12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

Կրթությունը «փոսն էր ընկել»

Կրթությունը «փոսն էր ընկել»

Սյունիքի մարզի կենտրոնից հյուսիս-արեւելք՝ անտառապատ լեռների մեջ, ծվարել է գողտրիկ Վարդավանքը: Գյուղը նախկինում անվանվել է Գյոդակլու, այսինքն թե այստեղ ապրողները կոտակ էին՝ կարճահասակ: 2006թ. հուլիսի 4-ին վերանվանվել է Վարդավանք: Գյուղում ապրում է 25 ընտանիք: Մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ: Թեք սարահարթի վրա փռված գյուղի առջեւ հառնում է Խուստուփի խրոխտ պատկերը. լեռն ապրել է սովորեցնում իրեն հայող ամեն մարդու:


Գյուղի բնակիչները հիմնականում Բաքվի, Սումգայիթի ջարդերը վերապրած, մեկ անգամ արդեն տուն ու տեղ կորցրած մարդիկ են, ովքեր Հայաստանի անկախացումից հետո իրենց հանգրվանն են գտել նախկինում ադրբեջանցիներով բնակեցված այս բնակավայրում: Երիտասարդ, բազմանդամ ընտանիքները հույս են ներշնչում, որ գյուղն այլեւս չի մեռնի:


14 երեխա է սովորում տեղի միջնակարգ դպրոցում: Հուրախություն՝ նախադպրոցական տարիքի երեխաներ կան գյուղում: Միակ կրթօջախն օր օրի դպրոցի կերպարանք է ստանում: Մեկ տարի առաջ անհուսության ու մոռացության հոտ էր փչում այնտեղից. խարխուլ, կիսավեր մի կառույց էր, որտեղ նույնիսկ ջուր ու սանհանգույց չկային, չխոսելով կրթության համար անհրաժեշտ այլ տարրական պայմանների մասին:


Ձմռան երկար ամիսներին աշակերտները մեկ դասասենյակում էին դաս պարապում, երբեմն էլ՝ մոտակա տներից մեկում: Ապակիների փոխարեն պատուհաններին հին թերթեր էին ամրացված՝ նախկին տնօրենի հավաստմամբ՝ «այծերից պաշտպանվելու նպատակով». իբր այծերը, ապակիների մեջ իրենց արտացոլանքը տեսնելով, ուրիշ այծ են պատկերացնում ու հարվածում:

Դասասենյակների պատերին, միջանցքի, ուսուցչանոցի հատակին այնպիսի փոսեր կային, որ վայրի գազան կպատսպարեին: Կրթության վարչության աշխատակիցը, այցելելով դպրոց, հայտնվել է նման մի փոսի մեջ, որից դուրս է եկել հավաքարարի օգնությամբ: Վերջերս նույն աշխատակցին դպրոցում տեսնելով՝ Բաքվից ներգաղթած՝ գրական հայերենով դեռեւս անվարժ խոսող հավաքարարը հիշեց՝ կրթությունը «փոսն էր ընկել», ես եմ հանել:


Հիրավի, այստեղ կրթությունը բառիս նեղ ու լայն իմաստով փոսն էր ընկել: Կարելի է ֆանտաստիկայի ժանրի մի նոր ճյուղ ստեղծել՝ դպրոցական ֆանտաստիկայի ժանր: Բարեբախտաբար, այդ ամենը մնացել է հետեւում: Վարդավանքի աշակերտները հաճախում են արդեն բարեկարգված դպրոց, որտեղ կան ջուր, սանհանգույց, վերանորոգված, լուսավոր դասասենյակներ, ծաղիկներով զարդարված միջանցքներ ու բակ, ամբողջովին կահավորված ուսուցչանոց, աշխատող համակարգչային տեխնիկա, մասնագետներով համալրված ուսուցչական կոլեկտիվ, ամբողջությամբ դպրոցին նվիրված տնօրեն: Իսկ դպրոցում աշխատող գյուղացիները ոգեւորված են իրենց աշխատանքային առօրյայով:


Համոզված եմ, այստեղ կրթությունն էլ երբեք «փոսում» չի հայտնվի. մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի վեր:

ՄԱՆՅԱ ԾԱՏՐՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: