07.19.2018
USD-480.3   EUR-558.49   RUB-7.62  

Նվիրված ժողովրդական երաժշտարվեստին եւ քնարերգությանը

Նվիրված ժողովրդական երաժշտարվեստին եւ քնարերգությանը

Կապանի արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն, թավջութակահար Աշոտ Խաչատրյանի նախաձեռնած «Դեկտեմբերյան երեկոներ» գրական-երաժշտական երեկոների շարքից հերթականը նվիրված էր ժողովրդական երաժշտարվեստին եւ հայ քնարերգությանը: Դեկտեմբերի 27-ին Կապանի արվեստի պետական քոլեջի համերգային փոքր դահլիճում կայացած երեկոն «Ժողովրդական քնար» խորագիրն էր կրում, իսկ դահլիճի պատերին Հրանտ Դանիելյանի՝ լույս ու ջերմություն պարգեւող գեղանկարչական աշխատանքներն էին:

Կապանի երաժիշտներից զատ (արվեստի պետական քոլեջի դասախոսներ եւ ուսանողներ, արվեստի եւ հանրակրթական դպրոցների դասատուներ ու սովորողներ) երեկոյին մասնակցում էին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի, միջազգային մրցույթի դափնեկիր Կիմա Ավետիսյանը (քանոն), արմատներով կապանցի, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Վահե Փարսադանյանը, Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դասատու Արմեն Աղաջանյանը:

Երեկոն սկսվեց Ալեքսանդր Սպենդիարյանի «Ղայթարամայով»՝ Կիմա Ավետիսյանի, Աշոտ Խաչատրյանի եւ Արմեն Աղաջանյանի կատարմամբ: Այնուհետեւ հնչեց «Շուշթարաշարը» Նիկոլայ Տիգրանյանի թեմայով, որ մշակել են կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը եւ նրա ուսանողուհին՝ Կապանի արվեստի պետական քոլեջի շրջանավարտ Աստղիկ Սնեցունցը (դասատու՝ Անահիտ Բաղդասարյան): Ստեղծագործությունը հանդիսականին հրամցրեց քանոնահարուհի Կիմա Ավետիսյանը: Նա նաեւ կատարեց Խաչատուր Ավետիսյանի «Անընդհատ շարժում»-ը եւ Ծովինար Հովհաննիսյանի՝ քանոնի համար գրված առաջին կոնցերտից մի հատված: 

Արամ Խաչատրյանի հանրահայտ «Լեզգինկան» շվիով հնչեցրեց միջազգային մրցույթի դափնեկիր, Կապանի արվեստի պետական քոլեջի ուսանող Մհեր Աղաջանյանը (նվագակցող՝ քոլեջի դասախոս Աստղիկ Գրիգորյան):

«Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս», - հարցումն այժմեական է բոլոր ժամանակներում, երգի կոմիտասյան մշակումը՝ հոգեհարազատ յուրաքանչյուր հայի: Կոմիտասի «Կռունկը» յուրովի մատուցեցին Վահե Փարսադանյանը (ջութակ) եւ Արմեն Աղաջանյանը (դաշնամուր): Կապանի երաժիշտների քառյակը՝ արվեստի մանկական դպրոցի դասատու Թամարա Հայրումյան, շնորհաշատ երաժիշտ Վիգեն Հովհաննիսյան, Աշոտ Խաչատրյան, Աստղիկ Գրիգորյան, կատարեց կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի «Հուշերը»:

Երեկոյի ծրագրում ներառված էր նաեւ ասմունք: Կապանի արվեստի պետական քոլեջի ուսանողուհի Մոնա Փարսադանյանն արտասանեց Քուչակի քառյակներից, իսկ Կապանի N3 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Եվա Հակոբյանը ներշնչանքով ասմունքեց Գեւորգ Էմինի «Սասունցիների պարը», որից հետո քառյակի կատարմամբ հնչեց Կոմիտասի «Վաղարշապատի պարը»:

Երեկոն եզրափակվեց Ամանորի շնորհավորանքներով, Սուրբ ծննդյան՝ կյանքի կոչող եւ ավետիս բերող զանգի ղողանջներով. հնչեց Աստոր Պիացոլայի «Տարվա եղանակներ» շարքից «Ձմեռը»՝ Վահե Փարսադանյանի, Աշոտ Խաչատրյանի, Արմեն Աղաջանյանի կատարմամբ:Երեկոյի ավարտին միջոցառման կազմակերպիչ Աշոտ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր հովանավորեցին եւ աջակցեցին երեկոյի կազմակերպմանը: Նաեւ երախտագիտություն հայտնեց Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանին եւ կրթօջախի աշխատակազմին՝ անմիջական աջակցության համար:

Երեկոն վարում էր արվեստի քոլեջի հայոց լեզվի եւ գրականության դասախոս Լուսինե Հարությունյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: