12/19/2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է «Սյունյաց երկրի» խմբագրի հաղորդմանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է «Սյունյաց երկրի» խմբագրի հաղորդմանը

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունում ստացվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրությունը՝ ուղղված թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին, որի համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված մեր հաղորդումը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության դատախազություն՝ քննարկելու համար:

Ստորեւ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշումը: 

                                                                 

                                                               ՈՐՈՇՈՒՄ

                             ԲՈՂՈՔՆ ԱՅԼ ՄԱՐՄՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.12.2017թ.                                                                                                 ք. Երեւան

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին թերթի լրագրողներն այցելել են Մեղրի քաղաք՝ լուսաբանելու Ազատ տնտեսական գոտու բացման արարողությունը:  Նախապես սահմանված կարգով համաձայնեցրել են իրենց այցելությունը եւ Ազատ տնտեսական գոտի մուտք գործելու օրինական իրավունք ձեռք բերել:

Ս. Ալեքսանյանի տրամադրած տեղեկության համաձայն՝ առանց խոչընդոտների Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ջոկատի հսկողության ներքո գտնվող հսկիչ կետում ստացել են անցագրեր եւ միացել Ազատ տնտեսական գոտու վարչական շենքի մոտ հավաքված բազմությանը: Ըստ դիմումատուի՝ որոշ ժամանակ անց Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ջոկատի ներկայացուցիչները վերցրել են իրենց անցագրերը եւ թույլ չեն տվել վերադառնալ Ազատ տնտեսական գոտի՝ հայտարարելով, որ ՀՀ ոստիկանությունը եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար չեն գտնում «Սյունյաց երկիր» թերթի լրագրողների ներկայությունն Ազատ տնտեսական գոտում: Այնուհետեւ պարզել են, որ Ոստիկանությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից նման հանձնարարություն չի եղել:

Արդյունքում, դիմումատուի պնդմամբ, խոչընդոտվել է «Սյունյաց երկիր» թերթի լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը՝ Ազատ տնտեսական գոտու բացման արարողությունը լուսաբանելու աշխատանքները:

Նկատի ունենալով, որ Սամվել Ալեքսանյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումում բարձրացված հարցի ըստ էության լուծումը ենթակա է ՀՀ դատախազության իրավասությանը, ինչպես նաեւ առկա է դիմումատուի գրավոր համաձայնությունը, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով եւ 23-րդ հոդվածի պահանջներով՝

                                                              ՈՐՈՇԵՑԻ

1.Սամվել Ալեքսանյանի դիմումը քննարկման նպատակով փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն:

2.Որոշման օրինակն ուղարկել դիմումատուին: 

Ա. Թաթոյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: