հայ քնարերգության մեջ, քառյակների շղթայակապ պսակի առաջին հեղինակը եւ սոնետների պսակի առաջին կիրառողներից մեկը մեզանում: Գագիկ Դավթյանի բանաստեղծական խոսքն արդի հայոց կյանքի դավթյանական պատկերացումն է` դրված գեղարվեստական ձեւի մեջ, այժմեական ու հավերժական հարցեր արծարծող:

ՎԱՆՈ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: