07.19.2018
USD-480.3   EUR-558.49   RUB-7.62  

Աղասի Հակոբջանյանը 60 տարեկան է. շնորհավորում ենք

Աղասի Հակոբջանյանը 60 տարեկան է. շնորհավորում ենք

Դեկտեմբերի 30-ին լրանում է Աղասի Հակոբջանյանի 60-ամյակը: Այդ կապակցությամբ նրան  շնորհավորում ենք, մաղթում քաջառողջություն, անձնական երջանկություն եւ հետագա ստեղծագործ աշխատանք:

Աղասի Հակոբջանյանը Սյունյաց աշխարհի արժանավոր զավակներից է:

Նա մեր օրերի՝ համակարգային փոփոխությունների այս դժվարին ժամանակների, հարափոխ իրավիճակների սյունիքյան երեւելի դերակատարներից է ու ակտիվ մասնակցություն է ունեցել (եւ շարունակում է ունենալ) մեր վերափոխվող երկրի շենացմանը:

Այն անձնավորություններից է, ով իր մեջ կրում է հայրենի եզերքը երկիր դարձնելու պետական մտածելակերպ, մարդկային ու քաղաքացիական՝ դրվատանքի արժանի որակներ:

Նա մեր երկրամասի նորագույն շրջանի այն գործիչներից է, ում երբեք չենք կարեւորել-չափել-նժարել ըստ իշխանական սանդղակում զբաղեցրած տեղի: Պատահական չէ, որ հազարավոր սիսիանցիներ տարիներ ի վեր ընդունել եւ ընդունում են նրա՝ առաջատարի հատկանիշներով օժտված անհատականությունը, բարձր գնահատում նրա անկեղծ վերաբերմունքը հայրենակիցների ու իր հարազատ եզերքի հանդեպ:

Հայրենի երկրամասի եւ հատկապես Սիսիան քաղաքի ու մերձակա գյուղերի հոգսերի հանդեպ նրա մտահոգությունները, մեր երկրին ու ազգային արժեքներին նրա նվիրվածությունը, առկա խնդիրները լուծելուն միտված նրա որոնումներն առանձնապես լիարժեք ու բազմակողմանի դրսեւորվեցին 2008-16 թվականներին՝ Սիսիանի քաղաքային իշխանությունը գլխավորելու ընթացքում:

Պաշտոնավարման ժամանակ նրա համար մարդկային պարզ արժանապատվությունը, մարդկային անկեղծ հարաբերություններն անսակարկելի արժեք են եղել ու շարունակում են մնալ այդպիսին: Իշխանական աթոռը պահելու, իշխանավորների բարեհաճ ժպիտը կորզելու համար երբեք չզոհաբերեց իր արժանապատվությունը, երբեք չհանգրվանեց կշեռքի ծանր նժարին, հանուն անձնական կոմֆորտի (հարմարավետության) չուրացավ ընկերներին: Մեծահոգի գտնվեց նույնիսկ տեղի-անտեղի իրեն անվանարկողների հանդեպ: 

Այդ ժամանակամիջոցում առավել ակնհայտ դարձան ղեկավարելու եւ կառավարելու նրա ունակությունները: 

Ակնհայտ դարձավ, որ, ամեն ինչից զատ, գրի ու մշակույթի նվիրյալ է եւ ջատագով:

Նրա անմիջական մասնակցությամբ եւ հովանավորությամբ հրատարակվեցին «Սյունյաց երկիր» թերթի՝ Համո Սահյանին, Նիկողայոս Ադոնցին եւ Մորուս Հասրաթյանին նվիրված բացառիկ ու հանրագիտարանային արժեք ունեցող համարները:

Հաճելի է նկատել, որ այսօր էլ Աղասի Հակոբջանյանը շարունակում է իր ողջամիտ ու եռանդուն գործունեությունը մեր երկրամասի հասարակական-քաղաքական, հոգեւոր-մշակութային ու սոցիալ-տնտեսական կյանքում:

Լինելով կոնկրետ քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ նա չի պարփակվում-ամփոփվում կուսակցական կաղապարի մեջ եւ առավելագույնս դրսեւորում է վերկուսակցական ու ազգային պահվածք, որն ավելի է հստակեցնում եւ զորավոր դարձնում նրա մարդկային ու քաղաքացիական նկարագիրը: 

Տարիները սովորաբար մարդուն իմաստնացնում եւ ավելի խոհուն են դարձնում: Ուստի եւ սխալված չենք լինի, եթե ասենք՝  վեց տասնամյակն իմաստնության տարիք է, տարիների փորձն ընդհանրացնելու, արած-դրածը դասդասելու, արժեւորելու ու այդ փորձով եւ իմաստնությամբ ճանապարհը նորովի շարունակելու սկիզբ:

Համոզված ենք՝ Աղասի Հակոբջանյանը դեռ շատ ասելիք եւ անելիք ունի ե՛ւ իր ու մեր սիրելի Սիսիանում, ե՛ւ իր ու մեր սրբավայր Սյունիքում: 

Վերստին շնորհավորում ենք Աղասի Հակոբջանյան հայրենանվեր գործչին, երկրաշեն մարդուն, ճանաչված գերդաստանի զավակին, հարգված եւ օրինակելի ընտանիքի ղեկավարին, մեր լավ ընկերոջն ու բարեկամին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, մաղթում նրան ուժ եւ կորով, նաեւ հաջողություններ հայրենի քարափները շենացնելու, Սյունյաց աշխարհի պատիվն ու արժանապատվությունը հետայսու նույնպես պահելու-պաշտպանելու գործում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

29 դեկտեմբերի 2017թ.

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: