04.20.2018
USD-480.18   EUR-590.67   RUB-7.82  

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը՝ Արցախի պաշտպանության առաջատար դիրքերում

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը՝ Արցախի պաշտպանության առաջատար դիրքերում

Դեկտեմբերի 26-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության ստեղծագործական խումբը (Սամվել Ալեքսանյան, Վահրամ Օրբելյան, Համլետ Գեւորգյան) այցելեց Արցախի Հանրապետության պաշտպանության՝ կենտրոնական ուղղության առաջնագիծ:

Իր գործունեության բոլոր տարիներին «Սյունյաց երկիրը» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընթացքի լուսաբանումն առաջնահերթ խնդիր է համարել՝ նկատի ունենալով նաեւ Արցախ-Սյունիքի պատմական կապն ու ճակատագրերի՝ ինչ-որ առումով ընդհանրությունը, ինչպես եւ Սյունիքի առաքելությունը՝ լինելու հզոր թիկունք Արցախ աշխարհին, ինչի համար էլ ժամանակ առ ժամանակ կազմակերպվել են այցելություններ:

Այս այցելությունը նպատակ ուներ նախեւառաջ շնորհավորել առաջապահ դիրքերում կանգնած հայոց զինվորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Դիրքերից հեռացանք անջնջելի տպավորություններով, մեր զինվորների քաջարի պահվածքից երիցս ոգեւորված:

Այնուհետեւ՝ Արցախի Հանրապետության պետական սահմանները պաշտպանող զինվորների առօրյայի շուրջ զրուցեցինք կենտրոնական ուղղության  N զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Լալա Բաղդասարյանի հետ:

Հետաքրքիր էր զորամասի սերժանտական խորհրդի նախագահ Արամ Սարիբեկյանի հետ հարցազրույցը, որը ժամկետային զինծառայողների առօրյային ներսից հայացք ձգելու փորձ էր:

Այդ օրը հանդիպում ունեցանք ԼՂՀ պաշտպանության նախարարության «Մարտիկ» պաշտոնաթերթի խմբագրությունում: Թերթի համակարգող Սուրեն Սարումյանի հետ փորձի յուրօրինակ փոխանակում կազմակերպվեց եւ անդրադարձ կատարվեց «Մարտիկ» ու   «Սյունյաց երկիր» պարբերականների գործունեությանը, առկա խնդիրներին ու մարտահրավերներին:

«Սյունյաց երկրի» ներկայացուցիչներն այցելեցին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ստեփանակերտյան նստավայր՝ նրան փոխանցելու թերթի խմբագրակազմի, թերթի ընթերցողների անկեղծ շնորհավորանքները գալիք տոների կապակցությամբ:

Նաեւ հարցազրույց տեղի ունեցավ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Հանդիպման ընթացքում առաջարկություն արվեց մեծահարգ արքեպիսկոպոսին՝ Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հոգեւոր խորհրդում քննարկելու հայոց մեծահամբավ վարդապետ Մովսես Գ Տաթեւացու (Խոտանանցու) շիրիմն անհայտությունից եւ անպատվաբեր վիճակից փրկելու հարցը, ինչի վերաբերյալ, ըստ պայմանավորվածության, Սամվել Ալեքսանյանը կներկայացնի հանգամանալից տեղեկանք եւ տեսակետ խնդրո առարկայի լուծման ուղիների վերաբերյալ:

«Սյունյաց երկրի» արցախյան այցն ավարտվեց Շուշիում՝ Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ մոմավառությամբ:

«Սյունյաց երկրի» ներկայացուցիչներին  ուղեկցում էր (երկրորդ անգամ) ԼՂՀ ՊՆ ԶԼՄ– ների հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատու, կապիտան Գեղամ Գրիգորյանը, ում մեր երախտագիտությունն ենք հայտնում:

Այցելության մասին պատմող նյութերը՝ հաջորդաբար:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: