09.24.2018
USD-482.27   EUR-567.63   RUB-7.31  

Բարի երթ սկսնակ բիզնեսին. «Առատ զամբյուղ» կոոպերատիվ Գնդեվազում

Բարի երթ սկսնակ բիզնեսին. «Առատ զամբյուղ» կոոպերատիվ Գնդեվազում

«Առատ զամբյուղ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվը, որը հիմնադրվել է 2017թ. ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում, ընդգրկում է անդամներ հարակից Ջերմուկ, Գորայք եւ Սարավան համայնքներից: Կոոպերատիվը կարողացավ 2017 թվականն ամփոփել իր առաջին քայլերի կարեւոր հավաստմամբ՝ կոոպերատիվի գրանցումով, Ամանորի տոնավաճառին արտադրանքի շնորհանդեսով եւ բացման պաշտոնական արարողությամբ։ 

«Առատ զամբյուղը» Վայոց ձորի մարզի անարատ բարիքները ներկայացնում է հայաստանյան շուկային եւ արդեն քայլեր են արվել նաեւ արտերկրում՝ նոր գործընկերներ ձեռք բերելու ուղղությամբ։ Դա նշանակում է, որ 2018 թվականին նորաստեղծ ընկերությունն արդեն կսկսի արտահանել «Առատ զամբյուղի» տեսականին՝ մոտ տասնյակի հասնող էկոլոգիապես մաքուր, որակյալ եւ համեղ սննդամթերքները՝ չորամրգեր, ընդեղեն, խոտաբույսեր եւ բազմապիսի ալպիական թուրմախոտեր ու թեյեր։ 

Կոոպերատիվի նախագահ Սամվել Թորոսյանը բացման արարողության ժամանակ շեշտեց, որ այսպիսի բիզնես բացելու, գործազրկության այս պայմաններում աշխատատեղեր եւ զարգացման հեռանկարներ ստեղծելու իր երազանքը հնարավոր դարձավ, քանի որ վերջապես եղան աջակիցներ ու հովանավորներ, ովքեր ձեռք մեկնեցին եւ օգնեցին սկսնակ բիզնեսին ձեւավորվել ու կայանալ։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն իրականացնող Լիդիան Արմենիա ընկերությանը, որի սոցիալական ծրագրերի շրջանակում «Առատ զամբյուղը» աջակցություն է ստացել թե′ ֆինանսավորման, թե′ խորհրդատվության, թե′ բիզնեսի կազմակերպման հմտությունների ձեռքբերման առումով։  Կոոպերատիվի կայացման եւ կարողությունների զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել եւս երկու  գործընկեր. «Գործընկերություն եւ ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն, որն իրականացրել է Կոոպերատիվի կազմակերպական կարողությունների զարգացման դասընթացները, կազմակերպել է փորձի փոխանակման այց Լուկաշին՝ ծանոթանալու Կոոպերատիվի հաջողված փորձին, եւ «Էյջ դի փի» հիմնադրամը, որը հիմնել եւ վերանորոգել է հավաքման կետ Գնդեվազում, որը նաեւ կօգնի Գորայք, Սարավան եւ Գնդեվազ համայնքներից տրամադրել Լիդիանի աջակցությամբ աճեցված գյուղատնտեսական բարիքներ ու նոր մշակաբույսեր՝ աճեցված նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցներում եւ բարձր բերքատվության այգիներում:

Միջոցառման ընթացքում «Առատ զամբյուղ» կոոպերատիվի անդամ Արմինե Գինոսյանը ներկայացրեց  «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի միջոցով ստեղծված տեղի այս կառույցի ամբողջ ուղին՝ սկսած սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կազմակերպության անդամների կարողությունների զարգացումից մինչեւ կոոպերատիվի հաստատումը. արտադրական գործընթացների հստակեցում, արդյունավետ վաճառքի կազմակերպում, մարկետինգ պլանի կազմում:  Սա նորաստեղծ բիզնեսի հաջողված  պատմություն է, որը կարող է օրինակ հանդիսանալ այլ սկսնակ ձեռներեցների համար։  Ծրագիրը նաեւ հաջողված համագործակցության մոդել է, որտեղ յուրաքանչյուր կողմ իր հստակ առաքելությունն ու դերն  է ունեցել. Լիդիան Արմենիան ֆինանսավորել է ծրագիրը, որի տարբեր կոմպոնենտներն իրականացրել են «ԳՈՒՄ» ՀԿ-ն, «Էյջ դի փի» հիմնադրամը եւ «Զանգակատուն» ՀԿ-ն: Վերջինիս ծրագրի շրջանակներում, Ջերմուկում գրանցվել է նաեւ նոր` «Ապագայի շողեր» հասարակական կազմակերպությունը, որը Ջերմուկի եւ Կեչուտի դպրոցականներին, ուսուցիչներին եւ ծնողներին սովորեցրել է թափոններից տարբեր աքսեսուարներ պատրաստելու եւ եկամուտ ստանալու հմտություններ: Այս ՀԿ-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: