12.18.2017
USD-482.36   EUR-568.99   RUB-8.19  

«Ես ինձ աշխարհի տերն եմ զգում», - ասում է Նաիրա Գրիգորյանը

«Ես ինձ աշխարհի տերն եմ զգում», - ասում է Նաիրա Գրիգորյանը

- Մեկ ի՜, երկու  ի՜.... Գնացինք:


 Եվ ծնվում է  մի ակորդ:


- Ապրես, հիմա կարդա նոտաները:


- Դո, լյա, սի...


Ես կանգնել եմ փակ դռան հետեւում եւ լսում եմ, թե ինչպես է ընթանում դասը: Իսկ դռան վրա  գրված է՝ Նաիրա Գրիգորյան: Ուրեմն, սա հենց այն Նաիրան է, ում փնտրում եմ, որի մասին ծնողներն ու երեխաներն ակնածանքով են խոսում: Եվ հիշում եմ սիրունիկ այն աղջնակին ու նրա մորը եւ նրանց երկխոսությունը:


- Մամ, գիտե՞ս, ընկեր Նաիրան շատ աշակերտներ ունի, նա լավ է սովորեցնում, մեր դասարանի Սոնան է ասում: Ես էլ եմ ուզում դաշնամուրի դասարանում սովորել:


- Բայց մենք տանը դաշնամուր չունենք, - ասաց մայրը:


- Ոչինչ, Նոր տարում Ձմեռ պապն ինձ նվեր կբերի:


Մայրիկին մնում էր երեխայի հետ քայլերն ուղղել Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոց:


Երկար տարիներ է, ինչ Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցում Նաիրա Գրիգորյանը երեխաներին դաշնամուրի դասեր է պարապում:


Ավարտել է Կապանի երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը, ստացել դաշնամուրի  դասատուի եւ նվագակցողի որակավորում: Տասը տարի  դասավանդել է Գորիսի մանկավարժական ուսումնարանի երաժշտության բաժնում՝ դաշնամուրի դասատու: Իսկ երբ փակվեց այդ բաժինը, տեղափոխվեց Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոց: Համատեղության կարգով չորս տարի Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղում երեխաներին դաշնամուրի դասեր է տվել: Եվ ամենուր՝ սեր, նվիրում իր ընտրած գործին, որը սոսկ ընտանիք պահելու միջոց չէ միայն, այլեւ հոգին հարուստ  պահելու հենք: Բարիությունը Նաիրայի համար կենսակերպ է, առանց որի նա չի պատկերացնում   առհասարակ կյանքը:  Նրա պատկերացմամբ՝ եթե աշխարհից պակասի բարությունը, երկիր մոլորակը դուրս կգա իր ուղեծրից, հոգու սովն ամենուր ավերածություններ կսփռի: Ու նա դասերի ժամանակ երեխաներին նաեւ բարության դասեր է տալիս, որ նրանք կյանք մտնեն արեւի, լույսի հետ դաշն  կնքած: Ու այսօր հպարտ է Նաիրա Գրիգորյանը, երջանիկ.  նրա սաները  դարձել են լավ մարդիկ: Ու թվարկում է  անուններ, հիշում բոլորին, հիշում Գարիկ Միքայելյանին: Սիրելի ուսուցչուհու ոտնահետքերով գնաց նա: Երաժշտության աշխարհը կլանեց նրան. ավարտեց  Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը,  հիմա հեռակա կարգով սովորում է Երեւանի պետական կոնսերվատորիայում: Ու հայոց բանակում է  ծառայում, իրենց  զորամասի փողային նվագախմբի  խմբավարն է :


Շահեն Մկրտչյանն էլ Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան եւ հիմա Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանող է: Իսկ Նարե Սուքիասյանը սովորում է Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի դաշնամուրի բաժնում:


Տարիների ամենամեծ գնահատականը, շքանշանն ու մեդալը Նաիրայի համար այն է, որ իր սաներից շատերն ուսումը շարունակում են երաժշտական կրթօջախներում:


Այս ուսումնական տարում 18 երեխայի է Նաիրան դաշնամուր սովորեցնում:


- Լավ երեխաներ  շատ կան, - ասում է Նաիրան, - անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում նրանք լավ երաժիշտներ կդառնան եւ հայոց երաժշտական աշխարհի ներկապնակը կարող են հարստացնել նոր գույներով: Ամեն մի երեխա մի աշխարհ է, ուղղակի պետք է կարողանալ բացել այդ աշխարհի դուռը: Դրա համար էլ  դասերի ժամանակ միայն  դաշնամուրի դասատուի դերում չեմ, ես նրանց համար, եթե պետք է, ընկերուհի եմ, մայր: Դրա  համար սիրով են գալիս դասերի:


Մի պահ լռելուց հետո շարունակում է.


- Մեր գործում  շատ մանրուքներ կան, բայց դրանք միայն առաջին  հայացքից են մանրուք թվում:

Պարապմունքների ժամանակ ուշադրություն  եմ դարձնում երեխայի նստելու դիրքին, մատների դրվածքին եւ այլն: Կասեք, թե դրանք ինչ կապ ունեն դաշնամուր   նվագելու հետ: Ունեն, այն էլ՝ շատ մեծ: Այդ ամենը շատ կարեւոր են նոտայի ,ծննդիե հետ:


Փոքրիկ Անահիտն արդեն նեղվում է. երբ ենք վերջացնելու մեր զրույցը, որ սկսի դասը: Նաիրան  հայացքով հասկացնում է՝ շուտով: Անահիտը հանգիստ շունչ է քաշում, սկսում կարդալ նոտաները՝ ցածրաձայն՝ դո, դե, մի...


 Ու  կատակով մի  հարց եմ տալիս Անահիտին:


- Ո՞ւմ եւ ի՞նչը ես շատ սիրում, ընկեր Նաիրայի՞ն, թե՞ դաշնամուր նվագելը:


 Անսպասելի հարցից փոքրիկը չի կորցնում իրեն:


- Ե՛վ ընկեր Նաիրային,  ե՛ւ դաշնամուր նվագելը:


 Նաիրան ժպտում է…


- Այս մաքուր, անմեղ երեխաները լցնում-հարստացնում են իմ աշխարհը  եւ ապրելն ինձ համար հեշտ է դառնում:  Ամեն օր, երբ արթնանում եմ ու գիտեմ, որ ինձ  երեխաները սպասում են, հոգիս փառավորվում է, եւ այդ զգացումը, որը մեկ բառով կոչվում է սպասում, ինձ  թեւեր է տալիս ու ես ինձ  աշխարհի տերն եմ զգում, -  ինքնախոստովանանքի նման  ասում է Նաիրան:

Ալվարդ Մեսրոպյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: