12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

Բեմահարթակում «Վարք հայոցն» էր

Բեմահարթակում «Վարք հայոցն» էր

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ծրագրի եզրափակիչ համերգը՝ «Հայաստան, սեր իմ» խորագրով: Բեմահարթակում «Վարք հայոց» ավանդական երգի-պարի ինքնագործ խումբն էր (ղեկավար՝ Սարգիս Փարամազյան):


Երգ ու պարով, բառ ու բանով խմբի անդամները ներկայացրին հայ ժողովրդի անցած ճանապարհը, Տարոնի, Վասպուրականի, պատմական Հայաստանի այլ տարածաշրջանների ժողովրդական արվեստը, բանահյուսական նշխարներ: Հայ ռամիկի կենսափիլիսոփայությունն էր ազգագրական երգերում՝ «Գութան չլիներ, աշխարհն ի՞նչ էր» եւ ըմբոստ ոգին՝ խմբի ծրագրում ներառված խրոխտ պարերում: Ներկայացվեց նաեւ հնօրյա հարսանեկան մի ծես: Հանդիսականը ջերմ ծափերով վարձատրեց խմբի կատարումները:


Համերգի ավարտին խմբին ողջերթի եւ օրհնանքի խոսքեր հղեց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը՝ հիշեցնելով Կոմիտաս վարդապետի խոսքը՝ ժողովուրդն է ամենամեծ ուսուցիչը, գնացեք եւ սովորեցեք նրանից: Իսկ վերջում խմբի անդամները եւ հանդիսականները շուրջպար բռնեցին դահլիճի ճեմասրահում:


Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց խմբի հիմնադիր ղեկավար, ծագումով կապանցի Սարգիս Փարամազյանը, խումբը ստեղծվել է 2013 թվականին՝ մի խումբ ազգանվեր երիտասարդների կողմից, ովքեր սեր ունեին ազգային մշակույթի հանդեպ, ցանկություն ունեին այն կրելու, շաղկապելու հետագա սերունդներին, դառնալու կամուրջ անցյալի եւ ապագայի միջեւ: Այս ամռանն ու աշնանը խումբը երկու միջազգային փառատոնի է մասնակցել, նախ՝ Հունաստանում կազմակերպված ֆոլկլորային, ապա՝ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում կայացավ Մահմուդ Էսամբաեւի անվան ժողովրդական պարերի փառատոնին:


«Վարք հայոցը» դեկտեմբերի 3-ին հանդես եկավ Քաջարանում եւ Մեղրիում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: