12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

«Հայրենաճանաչությունը գեղանկարների տեսքով»

«Հայրենաճանաչությունը գեղանկարների տեսքով»

Այս խորագրով Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանի նախաձեռնությամբ Կապանի մանկական գեղարվեստի դպրոցի սաների եւ շրջանավարտների ստեղծագործությունների ժամանակավոր ցուցադրություն էր կազմակերպվել: Ներկայացված էր 14 աշխատանք, որում քաղաքային պատկերներ էին, պատմական թեմաներով արված նկարներ, բնապատկերներ՝ «Վաչագանի ստորոտին», «Ավարայրի ճակատամարտը», «Վարդան Մամիկոնյան», «Մարտից առաջ», «Գաղթ», «Եղեռն», «Գյուղում», «Զբոսաշրջիկներ Հայաստանում», «Հայաստան» եւ այլն: Դրանք որոշակի պատկերացում էին տալիս գեղանկարիչների նախասիրությունների եւ ստեղծագործական ընկալումների մասին:


Ցուցադրանքի բացմանը Կապանի գեղարվեստի դպրոցի մասին հակիրճ խոսք ասաց պատմության թանգարանի մշակութային միջոցառումների կազմակերպիչ Աստղիկ Հակոբյանը, ով մասնավորապես նշեց, որ դպրոցի սաների գեղանկարչական աշխատանքները Կապանի հանրությանը ներկայացնելու թանգարանի առաջին փորձն է: Ցուցադրությունը կտեւի երեք ամիս, որին դիտելու կհրավիրվեն Կապան համայնքի կրթական հաստատությունների սաները: Ինչպես փոխանցեց Ա.Հակոբյանը, առաջիկայում նախատեսվում է կերպարվեստի բոլոր ճյուղերը ներառող ցուցադրություն կազմակերպել՝ դրանում ընդգրկելով քաղաքում գործող բոլոր մշակութային-կրթական հաստատությունների ներուժը:


Կապանի գեղարվեստի դպրոցի սաները պարբերաբար մասնակցում են մարզային, հանրապետական եւ միջազգային մրցույթների, մրցանակների ու դիպլոմների արժանանում, նրանց աշխատանքներն ընդգրկվում են տարեգրքերում: Այդ մասին պատմեց գեղարվեստի դպրոցի դասատու Էդգար Ստեփանյանը՝ երախտագիտություն հայտնելով ցուցադրությունը կազմակերպելու համար: Ի դեպ, թանգարանում փակցված էին տարբեր մրցույթներում Կապանի գեղարվեստի դպրոցի 2008-2017 թվականներին ձեռք բերված հաջողությունների մասին պատմող նյութեր:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: