12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

Մարզպետներն այլեւս հիմնադրամներն ինքնուրույն չեն տնօրինի. նոր պարտավորություններ

Մարզպետներն այլեւս հիմնադրամներն ինքնուրույն չեն տնօրինի. նոր պարտավորություններ

Առաջիկայում մարզպետարանների եւ մարզպետների գործունեությունը կկարգավորվի հատուկ՝ «Տարածքային կառավարման մասին» օրենքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նոր՝ «Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: Ներկայումս մարզպետարանների եւ մարզպետների, նրանց տեղակալների գործունեությունը կարգավորվում է ՀՀ նախագահի 1997 թվականի «Մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրով: Վերը նշված օրենքով սահմանվում են մարզպետների, նրանց տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի, ստորաբաժինների ղեկավարների լիազորություններն ու պարտականությունները: Սակայն ամենակարեւոր նորարարությունը կայանում է նրանում, որ նոր օրենքով սահմանվում է մարզային հիմնադրամ հասկացությունը: Ինչպես հայտնի է՝ ներկայումս էլ մարզպետարաններն առանձին հիմնադրամներ ունեն, բայց դրանք ոչ պաշտոնական բնույթ են կրում, այդ հիմնադրամներում միջոցները հավաքագրվում են ռեկետի սկզբունքով, այսինքն՝ անհատները եւ իրավաբանական անձինք այդ հիմնադրամներին գումարները փոխանցում են՝ մարզպետարանի հետ կապված իրենց գործերը «առաջ գցելու» համար: Ավելին՝ մարզային զարգացման հիմնադրամների միջոցները ներկայումս ծախսվում են բացառապես մարզպետների հայեցողությամբ: Վերջիններս էլ, որպես կանոն, այդ հիմնադրամների գումարներով իրականացված ծրագրերը ներկայացնում են իբրեւ մարզպետի կողմից բարեգործություն: «Տարածքային կառավարման մասին» օրենքով մարզային հիմնադրամի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Հիմնադրամի միջոցների անմիջական կառավարումն իրականացնում է տնօրենը, որին նշանակում եւ ազատում է հիմնադրամի կառավարման խորհուրդը՝ մարզպետի առաջարկությամբ: Ավելին՝ մարզպետը պարտավոր է տնօրենի թեկնածությունը, մինչեւ խորհրդին ներկայացնելը, համաձայնեցնել ՀՀ վարչապետի հետ: Հիմնադրամների խորհուրդների կազմում ընդգրկվում են մարզպետները, համայնքների ղեկավարները, մարզային հիմնադրամների տնօրենները եւ կառավարության երեք ներկայացուցիչ։ Մարզային հիմնադրամների միջոցների ծախսման գործընթացը փաստացի գտնվելու է ՀՀ վարչապետի անձնական հսկողության ներքո: Կարելի է ենթադրել, որ մարզային զարգացման հիմնադրամների միջոցները մարզպետների կողմից ինքնուրույն տիրապետելու գործելաոճը Հայաստանի բարձրագույն ղեկավարության սրտով էլ չէ: Ինչեւէ: Հայաստանի իշխանությունները նոր օրենքը նախատեսում են կիրառության մեջ դնել 2019 թվականի հունվարի 1-ից:

Վ.Հ.
4 դեկտեմբեր 2017թ.
armlur.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: