12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

Շանթ Հովհաննիսյան. «Պետք չէ թատրոնի տնօրենին մեծապատիվ մուրացկան դարձնել»

Շանթ Հովհաննիսյան. «Պետք չէ թատրոնի տնօրենին մեծապատիվ մուրացկան դարձնել»

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը


«Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 80 տարուց ավելի է, ինչ գործում է, եւ այդ ճանապարհին ունեցել է ե՛ւ վերելքներ, ե՛ւ անկումներ: Անկախությունից հետո մեր բոլոր թատրոնները դժվարին ժամանակաշրջան էին ապրում, բայց, չնայած դրան, մեր թատրոնը երբեք չի դադարեցրել իր գործունեությունը, կանգ չի առել՝ շարունակելով ստեղծագործել, հնարավորինս պահել թատրոն-հանդիսատես կապը», - այսպես սկսեց իր խոսքը Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը, ով, ի դեպ, պաշտոնավարում է 2017թ. մարտ ամսից:


Մոտ 50 աշխատակցից դերասանական կազմում ընդգրկված է ընդամենը 13 հոգի՝ թե՛ երիտասարդ, թե՛ ավագ սերնդից: «Դերասաններն աշխատում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում՝ գիտակցելով մեկը մյուսի դերակատարությունը թատրոնի պատմության կերտման ճանապարհին: Այսօր մեր խնդիրն է պասիվ աշխատանքային ռեժիմից անցնել ավելի ակտիվ ռեժիմի, որ կարողանանք առավելագույն արդյունք ապահովել», - նշեց տնօրենը՝ հավելելով, որ իր հաստիքացուցակով Գորիսի թատրոնը մեծ հնարավորություններ չունի: Ինչ վերաբերում է հաստիքների կրճատմանը կամ աշխատակիցներ հեռացնելուն, ապա, Շ.Հովհաննիսյանի խոսքով, դեմ է այդ քաղաքականությանը: Նախ՝ որովհետեւ դժվար է փոխարինող մասնագետներ գտնելը եւ երկրորդ՝ փոքր քաղաքում այնքան էլ հեշտ չէ մարդկանց աշխատանքից հանելը. «Փորձում եմ աշխատակիցների բնավորության լավագույն կողմերի վրա հենվելով՝ ստեղծել համապատասխան աշխատանքային մթնոլորտ»:


Զրուցակցիս փոխանցմամբ՝ մեր օրերում թատրոն ղեկավարելը շատ դժվար աշխատանք է, քանի որ դրա արդյունավետության համար անհրաժեշտ են համայնքային, մարզային եւ բարձր իշխանությունների աջակցությունը, լրացուցիչ ֆինանսական միջոցներ… «Կարծում եմ՝ մշակութային ոլորտին ուղղված ֆինանսական հոսքերից դեպի թատրոն եւ այլ կարեւոր մշակութային օջախներ պետք է հնարավորինս շատ հատկացնենք, որ թատրոնը չկորցնի իր կենսունակությունը»:


Մի քանի խնդիրների մասին


«Թատրոնի առջեւ ծառացած խնդիրները բազմազան ու բազմաբնույթ են: Այստեղ համադրվում են արվեստի բոլոր ճյուղերը, եւ այդ օղակները պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու ճանապարհին ենք: Ցավով պիտի նշեմ, որ ինձ լավ ժառանգություն բաժին չհասավ: Հիմա, ինչպես ցույց է տալիս ժամանակը, կարծեք, փորձում են թատրոնը կամաց-կամաց տանել ինքնաֆինանսավորման՝ նվազեցնելով պետությունից տրվող լրավճարը: Սա հավանաբար կհանգեցնի հաստիքների կրճատման, մեր հնարավորություններն ավելի կնվազեն, բայց այնպես կանենք, որ կրճատումները գոնե չանդրադառնան առավել կարեւոր օղակներին: Բայց թեւաթափ չենք լինի եւ առավելագույն հնարավորությունները կօգտագործենք, որ մեր թատրոնը շարունակի բարձր մակարդակով կատարել իր առաքելությունը տարածաշրջանում», - նշեց թատրոնի տնօրենը:


Շ.Հովհաննիսյանն իր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում որպես կարեւորագույն իրադարձություն առանձնացրեց մայիս ամսին կայացած «Թատերական Սյունիք» փառատոնը, որ մարզի մշակութային կյանքում աշխուժություն մտցրեց՝ արժանանալով դրական արձագանքի: Նա կարեւորեց նաեւ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում մարզերում անցկացվող տարաբնույթ միջոցառումները: «Բայց մշակութային կյանքի ակտիվացման տեմպը պահելը մի քիչ դժվար է, քանի որ թատրոնի ֆինանսական վիճակը չի բավարարում: Անհրաժեշտ են որակյալ բեմադրություններ հանդիսատես ապահովելու համար, ինչից էլ կախված է մեր հետագա գործունեությունը», - նշեց տնօրենը:


Մարզային թատրոնների ամենալուրջ խնդիրներից մեկն էլ բեմադրիչ ռեժիսորների պակասը կամ էլ առհասարակ նրանց բացակայությունն է: Այդ առումով Շ.Հովհաննիսյանը նշեց, որ մայրաքաղաքից բեմադրող ռեժիսորներ կհրավիրեն եւ հրավիրել են արդեն, բայց բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ նրանց դժվար է մարզում պահելը՝ պայմանավորված մայրաքաղաքի «գայթակղությամբ», համապատասխան պայմանների բացակայությամբ: «Հրավիրված ռեժիսորները լավագույն դեպքում մնում են 1-2 տարի, այստեղ նվիրյալներ են հարկավոր, ովքեր, կապվելով այս հող ու ջրին, համապատասխան գործունեություն կծավալեն», - նշեց տնօրենը:


Բացի ֆինանսական, անհրաժեշտ կադրերի բացակայությունից կամ պակասից՝ թատրոնը մեկ այլ խնդիր եւս ունի՝ ձեւավորել կառավարման ճկուն մոդել: Այսօր խորհրդային տարիներից եկած, տարիներով ամրագրված սկզբունքներով հնարավոր չէ արդյունավետ կառավարում իրականացնել, ուստի պետք են նոր մոտեցումներ թե՛ ստեղծագործական խմբի, թե՛ վարչական կազմի հետ տարվող աշխատանքներում:


Որոշ ծրագրերի մասին


Չնայած Շանթ Հովհաննիսյանը դեռ նոր է պաշտոնավարում, բայց վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ հասցրել է որոշ քայլեր ձեռնարկել: Ֆինանսական վիճակի բարելավման համար որոշել են ներդնել աբոնոմենտային համակարգ, որը հաջողությամբ իրականացվում է մայրաքաղաքային թատրոններում: Այսինքն՝ դառնալով թատրոնի բաժանորդ՝ մարդը հնարավորություն կունենա տարվա կտրվածքով դիտել ներկայացումներ՝ ըստ նախապես սահմանված գրաֆիկի: «Ամեն քայլ ձեռնարկելիս գալիս բախվում ենք մի կետի, այն է՝ յուրաքանչյուր հարցում հովանավոր է անհրաժեշտ: Թատրոնի դահլիճը վերանորոգելու համար դիմել եմ Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանին, տեղացի գործարարներին: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նույնպես խոստացել է աջակցել հնարավորության սահմաններում», - նշեց Շ.Հովհաննիսյանը: Ի դեպ, Գորիսը պատրաստվում է 2018թ. ԱՊՀ «Մշակութային մայրաքաղաք» դառնալ, ուստի թատրոնի շենքի դահլիճը, որ քաղաքում միակն է մեծ միջոցառումներ անցկացնելու համար, պետք է ավելի պատշաճ տեսքի բերվի, ինչի համար, հուսով ենք, համապատասխան քայլեր կարվեն:  


Նպատակ ունեն նաեւ վերանորոգել թատրոնի ճեմասրահը, որը հնարավոր կլինի օգտագործել տարբեր՝ թե՛ ցուցահանդեսների, շնորհանդեսների, ցերեկույթների կազմակերպման, թե՛ զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոնի, թե՛ հանդիսատեսի համար հանգստի սրահի ստեղծման նպատակով: Թատրոնի շենքը բավականաչափ մեծ տարածք է, որը, սակայն, ըստ տնօրենի, չի օգտագործում իր բոլոր հնարավորությունները, ուստի մտածում են այն տարբեր գործառույթներով ներկայացնելու համար քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: «Եթե անկեղծ լինենք, կցանկանայի, որ մեր քաղաքում իր բեմական հնարավորություններով 150-200 տեղանոց թատրոնի առանձին շենք կառուցվեր: Այս մեծ շենքը չափազանց դժվար է պահել, մանավանդ ֆինանսավորման այսպիսի պայմաններում: Ընդհանրապես դերասանի համար ոգեւորիչ է լեփ-լեցուն դահլիճի առաջ հանդես գալը, իսկ մեր դահլիճը 500 տեղանոց է, բայց ամեն ներկայացման ժամանակ այդքան հանդիսատես ապահովելը հեշտ գործ չէ», - նշեց Շ.Հովհաննիսյանը:


Ժամանակին հարուստ ավադույթներ ունեցող Գորիսի տիկնիկային թատրոնը նույնպես նպատակ ունեն վերականգնել, ավելին՝ արդեն իսկ աշխատում են Թումանյանի «Բարիկենդանը» բեմադրելու համար:


Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարի, Ամանորի տոնին ընդառաջ, «Անտառային հրաշք» ներկայացումը կհանձնվի թատրոնի փոքրիկ հանդիսատեսի դատին:


Շ.Հովհաննիսյանի խոսքով՝ դերասանները սիրում են շրջագայել, ուստի կփորձեն ակտիվացնել հյուրախաղային քաղաքականությունը՝ այցելելով տարբեր մարզեր, Արցախի Հանրապետություն, ինչու չէ՝ նաեւ արտասահման, եթե, իհարկե, դրա հնարավորությունն ունենան: Այս տարի Գորիսի թատրոնը հյուրախաղերով եղել է տարբեր քաղաքների բեմերում, ինչը եւս մեկ լրացուցիչ խթան է ակտիվ դերասանական գործունեություն ծավալելու, չլճանալու համար:


Թատրոն-հանդիսատես կապը


«Մի տեսակ թատրոն-հանդիսատես կապը խաթարվել է: Ժամանակին թատրոն հաճախելը պատվաբեր էր, արարողակարգ, մշակութային իրադարձություն: Հիմա այդ լավ երեւույթները հետ են նահանջել, հասարակության շրջանում եղած տարաբնույթ խնդիրներն անդրադարձել են թատրոնի դերակատարության վրա: Մյուս կողմից էլ՝ չգիտենք՝ ինչպիսի խաղացանկ կազմենք՝ կոմերցիո՞ն, թե՞ դասական, որ գրավիչ լինենք: Մի բան հստակ գիտեմ՝ քաղաքում թատրոն ունենալը ստատուս է, կարգավիճակ, որը պահպանելու գործում պետք է բոլորը շահագրգռված լինեն: Ինչ-որ բան միայն անելու համար անելով երկար չես գոյատեւի: Ակնկալում եմ, որ թե՛ իշխանությունների, թե՛ առանձին հովանավորների աջակցությունը մեր ջանքերի հետ համադրելով՝ կկարողանանք Գորիսում ակտիվ մշակութային կյանք ապահովել», - մտահոգություն հայտնեց վաստակավոր արտիստը:


Թատրոնը, նախեւառաջ, գրավիչ է իր խաղացանկով


«Մեր թատրոնում թեմատիկ առումով հաջողություններ են ունեցել հատկապես պատմական ակնարկները, բակունցյան թեմաներով ներկայացումները, բայց, իհարկե, դրանց վրա կանգ չենք առնում՝ պահպանելով բազմաժանրություն, ընդգրկելով թե՛ հայ, թե՛ արտասահմանյան դասականների ստեղծագործությունները», - նշեց տնօրենը՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում նաեւ վերականգնել այն բոլոր ներկայացումները, որոնք ժամանակին հաջողություն են բերել Գորիսի դրամատիկական թատրոնին՝ դրանք երիտասարդ սերնդին յուրովի մատուցելու համար:


Հանդիսատեսին գրավելու ոսկե միջինը գտնելու խնդիր էլ կա. չգիտեն՝ նախապատվությունը տան կոմերցիո՞ն գործերին, որոնց լսարանը, կարծեք թե, այսօր ավելի մեծ է, թե՞ դասականին, որոնց սիրահարների համար, ցավով է նշում, այսօր հարկավոր է փոքրիկ ակումբներ ստեղծել: «Անկախ ամեն ինչից՝ յուրաքանչյուր ներկայացման հիմքում մարդը պետք է լինի՝ իր տարբեր հատկանիշներով, իր հակասական էությամբ: Եթե թատերական ներկայացումը քեզ չհուզեց, մի պահ չկտրեց իրականությունից, ուրեմն իր առաքելությունը չկատարեց: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ արժեքները նույնն են, պարզապես մատուցման ձեւը պետք է փոխել, համատեղել դասականն ու ժամանցայինը՝ այդպիսով ապահովելով մեր կենսագործունեությունը, հանդիսատեսի ակտիվ հոսքը դեպի թատրոն, - նշեց Շ.Հովհաննիսյան՝ հավելելով. - մարդը պետք է հավես ու տրամադրություն ունենա թատրոն գալու համար, իսկ այսօր հայ մարդու կյանքում շատ խնդիրներ կան՝ սկսած սահմանի պաշտպանությունից մինչեւ սոցիալական վիճակ»:


Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը


Տարածաշրջանի դերասանական կազմի սերնդափոխությունն ապահովելու, հարազատ քաղաքի թատրոնին կապելու համար 2004թ. բացվեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը՝ «Դերասանական արվեստ» բաժնով: Այս տարիների ընթացքում մասնաճյուղը կարողացավ կատարել իր առաքելությունը, քանի որ այսօր թե՛ Գորիսի, թե՛ Կապանի թատրոններում աշխատում են նրա շրջանավարտները: «Փոքր հնարավորություններով, բայց կարեւոր առաքելությամբ այսօր էլ Գորիսի մասնաճյուղը շարունակում է իր գործունեությունը, որտեղ այս պահին սովորում է 20 ուսանող: Ի դեպ, Արցախի Հանրապետությունում եւս կուրս բացվեց, ինչը շատ արդյունավետ էր նաեւ տեղի թատրոնների սերնդափոխությունն ապահովելու հարցում», - նշեց այդ մասնաճյուղի արդեն նախկին տնօրեն Շանթ Հովհաննիսյանը:


Վարչական աշխատանքը չի՞ խանգարում ստեղծագործական աշխատանքին


«Բնականաբար, ինձ շատ ավելի հոգեհարազատ է ստեղծագործական աշխատանքը: Ափսոսում եմ, որ, վարչական աշխատանքով պայմանավորված, ստիպված շատ հաճախ մերժում եմ ֆիլմերում խաղալու առաջարկները, քանի որ գիտեմ, որ երկար ժամանակով պետք է բացակայեմ: Բայց չեմ կարծում, եթե գայթակղիչ դերեր առաջարկվեն, կհրաժարվեմ: Ձգտում եմ գրաֆիկս այնպես կազմակերպել, որ գոնե տարին մեկ անգամ որեւէ ֆիլմում նկարահանվեմ», - նշեց ՀՀ վաստակավոր արտիստը:


Չի զղջում, որ ստանձնել է թատրոնի տնօրենի պարտականությունները, քանի որ գործունեությունը սկսել է այս թատրոնից, եւ այն մեկ այլ որակով ներկայացնելու մեծ ցանկություն, ձգտում կա: «Հարուստ ավանդույթներ ունեցող այս թատերական միջավայրը վերականգնելու, պահպանելու ցանկություն կա իմ մեջ, եւ իմ բոլոր քայլերը միտված են դրան, ճանապարհի կեսին կանգնել եւ հրաժարվել հետագա ընթացքից չեմ կարող, քանի որ այս թատրոնն իմ ճակատագրի անբաժանելի մասն է կազմում: Գավառական քաղաքում մայրաքաղաքի լավագույն թատրոններին ոչնչով չզիջող թատրոն ունենալու տեսլականս, լավագույն ստեղծագործական կորիզ ստեղծելս պետք է իրականություն դարձնեմ», - լավատեսորեն նշեց Շ.Հովհաննիսյանը:  


Այս պահին դերասան Շանթ Հովհաննիսյանը որեւէ ֆիլմում չի նկարահանվում, բայց ներկայումս ցուցադրվում են ֆիլմեր, որոնցում դեռ 2-3 տարի առաջ է նկարահանվել: Կինոթատրոններում ցուցադրվում է «Եվա» հայ-իրանական համատեղ արտադրության ֆիլմը, որն անկախությունից հետո պարսիկների հետ համագործակցության առաջին ֆիլմն է: Ի դեպ, այս ֆիլմի պրեմիերան Սյունիքի մարզում դեռեւս չի եղել, բայց մոտ ապագայում հավանաբար կլինի: Մեր հարցին, թե ինչպիսի արձագանքներ կան ֆիլմից, Շ.Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծիքները տարբեր են, ընդհանրապես ծանր դրամատիկական ենթատեքստերով ֆիլմեր դիտելը շատ քիչ մարդիկ են նախընտրում»:


Շանթ Հովհաննիսյանի դերակատարությամբ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճամփան» կարճամետրաժ ֆիլմը միջազգային տարբեր կինոփառատոներում շարունակում է մրցանակների արժանանալ: Շանթ Հովհաննիսյանն Անգլիայում կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում Սիմոնի կերպարի համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակի, Իսպանիայից նույնպես փառատոնին մասնակցելու հրավեր կա, որի համար, սակայն, նյութական միջոցներ են հարկավոր:  

 
Որպես ամփոփում


Որպես ամփոփում՝ Շանթ Հովհաննիսյանը նշեց, որ պահանջներն ու ցանկությունները շատ են, բայց միայն թատրոնի միջոցներով հնարավոր չէ դրանք ի կատար ածել: Իրենց գերխնդիրը տարածաշրջանում մշակութային կոլորիտը պահպանելն ու զարգացնելն է: «Մի փաստի վրա, այնուամենայնիվ, չեմ կարող կանգ չառնել. ցավով պիտի նշեմ, որ հաճախ դրսից եկած խմբերին ավելի մեծ նախապատվություն է տրվում, քան՝ տեղականին: Միայն կասեմ, որ պետք չէ թատրոնի տնօրենին մեծապատիվ մուրացկան դարձնել, այլ անհրաժեշտ է գիտակցել թատրոնի դերն ու նշանակությունը: Միակողմանի հնարավորություններով, միայն անձնական նվիրումով մեծ հաջողությունների հասնել հնարավոր չէ. հասկանում եմ, որ այսօր մեր պետական այրերն ավելի լուրջ խնդիրներ ունեն լուծելու, բայց չմոռանանք, որ դարեր շարունակ հայ ժողովրդի ազգային ինքնությունը պահպանվել է նախեւառաջ նրա մշակույթով, որի զարգացումը երկրորդական պլան պարզապես չի կարելի մղել: Լավատես եմ, հուսանք, ամեն ինչ լավ կլինի. չէ՞ որ ավելի վատ ժամանակներ էլ են եղել», - ամփոփեց զրույցը Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: