12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին (Պատճենը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին)

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին (Պատճենը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին)

Հարգելի պարոն վարչապետ


Վահե Հակոբյան մարզպետի գլխավորությամբ Սյունիքում շարունակվում է պայքարն ազատ խոսքի, բացախոսության, հրապարակայնության դեմ: Եվ պետության անունից կիրառվում են միջնադարյան ինկվիզիցիային բնորոշ մեթոդներ: Մարզպետի ու Քաջարանի կոմբինատի ղեկավարության մակարդակով հետապնդվում են այն բյուջետային ու գործընկեր կազմակերպությունները, որոնք համագործակցում են կամ փորձում են համագործակցել տասնհինգամյա «Սյունյաց երկիր» թերթի հետ:


Մասնավորապես՝ արգելվել է հանրակրթական դպրոցների տնօրեններին՝ 2018 թվականի համար բաժանորդագրվել մարզի առօրյան լուսաբանող միակ թերթը:


Ասենք, որ այդ օպերացիան մենք ցավով չենք ընդունում եւ, ինչ-որ առումով, տրամաբանական ենք համարում: «Սյունյաց երկրի» բաժանորդագրությունը տարիներ շարունակ հիմնականում կատարվել է մարդկանց (ընթերցողների) անձնական միջոցների հաշվին. այդպես ենք իրականացնում նաեւ 2018 թվականի բաժանորդագրությունը:


Սակայն վերջերս մարզպետ Վահեն ու նրա ներկայիս կին Էլիզաբեթը հիմնել են անձնական-ընտանեկան թերթ՝ «Զանգեզուր պրես», որի շուրջ ընթացող զարգացումներն արմատապես փոխում են մարզպետարան-մարզային լրատվամիջոցներ հարաբերությունների, մարզի լրատվական դաշտի պատկերը:


Վահե մարզպետը, մարզպետարանի ֆինանսական վարչության պետի միջոցով, հանձնարարություն է իջեցրել մարզի հանրակրթական դպրոցներին՝ 2018 թվականի համար բաժանորդագրել 5-ական օրինակ «Զանգեզուր պրես»:


Եվ այս օրերին, երբ հանրակրթական դպրոցներում ծրագրվում է խիստ անհրաժեշտ ու պահանջված հաստիքների կրճատում՝ միջոցների սղության պատճառով, երբ նվազեցվում են հանրակրթությանը հատկացվող ֆինանսական միջոցները, Վահե-Էլիզաբեթ զույգի անձնական-ընտանեկան թերթի բաժանորդագրության պարտադրանք է ներկայացվում դպրոցներին:


Չէ, լրատվամիջոցների ենթադրվող մրցակցությունը չէ, որ մեզ անհանգստացնում է. այդ ոլորտում մրցակցություն առհասարակ լինել չի կարող, քանի որ Վահե մարզպետի վարկանիշը զրոյից բարձրանալու հնար չունի, եթե նույնիսկ մայրաքաղաքային բոլոր լրատվամիջոցներն օրական 24 ժամ լծվեն այդ գործին (ինքներդ կարող եք հարցախույզի միջոցով ճշտել ասվածի հավաստիությունը):


Մեզ անհանգստացնում ու զարմացնում է Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորության՝ հանրակրթական դպրոցների՝ առանց այդ էլ սուղ միջոցներից իր ու իր տիկնոջ անձնական-ընտանեկան թերթի օգտին փող շորթելու լկտիությունը:


Իսկապես, շատ էլ լավ են արել, որ ամուսիններով թերթ են հիմնել Սյունիքում, եւ մենք ողջունում ենք անկեղծորեն: Բայց ինչո՞ւ դպրոցների հնարավորությունների ներգրավմամբ, ինչո՞ւ դպրոցներն իրենց հայրական կալվածքի հետ շփոթելով:


Հարգելի պարոն վարչապետ


Սյունիքի մարզպետի կամայականությունների վերաբերյալ դիմումներին, ինչպես կյանքն է ցույց տալիս, Դուք ընթացք չեք տալիս սովորաբար. տպավորություն ունենք, որ Սյունիքի մարզպետի գործունեության վերահսկումը Ձեր լիազորությունների տիրույթից դուրս է: Եվ քիչ հավանական ենք համարում, որ այս անգամ գոնե բարձրացված հարցին ուշադրություն կդարձնեք:


Ու, այդ բոլորով հանդերձ, տեղյակ ենք պահում մարզպետի հերթական կամայականության մասին: Տեղյակ ենք պահում, որ Սյունիքի մարզպետը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, թերթի բաժանորդագրության քողի տակ փող է կորզում հանրակրթական դպրոցներից՝ հօգուտ իր ու իր տիկնոջ անձնական-ընտանեկան թերթի:


Կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված ելույթներից մեկում Դուք իբրեւ կոռուպցիա եք որակել այն երեւույթը, երբ պաշտոնեական լիազորությունների շնորհիվ պետական պաշտոնյան անձնական-ընտանեկան խնդիր է լուծում:


Դուք քանիցս անթույլատրելի եք համարել դրամահավաքության, կրթական խնդիրներից դուրս դրամավորման յուրաքանչյուր դրսեւորում դպրոցում, իսկ հիմա…


Մի ուրիշ հանգամանք էլ կա. գյուղական միջավայրում անգամ, որտեղ գրեթե բոլորն իրար բարեկամ են, Վահեն  արգելում է դպրոցի տնօրենի բարեկամների աշխատանքը տվյալ կրթօջախում՝ վկայակոչելով Ձեր անունն ու հանձնարարությունը: Ինքը, մինչդեռ, իրեն թույլ է տալիս տվյալ դպրոցին պարտադրել իր ու իր տիկնոջ անձնական-ընտանեկան թերթի բաժանորդագրումը:


Նորի՞ց աչք փակենք եւ կեցվածք ընդունենք, թե իբր արտառոց ոչինչ չի կատարվում Սյունիքում:


Նորի՞ց հայտարարենք ի լուր աշխարհի, որ Սյունիքի մարզպետի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ գործընթացներին ու նրա հավանական-անհավանական արկածներին կատակով ենք վերաբերվում:


Անցած մեկ տարում (Երեւանի անթաքույց քաջալերանքով) սյունիքյան իրականության շատ ոլորտներ են պղծվել-աղավաղվել-խեղաթյուրվել: Սակայն ուզում ենք հավատալ, որ, թեկուզ ուշացումով, հանրակրթության սրբասուրբ բնագավառը զերծ կմնա Վահե Հակոբյանի քմահաճույքներից: Վերջիվերջո ո՞ր մեղքի համար Սյունիքի դպրոցները պետք է իրենց լղար ուսերին առնեն Վահե մարզպետի կայացման, ինքնահաստատման հավերժորեն անլուծելի խնդիրը:


Իսկ եթե մարզպետի հերթական արարքը վերստին անտես անեք ու ողջամիտ համարեք, ապա մենք չենք զարմանա ու չենք զայրանա եւ կշարունակենք գործել խոսքի ազատության վահեհակոբյանական նորահնար պայմաններում՝ ստույգ համոզված լինելով, որ ոչինչ չի կարող փրկել Սյունիքի օրվա մարզպետի անփառունակ վախճանը, ինչն այլեւս իրողություն է:

Հարգանքով՝
Սամվել Ալեքսանյան
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր
4 դեկտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: