04.20.2018
USD-480.18   EUR-590.67   RUB-7.82  

Լալա Բաղդասարյան. «Հայոց բոլոր զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն. շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ»

Լալա Բաղդասարյան. «Հայոց բոլոր զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն. շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ»

«Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական խումբը, որ դեկտեմբերի 26-ին գտնվում էր Արցախի Հանրապետությունում, հանդիպեց Արցախի պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղաբաշխված զորամասերից մեկի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Լալա Բաղդասարյանին եւ զրույց ունեցավ նրա հետ:

- Պարոն Բաղդասարյան, ավարտվող տարին ինչո՞վ էր նշանավոր Ձեր զորամասի համար, ինչո՞վ առանձնացավ 2017-ը:

- Նախորդ՝ 2016-ի համեմատ անցնցում էր,  կարելի է ասել թեթեւ անցավ, խոսքը մարտական դիրքերի մասին է, ինչ վերաբերում է զինվորների մարտական պատրաստականությանը… Նրանք դրական գնահատականներ են ստացել վարժանքների ժամանակ՝ մարտական եւ շարային պատրաստությունից: Եվ եթե ամփոփվեն արդյունքները, համոզված եմ, մեր զորամասն առաջնակարգ տեղ կզբաղեցնի Արցախի պաշտպանության բանակում:

- Մենք՝ Հայաստանում եւ արտերկրում ապրող յուրաքանչյուր հայ, Աստծո ամեն օր մի տեղեկատվության ենք սպասում. ինչպիսի՞ն է սահմանում օպերատիվ իրավիճակը: Եւ բոլորիս հայացքն ուղղված է դեպի սահման: Եթե կարելի է՝ գնահատեք օպերատիվ իրավիճակն արցախաադրբեջանական շփման գծի այս ուղղությամբ:

- Էլի խոսքս պիտի կառուցեմ համեմատության վրա: Արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով օպերատիվ վիճակը ժամանակ առ ժամանակ լարվում է: Եթե թուլացնենք զգոնությունը, լարվածությունն ավելի կուժեղանա: Հակառակորդն էլ չի թողնում, որ այդ զգոնությունը կորցնենք: Անընդհատ կրակոցներ են լինում, դիպուկահարներն են աշխատում եւ այլն: Գնահատականս այն է, որ մեր ուղղությամբ օպերատիվ վիճակը կայուն է: Զինվորները գիտեն իրենց անելիքները, պարտականությունները, որոնք իրականացնում են բավարար մակարդակով: Դրանով իսկ մենք էլ մեզ ապահով ենք զգում, եւ եթե սպաներս հասցնում ենք տուն գնալ եւ տնեցիներին մեր կարոտն առնելու հնարավորություն ընձեռել, ուրեմն լարվածությունն ավելի քիչ է:

- Չկա մի այնպիսի օր, որ սպառնալիքներ չլսենք հարեւան պետության նախագահի, պաշտպանության նախարարի, այլ պաշտոնյաների շուրթերից: Իհարկե, այդ ամենին խոսքով եւ գործով պատասխան տրվում է, բայց քանի որ Ձեր զորամասի զինվորները մարտական հերթապահություն են կատարում առաջնագծում, կուզեի գնահատական տայիք այդ սպառնալիքներին եւ ասեիք, թե որքանո՞վ են նրանց հայտարարությունները համահունչ ուժերի ներկա դասավորությանը, որքանո՞վ կարող եք նրանց համարժեք պատասխանել:

- Լրատվամիջոցներում շատ բան է ասվում, բայց իրականությունը միայն մարտական դիրքերում է երեւում: Կես ժամ առաջ դուք էլ գտնվում էիք մարտական դիրքում, եւ չեմ կասկածում, որ համոզվեցիք՝ հակառակորդը ոտնձգություն անելու դեպքում անպատիժ չի մնա: Բայց մենք չենք բարձրաձայնում այդ մասին, այլ լռելյայն կատարում ենք մեր պարտականությունները:

- Մեր հաջորդ հարցը վերաբերում է խորհրդային բանակում տեղ գտած մի արատավոր երեւույթի՝ «դեդովշչինա»: Դա այն է, երբ հին ծառայողներն իրենց կամքն էին թելադրում նորեկներին՝ նրանց պարտադրելով ինչ-ինչ հանձնարարություններ կատարել: Հայոց բանակում զինվորների միջեւ ոչ կանոնադրական հարաբերություններին վերաբերող երեւույթներ նկատվո՞ւմ են, ասենք, պայմանավորված տեղային գործոնով կամ...

- «Դեդովշչինա» հասկացությունն ինչ-որ առումով կարելի է նույնացնել մեր ժամանակների «կարգազանց զինվոր» ձեւակերպման հետ: Մեր բանակում կա «ավագ ընկեր» հասկացությունը: Ավագ ընկերները կատարում են այն, ինչ հրամանատարն է պահանջում, զինվորական կանոնադրությունն է նախատեսում: Ավագ ընկերները մեկ տարի, մեկուկես տարի ծառայածներն են, ովքեր իրենց փորձն են փոխանցում սկսնակներին, որպեսզի վերջիններս ավելի հեշտությամբ հարմարվեն բանակային կյանքի պայմաններին: Իսկ կարգազանց զինվոր ամեն տեղ էլ կլինի, թաքցնելու բան չկա: Զինվորների  կարգապահությունը միշտ մեր տեսադաշտում է, եւ նրանք պիտի գոհ լինեն, որ հավասարությունը պահպանվում է, ինչը թույլ է տալիս, որ զինվորներն ավելի վստահ կատարեն  իրենց պարտականությունը:

- Մեկնարկում է 2018 թվականի ձմեռային զորակոչը, մեզ հետաքրքրում է, թե զինակոչիկներն ի՞նչ պատրաստականությամբ (առողջական, ֆիզիկական, կրթական) են ներկայանում զինծառայության: Բավարարո՞ւմ է այն ձեզ:

- Իմ որդու օրինակով ասեմ. հունվարի 15-ին զորակոչվելու է պարտադիր զինվորական ծառայության: Սովորում է բուհի առաջին կուրսում, ֆիզիկապես առողջ է, ի դեպ, կովկասագիտության բաժնում է սովորում, վեց լեզու է ուսումնասիրում: Իր ընկերներին ճանաչելով (բոլորն էլ զորակոչային տարիքի են) կարող եմ ասել՝ բանակը լավ հերթափոխ է ունենալու: Չեմ կասկածում, որ գնալով բարելավվում է զինակոչիկների ֆիզիկական պատրաստության մակարդակը, տարեցտարի ավելանում է բուհավարտ զինակոչիկների թիվը, եւ նման երիտասարդների հետ աշխատելը դյուրին է:

- Ձեր որդուն՝  բարի ծառայություն, բայց հայրիկը չի՞ մտածում արդյոք, թե որտեղ  պիտի ծառայի իր զավակը:

- Տատիկն է դրանով զբաղվում (ծիծաղում է): Ասեմ ինչու: Հայրս էլ 20 տարի ծառայել է: Հիմա թոշակառու է: Մեր ընտանիքում նման հարցերը խիստ են դրված: Երբ տատը նման հարց է բարձրացնում, պապը սաստում է՝ գործ չունես, իմ թոռն ամեն տեղ էլ կարող է ծառայել: 

- Ինչպե՞ս եք  զորամասում պատրաստվում  Ամանորին եւ Սուրբ ծննդին: 

- Մինչեւ հունվարի 7-ն ամեն ինչ պլանավորված է, թե ինչով պիտի զբաղվենք ե՛ւ մշտական տեղակայման վայրում, ե՛ւ մարտական դիրքերում: Իհարկե, շեշտը նախեւառաջ դրված է մարտական հերթապահությունում գտնվող անձնակազմի վրա: Նաեւ պիտի ասեմ, որ եւ՛ Հայաստանի Հանրապետությունում, ե՛ւ Արցախի Հանրապետությունում բարձրաստիճան պաշտոնյաներ կան, ովքեր ուզում են անձամբ գնալ եւ դիրքերում շնորհավորել զինվորներին: Դրանով իսկ մարտական հերթապահությունում գտնվող մարտիկների մեջ որոշ հետաքրքրություն է առաջանում: Դե իսկ զորամասը տոնական տեսքի է բերվել Ամանորի բոլոր ատրիբուտներով: Սահմանվել են խրախուսանքներ, որոնք տոնական օրերին կհանձնվեն: Կարծում եմ՝ մեզ մոտ էլ Նոր տարին հետաքրքիր կանցնի:

- Պարոն փոխգնդապետ, Ձեր խոսքն Ամանորի առիթով:

- Հայոց բոլոր  զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, լինեն կարգապահ եւ ընկերասեր, մեկը մյուսին սիրող եւ հարգող: Մարտական դիրքում նրանց զգոնություն եմ ցանկանում: Գիտակցելով, թե ինչի համար են գտնվում խրամատում, թող հիշեն, որ իրենց անհամբեր սպասում են տանը՝ ծնողները, հարազատները, մտերիմները: Թող ողջ ու առողջ վերադառնան իրենց ընտանիքի գիրկը: Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ:

- Մենք էլ մեր խմբագրակազմի, թերթի ընթերցողների անունից շնորհավորում ենք Ձեր, ինչպես եւ  զորամասի սպաների ու զինվորների Ամանորը, մաղթում խաղաղություն, թող ոչ մի զինվորի մատ փուշ չմտնի, հաջողությամբ ավարտեն իրենց ծառայությունը:

Շնորհակալություն:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝  ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: